HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Google-ը 150 մլն դոլար կներդնի իր աշխատակազմը բազմազան դարձնելու համար

Google ընկերությունը պատրաստվում է 150 մլն դոլար ներդնել իր աշխատակիցների կազմում բազմազանություն ապահովելու նպատակով: Ինչպես հաղորդում է CNNMoney-ն՝ անցած տարի Google-ն ամփոփել էր 50 հազարի հասնող իր աշխատակազմի բազմազանության պատկերը, ըստ որի՝ ընկերության տեխնիկական աշխատողների միայն 17%-ն էին կանայք, ընդամենը 1%-ը՝ սևամորթներ և 2%-ը՝ իսպանախոսներ: Այս տարվա ցուցանիշները կհրապարակվեն առաջիկայում:

Ընկերության բլոգում օրեր առաջ տեղադրված հայտարարության համաձայն՝ Google-ի առաջնային նպատակներից մեկը կլինի այն, որ հենց քիչ ներկայացված խմբերը (այդ թվում՝ կանայք և սևամորթները) կարողանան օգտվել ոստի (web) առավելություններից և օգտագործել դրա ընձեռած տնտեսական գործիքները:

Բազմազանություն ապահովելու ճանապարհին ընկերությունը իր ինժեներներին կուղարկի սևամորթ մեծամասնություն ունեցող համալսարաններ, կհամագործակցի Disney-ի հետ՝ աղջիկներին պատկերելու քաղաքականությունը բարելավելու նպատակով, կխթանի վերջիններիս կողմից համակարգչային գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամությունը, ինչպես նաև ընկերության ներսում կանցկացնի բազմազանությունը խրախուսելուն ուղղված միջոցառումներ: Google-ի ներկայացուցիչ Նենսի Լիի խոսքով՝ տարեցտարի, «բիթ առ բիթ» իրենց արտադրությունը կդառնա ավելի ներառական, կմեծանան հնարավորությունները քիչ ներկայացված խմբերի համար:

Երկու տարի առաջ CNNMoney-ի ձեռք բերած զեկույցները նմանատիպ պատկեր են ցույց տվել նաև տեխնոլոգիական այլ առաջատար ընկերություններում՝ Cisco-ում, Dell-ում, eBay-ում, Ingram Micro-ում և Intel-ում: Վերջինս, սակայն, պատրաստվում է 300 մլն դոլար ներդնել մի նախագծում, որը կօժանդակի տարբեր ուսանողների շրջանում գիտության, տեխնոլոգիայի, ինժեներության և մաթեմատիկայի ուսուցմանը: Apple-ն էլ 50 մլն դոլար է նվիրաբերել այն կազմակերպություններին, որոնք կօգնեն կանանց ու փոքրամասնություններին՝ զբաղվել տեխնոլոգիաներով:

Լուսանկարը՝ Google.com 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter