HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենդանիների առևտուր. Հայաստանը՝ երրորդ կարգում

Հայաստանի օրենսդրությունը չի համապատասխանում կենդանիների անօրինական առևտրի դեմ պայքարում միջազգային կոնվենցիայի կատարման պահանջներին:

«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի Ժնևի քարտուղարությունը մայիսի 5-ին հրապարակել է կոնվենցիային միացած երկրների թարմացված ցանկը, որոնք իրենց ազգային օրենսդրությունը համապատասխանեցրել կամ չեն համապատասխանեցրել կոնվենցիայի պահանջներին:

Երկրների երեք հիմնական կարգ է առանձնացվել:  Առաջինում այն երկրներն են, որոնց օրենսդրությունը հիմնականում համապատասխանում է կոնվենցիայի պահանջներին: Երկրորդ խմբի երկրների օրենսդրությունը համապատասխանում է ոչ բոլոր պահանջներին: Երրորդում ընդգրկվել են այն երկրները, որոնց օրենսդրությունը հիմնականում չի համապատասխանում կոնվենցիայի պահանջներին: Երկրորդ և երրորդ կարգերում են այն երկրները, որոնք ավելի քան 20 տարի է՝ միացել են կոնվենցիային կամ 20 տարուց պակաս է, սակայն հինգ տարուց ավելի:

Հայաստանը 38 երկրների հետ հայտնվել է երրորդ կարգում, կոնվենցիային միացել է 2009-ին, օրենսդրությունը չի համպատասխանում կենդանիների միջազգային առևտրի մասին կոնվենցիայի իրականացման պահանջներին:  Առաջընթացի ամփոփման դաշտում նշվում է, որ Հայաստանը գլխավոր քարտուղարությանը չի տրամադրել ազգային օրենսդրության անգլերեն թարգմանությունը:

Հարևան Ադրբեջանն ու Վրաստանն առավել ակտիվ են այս գործում և հայտնվել են երկրորդ կարգի երկրների ցանկում: Հավանական է, որ Ադրբեջանը առաջիկայում առաջին խմբի երկրներում ընդգրկվի, նշված է քարտուղարության մեկնաբանությունում: Ադրբեջանն ու Վրաստանը կոնվենցիային միացել են 90-ականների վերջերին:

Առաջին կատեգորիայում ընդգրկվել են 87 պետություններ՝ այդ թվում Ռուսասատանի Դաշնությունը  և Թուրքիան:  

Ժնևի քարտուղարությունն արձանագրել է, որ կենդանիների առևտրի դեմ պայքարի միջազգային համաձայնությունն արդյունավետ չի կարող լինել, եթե ազգային օրենսդրությունը չի համապատասխանեցվել կոնվենցիային:

Հայաստանում կոնվենցիան համակարգում է Կենսառեսուրսների կառավարման գործակալությունը: Գործակալության պետ Արտաշես Զիրոյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ CITES-ի քարտուղարությունը պետք է ֆինանսավորի, որպեսզի Հայաստանի համակարգող մարմինը օրենք մշակի և ներկայացնի: «Օրենք պետք է մշակվի, Ազգային ժողովը պետք է հաստատի այդ օրենքը, որը համահունչ լինի կոնվենցիայի դրույթներին: Բայց մենք մի երկու խնդիր ունենք. նախ՝ դա եվրոպական կառույց է, իսկ մենք Եվրասիականի մեջ ենք մտել, դա էլ դեռ անորոշ վիճակում է»,-նշում է Արտաշես Զիրոյանը:

Ա.Զիրոյանն ասում է, որ մյուս երկրները հատուկ ծրագիր են իրականացնում, որ օրենքի նախագիծը մշակեն: Դա երկարատև գործընթաց է և բավականին մեծ ֆինանսներ է պահանջում՝ 200-300 հազար դոլարի սահմաններում: «Մենք դիմել ենք CITES-ին և ասել ենք, որ նման խնդիրը լուծելու համար գումար է անհրաժեշտ: Իրենք էլ գիտեն դա»,-նշեց Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետը:

Իսկ մինչ այդ, Ա.Զիրոյանի խոսքով, 2009-ին ՀՀ կառավարության որոշումն այդ գործառույթը կատարում է և ոչ մի բաց չկա այնտեղ:

Ընթերցողներին հիշեցնենք, որ Հայաստան ներմուծված և միջազգային Կարմի գրքում ընդգրկված կենդանիները շրջանցում են մաքսային հսկողությունը: «Հետքը» բացահայտել է կենդանիների առևտրով զբաղվող մի ցանց: Ցանցի անդամներից մեկի` Արթուր Խաչատրյանի նկատմամբ 2014 թ. հունվարին քրեական գործ է հարուցվել, որի քննությունն առայսօր չի ավարտվել:  

Արթուր Խաչատրյանի գործընկերը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանն է: Նա նաև առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին է, ով նաև այլ բիզնեսներում է ընդգրկված:  Գուրգեն Դումանյանը 2005թ.-ին հիմնադրված «Ֆաունա» կենդանաբանանական այգի-բուծարան» ՍՊԸ –ի 10% բաժնետերն է։ Ընկերության 70 % -ը պատկանում է Արթուր Խաչատրյանին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter