HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կլինի՞ հայկական նոր ուղեւորափոխադրող. «Տարոն-Ավիան» ցանկանում է օդ բարձրանալ

Ապրիլի 30-ին հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից չվերթ է իրականացրել դեպի Հորդանանի մայրաքաղաք Ամման: Այս մասին տեղեկանում ենք օդանավակայանի չվացուցակից: ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությանը հարցում էինք ուղարկել՝ մասնավորապես, հարցնելով, թե ինչ թռիչք է դա եղել: ՔԱԳՎ-ից հայտնել են, որ այն կապված է եղել ինքնաթիռի տեխնիկական սպասարկման հետ: Չնայած այս ավիաընկերությունը բազավորված է «Էրեբունի» օդանավակայանում, թռիչքը կայացել է «Զվարթնոցից», վերադարձի մասին էլ որեւէ նորություն չկա:

Առաջին հայացքից թվում է, թե շարքային նորություն է, սակայն հայկական ուղեւորատար ավիացիայում տեղական ավիափոխադրողների բացակայության ֆոնին այս լուրը հետաքրքիր է հնչում: Մանավանդ որ ընկերությունն իր կայքում հայտարարել է, թե «Ամառ 2015» աերոնավիգացիոն սեզոնի մեկնարկից ծրագրում է իրականացնել կանոնավոր եւ ոչ կանոնավոր (չարտերային) չվերթներ «Բոինգ 737-500» տիպի ինքնաթիռներով: Եվ չնայած նշված սեզոնը մեկնարկել է մարտի վերջին ու կտեւի մինչեւ հոկտեմբերի վերջ, ՔԱԳՎ-ն ներկայում չի քննարկում օդուղիների շահագործման թույլտվություններ տրամադրելու հայտեր ընկերության կողմից: Չկան նաեւ տրամադրված թույլտվություններ:

«Տարոն-Ավիան» իր նոր կայքում ներկա պահին շատ սուղ տեղեկություններ է հաղորդում ընկերության մասին: Մասնավորապես, նշվում է, որ այն ստեղծվել է 2007-ին, նպատակն է լրացնել ՀՀ ազգային ավիափոխադրողների բացակայությամբ առաջացած բացը, ինչպիսին է ուղեւորների եւ բեռների փոխադրումը ԱՊՀ երկրներ:

Տարբեր տեղեկատու բազաներում, այդուհանդերձ, հնարավոր է գտնել որոշակի ինֆորմացիա այս ընկերության մասին: «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ն պետական գրանցում ստացել է 2007-ի օգոստոսին: 100 տոկոսի փայատերը Գառնիկ Պապիկյանն է, որը հաշվառված է Գյումրիում: Նա նաեւ ընկերության տնօրենն է: Հենց վերջինիս բնակարանն էլ գրանցված է որպես ՍՊԸ-ի իրավաբանական հասցե, չնայած ավիաընկերությունը, ըստ ավիացիոն կայքերի, բազավորվում է «Էրեբունի» օդանավակայանում: ՍՊԸ-ն կրում է հիմնադրի որդու անունը:   

Ըստ «Տարոն-Ավիայի» կայքի՝ ընկերությունն ունի 3 ինքնաթիռ՝ «Բոինգ 737-500» (EK-73797) եւ երկու բեռնափոխադրող՝ «Իլ-76ՏԴ» (EK-76021), «Ան-12ԲՊ» (EK-12129):

Սակայն սրանցից «Իլ-76ՏԴ»-ն 2011-ից ի վեր շահագործում է մեկ այլ հայկական ընկերություն՝ Վահրամ Սիմոնյանի «Սկիվա Էյր»-ը, որը բազավորված է ԱՄԷ-ի Շարժա քաղաքում: «Տարոն-Ավիայի» կայքում նշված է, որ այս ինքնաթիռը գտնվում է Շարժայում, բայց չի ասվում, որ այն արդեն այլ համար է կրում՝ EK-76921, որը տրված է «Սկիվա Էյր»-ի անունով: Իսկ «Ան-12ԲՊ»-ն «Տարոն-Ավիան» շահագործել է 2007-2011 թթ., ներկայում, ըստ տեղեկատուների, կանգնած է: Ընկերության կայքի փոխանցմամբ՝ գտնվում է Շարժայում:

ՔԱԳՎ-ի օդանավերի ռեեստրի համաձայն՝ ներկա պահին «Տարոն-Ավիան» ունի 3 «Բոինգ 737-500»: Դրանցից մեկը (EK-73797) 2013-2014 թթ. շահագործում էր հայկական միակ ուղեւորափոխադրող «Էյր Արմենիան», որի ֆինանսական դժվարություններից հետո ինքնաթիռը շահագործման իրավունքով ձեռք բերեց «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ն:

Ինչպես «Էյր Արմենիայի», այնպես էլ «Տարոն-Ավիայի» պարագայում օդանավը կրում է EK-73797 գրանցման համարը: «Հետքը» ժամանակին անդրադարձել է այս «Բոինգ»-ի նախորդ շահագործողներին: Հիշեցենք նաեւ, որ դրա սեփականատերը ամերիկյան «ILFC» կորպորացիան է: Մյուս երկու «Բոինգ»-ները՝ EK-73772-ը եւ EK-73775-ը, սնանկացած «Արմավիայի» նախկին օդանավերն են:

Ըստ ավիացիոն տեղեկատու բազաների` «Արմավիան» դրանք շահագործել է 2011-2013 թթ., իսկ մինչ այդ օպերատորը եղել է «Չեխական ավիաուղիները»: EK-73775-ը, aerotransport.org-ի փոխանցմամբ, ներկա պահին նույնպես գտնվում է Ամմանում: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Գառնիկ Պապիկյանը՝ հավելելով, որ երրորդ «Բոինգ»-ը նույնպես մոտ 10 օրից պիտի ուղարկի տեխսպասարկման:

Գ. Պապիկյանը հայտնեց, որ դեռ փետրվարին 49 օդուղիների շահագործման հայտեր է ներկայացրել էկոնոմիկայի նախարարություն: Ըստ օրենսդրության՝ հայտատուն նախատեսված թռիչքների սկզբից առնվազն 25 աշխատանքային օր առաջ հայտը կից փաստաթղթերով եւ տեղեկություններով ներկայացնում է նախարարություն: ԷՆ-ում մուտքագրվելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում հայտն ուղարկվում է ՔԱԳՎ, որտեղ ներկայացվում է վարչության ստորաբաժանումներին՝ ուսումնասիրության համար, եւ 5 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է եզրակացություն: Ամփոփ եզրակացությունը ՔԱԳՎ մուտքագրվելուց հետո առնվազն 8 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է խորհրդին (ավիափոխադրողի մասնագրի, օդային ուղու շահագործման թույլտվությունների հայտերի քննարկման խորհուրդ), որը ամփոփ եզրակացության մուտքագրումից 11 աշխատանքային օրվա ընթացքում թույլտվության վերաբերյալ համապատասխան եզրակացություն է փոխանցում ՔԱԳՎ: Վարչությունում խորհրդի եզրակացությունը մուտքագրվելուց 1 աշխատանքային օրվա ընթացքում ՔԱԳՎ պետի հրամանով տրվում է օդուղու շահագործման թույլտվություն՝ համապատասխան ձեւաթղթով: Հրամանն ու թույլտվությունը կամ հայտի մերժման տեղեկացումը ՔԱԳՎ-ն 1 աշխատանքային օրում ներկայացնում է էկոնոմիկայի նախարարություն, որն էլ 1 աշխօրում այն տրամադրում է հայտատուին: Այսինքն՝ հայտատուին պատասխանելու համար 28 աշխատանքային օր է անհրաժեշտ, սակայն, ինչպես նշեցինք, ՔԱԳՎ-ն նման հայտ չի քննարկում: Հարց է ծագում, թե այդ դեպքում որտեղ են Պապիկյանի հայտերը:          

Նշենք, որ իր գոյության ընթացքում, «Տարոն-Ավիան» ունեցել է 10 օդանավ: Վերը նշված 5-ից բացի՝ ընկերությունը նախկինում շահագործել է եւս 4 «Ան-12», որոնցից մեկն այժմ կանգնած է, մեկը թռչում է Տաջիկստանում տեղի ընկերության («Asia Airways») շահագործմամբ, իսկ երկուսը ոչնչացված են: Մեկ հատ «Իլ-76» էլ շահագործվում է Տաջիկստանում («Khatlon Air»):   

Ինչ վերաբերում է հայկական ավիացիայում մոտակա տեղաշարժերին, ապա եթե հավատալու լինենք «Էյր Արմենիա» ընկերության ղեկավար Արսեն Ավետիսյանին, ապա մայիսի 20-ից (այս մասին նա հայտնել է «Երկիր Մեդիայի» հետ զրույցում) ընկերության ինքնաթիռները երկար դադարից (2014-ի աշնանից) հետո կրկին օդ կբարձրանան, չնայած այս ընթացքում մի քանի անգամ ժամկետներ են փոխվել: Ըստ Ավետիսյանի՝ այս տարի նախատեսվում է 2-4 նոր ինքնաթիռ վարձակալել հոլանդական «AerCap» ընկերությունից, որին պատկանում էին հայկական փոխադրողի երկու «Էյրբաս»-ները: Հիշեցնենք, որ այս ընկերությունն է նաեւ ամերիկյան «ILFC»-ի տերը, որին պատկանում է վերոնշյալ EK-73797-ը:

ՔԱԳՎ-ին հարցրել էինք, թե արդյոք օդուղիները չշահագործելու հիմքով դադարեցվել են «Էյր Արմենիային» տրված թույլտվությունները: Վարչությունից պատասխանել են, որ ընկերությունը ներկայացրել է գործունեության իրականացման ծրագիր օդանավեր ձեռք բերելու եւ չվերթներ կազմակերպելու նպատակով: «Հետեւաբար, ընկերության կողմից մատնանշված ժամկետները հաշվի առնելով, նախկինում տրված օդուղու շահագործման թույլտվությունները դեռեւս այդ ժամկետներում մնում են ուժի մեջ»,- նշել է ՔԱԳՎ-ն՝ հավելելով, որ «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն ներկայում շահագործվող օդանավ չունի:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչ ամոթ է,որ Հայաստանը այդպես էլ (մի կարգին աշխատող) ազգային ավիաընկերություն չունի: Սա այն դեպքում,երբ ազգի 2/3-ը այլ երկրներում է ապրում: Մարդ չի հասկանում,թե ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ինչու չի միջամտում այս հարցին՝ պետական արտոնություններ տալով կամ գոնե 51% բաժնեմաս ունենալով որևէ հայաստանյան ավիաընկերությունում: Ի՞նչու Եվրոպայից ուղիղ չվերթներ չկան Հայաստան: Հայը պիտի տառա՞պի՝ Հայաստան հասնելու համար: Եվ՝ ե՞րբ է վերջապես վերաբացվելու Կապանի օդանավակայանը. 2-3 մլն դոլար պետությունը չու՞նի սրա համար: Շոուների վրա միլիոնավոր դոլարներ են ծախսում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter