HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ո՞վ է պատասխանատու 8 կնոջ մահվան համար

Հաճախ են լրատվամիջոցները գրում, որ որևէ հիվանդանոցում ծննդաբերության ընթացքում, առաջ կամ հետո մահացել է ծննդկանը։ Բայց քիչ են դեպքերը, երբ հայտնում են, թե ո՞վ էր, ի վերջո, մեղավոր, և ինչու՞ դա տեղի ունեցավ։ Ըստ վիճակագրության՝ մայրական մահացության ցուցանիշը Հայաստանում նվազել է: 2014 թ. Հայաստանում գրանցվել է մայրական մահացության 8 դեպք:

2014թ. բժշկական օգնության և սպասարկման մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեղադրանքով դատարան է մտել 5 քրեական գործ. մեկ մեղադրյալ տուգանվել է, 4-ը՝ դատապարտվել 1-ից 2 տարվա ազատազրկման։ Սակայն, նրանք բոլորն էլ համաներմամբ ազատ են արձակվել:

Ընհատված կյանքի մի քանի պատմություն

2014թ. մայիսի 28: 
Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում 3-րդ երեխան ծննդաբերելիս մահացավ 38-ամյա Կարինե Պապանյանը։

«Ես մի բան գիտեմ՝ կնոջս մահանալու ժամանակ բժիշկը կողքը չէր: Ինչո՞ւ, որտե՞ղ էր, մայրս էր կողքը, բուժքույրը, իրանք որ գոռում էին՝ բժիշկ, արի, բժիշկ, մեռավ, հոգին տվավ, բժիշկն ո՞ւր էր»։ (galatv.am):

Դեպքի մասին բազամթիվ հրապարակումներ են եղել: Հնչեցին իրարամերժ կարծիքներ։ Ստեղծվեց հանձնաժողով: Մահվան դեպքով հարուցվեց քրեական գործ։ Սակայն, մեղավոր չկար. ըստ բժշկական փորձաքննության՝ մահը վրա էր հասել պտղաջրային էմբոլիայից։

Օգոստոս, 2014թ.
Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 4-րդ երեխան ծննդաբերելիս մահացավ 28-ամյա Սյուզաննա Իսրայելյանը։

Ահա թե ինչ է պատմում մահացած կնոջ մայրը. «Բայց ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը եղել, ես ուզում եմ բժշկին տեսնեմ, ինքը ոչ մի խնդիր չի ունեցել: Բժիշկը իջավ, ինձ բացատրում է, որ իրան ստուգել է, նորմալ է եղել, արդեն երեխան պետք է ծննդաբերեր, ես շուռ եմ եկել մյուս հիվանդին ստուգելու, ինքը այդ պահին ուշաթափվել ընկել է» (galatv.am)

Ծնունդն ընդունել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատան վարիչ Արեն Գյոզալյանը։

Դարձյալ ստեղծվեց հանձնաժողով, նշանակվեց փորձաքննություն։ Հարուցվեց քրեական գործ:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտնեց, որ «ըստ նախնական կլինիկական ախտորոշման ՝ պտղաջրային էմբոլիա է»։

Հոկտեմբերի 25, 2014թ.  
Սիսիանի բժշկական կենտրոնում մահացավ 24 շաբաթական հղի Անի Դավթյանը: Նա նախորդ օրը տեղափոխվել էր հիվանդանոց՝ պտղաջրերի էմբոլիա ախտորոշմամբ։ Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով 05.11.2014թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Սրանք ընդամենը մի քանիսն էին 2014թ. գրանցված մայրական 8 մահերից։

«Մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը»

Մայրական մահացության հետ կապված դեպքերն ուսումնասիրում է առողջապահության նախարարության «Մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը», որը բաղկացած է 13 անդամից։ Խորհրդի անդամներից են առողջապահության նախարարը, տեղակալը և ԱՆ մի շարք աշխատակիցներ։ Որքանո՞վ է օբյեկտիվ այդ խորհրդի գործունեությունը, եթե, ասենք օրինակ, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի և «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀ» ՓԲԸ-ի տնօրենները, որոնց հիվանդանոցներում 2-ական մայրական մահացության դեպք է գրանցվել (2009-2014թթ ), այդ խորհրդի անդամներ են։ Հենց նրանք են քննում մահացության դեպքերն ու բժշկական փորձաքննություն իրականացնում։

Ինչու՞ պտղաջրային էմբոլիա 

Մայրական մահացության պատճառներից են  սրտանոթային, շնչառական,  նյարդային համակարգի ծանր հիվանդությունները, H1N1 շնչառական վարակը, չարորակ նոյագոյացությունները, օրգանիզմում պոլիօրգանային փոփոխությունները։ Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ վերջին տարիներին Հայաստանում պտղաջրային էմբոլիան համարվում է մայրական մահացության հիմնական պատճառներից մեկը, թեև բժշկության մեջ այն համարվում է հազվադեպ մանկաբարձական բարդություն (1 դեպք 20 000 ծնունդից մինչև 1 դեպք ՝ 80 000 ծնունդից), գրեթե միշտ՝ 80-90% դեպքերում՝ մահվան ելքով։ Պտղաջրային էմբոլիան այս առումով բժշկի համար «հարմար» ախտորոշում է ՝ պատասխանատվությունից խուսափելու։

Պտղաջրային էմբոլիայի ժամանակ պտղաջրերը (ամնիոտիկ հեղուկը)՝  ներթափանցում են արյան մեջ, և տեղի են ունենում այնպիսի անդառնալի փոփոխություններ, որոնք գրեթե անհնար է կանխել։ Դա պայմանավորված է նրանով, որ էմբոլաները՝ հեղուկ թրոմբները, միանգամից ներթափանցում են կենսական նշանակություն ունեցող օրգաններ ու խցանում անոթները, և մահը վրա է հասնում շատ արագ։

Էմբոլիա կարող է լինել նաև միանգամայն առողջ հղի կնոջ մոտ։ Այն տեղի է ունենում տարբեր պատճառներով. արգանդի կամ արգանդի վզիկի պատռման, կեսարյան հատման կամ այլ դեպքերում։ Պտղաջրային էմբոլիային բնորոշ կլինկական ախտանիշներից են շնչահեղձությունը, հևոցը, ցավը կրծքավանդակի շրջանում, հնարավոր է նաև սարսուռ, հազ, թուլություն, գլխապտույտ։

Մայրական մահացության ցուցանիշը նվազում է

Մայրական  մահացությունը  բնորոշվում է որպես հղիությամբ պայմանավորված կնոջ մահ՝ անկախ հղիության տևողությունից։ Այն կարող է վրա հասնել հղիության ընթացքում կամ նրա ավարտից հետո՝42 օրվա  ընթացքում, հղիության հետ կապված որևէ պատճառից, բարդացած վերջինիս առկայությամբ կամ վարման գործընթացով, բացառությամբ դժբախտ պատահարի կամ հանկարծակի առաջացած պատճառի:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հղիության բարդություններից, ծննդյան և ետծննդյան ժամանակահատվածում, 2014թ. գրանցվել է մայրական մահացության 8 դեպք՝ գործակիցը կազմելով 18.5 (100 000 կենդանի ծնվածի հաշվով): Թեև 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ մահացության գործակիցը 100 000 կենդանի ծնվածի հաշվով նվազել է (2013թ.՝ 19,2), սակայն դեպքերի թիվը մնացել է նույնը (8 դեպք)։

ԱՀԿ առաջարկությամբ՝ մինչև 5 մլն բնակչություն ունեցող երկրների համար մայրական մահացության ցուցանիշը հաշվարկվում է 3 տարվա կտրվածքով։ Ըստ Առողջապահության նախարարության տվյալների ՝ 2001-2014թթ. մայրական մահացության միջին եռամյա ցուցանիշը (100 000 կենդանածնության հաշվով) կրճատվել է մոտ 2 անգամ՝ 39,9 -ից հասնելով 18,4-ի։

Մայրական մահացության գործակիցը 2012-2014թթ. համար, 100 000 կենդանի ծնվածի հաշվով, կազմել է 19.6 (25 դեպք)՝ 2009-2011թթ. արձանագրված 16.6-ի (22 դեպք) փոխարեն: 2008թ. համեմատ գործակիցը մոտ 2 անգամ նվազել է (16 դեպք)։

Մայրական մահացության Հայաստանի միջին եռամյա ցուցանիշը 1,5 անգամ ցածր է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշից (29,4՝ 100 000 կենդանածնության հաշվով)։

Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ 2009-2014թթ. ստացիոնար պայմաններում գրանցվել է մայրական մահացության 37 դեպք, որից 16-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում, ինչը պայմանավորված է հիվանդների մեծ հոսքով, եւ այն համանքով, որ մարզային բուժհիմնարկներից ծանր վիճակում գտնվող ծննդկանները հիմնականում տեղափոխվել են այստեղ:

2005-2013թթ. մայրական մահացության ամենաբարձր միջին գործակիցը գրանցվել է Լոռու (36,4), ամենացածրը՝ Գեղարքունիքի մարզում (14,8)։

Մայրական մահացության գործակիցն ըստ ՀՀ մարզերի

2005-2013թթ. 

«Համաներող» օրենքն ու բժիշկների անպատժելիությունը

ՀՀ Քրեական օրենսգրքի 104  հոդվածը սահմանում է սպանությունն ու նախանշում դրա պատժի տեսակները. «Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը»՝  նախատեսելով 6-12 տարվա ազատազրկում։  Բժշկի սխալի հետևանքով մահվան դեպքերում պատիժը կրկնակի նվազում է, երբ  «ապօրինաբար» և «դիտավորությամբ» բառերը փոխարինվում են «անզգուշությամբ», «մասնագիտական պարտականնություններ չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը» բառերով։

Հոդված 129 Հիվանդին օգնություն ցույց չտալը։ Պատժվում է տուգանքով, ուղղիչ աշխատանքներով կամ 1-ից 2 ամիս կալանքով։ Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահ՝ պատժվում է առավելագույնը 3 տարի ժամկետով՝ զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

Հոդված 130՝ Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը։  Ծանր կամ միջին ծանրության վնասի դեպքում տուգանք կամ կալանք մինչև 3 ամիս ժամկետով։ Իմունային անբավարարության վարակի հարուցիչով հարուցելու կամ հիվանդի մահվան դեպքում 2-6 տարվա ազատազրկում կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով։ Այսինքն՝ օրենքը թույլ է տալիս մասնագիտական պարտականնությունները չկատարած բժշկին, ում պատճառով հիվանդը մահացել է ԿԱՄ ազատազրկել ԿԱՄ 3 տարով զրկել որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից ։

Հոդված 315 Պաշտոնեական անփութությունը։ Այս հոդվածը ևս վերաբերում է անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն։ Պատժվում է տուգանքով, ուղղիչ աշխատանքներով կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով։ Նույն արարքը՝ անզգուշությամբ առաջացրած ծանր հետևանքներով կամ մահով, պատժվում է առավելագույնը 5 տարի ժամկետով։

Նշան Գևորգյան

«Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նշան Գևորգյանի դեմ 2010-2011թթ. մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130 և 315 հոդվածներով։ Նա մեղադրվել է 3 անձի մահվան մեջ։ 2013թ. դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեություն իրակացնելու իրավունքից։ Սակայն  համաներվել է՝ ստանձնելով նույն բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի պաշտոնը։ 2014թ. նրա նկատմամբ դարձյալ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով («Առևտրային կաշառք»)։ Մինչ այժմ նա աշխատում է։ 

Վարուժան Մարդանյան 

«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանի դեմ 2008թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ ոչ պատշաճ կերպով մասնագիտական պարտականնությունները կատարելը, որն առաջացրել է հիվանդի մահ։ Նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, սակայն 2009թ. համաներմամբ ազատվել էր։

2013թ. դարձյալ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածի նույն մասով։ Վարուժան Մարդանյանը դատապարտվել է  2 տարվա ազատազրկման՝ 3 տարով զրկվելով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Հետագայում համաներվել է:

Ի՞նչ  քայլեր է  ձեռնարկում առողջապահության նախարարությունը

Առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ մայրական մահացությունը նվազեցնելու համար ԱՆ-ն շարունակաբար իրականացնում է մանկաբարձական և նորածնային ծառայությունների սարքավորման հզորացման ծրագիր. «Մարզային մոտ 20 բժշկական հաստատություններ հագեցվել են նորագույն սարքավորումներով, իսկ մասնագետները՝ վերապատրաստվել Ռուսաստանի առաջատար կլինիկաներում»։

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր ելույթներից  մեկում նշել է, որ «լինելու է շատ խիստ մոտեցում մայրական մահերի հետ կապված»։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter