HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Թուրք ներդրողի խորհուրդները՝ սկսնակ ձեռնարկություններին

Թուրքիայում վերջին տարիներին տարածում ստացավ անհատների կողմից ներդրումներ անելու պրակտիկան, ինչը հայտնի է Angel Investment անունով: Թուրք ներդրող և խորհրդատու Էմրե Օզբեկը, ով Հայաստանում է «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի շրջանակում, այսօր ներկայացրեց, թե ինչ առանձնահատություններ պետք է հաշվի առնեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ (startup) ընկերությունները, որոնք ներդրում են ակնկալում ոչ թե վենչուրային հիմնադրամներից, այլև «իրենց սեփական գրպաններից» գումար հատկացնող անհատներից:

Թուրքիայում այս ներդրողները, որոնց թիվն այժմ 300-ի է հասնում, միավորվում են տարբեր ցանցերի մեջ, որոնք բոլորը չէ, որ գործում են ՏՏ ոլորտում: Istanbul Startup Angels-ը, որի հետ համագործակցում է Է. Օզբեկը,  Թուրքիայում գործող 10 ցանցերից մեկն է: Այն օգնում է անդամավճար տվող ներդրողներին գտնել լավ սկսնակ ձեռնարկություններ և արդյունավետորեն աշխատել նրանց հետ:

Սկսնակ ձեռնարկությունների և ներդրողների համագործակցությունը ենթադրում է գործողությունների որոշ փուլեր, որոնք թուրք գործարարը բաժանել է 3 մասի՝ ներդրումից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո: Մինչ այդ, սակայն, սկսնակ ձեռնարկատերերը պետք է իմանան, թե ինչի համար է պետք կապը ներդրողի հետ. «Եթե դուք կապ եք հաստատում ներդրողի հետ, անհատ կամ հաստատություն, դուք պետք է նախապես իմանաք, թե ինչու եք հաստատում այդ կապը, ինչու եք փնտրում ներդրողի. արդյոք գումարի՞ համար, թե՞ նրա, ինչ իրենք գիտեն կամ մարդկանց, ում իրենք գիտեն (գուցե նրանք կապեր ունեն կառավարությունում, և դուք նախագիծ եք իրականացնում, որը կառավարությունը կարող է գնել, այսինքն դուք այս կապերի կարիքն ունեք)»:

Նախ պետք է գտնել հարմար ներդրողի: Որոնողական համակարգերը և ներդրող ընկերությունների կայքերը կարող են տեղեկություն տալ հնարավոր ոլորտների ու գումարի չափի, ծրագրերի ժամկետի և այլնի մասին: Անհատ ներդրողների դեպքում սա գրեթե անհնար է. չենք կարող իմանալ, թե որքան գումար ունեն նրանք և ինչի համար են պատրաստ ծախսել (թեև անհատ ներդրողների ցանցերը որոշ առումով կատարում են այդ դերը): Պետք է ուսումնասիրել ներդրողին, այնուհետև պատրաստ լինել նախագիծը ներկայացնելուն, ընդ որում՝ ոչ միայն բանավոր խոսքը պատրաստել (Օզբեկը ներկայացնում է հայելու առաջ իր խոսքը պատրաստող Օբամայի լուսանկարը), այլև հենց նախագիծը: «Որոշ բիզնեսներ ներդրման պատրաստ չեն, որոշները պատրաստ են»,- ասում է բանախոսը:

Ներդրողի հետ հանդիպման ժամանակ, որը հաջորդ փուլն է, պետք է փաստարկել, թե ինչու արժի ներդնել ՏՏ, այլ ոչ, օրինակ, անշարժ գույքի ոլորտում, և ինչ կարևորություն ունի կոնկրետ նախագծում ներդրում անելը: Բացի այդ՝ լավ կլինի խոսել սպասելիքների մասին՝ թվերով. քանի բեռնում կունենա Android համակարգի համար պատրաստած ձեր ծրագիրը, քանի դիտում կունենա ձեր նախագծած կայքը, քանի ընկերության կարող եք վաճառել ձեր ստեղծած սարքավորումները, ինչ շահույթ կունենաք և որքանը կկիսեք ներդրողի հետ:

Ներդրողները հավանաբար կհարցնեն նախագծի, մրցակցության, շուկայի, միջավայրի, օրենքների և կարգավորումների մասին: Շատերը, ըստ Օզբեկի, ուշադրություն են դարձնում ոչ թե պատասխանին, այլ արձագանքին՝ արդյոք մտածե՞լ էր ծրագիրը ներկայացնողն այդ մասին: «Պատասխանը կարող է լինել՝ դեռ չենք որոշել: Բայց պատասխանը պետք է լինի՝ մենք մտածել ենք այդ մասին»: 

«Այս մարդկանց համար բազմաթիվ սթարթափեր կան, որտեղ նրանք կարող են ներդրում անել: Նմանապես՝ նաև բազմաթիվ ներդրողներ կան: Ուրեմն՝ դուք պետք է ընտրեք ձեր ներդրողին և համոզեք նրան, որ դուք լավագույն ընտրությունն եք»,- ասաց Է. Օզբեկը, ով, այնուամենայնիվ, այս փուլի համար շատ խորհուրդներ չտվեց, քանի որ լսարանի կազմում էին հայկական և թուրքական սկսնակ ձեռներեցների թիմեր, որոնք մայիսի 12-ին, 10 րոպեից էլ քիչ ժամանակում, իրենց բիզնես գաղափարները ներկայացնելու են ժյուրիին, այդ թվում՝ իրեն:

Հայաստանում անհատ ներդրումների պրակտիկան դեռ կիրառություն չունի: Օզբեկը պատմում է, որ թուրք գործարարներից մեկը՝ Հասան Ասլանոբան, տարիներ առաջ վաճառեց շշալցման իր գործարանը և, մեկ այլ գործարան գնելու կամ գումարն այլ ոլորտում ներդնելու փոխարեն, 1-ական մլն լիրա տրամադրեց 40-ի հասնող սկսնակ ձեռնարկություների ֆինանսավորմանը: Մինչ այժմ դրանցից 20-ը ձախողվել են, մյուս 20-ը դեռ գործում են: Ասլանոբայի արարքն էլ մեկ որակում են որպես «հիմարություն», մեկ՝ որպես «հետաքրքիր բան»:

Թուրքիայում Angel Investment-ի կայացմանը նպաստել է նաև պետական քաղաքականությունը. անհատ ներդրողները, ովքեր, ի դեպ, վկայական են ձեռք բերում, հարկային արտոնություններ են ստանում: Օզբեկը վստահ չէ, թե պետության միջամտությունը պարտադիր է, բայց հուսով է, որ այն կօգնի, եթե ներառի նաև նորարարոությունների համար համալսարաններին տրվող դրամաշնորհները, ինչը նույնպես կիրառվում է հարևան պետությունում:

«Հայաստանի դեպքում գիտեմ, որ մարդիկ կան, ովքեր փորձում են վերադարձնել սփյուռքին՝ մարդկանց, ովքեր ապրում են Հայաստանից դուրս և ցանկանում են ներդրում անել Հայաստանի տնտեսության մեջ: Գիտեմ, որովհետև մենք փորձում ենք նույնը անել թուրքերի հետ, ովքեր ապրում են Գերմանիայում, Միացյալ Թագավորությունում, Միացյալ Նահանգներում: Խնդիրն այն է, որ նրանք այստեղ չեն, և չեն կարող ներգրավվել բիզնեսի մեջ»,- ասաց Է. Օզբեկը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter