HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Նազիկ Արմենակյան. «Կարող էի ամեն տարի լուսանկարել նույն իրադարձությունը, արդյունքում միայն փողկապներ կփոխվեին»

«Վավերագրական լուսանկարչության ավանդության մեջ լուսանկարիչը ընկալվում է որպես մեկը, որը սպասում է «վճռական պահին», որպեսզի սեղմի խցիկի կոճակը: Այսինքն, լուսանկարիչն այդպիսի պահերի որսորդ է»,- գրում է Հրաչ Բայադյանը՝ այս իրողությանը հակադրելով կանադացի հայտնի լուսանկարիչ Ջեֆֆ Ուոլլի գործունեությունը։ Վավերագրական լուսանկարչության արդյունքը որոշակի հստակ պատկերով է երեւում շատերի համար, սակայն կան լուսանկարիչներ, որոնք կարեւորում են ձևը, մոտեցումը եւ ովքեր պատրաստ են տարիներ շարունակ այդ փնտրտուքների մեջ լինել։ Զրուցակիցս վավերագրող լուսանկարիչ Նազիկ Արմենակյանն է։

Լուսանկարչի իր գործունեությունը սկսել է 2002թ-ից, ստուդիաների, գործակալությունների, լրատվական միջավայրից «տեղափոխվել» է մի այլ հարթակ, որն ինքը մեկ բառով «հետեւանքային» լուսանկարչություն է անվանում, տարիներ շարունակ մեկ նախագծի վրա աշխատելը համարում դրա հիմնական մասը, համբերությունը՝ որպես մասնագիտական ձեռքբերում: «Ես նախընտրում եմ հետաքննել, ապրել պատմությամբ, որը լուսանկար է դառնում, փորձել այնքան, մինչեւ հասկանամ, որ իմ զգացածն ու պատկերացրածն էր: Հակառակ դեպքում կարող էի տարիներով նույն իրադարձությունները նկարել, որտեղ միայն մասնակիցների փողկապները կփոխվեին»,- ասում է Նազիկը։ 

Այս հարցազրույցի հիմնական առիթը հերթական երկարաժամկետ վավերագրական լուսանկարչական նախագիծն է, որը ստեղծվել է 10 տարվա ընթացքում։ «Վերապրածները» շարքը ներկայացնում է Հայոց Ցեղասպանությունից ողջ մնացածների դիմանկարները։ 

Զրույցի ընթացքում ավելի շատ, կարծում եմ, կկենտրոնանք վավերագրող լուսանկարչի գործունեության տարբեր կողմերի ու միջավայրի վրա, բայց նախ  կուզենայի ներկայացնեիր «Վերապրածները» շարքի ստեղծման պատմությունը:

«Վերապրածները» մի լուսանկարի պատմությունից սկսված նախագիծ է: Եթե ավելի խորը ուսումնասիրվի բուն թեման, ապա, այո՛, նախագիծը Ցեղասպանությունը վերապրածների մասին է, բայց այդ վերապրում ասվածից շատ բան է անցել: Ապրելով մի միջավայրում, որը շատ այլ ազդեցություններ էլ է կրել,  նրանք շարունակել են մնալ Հայաստանում, շարունակել են ականատեսը լինել շատ այլ ծանր դեպքերի:

Երբ Կովկասյան ինստիտուտի ֆոտոլրագրության կուրսում էի սովորում, այսպիսի առաջադրանք կար՝ ստեղծել դիմանկար հարաբերությունների մասին: Ես մտածեցի՝ Ցեղասպանության 90-ամյակն է, կարելի է գտնել վերապրած մեկին։ Այդ կինը 100-ամյա Ռեմելլա Ամլիկյանն էր։ Երբ այցելեցի, նա համարյա չէր լսում, սենյակի մի անկյունում ուղղակի կուչ եկած էր: Ես առաջին անգամ էի տեսնում կնոջ այդ տարիքում: Մտածեցի, թե ինչ կերպ պետք է ստանամ դիմանկարը։

Ռեմելլա Ամլիկյան, Վագըֆ գյուղ, Մուսա լեռ, Հալեպի նահանգ, ծնված 1905

Նրա աղջիկները պատմեցին գաղթի ճանապարհի դժվարությունների մասին, հետո՝ ինչպես են ապրել։ Ցանկացա տեսնել այդ կնոջ երիտասարդ տարիքի լուսանկարը՝ հասկանալու, թե ինչպիսին է եղել, ինչ տեսք է ունեցել։ Երբ  բերեցին լուսանկարը, խնդրեցի՝ Ռեմելլան  պահի իր ձեռքում։ Ու տեսա պատկերը, որը շատ ուժեղ էր․ իմ առաջ մի մեծ պատմություն էր՝ այդ պահը, հարաբերությունը անցյալի եւ ներկայի հետ։ Այդ լուսանկարը, կարելի է ասել, ամբողջ նախագծի կոնցեպտի ստեղծման հիմքն էր։ Ու դա ենթագիտակցաբար տեղի ունեցավ։ Նույնիսկ հիշում եմ, երբ ուզում էինք լուսանկարը իր ձեռքից վերցնել, հետ չէր տալիս։

Լուսանկարը մի քանի տեղ տպվեց, ազդեցություն թողեց ու նախագիծը շարունակելու առիթ տվեց։ 2008-ին նախագծի հիմնական մասն արդեն կար․ ընդհանուր պատմություններ կային, կոլեկտիվ հիշողություններ, ես ամբողջովին մտել էի  շրջապտույտի մեջ, զգում էի, որ գնալով այն է՛լ ավելի կարեւոր է․ բացի լուսանկարչական նախագիծ լինելուց, խիստ վավերական, պատմական էր դառնում։

-Լուսանկարելիս ինչպես են սկսում խոսակցությունը։ Կա՞ երկխոսություն լուսանկարվողի եւ լուսանկարողի միջեւ։ Ինչպե՞ս դա պետք է արտահայտվի։

-Նույն երկխոսությունն է, երբ փորձում ես մարդու հետ ինչ-որ բան քննարկել կամ ճանաչելու համար զրույցի ես բռնվում։ Միշտ էլ կոճակին սեղմել կարելի է, բայց եթե ուզում ես բացահայտել ինչ-որ բաներ, պետք է թույլ տաս ինքն էլ քեզ ճանաչի, դու միայն կատարող չես։ Լուսանկարվողի հետ պետք է հավասար պայմաններում լինես․ երբ պատմում ես քեզնից, անձնական օրինակներ ես բերում, ստեղծվում է այդ հարաբերությունը․․․Մարդիկ կան ուշ են բացվում, կան նաեւ այնպիսիք, որ կոնկրետ գիտեն՝ ինչ խոսեն։ Կարճ ասած՝ երկարատեւ աշխատանքային պրոցես է։

Վավերագրող լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը

-Մի քանի անգամ առիթ եմ ունեցել լսելու, թե ինչպես ես լսարանի առաջ ներկայացնում աշխատանքներդ հուզվում ես։ Եղե՞լ է դեպք, երբ էմոցիան խանգարել է պրոֆեսիոնալիզմին եւ ասել ես «այս մի լուսանկարը չեմ կարող անել»։

-Առանց էմոցիանների ու անձնական զգացումների հնարավոր չէ աշխատել: Օրինակ բերեմ «Վերապրածներ»-ից: Երկար փնտրելուց հետո Կոտայքի շրջանի գյուղերից մեկում գտա վերապրած Աշխեն Ավետիսյանի տունը։ Կանգնել էի դռան մոտ, ներս չէի մտնում, մտածում էի՝ ինչից սկսեմ։ Հանկարծ մեքենա կանգնեց դիմացս, եւ դագաղ հանեցին: Մահացածը Աշխեն Ավետիսյանն էր։ Դա երեւի նախագծի ամենադժվար պահերից մեկն էր, երբ նաեւ գիտակցեցի, որ այդքան ապրումից հետո նա այլեւս ֆիզիկապես գոյություն չունի։

Որոշեցի չնկարել, նստեցի մեքենան, որ տուն գնամ: Ճանապարհի կեսից վարորդին ասացի՝ հետ ենք գնում: Մոտեցա Աշխենի տղաներին, հարցրի՝ կարող եմ լուսանկարել, ասացին՝ այո: Լուսանկարում Աշխենի երկու որդիները կարծես կորացել են մոր վրա, սգում են (տես գլխավոր լուսանկարը): Կան պահեր, որ պիտի հաղթահարես էմոցիաները, կան պահեր, որ պիտի սգաս կամ ուղղակի կարեկցես մարդուն:

Իրաքահայերի մասին պատմող «Երկու քարի արանքում» ֆոտոպատմությունից: Գառնիկ Բարսեղը, կորցնելով Իրաքում իր տունը եւ խանութը, ապրում է Դարբնիկում, որտեղ բնակչության 90%-ը փախստականներ են:

-Այսինքն՝ պատերազմ լուսաբանող ֆոտոլրագրող երբեք չէի՞ր ցանկանա լինել։

-Բացառում եմ։ Իրադարձային լուսանկարչությունն ինձ հիմա քիչ է հետաքրքրում։ Այն սթրեսը, որի միջով անցնում է պատերազմ լուսաբանող լուսանկարիչը, ինձ համար չի։ Բացի դա, ինձ այդ ուղղության մեջ չեմ տեսնում, ինչպես սկզբում ասացի, հետեւանքային լուսանկարչության կողմնակիցն եմ։ Ավելի շատ պատերազմի հետևանքներն են հետաքրքրում ինձ. սկսում եմ փորփրել, ուսումնասիրել, մտնել միջավայրի մեջ։ Արդյունքը երկարաժամկետ վավերագրական նախագծերն են։

-Ուսանողության տարիներին նույն կերպ էիր մտածու՞մ, թե՞ այն ժամանակ տարբեր  փորձարկումներ էիր անում։

-Կարելի է ասել՝ ամեն ինչ փորձել եմ: Սկսել եմ ստուդիայում աշխատելուց, հետո՝ նորությունների դաշտում, ամսագրերում։ Արդեն առաջարկներ էին անում տարբեր տեղերից ու հասկանում էի, որ մի բան իմը չի: Անընդհատ կար հարցը․ «Ո՞րն է այն ձեւը, որով ես ուզում եմ արտահայտվել, որի միջոցով ես կկայանամ որպես լուսանկարիչ»․ սա շատ եմ կարեւորում։

Ինձ համար առաջնային է ինքնակրթվելու,  մոտեցում գտնելու հարցը, երբ կարող ես գիտակցաբար ենթարկվել փոփոխությունների։ Եթե էդպես  չլիներ, ես կարող էի մնալ միեւնույն գործակալությունում, ամեն տարի նկարել նույն իրադարձությունները, եւ արդյունքում միայն մարդկանց փողկապները կփոխվեին։

-Հետաքրքիր է՝ երկար տարիների փորձից հետո չի՞ եղել այնպես, որ լուսանկարը չամբողջացնի այն ամենն, ինչ ուզեցել ես արտահայտել․․․ Եղե՞լ է ցանկություն գրել այդ լուսանկարի, տեսարանի մասին, ոչ թե այն թվայնացնել պատկերի միջոցով։

-Հիմա ավելի շատ է էդպես պատահում՝ չնայած աչքը երբեք չի հանգստանում․ ամենուրեք տեսնում եմ գույները, գծերը, մարդիկ, շարժումը, լույսը․․․ Ամեն մի իրավիճակ էս տեսանկյունից եմ գնահատում՝ վիզուալ կողմից։ Մեկ-մեկ մտածում եմ՝ պայքարեմ դրա դեմ, բայց հասկանում եմ, որ էդ պահերին նույնիսկ եթե հեռախոսս է միակ գործիքը, պետք է լուսանկարեմ։ Միաժամանակ նաեւ գրում եմ․ ինչ-որ առումով լավ է, երբ չես նկարում ու գրում ես։ Գրում եմ ինձ համար, բայց զգում եմ՝ գրելս զարգացման մեջ է։

Երիտասարդ աղջիկները՝ Շատախի (Վան) գյուղերից մեկում: Այն տեղերից, ուր ուզում եմ  վերադառնալ:

-Որոշ իմաստով «Վերապրածներ» նախագիծը գրքի միջոցով ներկայացնելը կարելի է այդ գրելու ցանկության կոնտեքստում դիտարկել․․․

-Էստեղ ավելի շատ կարեւորում եմ Մարկ Նշանյանի (ֆրանսահայ գրականագետ) եւ Վիգեն Գալստյանի (Սիդնեյի համալսարանի դոկտորանտ, համադրող, «Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամի համահիմնադիր) տեքստերը։ Նշանյանն  այնքան խորն է ընկալել պատկերը, շատ ուրախ եմ, որ հենց իր առաջաբանով կներկայացնեմ գիրքը: Հենց միայն վերնագիրը ահագին բան ասում է՝ «Պատկերը որպես նշխարք»․ գրքին մի նոր ծանրություն է տվել, ավելի հետաքրքիր է դարձրել։ Իսկ Վիգենի տեքստը շատ լուրջ վերլուծություն է վավերագրական նախագծի կարեւորության մասին... Եվ, ընդհանրապես, Վիգեն Գալստյանի խմբագրական աշխատանքի շնորհիվ է, որ նախագիծը վերածվեց յուրահատուկ գրքի:

Իրանցիները Երեւանում՝ Նովրուզի օրերին

-Վավերագրող լուսանկարիչներին բնորոշ մի գիծ կա՝ նրանց մեծ մասը սիրում է ճամփորդել եւ պատմություններ գտնել աշխարհի տարբեր անկյուններում։ Կա՞ նման միտք կամ նախագիծ, որը կուզեիր իրականացնել։

 -Ժամանակին ինձ հետաքրքրում էին շատ երկրներ, օրինակ` Աֆրիկայի որոշ պետություններ, Աֆղանստանը՝ այլ վիզուալ աշխարհներ, բայց հիմա ես շատ ռեալիստ եմ, գիտեմ՝ պետք է հասկանամ՝ ինչ եմ ուզում նկարել։ Այդ առումով այս պահին ինձ հետաքրքրում է Իրանը։ Ես ինքս անձնական կապ ունեմ Իրանի հետ՝ հայրիկիս պապիկն այնտեղ է ապրել և մահացել, ազգանունս նրա անունով է՝ Արմենակյան։

Նույն տեղին ենք վերադառնում, էլի խոսում եմ նրա մասին, որ կուզեի վերադառնալ մի տեղ, որտեղ կապ կա, անելիք ունեմ։ Նույն երկարաժամկետ նախագծերն էլ են դրա հիմքում․ լուսանկարները դարձել են այն կապը, որը ես ներսային մի տեղ ունեցել եմ եւ վերադարձել եմ։

Գյումրիում ապրող միայնակ ծերերի մասին պատմությունից

-Վերջում հռետորական մի հարց կա: Վավերագրական լուսանկարչությունը ներկայացնում է այն, ինչ կա՞, թե՞ այն, ինչ եղել եւ վերափոխվել է։

-Ինչի՞ արդյունքում է վերափոխվել․ դա էլ կա։ Չի կարելի ասել, որ մի բանի արդյունքում է ինչ-որ բանը կամ ինչ-որ մեկը վերափոխվել։ Վավերագրումը հենց այդ փոփոխությունների ահռելի շարանը ներկայացնելն է, թե ինչպես եղավ փոփոխությունը, որոնք էին դրա պատճառները, ինչպիսին էր ընթացքը եւ, ի վերջո, ինչպիսին կլինի քո անդրադարձը մարդու պատմածին։ Ես ինքս ինձ հարցնում եմ՝ ես ինչ կանեի այդ իրավիճակում, որում լուսանկարվողն է հայտնվել: Հարցն այն չէ, թե ինչքանով ես մոտ օբյեկտին եւ ինչքան թույլտվություն ունես. երբեմն ավելի դժվար է հանել լուսանկարչական խցիկը, փակել դեմքդ նրանով եւ ուղղել նկարվողին, քան պարզապես նայել մարդուն եւ հարցնել` ոնց եք:

Հ.Գ. Լուսանկարները եւ դրանց մակագրությունները տրամադրել է Նազիկ Արմենակյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter