HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մոլիբդենն էժանանում է. Հայաստանը զգալի գումարներ է կորցնում

Համաշխարհային հումքային բորսաներում մոլիբդենի համար ներկայում անբարենպաստ վիճակ է. գները ոչ միայն չեն կայունանում, այլև նվազման միտում ունեն: Դա բացասաբար է ազդում մի շարք երկրների տնտեսությունների վրա: Հայաստանն այն երկրների շարքում է, որն անմիջապես կրում է այդ բացասական ազդեցությունը: Մինչև ներկայացնելը, թե ինչպես է Հայաստանը տուժում մոլիբդենի գնանկումից, անդրադառնանք գների դինամիկային:

Լոնդոնի մետաղների բորսայի («LME») վերլուծությունների համաձայն` մինչև համաշխարհային տնտեսական ճգնաժամը մոլիբդենի 1 տոննայի գինը հասել է նույնիսկ 100 հազ. դոլարի, իսկ 2009-ին կտրուկ նվազել է մինչև 20 հազ. դոլար: Այնուհետև տատանումները շարունակվել են գնային ցածր մակարդակում:

2014թ. մայիս-հունիսին նկատելիորեն աճել է՝ մինչև 33 հազ. դոլար, բայց հուլիսից կրկին նվազել: Այս տարվա հունվար-մարտին միջին գինը կազմել է 18,9 հազ. դոլար, մայիսի 6-ի դրությամբ՝ 17,5 հազ. դոլար: Այսինքն՝ մոլիբդենի գների նվազման միտումը շարունակվում է: Եթե համեմատենք 2014-ի առաջին եռամսյակի հետ (միջին գինը՝ 22,3 հազ. դոլար), նորից ստանում ենք, որ այս տարի գներն ավելի ցածր են:

Մոլիբդենի միջազգային գները թելադրում են այս շուկայի հիմնական խաղացողները՝ երեք խոշորագույն արտադրողներ Չինաստանը, ԱՄՆ-ը ու Չիլին: Մեծ դեր ունեն նաև Պերուն ու Մեքսիկան: Չինաստանը պողպատի խոշորագույն արտադրողն է աշխարհում ու մոլիբդենի խոշորագույն սպառողներից մեկը: Ըստ Մոլիբդենի միջազգային ասոցիացիայի («IMOA»)՝ այս երկիրն ապահովում է մոլիբդենի համաշխարհային սպառման ավելի քան 30%-ը՝ օգագործելով այն պողպատի արտադրության մեջ: Ուստի՝ մոլիբդենի համաշխարհային գները մեծ կախում ունեն չինական պահանջարկից, մասնավորապես՝ պողպատի արտադրությունից:

Վերջին տարիներին Չինաստանում, ԱՄՆ-ում և Չիլիում մոլիբդենի նոր հանքավայրեր են շահագործվել: Ըստ վերլուծաբանների՝ գների նվազումը մեծամասամբ պայմանավորված է այդ նոր արտադրական հզորությունների գործարկմամբ. դրանց հետևանքով աշխարհում մոլիբդենի  առաջարկը գերազանցել է պահանջարկը, որն այս մետաղի ավելցուկի պատճառ է դարձել: «IMOA»-ի տարեկան վերջին տվյալներով՝ մոլիբդենի  համաշխարհային արտադրությունը 2013-ին կազմել է 539,2  մլն ֆունտ (244 հազ. 577 տոննա), իսկ սպառումը՝ 522,5 մլն ֆունտ (237 հազ. տոննա):

Այս տարվա գնանկումը, համաշխարհային «Metal Bulletin» ընկերությունը ևս բացատրում է պահանջարկի նվազմամբ: Գների վրա բացասական ազդեցություն է թողնում նաև համաշխարհային տնտեսության դանդաղ աճը: Կա նաև վարկած, որ այս շուկայում Չինաստանը հատուկ դեմպինգ է իրականացնում:

2014-ի մայիս-հունիսին մոլիբդենի գնի որոշակի բարձրացման հետևանքով՝ Հայաստանից արտահանված ֆեռոմոլիբդենն ավելի բարձր է գնահատվել,  քան 2013-ինը: Նախորդ տարի Հայաստանից արտահանվել է 6,5 հազ. տոննա ֆեռոմոլիբդեն, որի մաքսային արժեքը կազմել է 45,614 մլրդ դրամ, մինչդեռ 2013-ին արտահանվել է 6,65 հազ. տոննա, բայց մաքսային արժեքն ավելի ցածր է եղել՝ 41,936  մլրդ դրամ: Արտահանման ցուցանիշները ներկայացնում ենք ՀՀ դրամով՝ ինչպես «Հետք»-ին տրամադրել է Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2014-ին Հայաստանում արտադրված ֆեռոմոլիբդենն ամբողջությամբ արտահանվել է: Արտադրվել է 6,5 հազ. տոննա, որը 91 տոննայով պակաս է 2013-ի ցուցանիշից: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2007-ից ի վեր, զուտ ֆիզիկական ծավալներով, ամենաշատ ֆեռոմոլիբդենն արտահանվել է 2013-ին (6,65 հազ. տոննա), ամենաքիչը՝ 2010-ին (5,25 հազ. տոննա):

Հայկական արտադրության ֆեռոմոլիբդենի հիմնական գնորդներն են Նիդերլանդներն ու Գերմանիան: Նախորդ տարվա արտահանվածի 3660 տոննան գնել է Նիդերլանդները, իսկ 2840 տոննան՝ Գերմանիան: Հայաստանից արտահանվում է նաև մոլիբդենի խտանյութ և ջարդոն: Սակայն թե զուտ ֆիզիկական ծավալներով, թե մաքսային արժեքով դրանք զգալիորեն զիջում են ֆեռոմոլիբդենին: Նախորդ տարի, ըստ ՀՀ մաքսային ծառայության` արտահանվել է 900 տոննա մոլիբդենի խտանյութ (մոտ 17,5 մլն դոլար մաքսային արժեքով) և 740 տոննա մոլիբդենի արտադրանք, ներառյալ՝ ջարդոն (19 մլն դոլար):

Ինչ է կորցնում Հայաստանը մոլիբդենի գնանկումից 

Մոլիբդենը Հայաստանի հումքային կարևորագույն ռեսուրսներից է: Այն Հայաստանից արտահանվող առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների խմբում է: Գաղտնիք չէ, որ Հայաստանից արտահանումը շարունակվում է կենտրոնացած մնալ 4-5 ապրանքախմբերի շրջանակներում, որոնցից մեկը հանքահումքային արտադրանքն է, ներառյալ՝ ֆեռոմոլիբդենը, մոլիբդենի խտանյութն ու ջարդոնը: Հանքահումքային արտադրանքի արտահանումից ստացվում են զգալի արտարժութային ռեսուրսներ ու եթե միջազգային շուկայում  այդ մետաղների գները նվազում են, մեխանիկորեն նվազում են արտարժութային ռեսուրսների հոսքը Հայաստան: Դրա հետևանքով արժեզրկվում է դրամը: Բացի այդ, մետաղների գների նվազման պարագայում հանքարդյունաբերական ու մետաղագործական ընկերություններն ուշացնում են իրենց ներդրումային ծրագրերի իրականացումը՝ սպասելով ավելի նպաստավոր ժամանակների: Արդեն ներկայացրել ենք, որ նույն պատկերն է նաև պղնձի շուկայում:

2005 թվականից Հայաստանից մոլիբդենի հումքի չի արտահանվում, այն ամբողջությամբ վերամշակվում է «Մաքուր երկաթ» և «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» գործարաններում, որոնք արտադրում են ֆեռոմոլիբդեն: Արտահանվող ֆեռոմոլիբդենի մեջ  մոլիբդենի պարունակությունը 60-70% է. այն արդեն պիտանի է արդյունաբերական օգտագործման համար: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 11,8 հազ. տոննա մոլիբդենի խտանյութ (172 տոննայով ավելին, քան 2013-ին):

Չնայած գնանկմանը՝ մոլիբդենը շարունակվում է կենսական նշանակություն ունենալ Հայաստանի տնտեսության համար: Եվ «Մաքուր երկաթը», և «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնը» Հայաստանի 1000 խոշոր հարկատուների շարքում են: 2014-ին «Մաքուր երկաթը» պետությանը վճարել է 2,271 մլրդ դրամի, իսկ  «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնը»՝ 906 մլն դրամ: Մոլիբդենի բարձր գնի պայմաններում նրանց վճարած հարկերը ավելի բարձր են եղել: 2008-ին «Մաքուր երկաթը» վճարել է 3,332 մլրդ դրամի հարկ, իսկ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնը»՝ 1,443 մլրդ դրամի: Հոդվածում ներկայացված ինֆոգրաֆիկան էլ ցույց է տալիս, թե  գնանկման հետևանքով տարիների ընթացքում որքան գումար է կորցրել Հայաստանը ֆեռոմոլիբդենի արտահանումից:

Ըստ տարբեր աղբյուրների՝ Հայաստանում է գտվում մոլիբդենի համաշխարհային պաշարների 5-9%-ը: Գործնական առավել կարևոր նշանակություն ունեցող մոլիբդենի պաշարները գտնվում են Քաջարանում, Ագարակում և Թեղուտում: Ըստ պաշտոնական տարբեր աղբյուրների՝ Հայաստանի պղնձամոլիբդենային  հանքաքարերը կբավականացնեն 100-120 տարի:

Թեղուտի պղնձամոլիբդենային գործարանի մեկնարկը տրվել է 2014-ի դեկտեմբերից: Դրա գրանցած արդյունքերի մասին կարելի է խոսել այս տարեվերջին:

Մոլիբդենի համաշխարհային գների այս տարվա պատկերը ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ մոլիբդեն արտահանող այլ երկրների համար բացասական կանխատեսումների հիմք է տալիս: Թե որքանով է այս տարվա գնանկումն ազդել արտահանման վրա, պարզ կդառնա ՀՀ Մաքսային ծառայության եռամսյակային ցուցանիշների հրապարակումից հետո:

Մեկնաբանություններ (4)

Евгения
купим молибден,можно цену
Рудолльф
имеем возможность в поставках 67%оксида молибдена ... 8.17$кг
вардгес
купим молебдин прошу цены
Игорь
Закупаем ферромолибден!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter