HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրիկ Խաչատրյանի, գեներալի և Սիլվա Համբարձումյանի հէկեր կառուցող ընկերությունները տուգանվել են

Վերահսկիչ պալատը վերահսկողություն է իրականացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում և 2014թ. տարեկան հաշվետվության մեջ արձանագրել է էներգետիկայի ոլորտի խախտումներ: Ուսումնասիրվել է բյուջետային մուտքերի ապահովումը:

Հանձնաժողովի որոշմամբ սահմանվել է, որ լիցենզիա ստանալու հայտ ներկայացնող անձն էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման ժամանակահատվածի համար պարտավոր է ներկայացնել երաշխիք, իսկ լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պարտավոր է այդ երաշխիքից հաշվարկված գումարը (երաշխիքի 50% կամ 100%) սահմանված կարգով փոխանցել պետական բյուջե:  Ընտրանքային ստուգման արդյունքում պարզվել է, որ առանձին կազմակերպություններ կառուցման ժամկետները խախտելու համար ֆինանսական երաշխիքից որպես տույժ պետական բյուջե չեն փոխանցել կամ պակաս են փոխանցել ավելի քան 48 մլն դրամ:

Մասնավորապես, «Տաթևի անապատ» ՍՊԸ-ի փոքր հիդրոէլեկտրակայանի մասով վճարման ենթակա գումարը կազմել է 9,4 մլն դրամ, որը, ինչպես հավաստիացվում է ՎՊ հաշվետվությունում, վերահսկողության ընթացքում ամբողջությամբ ընկերության կողմից փոխանցվել է պետական բյուջե: «Տաթևի անապատ» ՍՊԸ-ում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 50 տոկոս բաժնեմաս ունի: Ընկերությունը երկու փոքր հիդրոէլեկտրակայան է կառուցում Տաթև և Տանձատափ համայնքների տարածքում: Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի «Տաթևի անապատ» ընկերության կառուցած հէկը կարող է վտանգել Տաթևի զարգացման զբոսաշրջային ծրագիրը: Հէկի խողովակները և ենթակառուցվածքային շինությունները գտնվում են Սյունիքի մարզի Տանձատափ և Տաթև համայնքներում, որոնք Տաթևի զարգացման զբոսաշրջային ծրագրի տարածքներում են:   

«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ի փոքր հիդրոէլեկտրակայանի մասով վճարման ենթակա գումարը կազմել է 12,3 մլն դրամ, որը վերահսկողության ընթացքում նույնպես ամբողջությամբ ընկերության կողմից փոխանցվել է պետական բյուջե: «Ամբերդ հէկ» ՍՊԸ-ն արդեն իսկ գործող երկու հէկ ունի Արագածոտնի մարզի Ամբերդ գետի Ամպուր վտակի վրա: Նույն գետի վրա ևս երկուսի համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը լիցենզիա է տրամադրել: «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ում 30 տոկոս բաժնեմասի սեփականատերը գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանն է` ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետը: 

«Բուռ Գրուպ» ՍՊԸ-ի փոքր հիդրոէլեկտրակայանի մասով վճարման ենթակա գումարը կազմում է ավելի քան 23 մլն դրամ: «Բուռ գրուպը» գործարար Սիլվա Համբարձումյանին է պատկանում: Ըստ հանձնաժողովի լիցենզիայի՝ նա պատրաստվում էր 9310 կՎտ հզորությամբ հէկ կառուցել Արմավիրի ոռոգման համալրի վրա: Ընկերությունը 2006թ.-ին արդեն տուգանվել էր հանձնաժողովի կողմից՝ կառուցման լիցենզիայի ժամկետի ընթացքում փհէկը չգործարկելու համար: Այն ժամանակ պետական բյուջե վճարվել է ավելի քան 5 մլն դրամ: Սակայն այս անգամ ավելի բարդ իրադրություն է ստեղծվել:

Հանձնաժողովը որոշում է կայացրել վարչական պատասխանատվության ենթարկել «Բուռ գրուպ»-ին: Նույնիսկ կատարողական վարույթ է հարուցվել և արգելանք դրվել պարտապանին պատկանող «INFINITI FX 35» մակնիշի ավտոմեքենայի վրա: Կատարողական վարույթով բռնագանձման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վարչական ակտի հարկադիր կատարման ընթացքում «Բուռ Գրուպ» ընկերության ողջ գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում պարզվել է, որ այդ գույքը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պահանջատիրոջ հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար և ընկերությանը պատկանող գույք և այլ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել, որոնց վրա կարելի էր բռնագանձում տարածել: Այդ իսկ պատճառով կատարողական վարույթը 2014թ. հոկտեմբերին կասեցվել է և առաջարկվել է հանձնաժողովին և ընկերությանը, որևէ մեկի նախաձեռնությամբ, 60-օրյա ժամկետում սնանկության հայց ներկայացնել դատարան:

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն, ընկերության բաժնետեր Սիլվա Համբարձումյանի նկատմամբ արգելանք է կիրառված և սնանկ ճանաչելու դիմումը վարույթ է ընդունվել:

Եվ մեկ հէկ կառուցող՝ «Իփրա» ՍՊԸ-ի մասով վճարման ենթակա գումարը կազմում է 3,2 մլն դրամ: Այս ընկերությունը հէկ է կառուցում Արագածոտնի մարզում՝ Քասախ գետի Գեղարոտ վտակի վրա:

Քանի որ վերահսկողության ընթացքում որոշ ընկերություններ վճարել են գումարները,  պետական բյուջե դեռևս ենթակա է վճարման 26,5 մլն դրամ:

ՎՊ-ն նաև բացահայտել է, որ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ընթացքում թվով 6 կազմակերպություն տարբեր ժամանակահատվածների համար չեն ներկայացրել պահանջվող ֆինանսական երաշխիք, սակայն Հանձնաժողովը դրանց նկատմամբ վարչական վարույթներ չի հարուցել և յուրաքանչյուր դեպքի համար չի սահմանված 250 հազար դրամից մինչև 500 հազար դրամ տուգանք: Արձանագրվել են դեպքեր, երբ հանձնաժողովը, փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և արտադրության համար ընկերություններին տրամադրել է լիցենզիա առանց ջրատարների օգտագործման մասին համապատասխան պայմանագրերի առկայության:

Լուսանկարները՝ «Առավոտի», «Ֆոտոլուրի», «Հայզինվորի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter