HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատամարտիկի միակ խնդրանքը անձրևաջրերից փտած տանիքի նորոգումն է

Մենք քայլում ենք Արարատի մարզի Երասխ գյուղի կաթնագույն ճանապարհով: Գյուղացիներից մեկի տան բակով ենք անցնում: Երկու կողմերում կանաչ խոտեր են, որոնց մեջ թփերի տեսքով չորացած փշեր են: Միհարկանի խարխուլ տներ են:

Վարդագույն վերնազգեստով կինը մեքենա է հրում, ամուսինը՝ մի ոտքը դրսում, մյուսը՝ մեքենայի ներսում, փորձում է շարժել մեքենան: Ապարատը ձեռքներիս է, բայց ինչ-որ բան խանգարում է լուսանկարել տեսարանը: Չգիտենք՝ ինչի՞ց է: Հասկանում ես, որ ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակել: Երբ պատկերացնում ես, որ ինչ-որ մեկն իր լաքապատ եղունգներով կսեղմի համակարգչի կոճակը, կվերցնի մեկ գավաթ սուրճն ու ըմբոշխնելով կդիտի այդ հոգսաշատությունը, հետն էլ մեկնաբանություն կգրի՝ կարեկցանքով, հումորով կամ հեգնանքով, հետ ես կանգնում: Հանկարծ մեքենան կանգնում է մեր դիմաց, սևացած, հյուծված մի տղամարդ է մոտենում մեզ: «Ինչի՞ համար եք եկել գյուղ»,- հարցնում է մեզ: Մենք լռում ենք, իսկ ինքը շարունակում է՝ «եկել եք գյուղ, որ անապահովներին նկարե՞ք, դե եկեք իմ տունը ցույց տամ, եկեք տեսեք, թե 77 տարեկան կինը՝ մայրս, ոնց է քնում անձրևների տակ»:

Քայլում ենք նրա հետևից: Միհարկանի տուն է: Ներս ենք մտնում, խոնավության հոտը դեռ մեղմ է ասված: Տունը երկու փոքր սենյակ է՝ մի քանի մահճակալներով, հարևանից գնած սպասքապահարանով, ապառիկ գնված հեռուստացույցով: Այս մանրամասները հետո են ասում:

Քիչ անց ներս է մտնում մի տարեց կին, կարծես, զգուշանում է մեզնից: Որդին բացատրում է, որ լրագրողներ ենք: Ամեն բան այնքան արագ է կատարվում, որ միայն հասցնում եմ նայել ու նայածս էլ կուլ տալ: Հարցեր չեմ տալիս, լսում եմ նրանց: Իսկ երբ նրանք էլ են լռում, առաստաղից թափվող ջրի կաթիլների «ճլըմփոցն» է լսվում: Գետնին ջրի խորը հետքեր կան: «Այստեղ ես եմ մնում, մայրս... Մայրս «զոնտիկի» տակ է քնում»,- ասում է տղամարդը:

Մտածում եմ՝ այս մարդուն ինչքան են խեղդում սոցիալական պայմանները, որ խոսում է: Նրա ձայնի մեջ նվնվալ, դժգոհություն չկա: Կտրուկ է խոսում ու երբեմն աչքերը կախում բետոնապատ հատակին:

Հետո նստում է մահճակալի եզրին, ես էլ՝ փոքրիկ բազմոցին: Անուն-ազգանունն է ասում՝ Սերգեյ Ստեփանյան: 51 տարեկան է, բայց դեմքին ցավի նման գրգիռ է վերուվար անում: Տունը, որտեղ մենք գտնվում ենք, վարկով է գնել 3 տարի առաջ: Ասում է՝ նախկինում շինարարական օբյեկտ է եղել: Բայց ընտանիքը մեծ է՝ երեք որդի և մեկ աղջիկ ունի: 4-ն էլ ամուսնացած են, աղջիկը Ռուսաստանում է, իսկ որդիներն ապրում են իր հետ: Տան հետնամասում ևս մի տուն կա, որն իր պայմաններով հետ չի մնում այս մեկից: Հիմա 3 որդիները գտնվում են Ռուսաստանում, նոր են գնացել, բայց այնտեղ էլ աշխատանք չկա, պիտի վերադառնան: Հիմա հարսները 5 երեխաներով ապրում են սկեսրայրի ու սկեսրոջ տանը: Տղաներից մեկի համար գյուղում տուն են գնել մի քանի տարի առաջ, բայց այնտեղ էլ, ըստ Սերգեյի, դեռ անելիք կա: 5 թոռներին կերակրել է պետք, որդիներն իրենց հերթին զանգում են, թե՝ «պապ, էրեխուս լավ նայի»: «Ես ի՞նչ անեմ, ո՞ր մեկին նայեմ, աղջիկ ջան: Էդքան չե՞մ հասկանում, որ պիտի լավ պահեմ էրեխեքին, հարսներին, կնոջս, մորս: Նոր եմ դաշտից գալիս, գնացի ձմերուկ ցանեցի, 5.000 դրամ են տվել»,- ասում է նա:

Մայրը՝ 77-ամյա Ռոզա Խաչատրյանն է միջամտում զրույցին: Շքամուտքի մոտ կանգնած է խոսում: Ձայնը թույլ է լսվում: Մոտենում եմ տատին: Ռոզա տատը Վայքից է: Երբ փոքր էր, ասում է, իրեն Վայքի մանկատուն էին տարել, հետո տեղափոխել են Վեդիի, այդտեղից էլ՝ Գյումրու մանկատուն: Մի օր էլ Գյումրուց փախել է Երևան, որտեղից էլ՝ Վայք: Այս ամենի մասին մանրամասն չի պատմում: Տատը, կարծես, իր հիշողություններն ուլունքների պես թելում է: «Բալա ջան, Վայքում էլ սկսեցի շինարարություն անել: Թափառական կյանք եմ ապրել: Ամուսնացա, մեկին առա, բայց չբախտավորվեցի»,- այստեղ արդեն խզվում է տատի ձայնը, սկսում է լացել: «Էլ չեմ կարա բան պատմեմ»,- խուլ լսվում է: Ոսկրոտ ձեռքով մաքրում է արցունքները, ես չգիտեմ՝ ինչ ասել: Հարցնում եմ՝ քանի՞ ծոռ ունի: Մեկ էլ միանգամից ժպտում է, սկսում է հաշվել՝ « 7, 8, հա՝ 8»: Ծոռներից մեկը դռան մոտից նայում է տատին, տատը ժպտում է:

Սերգեյն ասում է, որ մոր քույրը հիմա ծերանոցում է: «Ես ծնող հարգով տղա եմ, ինչ պայմաններ էլ լինեն, մորս երբեք չեմ տանի ծերանոց»,- ասում է նա:

Սերգեյի խոսքով՝ ինքը ոչ մեկից «շոր-շիրթ» չի ուզում, միայն խնդրում է, որ մի քանի «շիֆեր տան», տունը սարքի: Հիմա պայմաններն այնքան են դժվարացել, որ չի կարողանում նույնիսկ ձմերուկի սերմ գնել: 1 հա հող ունի: Հիմնականում աճեցնում է ձմերուկ և սեխ: 1 հա-ի համար, ըստ նրա, մոտ 500-600 հազար դրամի ծախս է պետք, որպեսզի բերք ստանա: Հարցնում եմ՝ իսկ ստացած բերքով կարողանո՞ւմ է փակել ծախսերը: Ասում է՝ այո: Գյուղապետարանից կանաչ սեխի սերմ են տվել, բայց չի ուզում ցանել: Ասում է՝ սեխի գույնին նայելով՝ հասկանում է, որ «էն սեխը չի, որ աճեցնեմ»:

Մեր զրույցի ընթացքում զգեստապահարանից մի թուղթ է հանում: Շուշիի ազատագրման 19-ամյակի առթիվ է ստացել Ազատամարտի վետերանների միությունից: Հետո բերում է բաճկոնը, ծոցագրպանից միության իր վկայականն է հանում. «Ես կռվող տղա եմ, Ազատամարտի վետերանների միության անդամ եմ»: Կռվի տարիներին, ասում է, Վայք է գնացել, այնտեղ է կռվել, հետո՝ Գորիս, Խնձորեսկ, ապա՝ Շուշի: Երկու անգամ վիրավորվել է, մինչև հիմա բեկորներ կան մարմնի մեջ: Այս մասին դժվարությամբ է պատմում:

«Ես փողի համար չեմ գնացել, թալանի համար չեմ գնացել: Իմ աչքին բացարձակ ոչինչ չի եկել: Ես գնացի, որ իմ էրեխեքին պաշտպանեմ»,- նշում է նա: Հարցնում եմ՝ ի՞նչ երազանքներ ուներ այդ ժամանակ, ասում է՝ «է~, դա թող մնա մեր ներսում: Հաղթեցինք, պրծանք, բայց դա թող մնա մեր ներսում: Պիտի առաջ գնայինք, արյուն թափել՝ թափել էր, էս էլ պիտի վերցվեր (ցույց է տալիս Նախիջևանը)»:

Այլևս չի ուզում խոսել պատերազմի մասին: «Երեկ էրեխեքը գնում էին Ղարաբաղ, էնքան ուրախացա: Երեք ավտոբուս էր կանգնել, նվագում էին, ասացի՝ ո՞ւր եք գնում, ասացին՝ գնում ենք Շուշի: Վաղը Շուշիի ազատագրման օրն է: Միանգամից լցվեցին աչքերս»,- այս անգամ դեմքին ժպիտ է հայտնվում: Քիչ անց ասում է. «Ցավդ տանեմ, էսօր իմ օրն ա»: Դարձյալ լռում ենք:

Ստեփանյաններին հրաժեշտ ենք տալիս: Գյուղից քաղաք տանող ավտոբուսի պատուհանից հաշվում եմ Արցախ գնացող շքեղ մեքենաները և մտածում դաշտում արևից սևացած, մի քանի «շիֆեր» փնտրող ազատամարտիկի մասին, որ ընդամենն ուզում է՝ մայրը տանն առանց «զոնտիկի» քնի: 

Մեկնաբանություններ (1)

Պետրոս
«... Հաշվում եմ Արցախ գնացող շքեղ ավտոմեքենաները եւ մտածում դաշտում արեւից սեւացած, մի քանի «շիֆեր» փնտրող ազատամարտիկի մասին, որ ընդամենը ուզում է՝ մայրը տանն առանց «զոնտիկի» քնի»: ճակատագրի հեգնանք...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter