HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պակիստանում խոցված ուղղաթիռը, Թալիբանը եւ Իսլամաբադում Ադրբեջանի դեսպանի առեղծվածային փրկությունը

Ստեփան Սաֆարյան, Միջազգային եւ ավտանգության հարցերի հայկական ինստիտուտ

Թալիբանը պատասխանատվություն է ստանձնել մայիսի 8-ին, ուրբաթ առավոտյան Պակիստանի հյուսիսում՝ Գիլգիթ-Բալթիսթանի Նալթարի հովտում ՄԻ-17 ուղղաթիռի խոցման համար, որի արդյունքում զոհվել էին 7 մարդ, այդ թվում՝ ուղղաթիռի երկու օդաչունները՝ մայորներ Ալթամաշն ու Ֆաիզալը, Պակիստանում Ֆիլիպինների դեսպան Դոմինգո Լուչենարիո կրտսերը, Նորվեգիայի դեսպան Լեյֆ Լարսենը, Մալազիայի եւ Ինդոնեզիայի դեսպանների կանայք:

Խոցված ուղղաթիռում ընդհանուր առմամբ եղել է 17 մարդ, որից 11-ը՝ արտասահմանցիներ դիվանագետներ ու նրանց ընտանիքի անդամներ:

Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել թվով տաս մարդ, այդ թվում՝ Լեհաստանի դեսպան Անջեյ Անանիչը, Նիդեռլանդների դեսպան Մարսել դը Վինկը, Ինդոնեզիայի դեսպան Բուրհան Մուհամմադը, Մալազիայի դեսպանը եւ այլոք, ովքեր հոսպիտալացվել էին: Ուղղաթիռում են եղել նաեւ Հարավաֆրիկյան հանրապետության, Ռումինիայի դեսպանները:

Երեք ուղղաթիռներ պետք է 37 երկրների ներկայացուցիչներ տեղափոխեին Նալթար, որտեղ նախատեսված էր Շվեյցարիայի կողմից Պակիստանին նվիրաբերված 180 տեղանոց լեռնադահուկային վերելակի պաշտոնական բացումը: Այն անցած տարվա օգոստոսից սկսել էին տեղադրել Պակիստանի զինվորականները: Համարվում է, որ Պակիստանի այդ շրջանում թալիբանն ուժեղ չէ, եւ նման նախագիծը խթան կհաղորդի լեռնային այդ շրջանում զբոսաշրջության զարգացմանը:

Վերելակի պաշտոնական բացմանը պետք է ներկա գտնվեր նաեւ Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆն իր տիկնոջ հետ, ովքեր Նալթան էին ուղեւորվել մեկ այլ ուղղաթիռով: Ինչպես հաղորդել են Պակիստանի պետական լրատվամիջոցները, ճանապարհին լսելով ուղղաթիռի աղետի մասին, վարչապետը չեղյալ է համարել իր այցը եւ վերադարձել Իսլամաբադ,  սգացող ընտանիքներին  «սրտանց ցավակցություն» հայտնելով  «ողբերգական պատահարի» կապակցությամբ :

Պակիստանը կոծկո՞ւմ է տեղի ունեցածը, թե՞ Թալիբանն է իրեն «հաղթանակ վերագրում»


Ըստ ուրբաթ օրը երկրի պաշտոնական շրջանակների կողմից տրամադրված տեղեկատվության՝ ՄԻ-17 ուղղաթիռը վթարի էր ենթարկվել «տեխնիկական պատճառներով», Գիլգիթ-Բալթիսթանում «կոշտ վայրէջք» կատարելով դպրոցի վրա ու այրվելով:

Պակիստանի բանակի խոսնակ, գեներալ մայոր Ասիմ Բաջվան, մանրամասներ տրամադրելով ուղղաթիռում գտնված անձանց թվի, զոհերի եւ վիրավորների քանակի, նրանց ինքնության մասին, հայտարարել է, թե աղետի պատճառը վայրէջքի պահին «տեխնիկական անսարքությունն» է եղել:  

Ուրբաթ երեկոյան Պակիստանի արտաքին գործերի քարտուղար Աիզազ Ահմադ Չոդհրին էլ նույն ոգով հայտարարել է, թե աղետի պատճառը «շարժիչի անսարքությունն» է եղել՝ բացառելով, որ ուղղաթիռը կարող էր խոցված լինել:

«Ակնհայտորեն, նրա շարժիչը խափանվել է. դա ահաբեկչություն չէր»,-նշել է Չոդհրին: Որքան էլ Թալիբանը պատասխանատվություն է ստանձնել ուղղաթիռի խոցման համար, թե՛ պաշտոնական Իսլամաբադը, թե՛ տեղացի, թե՛ նաեւ երկրորդ ուղղաթիռի ականատեսները պնդում են, որ որեւէ կրակոցի նշան չեն տեսել:

Իսկ Պակիստանի Թալիբան շարժման խոսնակ Մուհամմադ Խորասանին նույն օրը ուրդուալեզու կայքում տեղադրած իր ուղերձում հայտարարել է, որ ուղղաթիռը զենիթային հրթիռով  խոցել է իրենց «հատուկ նշանակության ստորաբաժանումը», իսկ Պակիստանի վարչապետն էլ առաջնային թիրախն է եղել: Սակայն նա կենդանի է մնացել միայն երկրորդ ուղղաթիռում գտնվելու շնորհիվ, որը «ստորաբաժանման» կողմից նշանառության տակ չի վերցվել:

Նկատելի է, որ Արեւմուտքում այնքան էլ հակված չեն բացարձակ հավատալ ընծայել պաշտոնական Իսլամաբադի վարկածին, թե տեղի ունեցածը ահաբեկչություն չէր: 

Հեղինակավոր Ֆորին Փոլիսի ժուռնալը գրում է, թե «անմիջականորեն պարզ չէր, թե արդյո՞ք երկու ուղղաթիռներն իրականում ուղեւորվել են պահակախմբով, սակայն եթե Թալիբանի պնդումները ճշմարիտ են, ապա դա կմեծացնի աշինգթոնում անհանգստությունը այն վախերի պատճառով, որ խմբավորումը այժմ է կարող է հաջողությամբ թիրախի տակ վերցնել հարեւան Աֆղանստանում ամերիկյան ռազմական ուղղաթիռները» :

Ինչպես հայտնում է հեղինակավոր SITE Intelligence Group-ը, որը առցանց ջիհադիստական ուղերձների մշտադիտարկում է իրականացնում, ուսումնասիրում  է նաեւ թալիբանի այս ուղերձը:

Մինդեռ, Պակիստանի օդային ուժերի հրամանատար մարշալ Սոհայիլ Ամանը թե մայիսի 8-ին, թե նաեւ հաջորդ օրը շարունակում է հավաստիացնել, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է՝ «ուղղաթիռը վայրէջքից առաջ տեխնիկական անսարքության պատճառով դուրս է եկել վերահսկողությունից»:

Նա նաեւ հայտնել է, թե բազայի հրամանատարը անձամբ է դիտարկելիս եղել ուղղաթիռի վայրէջքը: Իր հարցազրույցում  նա հարկ է համարել հատկապես ընդգծել, որ միջազգային հանրությունը համերաշխություն է հայտնել Պակիստանին Նալթարի ողբերգության կապակցությամբ, ասել է թե՝ աշխարհը հավատում է Իսլամաբադի վարկածին: 

Ադրբեջանի դեսպանի առեղծվածային փրկությունը

Դժբախտ պատահարից անմիջապես հետո պակիստանյան եւ միջազգային մամուլը լայնորեն անդրադարձան աղետին, տպելով զոհերի, վիրավորների անունները: Պակիստանյան լրատվամիջոցներում նրանց թվում ոչ պատահականորեն նշվեց նաեւ այդ երկրում Ադրբեջանի դեսպան Դաշգին Շիկարովի անունը: Ուղղաթիռի ուեւորների ցուցակը ձեռք էր բերել նաեւ Ռոյթերս գործակալությունը:

Ուղղաթիռի խոցումից հետո՝ կեսօրին, Լիտվայում Ադրբեջանի դեսպան Հասան Մամադզադեն թվիթերյան իր էջում գրառում կատարեց այն մասին, թե այդ ուղղաթիռով պետք է թռչեր նաեւ Պակիստանում Ադրբեջանի դեսպան Դաշգին Շիկարովը. «Պակիստանում ուղղաթիռի աղետի արդյունքում զոհվել են մի քանի երկրների դեսպաններ: Վերջին պահին ծագած չնախատեսված պատճառներով մեր դեսպանը ուղղաթիռում չի եղել»: Ի դեպ՝ զոհված կոլեգաների համար ոչ մի ցավակցական խոսք չկա դեսպան Մամադզադեի գրառման մեջ:

Մի քանի ժամ անց Շիկարովն ինքն է ադրբեջանական APA գործակալությամբ ու 1news.az-ով հաստատում, որ վերջին պահին հրաժարվել է թռչել այդ ուղղաթիռով: Նա երկու գործակալությանն էլ պատմել է, որ մյուս դեսպանների հետ միասին հրավիրված է եղել Գիլգիթ-Բալթիսթան, որտեղ Պակիստանի վարչապետի կինը պատրաստվում էր միջոցառում անցկացնել:

Սակայն, ինքը հրաժարվել է թռչել, քանի որ «ինձ հրավիրեցին Թալասեմիա կենտրոնի բացմանը, որի շինարարության գործում մեծ դեր է խաղացել Հեյդար Ալիեւի կենտրոնը, որի պատճառով էլ վերջին պահին հրաժարվեցի թռչել», իսկ հետո պարզ դարձավ, ուղղաթիռն անսարք է եղել:

«Վայրէջքի պահին պարզվել է, որ ուղղաթիռը տեխնիկական անսարքություններ է ունեցել, ինչի պատճառով ընկել է դպրոցի շենքի վրա: Իմ անունը եղել է ուղղաթիռի ուղեւորների թվում: Հիվանդանոց տեղափոխվածների թվում ես չեմ եղել, դրա համար էլ բոլորը մտածել են, թե ես զոհվել եմ: Այսօր Պակիստանի որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել, թե ուղղաթիռի աղետի արդյունքում նաեւ ես եմ զոհվել: Սակայն հետագայում ես զանգեցի նրանց եւ հստակություն մտցրեցի այդ հարցում»,պատմել է Շիկարովը:

Ի դեպ, APA գործակալության տեղեկատվության մեջ նշվում է, որ դեսպան Շիկարովը հայտնել է, թե Պակիստանի վարչապետի կինը պետք է Թալասեմիա կենտրոնում միջոցառում անցկացներ: Մինչդեռ 1news.az-ին Շիկարովը հայտնել է, թե վերջին պահին այդ ուղղաթիռով իր թռնելը չեղյալ է համարել, որովհետեւ ինքը պետք է մասնակցեր Թալասեմիա կենտրոնի բացմանը (Իսլամաբադից մինչեւ Թալասեմիա կենտրոն մեկուկես ժամվա ճանապարհ է ավտոմեքենայով, մինչդեռ Թալասեմիան բավական հեռու է Գիլգաթ-Բալթիսթանից, որտեղ պետք է մեկնեին Պակիստանի վարչապետը, նրա կինը եւ խոցված ուղղաթիռի անձնակազմը): Համարենք, որ առավել հավաստի է 1news.az-ին տրված մեկնաբանությունը, եւ APP-ի լրագրողն է սխալ վերարտադրել պատմածը, եւ դեսպան Շիկարովը  վերջին պահին մտքափոխվել է ու որոշել գնալ Թալասեմիա կենտրոնի բացմանը:

Սակայն Պակիստանում Ադրբեջանի դեսպանատան պաշտոնական կայքէջի եւ ոչ մի բաժնում որեւէ հաղորդագրություն, լուսանկար չկա Հեյդար Ալիեւի կենտրոնի աջակցությամբ Թալասեմիա կենտրոնի բացման միջոցառման, դրան Ադրբեջանի դեսպանի մասնակցելու վերաբերյալ: Ի դեպ, Ադրբեջանի այդ դեսպանատան կայքը չափազանց կանոնավոր թարմացվում է, ինչին պարբերաբար հետեւում ենք: Օրինակ, ուղղաթիռի վթարից մեկ օր առաջ՝ մայիսի 7-ին տեղադրվել է Պակիստանի National Herald Tribune թերում Հեյդար Ալիեւին նվիրված հոդվածը:

Չափազանց ակտիվ են Ադրբեջան-Պակիստան հարաբերությունները նախագահների, գործադիր իշխանության, ռազմական գերատեսչությունների ու խորհրդարանների միջեւ, որը դրսեւորվում է կանոնավոր փոխայցելությունների (նախագահներ, ԱԺ նախագահներ ու պատվիրակություններ, ՊՆ նախարարներ) ու ստորագրվող համաձայնագրերի տեսքով :

Արժե հիշել 2012թ. փետրվարի 1-ին Պակիստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած որոշումը «Ադրբեջանի հետ Պակիստանի հարաբերությունների մասին», որտեղ ադրբեջանական եզրաբանությամբ գնահատականեր տրվեցին Խոջալուի դեպքերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Սրան էլ հավելենք «Ադրբեջանի հակամարտության հանդեպ զգայունության» հիմնավորումով Պակիստանի կողմից Հայաստանին չճանաչելն ու դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը:

Նաեւ՝  վերջիին տարիներին այդ երկրում բավական մեծ ծրագրեր  ու ներդրումներ է իրականացնում Հեյդար Ալիեւի հիմնադրամը, մասնավորապես՝ նրա միջոցներով բարեկարգվում են այգիներ, դպրոցներ, մանկապարտեզներ, հանրային այլ հաստատություններ: Ադրբեջանական ԶԼՄ-ներում բավական հաճախ կարելի է հանդիպել այդպիսի լուրերի, որոնց մասին օպերատիվ տեղեկատվություն տրամադրում է հենց Իսլամաբադում Ադրբեջանի դեսպանությունն ու ԱԳՆ-ը: Մինչդեռ այս մի նշանակալի միջոցառման ու դրան Ադրբեջանի դեսպանի մասնակցության մասին որեւէ հաղորդագրություն կամ փաստ չկա:

Պատահականությո՞ւն, թե՞ նախապես տեղեկացվածություն

Թերեւս, կարող ենք պատահականություն համարել նաեւ վերջին պահին խոցված ուղղաթիռով չթռչելու Ադրբեջանի դեսպանի որոշումը, կամ է, օրինակ, Թուրքիայի դեսպանի բացակայությունը հենց այդ ուղղաթիռում: Սակայն, արժե միշտ ուշադրության ներքո պահել մեկ կարեւոր հանգամանք, որն այլեւս միջազգայնորեն վավերագրված փաստ է:

Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն պաշտոնական մակարդակով չափազանց սերտ հարաբերություններ ունեն Պակիստանի հետ, այլեւ վաղուցվանից ներդրված մեծաքանակ հետախուզական գործակալներ ունեն թե՛ Սիրայում ու Իրաքում, թե Աղվանստան-Պակիստան տարածաշրջանում գործող այնպիսի ահաբեկչական խմբավորումներում, ինչպիսիք են Ալ-Քաեդան, Իսլամական պետությունը եւ այլք:

Աշխարհի հեղինակավոր կենտրոնները, որոնք հետեւում եւ ուսումնասիրում են դրանց, իրենց զեկույցներում բազմիցս են անդրադարձել նրանց շարքերում կռվող Թուրքիայի, Ադրբեջանի վարձկաններին, նրանց վերաբերյալ վիճակագրություններ ներկայացրել ու նկարագրել հավաքագրման մեխանիզմները: Մի շարք հրապարակումներով մենք եւս անդրադարձել են այդ ամենին. Թուրքիան, Ալ-Քաիդան եւ իսլամական ռադիկալիզմը, Վանդալիզմ Սրբոց Նահատակաց եկեղեցու հանդեպ. ահաբեկչությո՞ւն, թե՞ ծրագրված ոճիրԱդրբեջանը, Ալ-Քաիդան եւ գլոբալ ահաբեկչությունը՝ սիրիական պատերազմի լույսի ներքո, Ինչպե՞ս են հավաքագրվում ադրբեջանցիները. վարձկաննե՞ր, թե՞ մոջահեդներ:

Ըստ որում, արժե հիշել, որ հեղինակավոր թինք-թանքերն ու լրատվամիջոցները արդեն 2012թ.-ից ահազանգ էին հնչեցնում Իսլմական պետության եւ ահաբեկչական այլ խմբավորումների կազմում կռվող ադրբեջանցիների թվի պրոգրեսիվ աճի մասին: Իսկ դա տեղի էր ունենում Ադրբեջանում ակնհայտորեն ամեն ինչ ու ամեն մի տեղաշարժ վերահսկող Իլհամ Ալիեւի ու նրա վարչախմբի ամենատես աչքի ներքո: Ավելին, երկու տարի շարունակ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չէին խոչընդոտում իրենց քաղաքացիների հավաքագրումներին ու գիտեին դրա մասին, այլ նաեւ իշանամետ փորձագետների շուրթերով արդարանում էին, թե իրավունք չունեն խոչընդոտել մարդկանց ազատ տեղաշարժը, իսկ իրականում՝ Ադրբեջանի տարածքով դեպի Թուրքիա եւ այնուհետեւ Սիրա “վարձկան տուրիզմը»:

Ոչ պակաս կարեւոր է հիշել, որ մինչ այդ էլ Պակիստանում ու Աֆղանստանում թալիբների կազմում արդեն իսկ կռվում են մինչեւ 200 ադրբեջանցիներ, ինչի մասին 2012թ. կեսերին հայտարարում էին Ադրբեջանի անկախ փորձագետները, այդ թվում՝ Արիֆ Յունուսը: Հաշվի առնելով նաեւ Թուրքիայի սերտ կապերը Ալ-Քաեդայի, Իսլամական պետության հետ, պատկերը կատարյալ է դառնում:

Մի կողմ թողնելով Թուրքիայի առնչությունների վերաբերյալ հազարավոր ապացույցներն ու փաստերը (հատկապես Սիրայի տարածում Իսլամական պետության եւ Ալ-Քաեդայի տեղի ստորաբաժանումների հետ), ուղղակի նշենք, որ նույն  SITE Intelligence Group-ը 2014թ. վերահրապարակեց Թուրքական իսլամիստական կուսակցության «Առյուծների կռիվ» վիդեոշարքի երկրորդ մասր, որտեղ անհերքելի տեսաապացույցներ կան Աֆղանա-Պակիստանյան տարածաշրջանում Ջիհադին, ռազմական գործողություններին, հավանգային եւ հրթիռային գրոհներին թուրքերի մասնակցության մասին:

Հետեւաբար, թող որեւէ մեկը չկասկածի, որ թե՛ Անկարան, թե՛ Բաքուն իրենց հետախուզության միջոցով կարող են տեղյակ լինել այդ խմբավորումների առնվազն առաջիկա անելքիների մասին, եթե ոչ ավելին: Իսլամաբադում դեսպան Շիկարովի՝ Նալթար թռչելուց վերջին պահին հրաժարվելու, ադրբեջանական ԶԼՄ-ներում արդարացումները թերեւս ավելի շատ նման են սպասվող ահաբեկչական ակտի մասին կանխավ տեղյակ լինելուն: Վերջին պահին աշխատանքային գրաֆիկի փոփոխության մասին նրա հիմնավորումները նույնքան անհամոզիչ են, որքան պաշտոնական Իսլամաբադի հերքումները ուղղաթիռի խոցման՝ ահաբեկչության հետեւանք լինելու ուղղությամբ:

Թերեւս պատահական չէ, որ պաշտոնական Բաքուն ու Անկարան ուղղաթիռի խոցման կապակցությամբ իրենց նկարագրություններում, այն է՝ առաջինը դեսպանի մեկնաբանություններով, երկրորդը ԱԳՆ հայտարարության մեջ հարկ են համարել ցավակցական խոսքերից զատ ընդգծված շարադրել ուղղաթիռի խոցման Իսլամաբադի վարկածը, այն է` տեխնիկական անսարքության պատճառով ուղղաթիռն ընկել է դպրոցի վրա….

Թերեւս, Իսլամաբադը կարող է ասել, որ միջազգային հանրությունը համերաշխ է իր հետ, քանի որ իր բացատրությանը գոնե Անկարան ու Բաքուն հավատում են, ի տարբերություն Արեւմուտքի, չեն կասկածում…

Իսկ թե այս ուղղությամբ ինչեր կբացահայտվեն առաջիկայում, թերեւս արժե հետեւել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter