HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտված ազատամարտիկ. «Գոնե Շուշիի հաղթանակի օրվա առթիվ համաներում անեն»

Մեկ տարի առաջ «Հետքը» գրել էր Ղարաբաղյան պատերազմի մասնակից, 8 տարվա ազատազրկման դատապարտված, 2-րդ կարգի հաշմանդամ Գառնիկ Առաքելյանի ու նրա ընտանիքի ծայրահեղ ծանր սոցիալական վիճակի մասին: Երեկ Գառնիկը մեզ հայտնեց, որ մոտ մեկ ամիս առաջ իրեն տեղափոխել են բաց տիպ, գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Նա շնորհակալություն էր հայտնում բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր նպաստել են, որ ինքը պատիժը կրի բաց երկնքի տակ: Սակայն Գառնիկ Առաքելյանի մտահոգությունն աշխատանքի բացակայությունն է. «Գործատուները հրաժարվում են ինձ աշխատանք տալ. հա՛մ տարիքս էն չի, արդեն 60 տարեկան եմ, հա՛մ էլ ասում են, որ սպանության հոդվածով եմ դատվել, խուսափում են ինձ աշխատանք տալ: Ու դրա պատճառով չեմ կարողանում էստեղից դուրս գամ»,- մեզ հետ զրույցում ասաց Գառնիկ Առաքելյանը:

Հիշեցնենք, որ Գառնիկ Առաքելյանը 2010 թ.-ին մեղադրվել է դիտավորյալ սպանության մեջ` ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով, սակայն իրեն մեղավոր չի ճանաչել: Պնդել ու պնդում է, որ ինքը դիմել է անհրաժեշտ պաշտպանության և միայն անզգուշաբար է իրեն անծանոթ Հայկ Պետրոսյանը մահացել: «Իմ հանդեպ հանգիստ կարող էին կիրառել անհրաժեշտ պաշտպանության հոդվածը, քանի որ իմ բակում ընտանիքիս անդամների ու իմ վրա էին հարձակվել դանակով»,- մեր նախկին զրույցի ժամանակ ասել էր դատապարտյալը:

Դատապարտյալը ունի նաև քաղաքացիական հայց մոտ 5000 ԱՄՆ դոլարի չափով, սակայն չի կարողանում այն վճարել, քանի որ չի աշխատում, ստանում է հաշմանդամության թոշակ, իսկ ընտանիքը ապրում է վարձով Աջափնյակի հանրակացարաններից մեկում: «Ես ասում եմ վարչակազմին՝ առավոտյան 8-ին ստորագրեմ, դուրս գամ տարածքից, գնամ տանս մոտ՝ շուկայում մի բան կվաճառեմ, հավաքարարություն կանեմ, գոնե հացի փող կաշխատեմ, մի քիչ էլ քաղաքացիական հայցի համար կհավաքեմ: Երեկոյան 8-ին էլ կգամ նորից հետ: Բայց չեն համաձայնվում, ասում են՝ պայմանագրով գործ պիտի լինի, գրանցված: Առաջարկում եմ նույնիսկ թոշակիցս 25.000 դրամ ամեն ամիս փոխանցեմ տուժողի ընտանիքին, դա էլ չի լինում»,- պատմում է դատապարտված ազատամարտիկը, ով անընդհատ հարցնում էր հնարավոր համաներման մասին. «Գոնե Շուշիի հաղթանակի օրվա առթիվ համաներում անեն»: Հետո էլ, թե. «Բայց եթե անգամ համաներում անեն, 5000 դոլարի պատճառով իմ վրա չի տարածվի»:

Գառնիկ Առաքելյանը խնդրում է գործատուներին, կազմակերպություններին որևէ աշխատանք տալ իրեն, որ կարողանա քաղաքացիական հայցի հարցը լուծել, նաև օգտակար լինի ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում գտնվող ընտանիքին՝ հիվանդ վետերան կնոջն ու երեխաներին:

«Հետքը» եղել էր այն հանրակացարանում, որտեղ 25 տարի ապրում է դատապարտված ազատամարտիկի ընտանիքը: Ի դեպ, Նաիրա ու Գառնիկ Առաքելյանները Արցախյան պատերազմին մասնակցել են ամբողջ ընտանիքով, անգամ նրանց 10 տարեկան որդին է հետախուզությամբ զբաղվել ու բեկորային վնասվածք ստացել:

Գառնիկի մարտական ուղու մեջ կարդում եմ. «Մասնակցել է Քելբաջարի ճանապարհը փակելու գործողությանը, ադրբեջանական ավտոշարասյուների ոչնչացմանը` 1990 թվականի հունիսի 11-ին, նմանատիպ այլ գործողությունների (Քաջավանում` 1990 թվականի հոկտեմբերի 21-ին, Լեսնոյում` 1991 թվականին, Գյունեփայա և Խոջալու գյուղերում` 1991-1992 թվականներին, Ջամիլու, Կիչան, Չարեքտար գյուղերում և Շահումյանի շրջանի մի շարք գյուղերի ինքնապաշտպանությանը): Մասնակցել է նաև Մարտակերտի և Քելբաջարի ազատագրման մարտերին, որտեղ էլ ծանր վիրավորվել և 1993 թվականի հոկտեմբերի 27-ին ստացել է կոնտուզիա: Ողջ այդ ժամանակահատվածում Գառնիկ Առաքելյանը ցուցաբերել է խիզախություն, հնարամտություն, նվիրվածություն և հայրենասիրություն: Իր բոլոր առաջադրանքները նա կատարել է ժամանակին և մեծագույն պատասխանատվությամբ, ինչի համար էլ վայելում է մարտական ընկերների սերն ու հարգանքը: Գառնիկ Առաքելյանը պարգևատրվել է տարբեր մեդալներով, 2-րդ խմբի հաշմանդամ է»:

100-ից ավելի ստորագրություններով 8 կազմակերպություն, հայտնի մարդիկ ներման տարբեր միջնորդագրեր են ներկայացրել ՀՀ նախագահին Գառնիկ Առաքելյանին ներում շնորհելու խնդրանքով: Սակայն նախագահական նստավայրից 2012 թ.-ին մերժում է ստացվել:

«Նորից եմ ուզում դիմել նախագահին, բայց չգիտեմ՝ իրեն հասնում են մեր նամակները, թե չէ»,- ասում է կյանքի 6-րդ տասնամյակը բոլորած Գառնիկը:

Գառնիկ Առաքելյանը նաև բարձրացրեց շաբաթական մեկ անգամ տուն գնալու, սանիտարական հարցեր լուծելու հարցը, քանի որ այնտեղ, որտեղ ինքն է գտնվում, լոգանքի հնարավորություն ու ընտանիքի անդամների հետ երկարատև տեսակցության հնարավորություն չկա. «Կան ազատ սենյակներ, որտեղ կարելի է թեթև վերանորոգել ու հարազատների հետ երկարատև տեսակցություն ունենալ, սակայն գալիս ենք նորից նույնին՝ հնարավորության հարց է»,- ասաց Գառնիկ Առաքելյանը՝ նշելով, որ անգամ օրենքով սահմանված մեկնում չեն թույլատրում իրեն՝ պատճառաբանելով, որ ծանր հոդվածով է դատապարտված:  

Մեկնաբանություններ (3)

Զարուհի
Իրականում կարելի էր գործը կարճել անհրաժեշտ ինքնապաշտպանության հիմքով, բայց իրավապահները դա չեն արել: Ցավն այն է՝ երբ տուժող կողմն է հովանավորյալ արդարադատության նժարը ճկվում է նրա կողմը, երբ մեղադրյալը զորեղ իշխանական թիկունք ունի, նա է ջրից չոր դուրս գալիս: Նրանից է, որ արդարադատությունն իր տեղում չէ: Ամենատխուրն այն է, որ եթե Գառնիկ Առաքելյանի փոխարեն իշխանական կապեր ունեցող մեկը լիներ, հանգիստ կորակեին որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն: Մենք ապրում ենք ջոկովի արդարադատությամբ երկրում, որտեղ օրենքները յուրայիններին փրկելու, իսկ ոչ յուրայիններին պատժելու գործիք են: Ամեն օր դա եմ տեսնում մեր դատարաններում:
Վեհարի
Եղբայր Գեւորգ, Ձեր դիպուկ մեկնաբանությունները մեծմասամբ իմ մտքերն են արտահայտում և այս դեպքում էլ համաձայն եմ ,,հրեշավոր անսկզբունք ու անարդար երկրում ենք ապրում,,: Իսկ եթե երկիրս հրեշավոր է, ապա սահմանն անցած թուրքի սպանողին էլ սրանք հաստատ մեծագույն պարգեւների ու պատվի չեն արժանացնի, այլ կերազեն գնդակահարել:
Գեւորգ
Միայն Զարուհու հոդվածները կարդալով կարելի է խենթանալ, թե ինչ հրեշավոր անսկզբունք ու անարդար երկրում ենք ապրում: Ենթադրենք մի պահ, որ գիշերվա կեսին քնած բնակիչների վրա հարձակվող անսանձ խուլիգանները հայ չէին, այլ ասենք ..... հայի լեզվող խոսող, սահմանն անցած թուրքեր! Այս դեպքում նույն արարքի համար, նույն մարդուն հաստատ մեծագույն պարգեւների ու պատվի կարժանացնեին, ըստ հայկական տրամաբանության ու մտածելակերպի: Կա արդյոք մեկը որ համաձայն չէ ինձ հետ? Իսկ ստորացվողի ու բռնաբարվողի համար ինչ տարբերություն թե անողն ով է? Ոչ վաղ անցյալում 2-3 հոգով ներխուժել էին մի հայի բնակարան Ռուսաստանում: Տանտերը կարողացել էր սպանել երկուսին, մեկն էլ վիրավորված փախել էր (կարծեմ ռուս ու վրացի էին): Եւ ինչ արեցին Ռուս իրավապահները? Մարդուն բոլորովին անպարտ ճանաչեցին, իսկ մամուլի մեջ գովաբանեցին նրա արարքը! Համեմատեք այս դեպքերը եւ դատեք հայի կերպարի մասի - որպես ազգատեսակի!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter