HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչու՞ է թանկանում էլեկտրաէներգիան. ՀԷՑ-ի վնասների ոդիսականը-1

Ինչպե՞ս  ՀԷՑ-ը հայտնվեց ռուսների ձեռքում

ՀԷՑ-ը ստեղծվել է 2002 թ.՝ 4 բաշխիչ ցանցերի միավորման արդյունքում՝ «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ, «Հյուսիսային էլեկտրացանց» ՓԲԸ, «Հարավային էլեկտրացանց» ՓԲԸ և «Կենտրոնական էլեկտրացանց» ՓԲԸ: Նույն թվականին նորաստեղծ ընկերությունը միջազգային մրցույթով 12 մլն դոլարով վաճառվում է բրիտանական օֆշորում գրանցված «Midland Resources Holding» ընկերությանը: Այս ընկերության հիմնադիրներն էին կանադացի Ալեքսանդր Շնայդերը և ուկրաինացի Էդվարդ Շիֆինը: Ընկերությունը մասնագիտանում էր հետխորհրդային տարածքներում սեփականաշնորհման գործարքներում՝ ակտիվների հետագա վերավաճառքի միջոցով շահույթի ստացմամբ: Եվ իսկապես՝ 2006 թ. ՀԷՑ-ի սեփականատեր է դառնում ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկություններից մեկը: Ներկայում ՀԷՑ-ի միակ սեփականատերը Ամստերդամում գրանցված «INTER RAO Credit B.V» ընկերությունն է, որը «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի դուստր ընկերությունն է: «Midland Resources Holding»-ի և «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի միջև գործարքի արժեքը հրապարակված չէ, սակայն որոշ տեղեկություններով՝ ռուսական կողմին այն արժեցել է մոտ 40 մլն դոլար: Նշենք, որ ՀԷՑ-ը տարեկան իրացնում է մոտ 5-5,5 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որն ապահովում է տարեկան մոտ 100-150 մլրդ դրամ հասույթ (մոտ 300-350 մլն դոլար): 

Դրանից առաջ պետական չորս ընկերությունների մասնավորեցման մասին Ազգային ժողովը 2001թ. ընդունեց օրենք, որով ընկերությունների մաuնավորեցման հիմնական նպատակ, օրենսդիրը նշում էր uահմանված տեխնիկական կանոնակարգերին և գործունեության լիցենզիայի պայմաններին համապատաuխան` էլեկտրաէներգիայի անխափան և հուuալի շուրջoրյա մատակարարման ապահովումը uպառողներին, ընկերությունների կառավարման արդյունավետության և էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի հուuալիության բարձրացումը, էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի վերազինման, ընդլայնման և զարգացման համար ներդրումների ներգրավման ապահովումը, uպառողներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց գումարների գանձումը և որպեu հետեւանք` էներգետիկայի բնագավառի ընկերությունների ֆինանuական վիճակի բարելավումը, ինչպես նաև պետական բյուջեի համալրումը:

ՀէՑ-ը էլեկտրաէներգիայի թանկացման հայտ է ներկայացրել  

Էլեկտրաէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիր ունեցող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 2009թ.-ից ի վեր արդեն չորրորդ անգամ սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու հայտ է ներկայացնում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

Նման հայտեր մայիսի 8-ին ներկայացրել են նաև էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայաններ, էլեկտրաէներգիայի հաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողներ: Գրեթե բոլոր դեպքերում էլեկտրաէներգիայի սակագինը վերանայվում է արտադրող և մատակարարող ընկերությունների վնասը ծածկելու պատրվակով:

ՀԷՑ-ն արդեն հրապարակել է իր գնային առաջարկը, որով ցանկանում է բնակչության համար էլեկտրաէներգիան թանկացնել միանգամից 17 դրամով՝ 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը սահմանելով 58,93 դրամ, իսկ գիշերայինը` 48,93 դրամ: 2009-2014թթ. բնակչի համար էլեկտրաէներգիան թանկացել է 11.85 դրամով, թե որքան կթանկանա 2015թ-ին՝ պարզ կլինի առաջիկայում:

2009թ. ապրիլի 1-ից գործել են էլեկտրաէներգիայի նոր սակագներ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորողհանձնաժողովի նույն տարվա փետրվարի 27-ի թիվ 70-Ն որոշումով 1կվտ/ժ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինըբարձրացրեց և բնակչության համար սահմանվեց ցերեկը 30 դրամ, իսկ գիշերային սակագինը` 20 դրամ: Մինչ այդ գործել էՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. նոյեմբերի 11-ի թիվ 52 որոշումով սահմանած և 1999թ. հունվարի 1-ից գործողսպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը՝ ցերեկը 25 դրամ/կՎտժ, իսկ գիշերը՝ 12 դրամ:

Ի վնաս սպառողի էլէներգիայի սակագնի հաջորդ վերանայումը եղել է հանձնաժողովի 2013թ. հունիսի 7 թիվ 192-Ն որոշումով, որն ուժի մեջ է մտել հուլիսի 7-ին: Ցերեկային սակագին է սահմանվել 38 դրամ/կՎտժ, իսկ գիշերային սակագին` 28 դրամ:

Մեկ տարի անց կրկին վերանայվել է էլեկտրաէներգիայի սակագինը: Օգոստոսի 1-ից, սպառողներին մատակարարվողէլեկտրական էներգիայի ցերեկային սակագինը 1/կՎտ ժամի դիմաց սահմանվել է 41,85 դրամ, իսկ գիշերայինը` 31.85դրամ: Նոր սակագնի հիմքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014թ. հուլիսի 1 N 233-Ն որոշումն էր:

Վերջին տարիների սակագների վերանայման հիմնական խաղացողը Ռուսաստանի Դաշնության էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման օպերատոր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի դուստր ընկերություն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) է: Նրան է բաժին հասնում նաև վնասների առյուծի բաժինը, ինչի հետևանքով բնակչին մատակարարվող էլեկտրաէներգիան ավելի շատ է թանկանում:

ՀԷՑ-ը դարձել է գլխացավանք

Պետական ընկերությունների մասնավորեցումից հետո անցել է արդեն 13 տարի, ու մինչ օրս այդպես էլ կյանքի չեն կոչվել Ազգային ժողովի կողմից ընդունված այն նպատակները, որոնք դրվել էին մասնավորեցման հիմքում: Ճիշտ հակառակը՝ վերջին տարիների էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումները ոչ միայն չեն փակել ՀԷՑ-ի վնասները, այլև ավելի են խորացրել դրանք. ընկերությունը շարունակում է պարտքեր կուտակել և արդյունքում հայտնվել է սնանկացման եզրին: 2015թ. սակագնի բարձրացման հայտը ևս կուտակած վնասները փակելու համատեքստում է: 2015թ. հունվարի դրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պարտավորությունները բանկերի նկատմամբ գերազանցում են 220 մլն. ԱՄՆ դոլարը, իսկ պետական ընկերությունների առևտրային բանկերից ներգրաված վարկերը կազմում են 10,8 մլրդ. դրամ:

Որպես իրավիճակային ելք քննարկվում է ընկերության բաժնետոմսերը վաճառելու հարցը և այս օրերին կուլիսային բանակցություններ են ընթանում: ՀԷՑ-ը գնելու ցանկություն է հայտնել «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը, ով ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի եղբայրն է:

Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե այս անգամ սպառողը որքան է վճարելու իր մեղքով չառաջացած ՀԷՑ-ի վնասները փակելու, ռուսական կապիտալով ընկերության ղեկավարների քմահաճույքները բավարարելու համար: Ինչպես ցույց է տվել վերջին տարիների փորձը, ՀԷՑ-ը իր ծախսերը ուռճացված է ներկայացնում և հանձնաժողովը իջեցնում է դրանք, ինչը էական ազդեցություն է ունենում նաև սակագնի վերջնահաշվարկի վրա: Օրինակ՝ 2014-2015թթ սակագնային մարժայի վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միայն 254 մլն դրամով կրճատել է ընկերության կողմից չհիմնավորված շահույթը, 713 մլն դրամով՝ ահուսալի համարվող դեբիտորական պարտքերը, 4 մլրդ 142 մլն դրամով՝ շահագործման և պահպանման ծախսերը, 1.8 մլրդ դրամով՝ աշխատավարձի հաշվարկը և այլն:

Նույնը վերաբերել է նաև նախորդ տարիներին, օրինակ՝ 2012թ. սակագնային մարժայի վերաբերյալ միայն շահագործման և պահպանման ծախսերի տողով հանձնաժողովը չհիմնավորված է համարել 2 մլրդ դրամ, մաշվածության տողով՝ 486 մլն դրամ, շահույթի մասով՝ 556 մլն, անհուսալի համարվող դեբիտորական պարտքերը՝ 1 մլրդ 675 մլն դրամ և այլն:

Իհարկե, այս ամենը չի նշանակում, որ գործող սակագները ուռճացված չեն և հանձնաժողովը հաշվի չի առել իշխանությունների որդեգրած ռուսամետ քաղաքականությունն ու ռուսական ընկերության բիզնես շահերը: Սակայն այստեղ այլ հանգամանք էլ կա. ՀԷՑ-ը գումար է, ծախսում, ներդրումներ է անում, սակայն պարզվում է, որ այդ գումարները փոշիացվել են, իրենց նպատակին չեն ծառայել:

Էլեկտրաէներգիայի կորուստները հատում են թույլատրելիի սահմանը 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ամեն տարի հաստատում է ՀԷՑ-ի կորուստների թույլատրելի չափը, որը ներառվում է սակագնային մարժայում: Բաշխման լիցենզիայում ամրագրված կորուստների ցանկացած գերազանցում ընկերությունում առաջացնում է տնտեսական վնաս, որը սակագների հետագա վերանայման ժամանակ չի փոխհատուցվում` հանգեցնելով ընկերության փաստացի շահույթի նվազեցման: Կորուստների արդյունքում է նաև, որ ընկերությունը շարունակաբար վնասներ է կրում:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ սակագնային մարժայի հաշվարկում ներառվող` բաշխիչ ցանց մուտք գործող էլեկտրաէներգիայի նկատմամբ թույլատրելի կորստի մեծությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2009թ. համար սահմանել է 13%, 2010 և 2011 թվականների համար՝ 12,8%, 2012 և 2013 թվականների համար՝ 12,4%, իսկ 2014թ-ին՝ 11.2%:

Նշենք, որ ներքին սպառման համար հաղորդման ցանց մուտք գործող էլեկտրաէներգիայի նկատմամբ հաղորդման ցանցում առաջացող կորուստը 2012թ. հունվարի 1-ից մինչև նույն տարվա ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածը սահմանվել է 1.96%, իսկ ապրիլի 1-ից մինչև 2013թ. հունվարի 1-ը՝ 2.2%: Հանձնաժողովը հաղորդման ցանցում առաջացող կորուստը 2013թ.  համար սահմանել է 2.55%:

ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալի Սարջանյանը «Հետքին» տեղեկացրել է ընկերության էլ.էներգիայի մուտքի, օգտակար առաքման և փաստացի կորուստների 2009-2014թթ. ցուցանիշները: Ինչպես պարզվում է դրանք «համեստ» թվեր են:

Մամուլի քարտուղարի խոսքերով՝ կորուստները լինում են տեխնոլոգիական և առևտրային: Տեխնիկական կորուստները կախված են բաշխիչ ցանցի տեխնիկական պարամետրերից ու օբյեկտիվ են, հաշվի են առնվում անխուսափելի կորուստների հաշվառման հաստատված մեթոդիկայով: Տեխնիկական կորուստները իմաստ ունի նվազեցնել միայն այն պարագայում, եթե դրանց ուղղված ծախսերը տնտեսապես արդարացված են: Իսկ առևտրային կորուստները առաջանում են էլեկտրաէներգիայի հաշվառման սարքերի ոչ ճշգրիտ աշխատանքի, չհաշվառված սպառման արդյունքում: Այս կորուստները հաշվի չեն առնվում սակագնային մարժայում, դրանց համար սպառողը չի վճարում, դրանք ամբողջապես ընկերության կորուստներն են:

ՀէՑ-ի և բարձրաստիճան պաշտոնյաների կորուստների մասով հրապարակած թվերը չեն համընկնում: Օրինակ՝ այս տարվա հունվարի 14-ի մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ 2013թ. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում էլեկտրաէներգիայի փաստացի կորուստը կազմել է 14.5%՝ պլանավորված 12.5-ի փոխարեն։

«2% կորուստը տարեկան մոտավորապես 5 միլիարդ դրամ է»,- հայտարարել է նախարարը: Մինչդեռ ՀԷՑ-ը մեզ տրամադրած տեղեկանքում նախորդ տարվա կորուստի չափը նշել է 12.9%:

Անդրադառնալով էներգահամակարգում ստեղծված  ֆինանսական վիճակին՝ Երվանդ Զախարյանը նշել է, որ ֆինանսական միջոցների անարդյունավետ օգտագործման հետևանքով ոլորտի ընկերություններում առաջացել են առևտրային կրեդիտորական պարտավորություններ օգտագործված էներգակիրների, ապրանքների և ծառայությունների գծով՝ 23.8 մլրդ դրամի չափով:

Ընկերությունների առկա ֆինանսական վիճակի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համակարգում կան չլուծված խնդիրներ, որոնց հիմնական պատճառներից նախարարը նշել է մի քանի կարևորները՝ 2012-2014թթ. մարժային տարիներին ոչ իրատեսական էներգահաշվեկշիռները, ՀԱԷԿ-ի լրացուցիչ կանգառը, ջրի սակավությամբ պայմանավորված ՀԷԿ-երում թերի արտադրված էլեկտրաէներգիայի հետևանքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում առաջացած ֆինանսական ճեղքվածքը, որը կազմել է  շուրջ 27.6 մլրդ դրամ: Նախարարի խոսքով՝ դա էականորեն ազդել է ՀԷՑ-ի ֆինանսական վիճակի վրա: Այդ գումարից 3.8 մլրդ. դրամը փոխհատուցվել է, իսկ ընթացիկ մարժային տարում (մինչև 2015թ. օգոստոսը), նախատեսված է փոխհատուցում ևս՝ 9,2 մլրդ. դրամ:  ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն արտադրող կայանների նկատմամբ կուտակել է մեծ պարտքեր, միայն պետական մասնակցությամբ ընկերություններին, 2015թ. հունվարի 1-ի դրությամբ, պարտքը կազմել  է 15.8 մլրդ. դրամ, այդ թվում ժամկետանց պարտքը՝ 78 մլրդ. դրամ»,- նշել է նախարարը:

Իսկ փետրվարի 24-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ ՀԷՑ-ում կան ֆինանսական լուրջ խնդիրներ, որոնք պայմանավորված են մի քանի հարցերով։ Առաջինը, որ ընկերությունը վերցրել է կարճաժամկետ վարկեր, որոնք «լավ վարկեր չեն» և դրանց սպասարկումը այսօր բերում է լուրջ խնդիրներ։ Բացի դրանից, Ռ. Նազարյանը նկատել է  նաև հանձնաժողովի  մեղքը:

«2012-2014թթ. մեր էլեկտրաէներգիայի արտադրության բալանսը, երբ մենք կանխատեսումներ էինք անում և սակագների հաշվարկման հիմքում դնում էինք, չպահպանվեցին այդ բալանսները երկու պարզ պատճառով։ 2012թ. սակավաջուր տարի եղավ, իսկ 2013թ. բացի սակավաջուր լինելուց, ատոմակայանը չնախատեսված 88 օր շարքից դուրս եկավ և նրա արտադրած էժան էլեկտրաէներգիան մենք ստիպված եղանք գնելու ավելի թանկ էլեկտրաէներգիա արտադրող կայաններից՝ ջերմային կայաններից և արդյունքում 27 մլրդ 600 մլն դրամի չնախատեսված վնաս կրեցինք։ Այսօր այս երկու պատճառներով ցանցը հայտնվել է վատ վիճակում։ Բացի դրանից, այն կորուստների նորման, որ մենք սահմանում ենք «Հայաստանի էլեկտրացանցերի» համար 11.2%, չի կարողանում պահպանել և փաստացի նրա մոտ 13%-ից բարձր է ստացվում, որն էլ իր հերթին տարեկան բերում է մոտ 2.5-3 մլրդ դրամի վնասի կուտակում»,- նշում է հանձնաժողովի նախագահը:

Ռ. Նազարյանի խոսքերով՝ ՀԷՑ-ը ֆինանսական վատ վիճակում է, բայց դա չի նշանակում, որ այդ վատ վիճակը ամբողջությամբ մենք պետք է փոխհատուցենք։ Ըստ նրա՝ այդ վատ վիճակը բաղկացած է երկու մասից։ Մեկը այն է, որ վատ մենենջմենթի արդյունքում է ձևավորվել պարտքը, իսկ մյուս մասը այդ բալանսների սահմանման կանխատեսումների ժամանակ չի պահպանվել այն մարժան, որ նա պետք է ստանար,արդյունքում պակաս է ստացել։

«Պակաս է ստացել երկու պարզ պատճառով և ոչ թե տարիներ շարունակ։ Մենք ընդամենն ունենք 2012-2013թթ. եւ 2013-2014թթ., երբ առաջացել է այս խնդիրը»,- հավելել է Ռ. Նազարյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ 2004թ-2014թ. ընկած ժամանակաշրջանում ՀԷՑ-ի կատարած 113 մլրդ դրամ ներդրումներից 20 մլրդը հանձնաժողովը չի ընդունել և դա մնացել է ընկերության հաշվին։ Կատարած ծախսը սակագնով չի վերադարձվել, քանի որ հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ ընկերությունը իր ներդրումները կատարել է շուկայականից ավելի բարձր գներով, բացի այդ՝ այն, ինչին պետք է ծառայեին այդ ներդրումները, ՀԷՑ-ը դրան չի հասել։ Ռ. Նազարյանն ասել է, որ ներդրումն ինքնանպատակ չէ, այն պետք է ինչ-որ նպատակի ծառայի՝ արդյունավետությունը բարձրացնի, կորուստները նվազեցնի, որակը լավացնի, անջատումների քանակը պակասեցնի, լարումները բերի ստանդարտի։

Այնպես չէ, որ ՀՀ իշխանությունները տեղյակ չեն եղել ՀԷՑ-ի վարկային պատմությունների ու «վատ վարկերի» մասին: Իշխանության վերին օղակները տեղյակ են եղել, որ ընկերությունը կարճաժամկետ և թանկ տոկոսադրույքով վարկեր է վերցնում:

Մասնավորապես՝ դեռևս 2012թ. դեկտեմբերին էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը գրավոր դիմել է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, տեղեկացնելով, որ 2012-2013թթ. սակագների հաշվարկներում հիմք վերցված էներգաբալանսի համեմատությամբ փաստացի էական շեղումներ են եղել «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ի և «Հրազդան 5»-ի (ՀայՌուսգազարդ ՓԲԸ) ներքին շուկա առաքված էլեներգիայի թերմատակարարումների մասով, որը ՀԷՑ-ում բերում է շրջանառու միջոցների դեֆիցիտի: ՀԷՑ-ի գնահատմամբ, սակագնային տարվա կտրվածքով դեֆիցիտը կազմում է մոտ 10 մլրդ դրամ: Նախարարը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակում ՀԷՑ-ը ելքը տեսնում է վարկային միջոցների ներգրավման մեջ:

«Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը խնդրում է քննարկել գործող իրավական դաշտում այդ վարկերը և դրանց սպասարկման ծախսերը սակագնով վերադարձնելու հնարավորությունը»,- գրել է նախարար Մովսիսյանը:

2013թ. ապրիլին էլ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենն է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին՝ տեղեկացնելով, որ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները պլանային ծավալի համեմատ քիչ են էլէներգիա առաքել, ինչի հետևանքով ՀԷՑ-ում առաջացել է մարժինալ եկամուտի ստացում մոտ 12 մլրդ դրամի չափով: «Ստեղծված իրավիճակում, ընկերության կայուն գործունեությունն ապահովելու նպատակով, մենք ստիպված ենք եղել ներգրավել լրացուցիչ վարկային միջոցներ՝ երեք տարուց ոչ ավել մարման ժամկետով: Վերը նշվածի համաձայն խնդրում եմ նախատեսել թերստացված մարժինալ եկամուտի փոխհատուցում երեք տարվա ընթացքում»,- գրել է ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվ. Բիբինը:

ՀԷՑ-ը չի կատարել պարտավորությունների ողջ ծավալը, բայց պարտքեր շարունակել է կուտակել 

Թե արտադրող, թե մատակարարող ընկերությունների սակագնային մարժան գոյանում է ընկերության ներդրումներից, վնասներից և մի շարք այլ գործոններից: Հետևաբար ընկերությունները պետք է իրենց քաղաքականությունն այնպես վարեն, որպեսզի հնարավոր ռիսկերից ու չհիմնավորված ծախսերից հեռու լինեն: ՀէՑ-ի պարագայում տարիներ շարունակ կարծես թե ճիշտ հակառակն է եղել: Ընկերությունը ինքնանպատակ ծախսեր է կատարել և դրա փոխհատուցումը չի ստացել:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2011թ. ներդրումային գործունեության արդյունքների վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերլուծական տեղեկանքի համաձայն՝  2011թ. ընթացքում ընկերության կողմից փաստացի իրականացված 17 մլրդ 692 մլն դրամի ներդրումների ծավալում եղել են ներդրումներ, որոնք չեն փոխհատուցվել ընկերության սակագնային մարժայով, քանի որ տարբեր լարման ցանցերում տեղակայված սարքավորումների արժեքները գերազանցել են դրանց շուկայական գները: Այդ սարքավորումների շուկայական գների գնահատման և ընկերության ձեռքբերման գների համադրության արդյունքում իրականացված ներդրումների ծավալից նվազեցվել է 2 մլրդ 157.6 մլն դրամ:

ՀԷՑ-ի կողմից էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին հաճախության և տևողության կրճատման ուղղությամբ իրականացված ներդրումներից 159,9 մլն դրամի աշխատանքները որևէ էական ազդեցություն չեն ունեցել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի բարելավման վրա: Այդ ծախսը դիտվել է «աննպատակահարմար», ուստի այդ ներդրումները ևս նվազեցվել են սակագնային մարժայով փոխհատուցման ենթակա ներդրումների ծավալից:

Բացի այդ, կապալառու կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքների ընտրանքային ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովը պարզել է, որ դրանց գները գերազանցում են շուկայականը: Համադրության արդյունքում ստացվել է, որ կապալառու կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքների ծավալում շուկայականից բարձր գներով ձեռք բերված նյութերի, սարքավորումների և շինմոնտաժային աշխատանքների արժեքները կազմում են դրանց շուրջ 12,7%-ը, ինչը համարժեք է 586,4 մլն դրամի: Այս ներդրումները ևս նվազեցվել են սակագնային մարժայով փոխհատուցման ենթակա ներդրումների ծավալից:

Գրեթե նույն պատկերն է 2012թ-ին: Ընկերության կողմից փաստացի ավարտված 8 մլրդ 216 մլն դրամի ներդրումների ծավալում ևս արձանագրվել են թերություններ, որոնք սակագնային մարժայում չեն հաշվարկվել: ՀէՑ-ը կարծես թե միտումնավոր կատարել է նույնաբովանդակ թերություններ, ինչի արդյունքում էլ վնասներ է կրել: Այսպես, տարբեր լարման ցանցերում տեղակայված սարքավորումների մասով կատարված 675.9 մլն դրամի ներդրումներից շուկայական գների գնահատման և ընկերության ձեռքբերման գների համադրության արդյունքում իրականացված ներդրումների ծավալից նվազեցվել է 195 մլն դրամ, որը կազմում է 28,8%: Ըստ հանձնաժողովի՝ ապրանքները ձեռք են բերվել ոչ թե արտադրող կազմակերպություններից, այլ տեղական միջնորդ կազմակերպություններից: Արդյունքում նշված կազմակերպությունները ապրանքի ինքնարժեքին ավելացրել են նաև իրենց ծախսերը և շահույթը, ինչն էլ բերել է արժեքի էական բարձրացման:

Մյուս գործոնը, որը հանգեցրել է ապրանքների թանկացմանը, մատակարարված ապրանքների դիմաց ուշ վճարումներն են, ինչն առաջացրել է կապիտալի ներգրավման լրացուցիչ ծախսեր: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում վարկերի միջին տոկոսադրույքը տարեկան եղել է 16-20%, իսկ ՀԷՑ-ի կողմից մատակարարներին վճարումները կատարվել են ապրանքը մատակարարելուց մոտ 90 աշխատանքային օր հետո, ինչը էական ազդեցություն է ունեցել ապրանքի գնի վրա:

Հանձնաժողովը նաև արձանագրել է, որ շինմոնտաժային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ էլեկտրական նյութերի մի մասը ձեռք են բերվել այդ աշխատանքները իրականացնող կապալառուների կողմից: Առանձին աշխատանքների իրականացման նպատակով մանրածախ շուկայից ձեռքբերվող ապրանքների գները բարձր են կենտրոնացված կարգով կատարվող գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների գներից, ուստի անհասկանալի է նշված ապրանքների ձեռքբերման գործընթացը կապալառուներին վերապահելը: Միևնույն ժամանակ կապալառուները նշված ապրանքների նկատմամբ հաշվարկել են շահույթ և վերադիր ծախսեր, որը իր հերթին բերել է կատարվող աշխատանքների թանկացմանը: Կապալառու կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքներից շուկայականից բարձր գներով ձեռքբերված նյութերի, սարքավորումների, շինմոնտաժային աշխատանքների արժեքների ինչպես նաև չհիմնավորված տոկոսների կիրառման տարբերությունները միջին հաշվով կազմել են 11%, ինչը համարժեք է 241,8 մլն դրամի: Այս ներդրումները ևս նվազեցվել են սակագնային մարժայով փոխհատուցման ենթակա ներդրումների ծավալից:

Իսկ շեղման ցուցանիշների բարելավման ուղղությամբ իրականացված ներդրումներից նվազեցվել են 259.8 մլն դրամի ներդրումներ, քանի որ այդ ներդրումների արդյունավետության վերաբերյալ ՀԷՑ-ի կողմից բավարար հիմնավորումներ չեն ներկայացվել հանձնաժողով:

Ինչպես փաստում է Հանձնաժողովը՝ ՀԷՑ-ի 2013թ. ներդրումային ծրագիրը կատարվել է 83.37%-ով: Մասնավորապես՝ սպառողներին սպասարկման որակի բարելավման ուղղությամբ ներդրումների իրականացման ցուցանիշը կազմել է 66.53%: Ընդ որում, որևէ էական աշխատանք չի իրականացվել թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին հաճախության և տևողության կրճատման, ինչպես նաև հատուկ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ ՀԷՑ-ում ներդրումների կառավարման գործընթացը գտնվում է անբավարար մակարդակի վրա, սա այն դեպքում, երբ ընկերությունը գտնվում է ֆինանսապես ծանր վիճակում: 2013թ-ին ընկերության կողմից ձեռք բերված ապրանքների գները դարձյալ միջինը 20%-ով գերազանցել են շուկայական արժեքները, իսկ ծառայություններինը՝ մոտ 14%-ով: Այստեղ էլ ապրանքները ձեռք են բերվել կապալառու կազմակերպությունների կողմից, ինչի արդյունքում, օրինակ մալուխների գինը 30-40%-ով գերազանցել են շուկայական գինը:

Առաջին լուսանկարում՝ Եվ. Բիբինը

Մեկնաբանություններ (2)

Shura
Ձեր խոստացաց սարերը մեզ պետք չեն, մի տիրացեք մեր փոքրիկ բլուրներին )))) Լուրեր էին պտտվու, թե ՀԷՑ -ը գնել է գործարար Սամվել Կարապետյանը, ամեն ինչ փոխվելու է թե կառավարման, թե ծառայությունների մատակարարման,թե բացթողումների վերացման ուղությամբ : Ինձ ել ՀԷՑ ղեկավարնեչը ասում են, թե մեր համար ամենակարևորը բարերար մարդու համբավն ու հեղինակությունն է, բոլորին ել ասեք որ մենք քաղաքացու կողքին ենք: Էն որ պրն Կարապետյանը բարերար է խոսք չկա, էն որ լավ համբավ ունի էլի խոսք չկա, ժողովուրդն էլ Սիրում հարգում ճանաչում է գործարարին: Բայց արի ու տես Հէց-ում սկսել են խաղալ եդ մարդու բարի համբավի,հեղինակության հետ: Սկսել են տիրանալ մարդկանց սեփականությանը, ոնց ուզում մարդկանց : Տարիներով սեփական գույքը ասում են ձեռքիցդ կվերցնենք ուզես թե չուզես,: Ես ել մտածում էի լուռջ մաևդկանց հետ գործ ունեմ ......
ամեն!
Թե աստված կա վերեւում, ուրեմն կգա ժամանակը երբ քոչոյին, տիգոյին, էդ կռիս մոսիսյանին, հետներն էլ մի 40-50 հոգի կկանգեցնեն ձորի բերանին ու՝ տկ - տկ - տկ, վերջն էլ լեշները ոտքով գլորեն ներքեւ, որ անթաղ հոտեն, երկիրը ծախելու - լափելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter