HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ծխախոտի բիզնես. ինչ ծավալի հարկեր է ստանում պետությունը

Հայաստանում ծխախոտ արտադրող երկու խոշոր ընկերություններն այս տարվա առաջին եռամսյակում բարելավել են իրենց դիրքերը 1000 խոշոր հարկատուների ցանկում: Խոսքը «Գրանդ Հոլդինգ»-ին պատկանող «Գրանդ Տոբակո» և «Ինտերնեշնլ Մասիս Տաբակ» ընկերությունների մասին է:

Նրանցից ամենախոշորը՝ «Գրանդ Տոբակոն», հունվար-մարտին վճարել է 2,528 մլրդ դրամի` 2014-ի նույն ժամանակահատվածի 1,733 մլրդ դրամի դիմաց: «Ինտերնեշնլ Մասիս Տաբակը» վճարել է 1,374 մլրդ դրամի հարկ՝ 2014-ի առաջին եռամսյակի 1,287 մլրդ դրամի դիմաց, իսկ «Մասիս Տոբակոն», որը ևս պատկանում է «Գրանդ Հոլդինգ»-ին, նվազեցրել է հարկերի ծավալը 320 մլն դրամով և վճարել 120,8 մլն դրամ: Ի տարբերություն նախորդ երկուսի՝ այս շուկայում «Մասիս Տոբակո»-ի դիրքերն ավելի ցածր են:

«Հետքը» նախորդ հրապարակումներից մեկում ներկայացրել է, որ Հայաստանում ծխախոտի արտադրությունը ծաղկում է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 2 891 մլն հատ սիգարետ: Դա 28,4%-ով գերազանցում է 2014-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այսինքն՝ երկու խոշոր ընկերությունների վճարած հարկերի ավելուցումն ունի պարզ բացատրություն՝ ընդլայնվել են արտադրության ծավալները: Հաշվի առնելով այն փաստը, որ այս ընկերությունները արտահանում են իրենց արտադրանքի 80%-ը, ենթադրվում է, որ առաջին եռամսյակում աճել են նաև արտահանման ծավալները, սակայն դրանց վերաբերյալ ՀՀ մաքսային ծառայության տվյալները դեռևս չունենք:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից (ՀՀ ՏՄՊՊՀ), ծխախոտի շուկայում այս երեք ընկերություններից ամենամեծ մասնաբաժինը պատկանում է «Գրանդ Տոբակո»-ին, մասնավորապես՝ ֆիլտրով ծխախոտի արտադրության 50.8%-ը և առանց ֆիլտրի՝ 92.3%-ը: Այսինքն՝ այն համարվում է շուկայում գերիշխող դիրք ունեցող:

Դատելով պետությանը վճարած հարկերի չափից՝ Հայաստանում սիգարետի առաջատար ներկրողներն են «Ֆիլիպ Մորիս Արմենիան»՝ առավել հայտնի է «Ֆիլիպ Մորիս ինթերնեյշնլի» «Մարլբորո» ապրանքանիշով, «Վիդիս դիսթրիբյուշնը», որը գրանցված է որպես «Ֆիլիպ Մորիս ինթերնեյշնլի» դիստրիբյուտր Հայաստանում, «Ավերսը»՝ «Դավիդով»-ով, «Հարդ Լայթսը»՝ կորեական КТ&G-ի «Էսսե»-ով, «Ջփեն տոբակո ինթերնեշնի» («Վինսթոն», «Քամել», «Մոնտե Կարլո», «Սոբրանիե») հետ կապված 3 կազմակերպությունները Հայաստանում՝ «Արսօյլը», «Ջեյ թի այ Արմենիան» ու «Ջեյ Թի Ինտերնեշնլ Լյուքս Էս Էյ» հայաստանյան ներկայացուցչությունը, «Դիսթրիմէքս»՝ «Քենտ» ապրանքանիշով,

Ըստ Մաքսայինի՝ 2014-ին Հայաստան սիգարետի ներմուծման ծավալները կրճատվել էին, որն անհետևանք չէր մնացել նաև հարկային դաշտում: 2014-ին Հայաստան է ներմուծվել 44,6 մլն դոլարի սիգարետ՝ 16,8 մլն դոլարով պակաս քան 2013-ին: Դրա հետևանքով նախորդ տարի «Ֆիլիպ Մորիս» և «Ավերս» ընկերությունները նվազեցրել էին վճարած հարկերի չափը՝ 2013-ի համեմատ: Աճ էր գրանցել «Արսօյլը»: «Հարդ Լայթսի», «Վիդիս դիսթրիբյուշնի», «Ջեյ թի այ Արմենիայի» և «Ջեյ Թի Ինտերնեշնլ Լյուքս Էս Էյի» յուրաքանչյուրի վճարած հարկերը չէին գերազանցում 1 մլրդ դրամը:

Բայց այս տարվա առաջին եռամսյակի տվյալները հետաքրքրական են նախորդ տարվա տվյալների ֆոնին: Ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ ծխախոտ ներմուծողների մի մասը դիրքերը բարելավել է: Ըստ երևույթին՝ դա եղել է ներմուծման ծավալների ընդլայնման հաշվին, սակայն դրանց վերաբերյալ դեռևս տվյալներ չկան ոչ ԱՎԾ-ից, ոչ էլ՝ Մասքային ծառայությունից: Այսպես՝ «Ջեյ թի այ Արմենիան» այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 1,657 մլրդ դրամի հարկ, մինչդեռ 2014-ի հունվար-մարտին չի եղել խոշոր հարկատուների ցանկում, իսկ ամբողջ 2014-ին վճարել է ընդամենը 564 մլն դրամ, այն էլ՝ չորրորդ եռամսյակում: Այն, փաստորեն, այս ներմուծողը թռիչքային աճ է գրանցել:

Հետ չի մնացել նաև «Ավերսը»: Այս ներմուծողը վճարել է 1,334 մլրդ դրամի հարկ, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում մուծել է ընդամենը 81 մլն դոլար, ամբողջ 2014-ին՝ ընդամենը 2,9 մլրդ դրամ:

«Ֆիլիպ Մորիսն» այս տարի վճարել է 1,33 մլրդ դրամի հարկ: Եթե համեմատում ենք 2014 առաջին եռամսյակի հետ, ստացվում է, որ «Ֆիլիպ Մորիսը»-ը, չնայած նախոր տարի գրանցած նվազմանը (2013-ի համեմատ), այս տարվա առաջին եռամյակում հարկերն ավելացրել է 259 մլն դրամով:

«Դիսթրիմէքսը» վճարել է 450 մլն դրամի հարկ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 260 հազ. դրամի դիմաց: Վիճակագրություն ցույց է տալիս, որ այս ներմուծողի դիրքերը զգալիորեն ամրապնդվել են նախորդ տարվա վերջին երեք եռամսյակներում:

«Ջեյ Թի Ինտերնեշնլ Լյուքս Էս Էյը» համեմատաբար փոքր ծավալների հարկեր է վճարում: Այս տարի վճարել է 61,7 մլն դրամ՝ 31 մլն դրամով ավելին նախորդ տարվանից: Իսկ ինչ վերաներում է «Արսօյլ»-ին, ապա այս ներմուծողն անցած տարի հունվար-մարտին պետությանը վճարել է 1,292 մլրդ դրամի հարկ: Ւսկ այս տարի, երևում է, կտրուկ նվազեցրել է ներմուծման ծավալները, քանի որ հունվար-մարտի խոշոր հարկատուների ցանկում չենք տեսնում: «Հարդ Լայթսն» այս տարի վճարել է 158,6 մլն դրամ՝ 2014-ի առաջին եռամսյակի 421,3 մլն դրամի դիմաց: «Վիդիս դիսթրիբյուշնը»՝ 35,7 մլն դրամի՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 50,1 մլրդ դրամի դիմաց:

Ի դեպ, երևում է՝ շուկա է վերադարձել երբեմնի հանրահայտ «ՍՊՍ Սիգարոն» ծխախոտ ներմուծող ընկերությունը: Այն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 105,6 մլն դրամի հարկ: Վերջին անգամ այս ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում եղել է 2012 թվականին, սակայն այդ ժամանակ արդեն թուլացած դիրքերով: Այս ընկերության, այսպես կոչված, ծաղկուն շրջանը եղել է 2009 թվականին, որի երկրորդ եռամսյակում այն վճարել է 703 մլն դրամի հարկ: 

Այսպիսով, Հայաստանի 2015-ի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների առաջին 20-յակում տեղ են զբաղեցրել ծխախոտի բիզնեսով զբաղվող 5 ընկերություններ: «Գրանդ Տոբակոն» 7-րդ տեղում է պետության խոշոր հարկատուների ցանկում, «Ջեյ թի այ Արմենիան»՝ 11-րդ, «Ինտերնեշնլ Մասիս Տաբակը»՝ 13-րդ, «Ավերսը»՝ 14-րդ, «Ֆիլիպ Մորիսը»՝ 15-րդ: Համեմատության համար՝ 2014-ի առաջին եռամսյակում առաջին 20-ի մեջ էին ներառված «Գրանդ Տոբակոն», «Արսօյլը», «Ինտերնեշնլ Մասիս Տաբակը»:

Մեկնաբանություններ (1)

sarkis gojigian
dear sirs, i am intrested in VIP brand name cigarette kindly if u can provide this product contact me best regards sarkis gojigian

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter