HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Խոպանչիներին» վերաբերող օրինագծերն ընդունվեցին առաջին ընթերցմամբ

Այսօր Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը: Այս նախագծերը երեկ բուռն քննարկվեցին խորհրդարանում: Պատգամավորները 65 կողմ, 21 դեմ և 16 ձեռնպահ ձայներով ընդունեցին օրինագծերը:

Մինչ քվեարկությունը  պատգամավորները ևս մեկ անգամ հայտնեցին իրենց կարծիքները:

Հրանտ Բագրատյանն ասաց, որ իրենց չի բացատրվել, թե ինչի համար են փոփոխությունները: Նրա կարծիքով` սա ավելի շուտ աշխատուժի տեղաշարժման հարկ է:

Հրանտ Բագրատյանը հավանական համարեց, որ դրսում աշխատող մեր հայրենակիցները 13 տոկոս հարկ են վճարելու Հայաստանում, նույնքան էլ՝ Ռուսաստանում: «Այդ երկուսի գումարն անում է 26 տոկոս, գումարած 42 տոկոս էլ՝ Ռուսաստանում: Արդյունքը կլինի այն, որ մարդիկ լրիվ կգնան, մեծ թափով: Սա հակասում է ԵՏՄ-ի պայմանագրի, սա չի կարող դուր գալ ԵՏՄ պայմանագիրը ստորագրած մյուս երկրների ղեկավարներին, սա խուլիգանություն է: Կա ԵՏՄ-ի դատարան, և նույնիսկ կարելի է դիմել դատարան: Այս օրենքով ուզում եք ասել, որ, հայ ժողովուրդ, քո համար ԵՏՄ չկա, ոչ միայն Եվրոպա չկա, այլև ԵՏՄ չկա»,-ասաց Հրանտ Բագրատյանը:

Պատգամավորը նշեց, որ երեկ նախագծերի քննարկման ժամանակ բարձրացված և ոչ մի հարցի պատասխան չի տրվել: «Առաջարկում եմ չանել այս բանը, կփոշմանենք»,- խորհուրդ տվեց Հրանտ Բագրատյանը:

ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ կառավարությունն այդպես էլ չներկայացրեց տեղեկություններ օրենքի կիրառման ռիսկերի մասին, թե օրինակ` ինչ ծավալների մասին է խոսքը, քանի աշխատող է գնում Ռուսաստան արտագնա աշխատանքի, պետական բյուջեն ինչ պետք է ստանա:

«Եթե մենք չունենք սպասումների գնահատականը, չենք կարող կողմ քվեարկել: Եթե կառավարությունը մինչև երկրորդ ընթերցում բերի, մենք կտեսնենք, նորից կքննարկենք: Այս փուլում միանշանակ ձեռնպահ ենք քվեարկում այս օրենսդրական նախաձեռնությանը»,- հայտարարեց Մելքումյանը:

ՀԱԿ խմբակցությունից Լևոն Զուրաբյանն էլ ասաց, որ այդպես գործերը չեն վարում: «Կառավարությունն իսկապես անարգանք է ցուցաբերում Ազգային ժողովի նկատմամբ: Սա ինչ-որ աֆիորայի է նմանվում»,- նշեց Զուրաբյանը` հավելելով, որ սկզբում գործադիրը ներկայացրել է այլ օրակարգ, հետո վերջին պահին փոխել է այն, և իրենք ժամանակ չեն ունեցել ամբողջական ուսումնասիրել նախագիծը:

Լ. Զուրաբյանը կոչ արեց պատգամավորներին, որ եթե ունեն արժանապատվություն, այս քվեարկությամբ մերժեն կառավարության գործելաոճը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ խորհուրդ տվեց «արժանապատվությունից քիչ խոսել»:

ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն ասաց, որ այս նախագիծը աղավաղված է ներկայացվում հատկապես լրատվամիջոցներում, և իրականության մեջ այն լավ նախագիծ է:

Պատգամավորը խորհուրդ տվեց գործընկերներին չասել բաներ, որոնք չեն վերաբերում նախագծին: Ըստ նրա` կարելի է նախագիծը զարգացնել, բայց կտրուկ դեմ չարտահայտվել:

«Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանն էլ արձանագրեց փաստը, որ կրկնվում է տխուր ավանդույթը, որը դատապարտված է ձախողման: Նա ասաց, որ այսպես չի կարող շարունակել, լուրջ նախագիծ է, առնչվում է գրեթե ամբողջ հասարակության շահերին:

Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու, ինչն առաջին հերթին պայմանավորված է նախագիծը քննարկելու ընթացակարգով:

ՀՀԿ-ից Վարդան Այվազյանը, անդրադառնալով Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, ասաց, որ արժանապատվության մասին կոչեր թող անի այն մարդը, ով անձնական և քաղաքական արժանապատվությունի ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter