HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. Քոչարի` բանտում ծնված կտավը

Աննա Բաբաջանյան 

1941թ. հունիսին Երվանդ Քոչարը հակասովետական գործունեություն ծավալելու մեղադրանքով ձերբակալվեց և 2 տարուց ավելի անցկացրեց Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԿՎԴ) բանտում: Ու թեև Անաստաս Միկոյանի և Կարո Հալաբյանի ջանքերի շնորհիվ նա մնաց կենդանի, սակայն այն ժամանակը, որը Քոչարից խլեց բանտը, անդառնալի հետևանքներ թողեց նրա առողջության վրա. «հարցաքննություններից» հետո վնասվել էր նրա ողնաշարը, չէր լսում ձախ ականջը...

Սակայն, նույնիսկ այդ պայմաններում նա չէր կարողանում ապրել առանց արվեստի: Բանտային օրերի մասին մի դրվագ էր հիշում Քոչարը. «Մեր բանտախցում մի քուրդ երիտասարդ կար: Մշտապես լուռ էր, հայացքը սևեռած պատուհանից դուրս` կանաչ սարերին: Մի օր նկատեցի, որ գույնզգույն կոճակներ է հավաքում և համադրելով կարում շապկի փեշին` ներսի կողմից: Հասկացա, որ նույնիսկ այդ դժոխքում մարդը չէր կարող ապրել առանց գեղեցկության»:

Քոչարի հետ միևնույն բանտախցում եղել է էլի մի անձ, ով ակամայից դարձել է ոչ միայն արվեստագետի նեղ օրերի վկան, այլև` ապագա ցուցանմուշի ստեղծման գլխավոր «մեղավորը»: Նա դաշնակցական լինելու մեղադրանքով ձերբակալված մի երիտասարդ էր` Մովսես Մովսիսյանը, որին Քոչարը նմանեցնում էր ֆիդայինի` իր արտաքին տեսքի, բեղերի, կեցվածքի համար:  Մի օր Մովսեսը խնդրում է վարպետին նկարել իրեն: Բայց ինչո՞վ և  ինչպե՞ս նկարել, եթե բանտում նույնիսկ նամակ գրելն էր արգելված:

Հնարամիտ արվեստագետը, սակայն, գտնում է լուծումը. շուտով ամբողջ բանտախուցը մի հատուկ  ոգևորվածությամբ ներգրավվում է Քոչարի գաղտնի մտահղացման իրականացման գործում: Նրանք բանտարկյալներից մեկի ռետինե կրկնակոշիկն այրում, խառնում են շաքարաջրին և ներկ են ստանում, իսկ մեկի ծանրոցում հայտնաբերված կապտավարդագույն երիզով  սպիտակ սատինե թաշկինակը ծառայում է որպես կտավ, որը թրջում, ձգում, ամրացնում են պատին: Վրձինը պատրաստելու գործին էլ ակամայից խառնվում է զբոսանքի ժամին բակում հայտնված կատուն. կերպարվեստի հետ իր հնարավոր առնչությունից անտեղյակ կատվի պոչից պոկված մազերով էլ բանտարկյալները պատրաստում են վրձինը:

Սակայն մեծ երևակայության և չարչարանքների գնով ստեղծված կտավը, որը հետագայում պետք է տեղ գտներ Երվանդ Քոչարի թանգարանում, հեղինակին եւ բնորդին հասցնում է մենախուց:

Փաստական տեղեկությունները` Լալա Մարտիրոսյան-Քոչարի

Մեկնաբանություններ (2)

Գևորգ Մովսիսյան
Մովսեսն իր ողջ կյանքում Անկախ Հայաստան երազեց,սակայն ափսոս մահացավ 1990ին։ Միշտ հիշում ու հպարտանում եմ նրանով։
Լիլիթ Աբրահամյան
Անազատության մեջ Մարդ լինել և Արվեստագետ. սա կոչում է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter