HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Գեղագրություն. աշխատել առանց համակարգչի

Խիդո և Վինսենտ դե Բոեր եղբայրները և Հանս Սկուտենբելդն այս օրերին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում գեղագրության (typography) դասեր են տալիս: Մինչ սեմինարների ու դասախոսությունների մեծ մասը առնչվում է նորարար տեխնոլոգիաներին, Հոլանդիայից ժամանած մասնագետները կենտրոնի աշակերտներին սովորեցնում են գրել ձեռքով, աշխատել առանց համակարգչի օգնության:

Հանսը Թումո-ում աշխատելիս

«Երբ ես կանգնած եմ կայարանում և գնացքի եմ սպասում, տեսնում եմ մարդկանց, ովքեր իրենց սմարթֆոններով են տարված, թարմացնում են Facebook-ի գրառումները: Ես մտածեցի, որ ուզում եմ անել ինչ-որ ուրիշ բան: Այն ինձ իրոք օգնում է փոքր-ինչ հանգստանալ: Կարծում եմ՝ զբաղված աշխարհում կարևոր է դուրս գալ այդ սթրեսից և ժամանակ տալ ինքդ քեզ՝ միտքդ կազմակերպելու»,- բաց դասախոսության ժամանակ ասում է Հանսը, ով Ռոտերդամի արվեստների դպրոցի ուսանող է: Ուսանելու ընթացքում Հանսը մի մեքենա է պատրաստել, որն ավտոմատ կերպով պատկերում է իր նախագծած տառատեսակները:

Հանսը, Խիդոն և Վինսենտը տառատեսակների հետ աշխատելու նոր լուծումներ են գտնում հին գրքերում ու տետրերում, երբ ճամփորդում են՝ փողոցների գրություններում ու պատկերներում, որոնք լուսանկարում են: Հենց տարբեր մշակույթների նշաններն ու տառերը համադրելուն են առանձին նշանակություն տալիս: Հայաստանում այցելել են Մատենադարան, ասում են՝ հայկական այբուբենը տառերի այլ գծագրություններ է առաջարկում, քան լատիներենը: Մայիսի 14-ին նրանք գեղագրության փերֆորմանս կանցկացնեն Միրզոյան գրադարանում:

«Այբուբենի հարցում ամենաշատը սիրում եմ այն, որ այն միայն 26 տառից է բաղկացած, բայց բոլոր այս տարբեր ձևերի մեջ կարող ես գտնել այլ կաղապարներ: Բազմաթիվ հնարավորություններ կան՝ մեկ տառի ձևի հետ աշխատելու»,- ասում է Խիդոն, ով դասավանդում է Հոլադիայում: Իր «ձեռագիրը» բարելավելու երկարատև աշխատանքի ընթացքում նկատել է, որ B-ն լատինական այբուբենի «ամենաստատիկ» տառն է: Վերջերս սկսել է աշխատել համեմատաբար չոր վրձնով, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել «եռաչափ» տառեր:

«Գեղագրության եռյակը» ոչ միշտ է միասին աշխատում: Իրենց արվեստը կիրառել են երաժշտական փառատոնի պաստառը պատրաստելիս, ջերմոցների ապակիներին գրելիս, ռեստորանի անվան և կոստյումի դիզայնի նախագծերում: Վստահեցնում են, որ սովորել կարելի է ինտերնետի օգնությամբ:

Լուսանկարները՝ Tumo.org-ից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter