Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ի՞նչ հեռանկարներ կբացի վենետիկյան «Ոսկե առյուծը» Հայաստանի համար



Մայիսի 9-ին Վենետիկի արվեստի 56-րդ միջազգային բիենալեին Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին՝ լավագույն ազգային մասնակցության համար: Հայաստանի տաղավարի համադրողը Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ Կյուբերյանն է: Նա տաղավարը հյուսել է «Հայություն» («Armenity») կոնցեպտի շուրջ: Այն պատահական չի համարել, քանի որ, ըստ համադրողի, ֆրանսահայ երիտասարդ սերունդը այդ տերմինով է բնորոշում Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին:

Հայաստանի տաղավարը Վենետիկի Սբ. Ղազար կղզում է: Իսկ Հայաստանը ներկայացրել է 18 արվեստագետ: Այդ ընտրության մասին խոսելիս համադրողն ասել էր. «Այն խարխլված ինքնության մնացուկներից կազմված «տրանսնացիոնալ» հավաքածուի մի օրինակ է»: Ներկայացված արվեստագետներից քանդակագործ Միքայել Օհանջանյանը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող միակ ներկայացուցիչն է, չնայած բնակվում է Իտալիայում: Բիենալեին մասնակցել է Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգի հրավերով:

Միքայելը դեռևս 2010 թ.-ին մասնակցել է Վենետիկի ճարտարապետության 12-րդ միջազգային բիենալեին Հայաստանի տաղավարում: Նրա «Լիմեն» աշխատանքը «Թարգեթի լայֆ արտ» 6-րդ մրցույթին բացարձակ հաղթող էր ճանաչվել: 2011-ին մասնակցել է Վենետիկի 54-րդ բիենալեի շրջանակներում կազմակերպվող «Art is a game» ցուցահանդեսին, որտեղ ներկայացրել է մի ստեղծագործություն ֆորմայի և թվային տեխնոլոգիաներով համալրված (AR - Augmented reality):

Միքայելը Վենետիկի այս տարվա բիենալեին ներկայացրել է գրեթե 12 մետր տրամագծով 12 քանդակներից բաղկացած «Տասներկու» աշխատանքը:

Այն արվել է հատուկ բիենալեի ցուցադրության համար: Հարցին, թե ինչով է պայմանավորում Հայաստանի՝ «Ոսկե առյուծին» արժանանալն, ու ինչով էր տարբերվում մեր տաղավարը, ասում է.

«Պատվավոր «Ոսկե առյուծ» ստանալու պայմանը, ըստ իս, մի քանի շատ կարևոր տարրերի համադրությունն է. 1. Ցուցահանդեսի բուն կոնցեպտը, 2. Արվեստագետների՝ այդ թեմայի և այդ կոնցեպտի շուրջ իրականացրած աշխատանքնրի պրոֆեսիոնալ մակարդակը, 3. Տեղանքը, այսինքն՝ կղզին իր ողջ պատմությամբ:

Այս երեք տարրերը շատ համաչափ և նրբանկատ ձևով ընդգրկվում են արդեն կարևոր ուրվագիծ ունեցող կղզում՝ կարողանալով դիտողին մատուցել ցուցահանադեսի բուն բովանդակությունը, թեման, որակը, որ, ըստ իս, մեր տաղավարի կարևորագույն առանձնահատկությունն էր մյուս տաղավարներից»:

Արվեստագետից նաև հետաքրքրվեցի, թե ինչ է իրեն տվել բիենալեին մասնակցությունը: «Այս տարվա իմ մասնակցությունը բիենալեին՝ մի կողմ դնելով հաղթանակի հաճելի պահը, հիշողությանս մեջ կմնա միանշանակ որպես աշխատանք մտածելու, խորհելու և իրականացնելու շատ հետաքրքիր, երկար և բովանդակալից ճանապարհ»,- նշում է Միքայել Օհանջանյանը:

Վենետիկի բիենալեին Հայաստանի հաղթանակի մասին զրուցել ենք նաև արվեստաբան Ռուբեն Արևշատյանի հետ: 2011 թ.-ին նա եղել է Վենետիկի 54-րդ բիենալեի Հայաստանի ազգային տաղավարի համադրողներից մեկը: Բացի դրանից, նախորդ տարի Վենետիկի ճարտարապետության բիենալեում համադրել է Հայաստանի տաղավարը:

-Պարոն Արևշատյան, Հայաստանը 1995-ից մասնակցում է Վենետիկի բիենալեին: Այս տարի՝ 56-րդ բիենալեին Հայաստանի տաղավարն արժանացավ գլխավոր  մրցանակին:  Սպասելի՞ էր այն Ձեզ համար:

-Նախ ուզում եմ բոլորիս շնորհավորել Հայաստանի տաղավարի նման հաջողության առիթով։ Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեի «Ոսկե առյուծը» նույն այն առյուծներից է, որոնք տրվում են ճարտարապետական, թատերական բիենալեների ժամանակ, այն առյուծներից, որոնց արժանանում են լավագույն ֆիլմերը, դերասանները, ռեժիսորները Վենետիկի կինոփառատոնների ժամանակ (իսկ այդ կինոփառատոնը, ինչպես գիտեք, Կաննի, կամ Օսկարի մրցանակաբաշխությունների հետ մեկ շարքում կանգնած կարևորագույն միջազգային ֆորումներից է)։ Հիմա փորձենք հիշել, թե երբ է Հայաստանը որևէ ասպարեզում արժանացել նման մրցանակի։ Սա առաջին անգամն էր։

Արամ Ջիբիլյան (ԱՄՆ)- Գորկի. կյանք՝ 3 ակտով (ծնունդ)

Վենետիկի բիենալեների մրցանակները միշտ էլ անսպասելի են լինում։ Ես անձամբ երկու դեպք եմ հիշում իմ ընկերների հետ տեղի ունեցած, երբ նրանք արդեն բիենալեի և կինոփառատոնի բացման օրերից հետո մեկնել էին Վենետիկից՝ չմնալով մրցանակների հանձնման արարողությանը, և արարողությունից մեկ օր առաջ բիենալեի կազմակերպիչները նրանց նորից հետ են կանչել՝ մրցանակները հանձնելու համար։

Սակայն միևնույն ժամանակ այս տարվա Հայաստանի տաղավարը իր հագեցվածությամբ, արծարծված խնդիրներով, արվեստագետների ընտրությամբ ենթադրվում էր, որ հայտնվելու է Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեի ամենահետաքրքիր տաղավարների շարքում։ Այն, իսկապես, լավ մտածված, խորը, կոնցեպտուալ լուծում ունեցող նախագիծ է, որը, համադրելով 18 արվեստագետների տարաբնույթ արվեստային հայացքներ, դիտարկված՝ «Հայությանը» առնչվող պատմության, ինքնության խնդիրների, ներկայի քաղաքական գիտակցության և վերաբերմունքի տեսանկյուններից, առաջ է քաշում ավելի ընդգրկուն բարդ և բազմաշերտ մշակութային տեսլական, որը փոքր, աննշան, անհայտ, չափազանց անձնական պատմությունները, զգացողությունները և խոհերը կարողանում է հանգուցել համամարդկային ուշադրության կենտրոնում։  

-Ի՞նչ հեռանկարներ կարող է բացել այդ մրցանակը հայ արվեստագետների համար:

-Հայաստանի տաղավարի նման հաղթանակը նախ մեծ միջազգային տեսանելիություն է բերելու թե՛ հայկական ժամանակակից արվեստին, թե՛ հայկական մշակույթին, թե՛ Հայաստանում և սփյուռքում տեղի ունեցող զարգացումներին։ Եվ քանզի ժամանակակից արվեստը այսօրվա համաշխարհային հասարակական-մշակութային, քաղաքական, տնտեսական գործընթացներում ակտիվ դերակատարություն ունեցող ոլորտներից մեկն է, այդ տեսանելիությունն ունենալու է շատ և շատ ավելի բազմակողմանի բնույթ։

Հերա Բույուքթաշչյան (Թուրքիա)- Պահապանները

Տաղավարի հաջողությունը նաև նոր մակարդակի վրա է տեղափոխելու Հայաստանի և սփյուռքի միջև գոյություն ունեցող կապը և մշակութային երկխոսությունն՝ ավելի խորացնելով, ընդլայնելով և ներառելով այն միջազգային ժամանակակից արվեստի և մշակութաբանական դիսկուրսների մեջ։ 

Այսինքն՝ զարգացումների տրամաբանությունը շատ հուսադրող է։ Մնում է միայն, որ Հայաստանի հասարակությունը, ինչպես նաև սփյուռքի համայնքները կարողանան ընդունել և գիտակցել այս խոշոր, իր նախադեպը հայկական մշակույթում իրապես մինչ այժմ չունեցող հաղթանակը մի ոլորտում՝ ինչպիսին է ժամանակակից արվեստը, որն առ այսօր ունի իր նկատմամբ զգուշավոր, շատ անգամ սկեպտիկ հանրային ընկալում։ Ժամանակակից արվեստի պոտենցիալը, որի մասին մեր դաշտում բազմիցս խոսվել է, այս տարվա Վենետիկի բիենալեում լիարժեք բացահայտեց իր հնարավորությունները։ Հուսով եմ, որ Հայաստանը, որը կարողացավ գիտակցել այս տարվա տաղավարի, ինչպես նաև վերջին տարիների արվեստի և ճարտարապետության բիենալեներում հայկական տաղավարների կազմակերպման կարևորությունը, ցուցաբերելով պետական մոտեցում, կկարողանա կարևորել ժամանակակից արվեստի Հայաստանի ինստիտուցիոնալ դաշտի զարգացման խթանումը։

Բիենալեի լուսանկարները՝ www.armenity.net-ից


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (2)
1. Vahram11:22 - 17 մայիսի, 2015
While somewhat interesting, the article had little in terms of "prospects"; i.e., what the award means in terms of future developments for Armenia on the international stage. Just "hopes" expressed by the author. Too bad.
2. Rosella Mangeruca14:27 - 17 մայիսի, 2015
CONGRATULATIONS to Mikayel OHANJANYAN for his elegant & powerful work, not to miss in the gorgeous panoramic terrace overlooking Venice, un unforgottable emotion !!!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ