Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Բուսաբույժ. «Մեր բուսական հնարավորությունների 5 տոկոսն էլ չի օգտագործվում մարդկանց առողջության համար»



Բուսաբույժ, դեղագետ Անտոն Գալստյանն արդեն 10 տարի է՝ զբաղվում է բույսերով թեյերի արտադրությամբ: Իր ընտանիքի հետ է հիմնականում հավաքում բույսերն ալպիական դաշտերից, բայց նաև ընդունում է գյուղացիներից: Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում ընտանիքը բույսերի պլանտանցիա ունի, մի փոքր հողամաս էլ՝ Երևանում:

Յուրաքանչյուր բույսի «բնավորություն» անգիր գիտի, այն, թե որ ժամին կարելի է հավաքել տվյալ բույսը, ինչպես: 

Անտոն Գալստյանը 1989 թ. ապրիլի 4-ին հիմնել է ժողովրդական բժշկության կամ բուսաբուժության կենտրոն՝ «Անթառամ»: Այն, դեղագետի խոսքով, առաջին և միակ պետականորեն գրանցված նմանատիպ կենտրոնն է եղել Խորհրդային Հայաստանում: Ասում է, որ դրանից երկու ամիս անց առողջապահության նախարարությունում փակվել է այն բաժինը, որը տրամադրում էր բուսաբուժությամբ զբաղվելու արտոնագիր: 1996-ին Գալստյանների «Անթառամ» արտադրական կոոպերատիվը գրանցվել է անկախացած Հայաստանի պետռեգիստրում:

Մասնագետը պատմում է, որ բուսաբուժությամբ սկսել է հետաքրքրվել, երբ սովորում էր բժշական համալսարանի դեղագիտական բաժնի երկրորդ կուրսում: Հիշում է, որ ընկերներից մեկի հետ գնացել էր այդ ժամանակ հայտնի բուսաբույժ Արտաշես Զախարիչի մոտ: Ընկերն ասել էր, թե նա 7 երեխա ունի, բայց ոչ մեկը չի ցանկանում շարունակել հոր գործը: Անտոնն սկսել էր ուսումնասիրել բույսերը: «Այդ մարդն իր փորձը փոխանցեց ինձ: Ես էլ հիմա երեխաներիս եմ փոխանցում»,- ասում է նա: 4 երեխա ունի, երկուսը՝ դեղագետ են, երկուսն էլ ընդհանուր բժշկության բաժինն են ավարտել (Երեւանի պետական բժշկական համալսարանում են սովորել ու դեռևս սովորում):

«Մասնագիտությունս պատահական չէ, ոչ թե հայրիկի ազդեցությունն էր, այլ իմ մասնակցությունն է եղել: 3 տարեկանից գնացել եմ բույսեր հավաքելու»,- ասում է դեղագիտականի 5-րդ կուրսի ուսանող Արեգ Գալստյանը:

Նրա խոսքով՝ իրեն առաջին հերթին հետաքրքրել է բնությունը, հետո երբ սկսել է մասնակցել բույսերի հավաքմանը, դեղագիտությունն է գրավել: «Հասկացա, որ այդ ոլորտում շատ բան կա անելու»,- նկատում է նա: Հիմա, ավելացնում է, սարին նայելով էլ կարող է ասել, թե այնտեղ ինչ բույսեր կարող են աճել, եղանակից կարող է իմանալ, թե որ բույսն ինչպես կաճի, ու բույսը երբ պետք է հավաքել:

«Անթառամը» 30-ից ավելի թեյ է արտադրում: Յուրաքանչյուրի բաղադրությունը կազմելու համար 6 ամիս աշխատանք է պահանջվում Անտոն Գալստյանից: Թեյերից ամեն մեկն ունի իր անվանումն ու նշանակությունը՝ «Առողջ հայր», «Առողջ մայր», «Առողջ սիրտ», «Առողջ մանուկ», «Հաճելի առավոտ» և այլն: Թեյերի որոշակի տեսականի վաճառվում է դեղատներում և «Երևան Սիթի» խանութներում:

«Թեյերը տարբեր բույսերի փնջերով են պատրաստված: Գաղտնիք չէ, որ հիմնական բույսերը, որոնք բուժական նշանակություն ունեն, դառը համ ունեն: Դրա համար փորձում ենք ստանալ առավելագույն հաճելին և օգտակարը»,- նշում է Արեգը:

««Նիհարիկ» թեյն, օրինակ, լավ մաքրում է օրգանիզմը: Եթե շատ կերար, առնվազն կփքվես, իսկ թեյը կմաքրի գազերը, բայց ավելորդ ճարպերդ չի հեռացնի, դրա համար դու քո ուտելու խնդիրը պիտի լուծես»,- ավելացնում է ավագ դեղագետը՝ ավելացնելով, որ նախքան դեղաբույսեր նշանակելը, սննդաբուժություն է անում:

Բուսական ծագման թեյերը, Անտոն Գալստյանի ասելով, նպաստում են առողջության ամրապնդմանը: Ինքն էլ 5 տարի է՝ «Առողջ սիրտ» թեյն է խմում ու սննդակարգից գրեթե հանել է սուրճը:

«Իմ հավաքած բույսերն ափսոսել եմ արտահանել, վաճառել: Տենդենց կա՝ լավը արտահանում են, իսկ եղած ոչ լավորակ ապրանքը թողնում են: Էս ժողովուրդը, էս հանրապետությունը ոնց որ իմ երեխեն լինի, ուզում եմ, որ լավը օգտագործի, բա էսքան լավ պատմություն ունեցող երկիր ենք: Հայաստանում մեր բուսական հնարավորությունների 5 տոկոսն էլ չի օգտագործվում մարդկանց առողջության համար, հիմա ես ո՞ւմ ասեմ, որ եկեք ուշադրություն դարձրեք»,- ասում է նա՝ ավելացնելով, որ այդ հարցում անհրաժեշտ է բժիշկների և բուսաբույժների համագործակցությունը: 


Գլխավոր էջ



Այս թեմայով

  • «Հայկական չրեր №1». Եղեգնաձորի նոր այցեքարտը
    Սիլվա Եղոյանն ասում է, որ չիրը պատրաստման փուլեր ունի, պետք է իմանաս, թե ինչքան պիտի մնա արևի տակ, ու երբ պիտի տեղափոխես հով տեղ: Եթե ամբողջապես մնա արևի տակ, և՛ որակն է փոխվելու, և՛ գույնը: Փաթեթավորումից առաջ չիրը պարտադիր լվանում են, տիկին Սիլվան խորհուրդ է տալիս՝ եթե չեք հոգնում, գնելուց հետո մի անգամ էլ դուք լվացեք:
  • «Զաբել». դիվանագետի ասելիքը՝ գինու տեսքով
    «Հիշեք, դիվանագիտությունը պրոտոկոլի ու ալկոհոլի արանքում է» (Remember that diplomacy happens between protocol and alcohol). այս խորհուրդը դիվանագետ Իրինա Ղափլանյանը լսել է Լոնդոնում սովորելու տարիներին իր դասախոսներից մեկից:
  • «Պիաֆչիկ». ասեղնագործություն մետաղի վրա
    Լինայի փոխանցմամբ՝ զարդը մանրանկարչական աշխատանք է պահանջում: Արույրի (լատուն) ու պղնձի վրա ասեղով նուրբ աշխատանք է անում:
  • Վանի արևը՝ Սասունիկում. գինեգործությունը Հայաստանում մեծ ներուժ ունի
    «Գինին վերևից ներքև են գնահատում՝ աչք, քիթ, բերան: Սկզբից գույնն ենք գնահատում, հետո՝ հոտը, ապա՝ համը: Ամեն մարդ կարող է համն ու հոտը յուրովի զգա, ուղղակի խաղողի տեսակներին հատուկ համեր կան, որոնք չես կարող շփոթել: Սա, օրինակ, արենի է (մեզ գինի է հյուրասիրում անմիջապես ռեզերվ տակառներից- հեղ.), մեզ մոտ աճող արենի է: Այն թյուր կարծիքը, թե արենին միայն Վայոց ձորում է աճում, ճիշտ չէ, Աշտարակում էլ է աճում, որով մենք ոսկե մեդալներ ենք շահում»,- նշում է Վ. Մուրադյանը:
  • Տրիկոտաժե հագուստ արտադրող հալեպահայ ընտանիքի երկրորդ սերունդը. «Մոսինի»
    Մովսեսն ասում է, որ Սիրիայում մեծ շուկա կար, իսկ Հայաստանում գործարարների դժվարություններից մեկը փոքր շուկան է, ինչը Երևանում բիզնես հիմնելուց առաջ նաև իրենց մտահոգություններից մեկն էր:
... կարդացեք ավելին «Made in Armenia» թեմայով
Մեկնաբանություններ (2)
1. Aram05:59 - 8 մայիսի, 2015
It is charlatanary, don't believe. I know hundred of facts how so called doctors misdiagnose people and sell to them all kind of stupid grass.
2. Jane09:35 - 9 մայիսի, 2015
Տաղանդավոր մարդ ))
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ