HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրասիական տնտեսական միության ստեղծումն ու փլուզումը

Աշոտ Եղիազարյան, Տնտեսագիտության դոկտոր

Քաղաքական ռեալիզմի տեսանկյունից Եվրասիական միության ստեղծումը մի նախագիծ է, որի միջոցով Ռուսաստանը փորձում է մեծացնել իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում: Սակայն, դեռ չծնված այն արդեն մեռած նախագիծ է, ինչը վկայում է, որ Մոսկվայի կողմից հետխորհրդային տարածքի վերաինտեգրման բոլոր փորձերը դատապարտված են անհաջողության:

ԵՏՄ-ի փաստացի ձախողումը Աստանայի գագաթաժողովում

Կասկած չկա, որ հետխորհրդային տարածքում քիչ թե շատ լուրջ ինտեգրված միավորման ստեղծումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դրանում Ռուսաստանի հետ միասին մասնակցի նաև Ուկրաինան: Բայց Ուկրաինան ընտրել է ԵՄ հետ ինտեգրման ճանապարհը: Մոլդովան և Վրաստանը նույնպես ստորագրել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր: Արդյունքում ԱՊՀ տարածքում նույնիսկ ազատ առևտրի ռեժիմն է կասկածի տակ դրվել:

Ուկրաինական իրադարձությունները և դրան հետևած Արևմուտքի սուր արձագանքը ստիպեցին Մոսկվային ճշգրտումներ կատարել իր եվրասիական հավակնությունների իրականացման մարտավարությունում և պլաններում: Փոխվեցին նաև Աստանայի և Մինսկի պլանները: Վերջիններս, ըստ էության, դեմ արտահայտվեցին ինտեգրումն արագացնող գործընթացներին՝ որակելով դրանք չհիմնավորված և չարդարացված: Արդյունքում 2014թ. մայիսին Աստանայում Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև ԵՏՄ ստեղծման մասին ստորագրված պայմանագիրը լոկ ֆորմալ բնույթ կրեց: Իսկապես, իր ներկա տեսքով ԵՏՄ չի համապատասխանում այն նախագծին, որը Մոսկվայում մտահղացվել էր ավելի վաղ: Նավթի և գազի, ինչպես նաև ֆինանսական ոլորտում միասնական քաղաքականության խնդիրները ենթադրվում է լուծել մինչև 2025թ., ինչը գործնականում նշանակում է դրանց կարգավորումը հետաձգել անորոշ ժամանակով: Պայմանագրից հանված են նաև այնպիսի կարևոր հարցերի կարգավորման վերաբերյալ դրույթներ, ինչպիսիք են՝ ընդհանուր քաղաքացիությունը, արտաքին և ռազմատեխնիկական քաղաքականությունը, սահմանների ընդհանուր պահպանումը, ընդհանուր խորհրդարանի գաղափարը, ընդհանուր անձնագրային և վիզային ռեժիմը, արտահանման վերահսկումը, ինչպես նաև իր քաղաքացիների շահերը այլ երկրներում պաշտպանելու Ռուսաստանի իրավունքի մասին կետը: Հատկանշական է, որ վերջին կետը հանվել է Ղազախստանի առաջարկությամբ:

Բացի այդ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից պատժամիջոցների կիրառման հետևանքով Եվրասիական եռյակի ներսում հարաբերությունները լարվեցին: Ղազախստանը սերտ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ և չի կարող դրանք փչացնել: Ռուսաստանի հետ միասին միջազգային մեկուսացման մեջ չհայտնվելու համար Արևմուտքի հետ մերձեցման ճանապարհ է ընտրել նաև Բելառուսը: Պատահական չէ, որ Մինսկը և Աստանան հրաժարվեցին միանալ Արևմուտքի հետ Ռուսաստանի առևտրային պատերազմին: Աստանան և Մինսկը նույնիսկ բացահայտ հանդես եկան Կրեմլի քաղաքականության դեմ: Ավելին, Ղազախստանը թափանցիկ և բաց հայտարարեց, որ դուրս կգա ԵՏՄ-ից, եթե անդամակցությունն սպառնա երկրի ինքնիշխանությանը: Այսպիսով, ընդհանուր դիրքորոշման բացակայությունը Եվրասիական եռյակում  կասկածի տակ է դնում ԵՏՄ ստեղծման նպատակը` ընդհանուր շուկայի ձևավորումը, որը կապահովի կապիտալի, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժը:

ԵՏՄ-ի անորոշ հեռանկարները Կենտրոնական Ասիայում

ԵՏՄ-ի ապագան հնարավոր չէ պատկերացնել առանց Կենտրոնական Ասիայի երկրների ինտեգրման: Սակայն, Կենտրոնական Ասիայի ամենախոշոր երկիրը՝ Ուզբեկստանը` 30 մլն բնակչությամբ, հետխորհրդային այն պետություններից է, որը միշտ փորձել է խուսափել Ռուսաստանից ցանկացած ձևի կախվածություն ունենալուց: Եվրասիական ինտեգրման հարցում Ուզբեկստանը զբաղեցնում է ընդգծված “հակաինտեգրման” դիրքորոշում: Տաշքենդը ոչ միայն չի աջակցում եվրասիական նախագծերին, այլև քննադատում է դրանք: 2012թ. Տաշքենդը դադարեցրեց իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում: Մինչ այդ՝ 2008թ., Ուզբեկստանը դուրս եկավ ԵվրԱզԵս-ից: Ուզբեկստանը լավ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ, իսկ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Չինաստանի առևտրատնտեսական ներթափանցումը կենտրոնաասիական այդ երկրում շարունակում է մեծանալ: Ուզբեկստանում եվրասիական նախագծերը բախվում են նաև մշակութային բնույթի արգելքների. նվազել է ռուսաց լեզվի՝ որպես գործարար շրջանառության միջոցի դերը, կրճատվել է ռուսերեն լեզվով խոսող փոքրամասնությունների թվաքանակը: Ընդհանուր առմամբ Ուզբեկստանի վրա ազդելու Ռուսաստանի լծակները մնում են սահմանափակ, իսկ առանց Ուզբեկստանի տարածաշրջանի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տարածությունը մնում է անլիարժեք:

Թուրքմենստանը նույնպես այն երկրներից է, որը դեմ է հանդես գալիս Ռուսաստանի գլխավորությամբ տարածաշրջանային միավորումներին անդամակցությանը: Վերջին տարիներին այս երկրի ղեկավարությունը վարում է աշխարհին արագացված ձևով բացվելու քաղաքականություն: Ռուսաստանը չունի Թուրքմենստանի վրա ճնշելու քաղաքական և սոցիալ-տնտեսական էական լծակներ: Երկրի բնակչության մեծ մասը կազմում են թուրքմենները: Թուրմենստանը ՀԱՊԿ անդամ չէ: Բացի այդ թուրքմեն աշխատանքային միգրանտների թվաքանակը Ռուսաստանում աննշան է, այսինքն` միգրանտներից ստացվող դրամական փոխանցումները էական ազդեցություն չունեն երկրի տնտեսության և սոցիալական կյանքի վրա: Ընդհանուր առմամբ Թուրքմենստանն աղքատ երկիր չէ: Վերջին տարիներին Թուրքմենստանին հաջողվեց չեզոքացնել Գազպրոմից կախվածությունը` վերակողմնորոշելով իր բնական գազի արտահանման հոսքերը դեպի Չինաստան և Իրան: Այդ պատճառով էլ երկրի ղեկավարությունը բավարար ռեսուրսներ ունի ԵՏՄ-ին միանալու հարցում Մոսկվային ընդդիմանալու համար:

Չնայած Բիշքեկը հայտարարել է ԵՏՄ-ին միանալու մասին՝ այնուամենայնիվ, Ղրղզստանում միանշանակ չեն վերաբերվում այդ քայլին: Բարձր մաքսատուրքերը կոչված են պաշտպանել ռուսական արտադրությունը չինական էժան ներմուծումից: Ղրղզստանը ԱՀԿ անդամ է 1998թ.-ից, ինչը նույնպես հիմնախնդիրներ է առաջացնելու ԵՏՄ-ին անդամակցության դեպքում: Այդ պատճառով Բիշքեկը ԵՏՄ-ին անդամակցության դիմաց առաջ է քաշում մի շարք պայմաններ, այդ թվում` ուղղակի ֆինանսական աջակցություն Մոսկվայից, ինչպես նաև նոր մաքսատուրքերի կիրառման ժամկետների հետաձգում: Բացի այդ պայմաններից կան նաև այլ հիմնախնդիրներ: Ղրղզստանն ունի երկաթգծի շինարարության պլաններ, ինչն աջակցություն է գտնում Պեկինի կողմից, սակայն դրան դեմ է Մոսկվան: Այսպիսով, շատ առումներով Ղրղզստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ավելի շատ աշխարհաքաղաքական հանգամանքներով պայմանավորված որոշման արդյունք է, քան տնտեսական:

Տաջիկստանը, ինչպես Ղրղզստանը, ՀԱՊԿ անդամ է, նրա տարածքում նույնպես տեղակայված է ռուսական բազա: Սակայն Տաջիկստանն առ այսօր որոշակի հեռավորություն է պահում ԵՏՄ-ին անդամակցության հարցում: Դուշամբեն այն պայմանավորում է Ղրղզստանի անդամակցությամբ, քանի որ անմիջական սահման չունի ԵՏՄ-ի հետ: Վերջինիս հետ Տաջիկստանի տնտեսական կապերի վրա մեծ ազդեցություն ունեն աշխատանքային միգրանտները: Սակայն ռուսական ռուբլու արժեզրկումը և տնտեսության ծանր վիճակը հարյուր հազարավոր տաջիկների արդեն վերադարձրել է տուն: ԵՏՄ-ի նկատմամբ Տաջիկստանի վերաբերմունքի համար կարևոր հանգամանք է 2013թ. մարտի 2-ին վերջինիս անդամակցումը ԱՀԿ-ին:

ԵՏՄ հեռանկարները Կենտրոնական Ասիայում խամրում են, երբ այն բախվում է տարածաշրջանում չինական տնտեսական էքսպանսիային: Չինաստանի տարածաշրջանային էքսպանսիան ուղղված է իր շուրջը բարեկամաբար տրամադրված պետություններից կազմված բուֆերային գոտու ստեղծմանը, որտեղ ինքը կստանձնի հեգեմոն ուժի դերակատարումը:

Ռուսաստանը ԵՏՄ-ի միջոցով փորձում է իրականացնել հովանավորչական քաղաքականություն,  ինչը հակասում է Չինաստանի բաց և ազատ առևտրի քաղաքականությանը: Մետաքսի ճանապարհի նախագիծը Չինաստանը ցանկանում է ներառել Ասիա-Խաղաղօվկիանոսային ազատ առևտրի գոտում: Չինաստանը ձգտում է Ասիա-Խաղաղօվկիանոսային և դրան հարակից գոտում քանդել բոլոր արգելքները և հասնել առավելագույն ազատ առևտրի: Չինաստանը չի կարող հանդուրժել Ռուսաստանի հավակնությունները: Պեկինի համար Կենտրոնական Ասիան չափազանց մեծ գին ունի: Անցած տարվա նոյեմբերին Չինաստանը հայտարարեց “Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի” ստեղծելու նախաձեռնության մասին, որի շրջանակներում նա մտադիր է Կենտրոնական Ասիայի երկրներում ներդնել միլիարդավոր դոլարներ` տարածաշրջանային առևտրի զարգացման նպատակով: Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը հայտարարեց, որ Պեկինը 40 մլրդ դոլար է առանձնացրել Ասիայում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար (Крис Риклтон, Уживутся ли в Центральной Азии китайский проект Шелкового пути и Евразийский экономический союз?):

ԵՏՄ-ի առևտրատնտեսական փլուզումը

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո արտաքին առևտրաշրջանառության ծավալները նորանկախ պետությունների միջև դրսևորել են անկման ընդհանուր միտում: Այսինքն, տեղի է ունեցել առևտրային ապաինտեգրում: Դրան զուգահեռ ավելացել են այլ արտաքին գործընկերների հետ (ԵՄ, Չինաստան, ԱՄՆ, Թուրքիա և Իրան) առևտրի ծավալները, ինչը, ըստ էության պատռում է ինտեգրման տարածությունը: Ռուսաստանի մասով տվյալ երևույթն առավել ակնհայտ է, ընդ որում, վերջին երկու տարիների, մասնավորապես, 2015թ. հունվար-փետրվար ամիսների տվյալներն առավել խոսուն են:

Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառությունը (ըստ Դաշնային մաքսային ծառայության տվյալների) 2014թ. կազմել է 782,9 մլրդ դոլար (նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ` 95,6%): Արտահանումը կազմել է 496,9 մլրդ դոլար (նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ` 94,2%), այդ թվում` հեռավոր արտասահմանի երկրներ` 453,3 մլրդ դոլար (նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ` 91,9%), ԱՊՀ երկրներ` 63,6 մլրդ դոլար (նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ` 86,0%): Ներմուծումը կազմել է 286,0 մլրդ դրամ (նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ` 90,8%), այդ թվում՝ հեռավոր արտասահմանի երկրներից` 253,9 մլրդ դոլար (նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ` 91,9%), ԱՊՀ երկրներից` 32,0 մլրդ դոլար (նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ` 83,0%): Այս միտումը բնորոշ է եղել նաև 2013թ. համար:

Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառությունը (ըստ Դաշնային մաքսային ծառայության տվյալների) 2015թ. հունվար-փետրվար ամիսներին կազմել է 83,3 մլրդ դոլար (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 71,3%): Արտահանումը կազմել է 57,6 մլրդ դոլար (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 76,2%), այդ թվում՝ հեռավոր արտասահմանի երկրներ` 50,6 մլրդ դոլար (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 77,6%), ԱՊՀ երկրներ` 7,0 մլրդ դոլար (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 65,7%): Ներմուծումը կազմել է 25,7 մլրդ դոլար (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 62,4%), այդ թվում՝ հեռավոր արտասահմանի երկրներից` 23,1 մլրդ դոլար (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 63,3%),  ԱՊՀ երկրներից` 2,6 մլրդ դոլար (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 54,9%):

Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը (ըստ Դաշնային մաքսային ծառայության տվյալների) ԵՏՄ անդամ երկրների հետ 2015թ. հունվար-փետրվար ամիսներին  կազմել է  6,0 մլրդ դոլար (փաստացի գործող գներով), այդ թվում՝ արտահանումը` 3,9 մլրդ դոլար, ներմուծումը` 2,0 մլրդ դոլար: Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը Բելառուսի հետ 2015թ. հունվար-փետրվար ամիսներին ընթացիկ գներով կազմել է 3,4 մլրդ դոլար, այդ թվում՝ արտահանումը` 2,2 մլրդ դոլար, ներմուծումը` 1,2 մլրդ դոլար, Ղազախստանի հետ կազմել է 2,4 մլրդ դոլար, այդ թվում՝ արտահանումը`  1,5 մլրդ դոլար, ներմուծումը` 0,9 մլրդ դոլար, Հայաստանի հետ կազմել է 197,5 մլն դոլար, այդ թվում՝ արտահանումը` 186,8 մլն դոլար, ներմուծումը` 10,7 մլն դոլար:

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում»  ծրագիր (NED) 

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter