Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ալավերդու հանրային շինությունները սեփականաշնորհումից հետո չեն շահագործվում եւ քանդվում են



Ալավերդիում թվով 10 սոցիալ-տնտեսական նշանակության շենքեր չեն օգտագործվում եւ քանդվում են: Դրանց մի մասը սեփականաշնորհված են, կան նաեւ պետական  ենթակայության չօգտագործվող եւ քանդվող շենքեր: Դպրոցների 2003թ.-ի օպտիմալացումից հետո Ալավերդու Միքայել Նալբանդյանի անվան դպրոցը միացվել է Ստեփան Շահումյանի անվան թիվ 5 դպրոցին: ՀՀ կառավարության 2006թ.-ի մայիսի 18-ի թիվ 761-Ն որոշմամբ Մ. Նալբանդյանի անվան դպրոցի շենքի 1-ին հարկը` 465,1 քմ մակերեսով, հատկացվել է Ստ. Շահումյանի անվան դպրոցին, իսկ 2-րդ եւ 3-րդ հարկերը հանրակրթական ուսումնական պարապմունքների համար տրամադրվել է Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանին:


2015թ.-ի մարտի 10-ի թիվ 302-ն որոշումով շենքն ամբողջությամբ, այդ թվում նաեւ 1-ին հարկն, անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանին: Դպրոցի նախկին շենքը 2009թ.-ին պետբյուջեից հատկացված 70 մլն դրամով վերանորոգվել էր: Շինարարության պատվիրատուն՝ քաղաքաշինություն նախարարությունը, վերանորոգումից առաջ զլացել է ուսումնասիրել վերանորոգվող դպրոցի տեխնիկական վիճակը: Արհեստագործական ուսումնարանի տնօրեն Վարուժան Սիմոնյանի ասելով՝ վերանորոգումից հետո պարզվել է, որ շենքը վթարային է եւ ենթակա է քանդման:

«Հիմա այնտեղ վերանորոգված է տանիքը, փոխվել են դռները, լուսամուտները եւ սանհանգույցները»,- բացատրում է ուսումնարանի տնօրենը: Վերջինս երեք օր առաջ շենքի վթարային վիճակի մասին գրավոր տեղեկացրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Վերանորոգումից հետո շենքը գրեթե չի օգտագործվել: «Շենքի ամրացման աշխատանքերի նախագիծ կա, հիմա խոսքը գնում է ֆինանսավորման մասին, մի 3-4 տարի ներդրում պետք է արվի` հարկեհարկ ամրացման աշխատանքեր կատարելու համար»,- հայտնում է ուսումնարանի տնօրենը: Այդուհանդերձ, արհեստագործական ուսումնարանին շենք է անհրաժեշտ: «Մենք ստիպված ուսումնարանի արտադրական մասնաշենքի արհեստանոցների որոշ մասը լսարաններ ենք դարձրել: Այստեղ դասարանները չեն բավարարում»,- բացատրում է Վ. Սիմոնյանը:

«Լալվար» կինոթատրոնը Ալավերդու առաջին սեփականաշնորհված շենքերից է: Քաղաքապետարանում մեզ հայտնեցին, որ շենքի սեփականատերը ալավերդցի Հովհաննես Մոսինյանն է: Կինոթատրոնն արդեն կիսաքանդ վիճակում է:

Քաղաքի Ջրավազան փողոցին հարող հրապարակում գտնվող Ալավերդու նախկի պոլիկլինիկայի, ապա հիվանդանոցի 9-հարկանի բարձրահարկ շենքի սեփականատերը ալավերդցի Համլետ Լալայանն է: Նա հայտնեց, որ շենքը ոչ վերանորոգելու, ոչ էլ քանդելու հնարավորություն չունի: «Կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի սեփականաշնորհված շենքերի վիճակին, եթե դրանք սեփականաշնորհումից հետո չեն շահագործվում, ապա պետք է սեփականատիրոջից հետ վերցնի էդ շենքերը»,- խորհուրդ տվեց Համլետ Լալայանը:

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության պղնձաձուլական գործարանի սանիտարական գոտում գտնվող Ալավերդու նախկին հյուրանոցի եւ նախկին դիսկոտեկի շենքի (առաջին լուսանկարում) սեփականատերը «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանն է: Այս շենքերը նույնպես տարիներ շարունակ չեն վերանորոգվում եւ չեն օգտագործվում:

Ալավերդու նախկին ավտոկայանի սեփականատերը տրանսպորտի եւ կապի նախարարությունն է: «Մենք դեռ անցյալ տարի գրություն ենք ուղարկել նախարարություն՝ ավտոկայանի տարածքը սանիտարական պատշաճ տեսքի բերելու եւ շահագործելու համար, սակայն նախարարությունն այն թողել է անարձագանք»,- ասում է քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը:

Ալավերդու միջհամայնքային ավտոբուսները եւ տաքսիների մեծ մասը կայանում են Թումանյան փողոցի միջպետական ճանապարհի վրա գտնվող եռահարկ հանրախանութի եւ «Կատա» սուպերմարկետի արանքում գտնվող նախկին շրջկոոպի շենքի բակում, որոնք էլ օրվա տարբերի ժամերին երթեւեկության վտանգավոր վիճակ են ստեղծում միջպետական ճանապարհին:

Ալավերդիում վերջին երկու տարիներին անօգտագործելի է դարձել նաեւ քաղաքապետարանին պատկանող մանկապատանեկան դպրոցի երկհարկանի շենքը: Համայնքի ավագանու անդամ Վ. Սիմոնյանը ճիշտ չի համարում մանկապատանեկան դպրոցի շենքը երեխաներից վերցնելը: «Ես կարծում եմ, որ մանկապատանեական դպրոցի առաջին հարկը պետք է տրամադրել Ալավերդու պատկերասրահին, իսկ 2-րդ հարկը պետք է օգտագործել երեխաների արտադպրոցական խմբակների համար»,- առաջարկում է նա: Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանն ասում է, որ շենքը վերանորոգման կարիք ունի, եւ միայն դրանից հետո է հնարավոր վերաբաշխում կատարել:

Շուրջ մեկ տարի է, ինչ անօգտագործելի են դարձել նաեւ Շահումյան թաղամասում գտնվող Ալավերդու նախկին ծննդատան եւ կանանց կոնսուլտացիայի շենքերը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մեզ հայտնեց, որ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն առաջարկել է ծննդատան նախկին շենքը տրամադրել մարզպետարանին՝ սոցիալական կենտրոն դարձնելու համար: Ալավերդիում շրջանառվող լուրերի համաձայն՝ կանանց կոնսուլտացիայի շենքն արդեն Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանի սեփականությունն է: «Շենքը 2006թ.-ին մեկը սեփականաշնորհել է, նրանից էլ մեկ ուրիշն է գնել: Շենքն իմը չէ, իմ բարեկամներից մեկինն է»,- հեռախոսով մեզ հայտնեց Ստեփան Մոսինյանը:

Քաղաքապետ Արտավազդ Վարոսյանն ասում է, որ սեփականաշնորհված շենքերի անարդյունավետ սեփականատերերից ազատվելու համար Կառավարությունը պետք է բարձրացնի դրանց գույքահարկի դրույքաչափերը: «Այդ դեպքում տերերն ստիպված կլինեն կամ՝ ներդրումներ կատարել եւ օգտագործել սեփականաշնորհած շենքերը, կամ՝ դրանք կօտարեն ներդրումների հնարավորություն ունեցողներին»,- ասում է քաղաքապետը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Վարուժան Սիմոնյան12:02 - 13 մայիսի, 2015
ՄեկնՈւզում եմ փոքր ճշտում կատարել...Ըստ նոր նախագծի քանդման ենթակա է շենքի միջհարկային ծածկերը, որոնք մոնոլիտ բետոնից չեն, և որ նոր նախագծերը կատարվել են կառավարության հանձնարարությամբ...աբանությունը...
2. Հակոբ17:02 - 13 մայիսի, 2015
Եթե որոշվի, որ մանկապատանեկան կենտրոնի շենքի առաջին հարկը տրվի պատկերասրահին, երկրորդ հարկում է ինչ մանկական խմբակներ, եթե բեմը պետք խլվի նրանցից: Ամենաճիշտն այն կլինի վերակառուցել այն մշակույթի կենտրոնի, քաղաքի ներքևի հատվածում քաղաքի մշակութային օջախ չունի, ի վերջո մի օր Էյ Սի Փի ընկերության սեփականատերը դուրսա հանելու իր պալատից թէ Ալավերդու թատրոնը և թէ ժողգործիքների համույթը, պատկերասրահ դարձնելով այդ խմբերի գործունեության վերջին հնարավորությունն է փակվում.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ