HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հանքարդյունաբերության ընկերությունները՝ խոշոր հարկատուների ցուցակում

Օրերս ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցուցակը: Այս տարի խոշոր հարկատուների առաջին քսանյակում հանքարդյունաբերությամբ զբաղվող միայն երկու ընկերություն կա՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» ու «Թեղուտը»: Մինչդեռ 2014-ին այս ժամանակահատվածում 20-յակում էին նաև «Դանդի փրիշս մեթալս Կապանն» ու «Գեոպրոմայնինգ գոլդը»: 

Այսպիսով, 2015-ի հունվար-մարտին հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններից ամենաշատ հարկերը վճարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ (ԶՊՄԿ, Քաջարանի կոմբինատ) 4,036 մլրդ դրամ: Այն զբաղեցնում է 4-րդ տեղը: Կոմբինատը 2014-ի առաջին եռամսյակի համեմատ զգալիորեն ավելացրել է հարկերը՝ 1,445 մլրդ դրամով: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս կոմբինատը առավել մեծ չափերի հարկեր վճարում է տարվա 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակներում: Ուստի՝ սպասվում է, որ հաջորդ եռամսյակում դրա վճարած հարկերի չափն ավելի մեծ կլինի: ԶՊՄԿ-ն շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը բաց եղանակով: Կոմբինատից ստացված պաշտոնական տվյալներով՝ 2004-ին ԶՊՄԿ-ը մասնավորեցվել է և նրա   սեփականատերերն են` «Քրոնիմետ մայնինգ» ՍՊԸ-ն` 60% բաժնեմասով, որը գերմանական ընկերություն է, «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն` 15%-ով, «Արմենիան մոլիբդենիում փրոդակշն» ՍՊԸ-ն` 12,5%-ով և «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ն` 12,5%-ով: «Քրոնիմետ մայնինգը» նաև հանդիասնում է «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի բաժնետոմսերի  վերահսկիչ փաթեթի սեփականատերը (51%-ով):  Այսինքն` «Քրոնիմետ»-ը ձեռք է բերել Զանգեզուրի ՊՄԿ-ի բաժնետոմսերի 66,25%-ը: Այս ընկերություններից երեքն իրենց հերթին առանձին հորիզոնականներով տեղ են գտել   2015-ի խոշոր հարկատուների ցանկում են:  «Մաքուր երկաթի գործարանը» վճարել է 570,6 մլն դրամ՝ 2014-ի առաջին եռամսյակի 469,8 մլն դրամի դիմաց և 47-րդ տեղում է: «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ն այս տարի վճարել է 87,8 մլն դրամի հարկ՝ 2014-ի առաջին եռամսյակի 100,5 մլն դրամի դիմաց: Իսկ «Արմենիան մոլիբդենիում փրոդակշնը» 133-րդ տեղում է:  Ընկերությունն այս տարի վճարել է 190,7 մլն դրամ՝ 2014-ի առաջին եռամսյակի 210,4 մլն դրամի դիմաց: 

Խոշոր հարկատուների ցանկում են  նաև «Վալլեքս» խմբին պատկանող ընկերությունները: Այս խմբի մեջ են մտնում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն («Էյ-Սի-Փի»),  «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն, «Թեղուտ» ՓԲԸ-ն, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն, «Վալլեքս ԱյԹի»-ն: ԶՊՄԿ-ից հետո հանքարդյունաբերողների մեջ երկրորդ խոշոր հարկատուն «Թեղուտ» ՓԲԸ-ն է: Շահագործում է  Թեղուտի հանքավայրը: Ըստ «Արմենիան Քափըր Փրոգրամ»-ի 2012 թ. ֆինանսական հաշվետվության՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ամբողջ փաթեթը պատկանում է կիպրոսյան «Թեղուտ Ինվեսթմենթս Լիմիթիդ» ՓԲԸ-ին, որի 50,05 %-ի բաժնետերը «Արմենիան Քափըր Փրոգրամ»-նն է, 49.95 %-ինը՝ «ՎՏԲ» խումբը: «Թեղուտն» այս տարի վճարել է 1,208 մլրդ դրամի հարկ՝ 2014-ի առաջին եռամսյակի 509,8 մլն դրամի դիմաց: Այն 17-րդ տեղում է: «Թեղուտի պղնձամոլիբդենային գործարանի» մեկնարկը տրվել է 2014-ի դեկտեմբերից:  Մյուս հարկատուն «Արմենիան Քափըր Փրոգրամն» է՝ «Էյ-Սի-Փին»: Բացի այն, որ «Էյ-Սի-Փի»-ն հանդիսանում է  «Թեղուտ» ՓԲԸ-ի վերջնական մայր ընկերություն («Teghout Investments Limited» (Կիպրոս) դուստր ընկերության միջոցով), այն նաև  ներդրումներ ունի «Մանեսի գունավոր մետաղների գործարան» ԲԲԸ-ում (Հայաստան), «Գուգարքի Գեո» ԲԲԸ- ում (Հայաստան), «Վալլեքս Այ -Թի» ՍՊԸ-ում (Հայաստան):  Ընկերության` Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղակայված պղնձաձուլական գործարանը այս տարի պետբյուջե է վճարել 198 մլն դրամի հարկ՝ 2014-ի առաջին եռամսյակի 126,8 մլն դրամի դիմաց: Գտնվում է  127-րդ տեղում:  «Լեռնամետալուրգիայի ինստիտուտը» լեռնամետալուրգիայի ոլորտի տարածաշրջանային նշանակության համալիր գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ է: Ինստիտուտի գործունեությունն իրականացվում է երկու հիմնական կառուցվածքային միավորներում` նախագծային և գիտական մասերում:  Այս տարի վճարել է 152,4 մլն դրամի հարկ՝ 2014-ի առաջին եռամսյակի 203,4 մլն դրամի դիմաց:  161-րդ տեղում է: 844-րդ տեղում հանդիպում ենք «Վալլեքս գրուպ» ընկերությանը (գրանցած է Երևանում), որը ինչպես երևում է՝ առաջին անգամ է հայտնվել խոշոր հարկատուների ցանկում, քանի որ մյուս տարիների ցանկերում նրա անունը չկա: Վճարել է 24,7 մլն դրամի հարկ: Իսկ «Բեյզ Մեթըլսը» գրանցված է և գործում է Արցախում: 

Հաջորդ խոշոր հարկատուն «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն է:  Վերջինը շահագործում է   Կապանի պղնձահանքերը: Ընկերությունն այս տարի պետբյուջե է վճարել 890 մլն դրամի հարկ՝ 2014-ի առաջին եռամսյակի 1,418 մլրդ դրամի դիմաց: Խոշոր հարկատուների ցանկում 29-րդն է:

Մյուս խոշոր հարկատուն   «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն է: Այն պատկանում է ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբին: Շահագործում է  «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» և ունի երկրի ամենախոշոր՝ Սոթքի ոսկու հանքի մշակման իրավունքները: Հայկական արտահանվող ոսկու շուրջ 99%-ը արտահանում է «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը:  Այս ընկերությունն այս տարի ՀՀ պետբյուջե է վճարել 811,6 մլն դրամի հարկ՝ 2014-ի առաջին եռամսյակի 1,342 մլրդ դրամի դիմաց:  «Գեոպրոմայնինգ գոլդ»-ն այս տարի 34-րդ տեղում է: Ընկերության կողմից շահագործվող և դրա կազմի մեջ մտնող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» ևս խոշոր հարկատուների ցանկում է: Այն 36-րդ տեղում է այս տարի: Վճարել է 726,7 մլն դրամի հարկ՝ 2014-ի առաջին եռամսյակի 865 մլն դրամի դիմաց:   

152-րդ տեղում է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը»: Ըստ կոմբինատի նոր  գլխավոր տնօրեն Մարտուն Հակոբյանի` կոմբինատի բաժնետոմսերի 100 տոկոս բաժնետերն այժմ «Մասկօ մայն» ՓԲԸ-ն է, որը գրանցված է Երևանում: «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատն» այս տարի վճարել է 161,6 մլն դրամի հարկ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 140 մլն դրամի դիմաց: 

Մյուսը  «Սագամար» ՓԲԸ-ն է: Շահագործում է Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը: Այս տարի  184-րդ տեղում է: Վճարել է  127,7 մլն դրամի հարկ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 147 մլն դրամի դիմաց: Այն «Գլոբալ Մեթալզ (ԱՐՄ) Լիմիթեդին» պատկանող երեք ընկերություններից մեկն է: «Գլոբալ Մեթալզ (ԱՐՄ) Լիմիթեդիը» կապիտալով ընկերություն է, որը Հայաստանում իր դուստր ընկերությունների աշխատանքը ղեկավարում է հայաստանյան մասնաճյուղի միջոցով: 

321-րդ տեղում է «Գեոթիմ» ընկերությունը, որը պլանավորել է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը և դառնալ պետության 10 խոշոր հարկատուներից մեկը: «Գեոթիմի» 100% բաժնետերն է բրիտանական «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը: Այս տարի «Գեոթիմ»-ը վճարել է 75,5 մլն դրամի հարկ՝ 2014-ի առաջին եռամսյակի  587 հազար դրամի դիմաց:

Եվ, վերջապես, 339-րդում է «Լեռ-Էքս» ՍՊԸ-ն: Շահագործում է Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրը: 2015-ին վճարել է մոտ 71 մլն դրամի հարկ՝ 2014-ի 52,3 մլն դրամի դիմաց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter