HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

2016թ-ից վաճառքում կլինի վիրտուալ իրականություն ապահովող Oculus Rift սարքը

Վիրտուալ իրականության ծրագրավորմամբ զբաղվող Oculus ընկերությունը 2016թ-ի առաջին եռամսյակում վաճառքի կհանի Rift կոչվող սարքավորումը:

Սաղավարտը կրողների տեսադաշտում կհայտնվեն ինչպես համակարգչի միջոցով ստեղծված, այնպես էլ նկարահանված պատկերներ, որոնցից կազմավորված իրականության տարբեր կողմերը հնարավոր կլինի դիտել գլխի շարժումով: Այն սպառողներին հնարավորություն կտա զգալ համակարգչային խաղի, ինտերակտիվ կամ փաստագրական ֆիլմի ներսում՝ դրանք պարզապես դիտելու փոխարեն:

Սարքը հնարավոր կլինի պատվիրել արդեն այս տարվա վերջին, թեև դրա արժեքը դեռևս հրապարակված չէ: BBC News-ի փոխանցմամբ՝ Oculus ընկերությունը, որը 2014թ-ին վաճառվել է Facebook-ին 2 մլրդ դոլարով, վիրտուալ իրականության սարքավորումների արտադրության հարցում մրցակցում է թայլանդական HTC-ի հետ, որը խոստացել է մինչև տարեվերջ թողարկել իր Vive սաղավարտները: 2016-ի առաջին կեսին վաճառքի կհանվի նաև Sony PlayStation-ի Morpheus սաղավարտը, որը, սակայն, կգործի ոչ թե անհատական համակարգիչների, այլ վիդեոխաղերի պլատֆորմի միջոցով:

Վիրտուալ իրականության տեխնոլոգիաները հանրամատչելի դարձնելու փորձեր են արվել նաև 1980-ականներին և 90-ականներին, սակայն չեն իրականացվել՝ արտադրանքի տեխնիկական սահմանափակության և բարձր գնի պատճառով, և ունեցել են սահմանափակ գործածություն, օրինակ՝ ռազմական ոլորտում: «Վիրտուալ իրականությունը պատրաստվում է փոխել խաղը, ֆիլմը, ժամանցը, հաղորդակցությունը և շատ ավելին»,- գրված է Oculus-ի բլոգի հայտարարության մեջ:

Տեխնոլոգիական այս նոր լուծումը միաժամանակ առաջարկում է այնպիսի հարցեր, ինչպիսին իրականության մեր ընկալման փոփոխությունն է կամ միջանձնային շփումների նվազումը, երբ դրանք միջնորդավորվում են ևս մեկ տեխնոլոգիայով: Արդյոք վիրտուալ իրականությունը շատերին ֆիզիկապես և տնտեսապես անհասանելի իրականությունների մուտքի մատչելի տարբերա՞կ է, թե՞ դեպի այլընտրանքային գոյություն տանող փախուստի միջոց, ինչպես ալկոհոլն ու թմրանյութը: «Ծնված լինելով տեխնոլոգիայից՝ վիրտուալ իրականությունն իր էությամբ օրգանական փորձառություն է: Ճիշտ է՝ մարդը հանդիպում է մեքենային, բայց այն ինչ պատահում է, հստակորեն մտքի ներսում է»,- գրում է The Verge-ը: 

Լուսանկարը՝ Ռոբին Բեքի / Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter