HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Վերժինե Սվազլյան. Ցեղասպանության տարեգիրը

Բանահավաք, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանն ինձ համար պարզապես գիտնական չէ, այլ մի ամբողջ ինստիտուտ: Նա 6 լեզուներով աշխարհի ու մարդկության դատին է ներկայացրել Ցեղասպանության ականատես-վկաների պատմությունները, որոնք անհերքելի փաստական ապացույցներ են եւ մեծ դերակատարություն ունեցան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքում ոչ միայն ամփոփված են ցեղասպանության ականատեսների հուշ-վկայությունները, այլեւ, նրա շնորհիվ, կորստից փրկված Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ Անատոլիայի հայության բանահյուսությունը, ավանդություններն ու ավանդույթները, բառն ու բանը, նաեւ՝ երգերը: Տկն Սվազլյանի կատարած աշխատանքն անհնար է չափել որեւէ պարգեւով, չնայած նրա վաստակը գնահատվել է ամենահեղինակավոր ու բարձրագույն պարգեւներով: «Ցեղասպանության 100-ամյակի հիշատակումով որոշել էի վերջակետ դնել այս թեմային»,- ասում է նա, սակայն չի մերժում 60 տարվա հայրենանվեր աշխատանքն այս հարցազրույցով ամփոփելու առաջարկս:

- Տկն Սվազլյան, Ձեր «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գիրքը երրորդ անգամ է վերահրատարակվում, եւ ամեն անգամ գրքի էջերը նկատելիորեն ստվարանում են: Ցեղասպանության ականատեսների քանի՞ վկայություն եք գրառել Ձեր 60 տարիների բանահավաքչական աշխատանքի ընթացքում:

- Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ Անատոլիայի 150 տեղավայրերից 700 միավոր վկայություններ են ընդգրկված այս եռալեզու գրքում: Ականատես վկաների պատմությունները գրի եմ առել ոչ միայն Հայաստանի տարբեր բնակավայրերում, այլեւ արտասահմանյան տարբեր երկրներում բնակվող վերապրողներից կամ ձեռք եմ բերել նրանց թողած գրավոր հուշերը: Շատ մարդկանց հետ եմ շփվել եւ հավաքածս պատմությունները զետեղել եմ տարբեր գրքերում: «Մուսա լեռան» բանահյուսության մեջ` Մուսա լեռան հերոսամարտի ականատես վերապրողներին եմ ընդգրկել, «Կլիլիկիա· Արեւմտահայոց բանավոր ավանդությունը» գրքի մեջ՝ Զեյթուն, Հաճն, Քեսապ, Պեյլան, Ադանա, Մեսին, Սիս, Տարսոն եւ այլ վայրերի բնակիչների վկայությունները, որոնք Ցեղասպանությունից հետո, 1921թ. հայթափման ժամանակ ցրվել էին Կիլիկիայից, ապաստանել տարբեր երկրներում եւ հայրենադարձությամբ վերադարձել էին Հայաստան:

«Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գիրքը 2011թ. հայերեն եւ անգլերեն լեզուներով հրատարակվեց Երեւանում, իսկ 2013թ.՝ Ստամբուլում թուրքերենով հրատարակեց հայտնի թուրք այլախոհ Ռագըբ Զարաքօղլուն: Նա մեկ օրով եկավ Հայաստան` գրքից մեկ օրինակ ինձ նվիրելու համար եւ ասաց, որ իրեն հետապնդում են, շտապ պետք է հեռանա: Ազգային գրադարանում մեկ օրում շնորհանդես կազմակերպեցինք, եւ Ռ. Զարաքօղլուն իր ելույթում ասաց. «Այս գիրքը ոչ միայն հայ ժողովրդի պատմությունն է, այլեւ թուրք ժողովրդի, որովհետեւ թուրք ժողովուրդն այս գիրքը կարդալով՝ պիտի առերեսվի իր անցյալի հետ, պիտի տեսնի, թե ինչով են զբաղվել իր մեծերն, իր ավագները, պիտի հասկանա նրանց վարքն ու բարքը: Այս գիրքը կբացի թուրք ժողովրդի աչքերը»: Սա իմ երրորդ գիրքն է, որ լույս է տեսել Թուրքիայում: Հաջորդ օրը նա իսկապես անհետացավ, բայց նամակ ստացանք, որում ասում էր, թե արդեն Շվեդիայում է: Այս գիրքը երեք լեզուներով լույս տեսավ, եւ դա նպաստեց, որ արտասահմանում ծանոթանան մեր ողբերգության պատմությանը:

- Բացի կոտորածների մասին ականատես-վկաների հուշերից, ի՞նչ հաջողվեց Ձեզ հավաքագրել, այլ կերպ ասած՝ փրկել մեր ժողովրդի պատմական մեծ հատվածից:

- Ես գրի էի առնում նաեւ ժողովրդական բանահյուսությունը, թուրքերեն երգերը, որից ամեն մեկը մի զանգվածային ողբերգության տեսարան է: Դրանք իրականում թուրքերինը չէին, դրանք հայերի ստեղծածն էին թուրքերենով եւ  թուրքալեզու էին, որովհետեւ տակավին ենիչերիների ժամանակներից Կիլիկիայի, Անատոլիայի տարբեր նահանգներում հայերեն խոսելն արգելված է եղել, լեզուները ծայրատել են: Այս խստություններն ավելի են սաստկացել տեղահանման, աքսորի ճանապարհին, հետեւաբար այդ տառապյալներն ինչ-որ ձեւով իրենց տառապանքը, զայրույթը պիտի արտահայտեին եւ թուրքերենով են արտահայտել հենց Դեր Զորի անապատում: Այդպիսի երգ եմ գրի առել.

                                             Դպրոցը մտան, վարժուհուն բռնեցին, վա՜յ աման,

                                             Բերանը բացեցին, լեզուն կտրեցին, ա՜խ աման …

Պատմական բնույթի երգերը նույնպես վկայություններ են, որովհետեւ Դեր Զորում են ստեղծվել: Դրանք բացառիկ նյութեր են: Այս երգերն առաջին անգամ գրի եմ առել էրեբունի թաղամասում 1956թ., երբ նոր էի սկսել բանահավաքչական աշխատանքը: Էրեբունի թանգարանը դեռ պեղված չէր, բլուր էր, եւ այդ քար ու ղռի մեջ մի կին՝ ոսկրոտ, նիհար, նստած լաց էր լինում, քթի տակ թուրքերեն ողբ էր երգում: Մոտեցա, հարցրի, թե այդ ինչ երգ է, ասաց՝ Դեր Զորում, ուր աքսորել էին մեզ, երեք երեխաներս սովից մեռան, հիմա 70 տարեկան եմ ու մեն-մենակ եմ մնացել: Այդ քարերի մեջ նստած՝ գրի առա նրա երգերը, որով հիմք դրվեց դերզորյան շարքին՝ 150 քառյակ, որից ամեն մեկը մի ողբերգության տեսարան է:

- Թուրքերն ինչպե՞ս են արձագանքում այդ բանահյուսությանը, որը ժողովրդի ստեղծած հախուռն ստեղծագործությունն է եւ ոչ թե անհատի պատմություն, որին, հնարավոր է, նաեւ վերապահումով մոտենան: 

- Մի անգամ Օպերայում մի հայ պաշտոնյա մոտեցավ ինձ եւ ասաց, թե մեջլիսից մարդ կա այստեղ եւ ուզում է իմանալ, թե ինչ աշխատանք եք կատարում: Նրանք ամուսիններ էին, եւ պատգամավորն ինձ հարցրեց՝ ինչո՞վ եք զբաղվում: Ասացի, որ 26 գրքի հեղինակ եմ, ո՞ր մեկն ասեմ ձեզ: Ասացի` մի քառյակ կասեմ միայն եւ սա ներկայացրի.

Դեր Զոր կոչված մի մեծ տեղավայր,

Մորթված հայերին էլ հաշիվ չկար,

Օսմանցի պետերը մսագործ դարձան,

Հայերն են զոհվում հավատքի համար:

Նա քարացած կանգնեց, հետո կնոջ ձեռքը բռնեց, որ ուժ առնի: Մի քանի րոպե լռություն տիրեց, ապա փաթաթվեց, համբուրեց ինձ ու հեռացան:

- Ականատես վերապրողների պատմությունները մեկը մյուսից սահմռկեցուցիչ են, դրանցից ո՞րն է Ձեզ վրա առավել շատ ազդել:

- Բոլորն էլ ազդել են, բոլորն էլ ցավ են պատճառում, որովհետեւ դրանցից ամեն մեկը մի ահավոր ողբերգություն է եւ մինչեւ հիմա, որքան հիշում եմ, որքան անդրադառնում եմ այդ պատմություններին՝ նույն ցավը վերապրում եմ: Իհարկե, կան առանձին դեպքեր, որոնք անջնջելի են: 1996թ. հրավիրված էի Կոստանդնուպոլիս: Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը միջազգային գիտաժողով էր կազմակերպել Պատրիարքարանի հիմադրման 535-ամյակի առթիվ: Տարբեր երկրներից մասնակիցներ էին հրավիրված, եւ ես էլ այնտեղ ներկայացրի Վարդավառի հեթանոսական ակունքներն արեւմտահայոց բանահյուսության մեջ: Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը, որը ազգասեր եւ դիվանագետ անձնավորություն էր, գիտաժողովի ավարտից հետո մեզ մեկ շաբաթ պտույտի տարավ տարբեր տեսարժան վայրեր: Ես տեսա Սուրբ Փրկիչ հիվանդանոցը, որին կից ծերանոց կար եւ այնտեղ լինելու ցանկություն հայտնեցի: Պատրիարքն ասաց, որ թուրք ոստիկանը սվինը ձեռքին կանգնած է, չես կարող ներս մտնել: Ասացի՝ ուրեմն կհամաձայնեմ ինձ վիրահատեն, հիվանդանոց կընդունե՞ն: Ասաց՝ բայց պետք ունի՞ս, աղջիկս: Ասացի՝ չունեմ, բայց կանեմ: Նա ինձ տեղավորեց հիվանդանոցում, որտեղ վիրահատեցին, բայց խելքները բան չէր կտրել եւ ոչ մի գործողություն չէին կատարել: Մի քանի օրից, երբ ոտքի կանգնեցի, հետնամուտքով մուտք գործեցի ծերանոց եւ հենց միջանցքում տեսա մի կնոջ, որի ծնոտն ու պարանոցը դաջված էր: Հարցրեցի՝ Դեր Զորում եղե՞լ եք: Իսկույն փակեց հարցս` այդ ո՞վ ըսավ: Ասացի՝ տեսա դաջվածքը: «Ադիկա ինձի շատ խանգարեց, ինձի չէին հավանե»,- ասաց նա: Ասացի՝ կպատմե՞ք ձեր մասին: «Ոչ, ոչ, կվախնամ»: Նրան տարա իմ սենյակ: Եկավ եւ ասաց. «Վարագույրը գոցե, լուսամուտը փակե, դուռը կողպե, հիմա այդ շուները կուգան, մեզի կացնով կսպանեն»: 94 տարեկան էր նա, անցել էր 90 տարի եւ չէր մոռացել, թե ինչպես իր մորն ու հորը կացնով սպանեցին իր աչքի առաջ, եւ 4 տարեկան Սիրենան ականատեսը դարձավ այդ ողբերգության: Նա ծնվել էր 1910թ. եւ մնաց որբ, քարերի մեջ 3 օր սոված, ոտաբոբիկ թափառելուց հետո նրան մի արաբ կին գրկում է, թաքցնում իր չալմայի տակ եւ տեղավորում իր վրանում: Լողացնում է, ոջիլները մաքրում, հագուստները փոխում, զարդարում է ոսկիներով, որովհետեւ երեխա չուներ, եւ Սիրենան դառնում է Աշա: Անցնում է 4 տարի, մինչեւ 1918թ. զինադադարը, երբ Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Նուբար Փաշան «1 ոսկի՝ 1 հայ որբի դիմաց» կարգախոսով որբահավաք է իրականացնում: Որբահավաքները գնում են փնտրելու եւ տեսնում են կապուտաչյա, շիկահեր, գանգրամազ, սպիտակ մաշկով մի աղջիկ, բայց դաջված կզակով: Հարցնում են՝ դու հա՞յ ես, ոչինչ չի հասկանում, նորից են հարցնում, բայց նա հայերենը մոռացել էր: Մամայի՞դ անունը՝ Ֆաթմա, պապայի՞դ անունը՝ Մուստաֆա: Նրանք զարմացած նայում են իրար, թե ինչպես պետք է այդ հանելուկը լուծեն: Նրանցից մեկը հարցնում է՝ իսկ ինչպե՞ս են խաչակնքում, եւ նա խաչ է հանում այնպես, ինչպես սովորեցրել էին իր իսկական մայրն ու հայրը: Ամեն ինչ մոռացել էր, բացի դրանից: Դա դառնում է վկայություն եւ նրան գրկում են ու տանում Անդրանիկ Զորավարի մոտ, որը նրան տեղավորում է հայկական որբանոցում:

- Դա Ձեր բանահավաքչական շրջանի միա՞կ խիզախումն է:

- Ես տարբեր երկրներ եմ հրավիրվել, զեկույցներ եմ ներկայացրել տարբեր համաժողովների ժամանակ: Չորս անգամ եղել եմ միայն Ամերիկայում՝ միջազգային գիտաժողովների մասնակցելու համար, որոնց ավարտից հետո միշտ ոտքս մի քիչ կախ եմ գցել նյութեր հավաքելու համար: Ամերիկայի «Արարատ ՀՕՄ» ծերանոց մտնելը դարձյալ խնդիր էր: Այստեղ կամավորի կարգավիճակով մուտք գործեցի եւ խնդրեցի թույլ տալ ինձ 15 օր խնամել ծերերին, եւ ընդունեցին: Առիթ էր, որ ես առնչվեմ ցեղասպանության ականատեսների հետ եւ 40 նյութ հանեցի այնտեղից` վերապրողների հուշեր, բանահյուսական նյութեր, որոնք խիստ հետաքրքիր են: Դրանք համակարգչայնացված են եւ հիմա մի հատոր եմ պատրաստում հրատարակության:

- Վերապրողների մեջ կայի՞ն այնպիսիք, որոնք ընդհանուրից առանձնանում էին իրենց վարքագծով կամ որեւէ հիշարժան արարքով:

- Ինձ առանձնապես հիացրել է Բարունակ Շիշիկյանի կերպարը, որը ծագումով զեյթունցի է եղել եւ դարձյալ ծնողներից զրկվելուց հետո արաբական անապատում է ապաստանել՝ արաբ ցեղապետերի մոտ: Նրա մասին ինձ պատմեցին այստեղ, Զեյթունում բնակվող վերապրածները, հետո նկարն էլ գտա եւ նրա սխրանքի մասին գրեցի իմ գրքում: Ցեղասպանության ժամանակ նա 13 տարեկան է լինում եւ ծնողներին կորցնելուց հետո ապաստան է գտնում անապատականների մոտ: Այստեղ քարտեզագրում է, թե անապատի աշիրաթների մոտ քանի հայ երեխա կա՝ տղա եւ աղջիկ, գրառում է նրանց հայկական եւ արաբական անունները: Նա 16 տարեկան է լինում, երբ զինադադար է կնքվում, եւ երբ 1918թ. որբահավաքները գալիս են փնտրտուքի, նրանք առաջնորդվում են Բարունակ Շիշիկյանի քարտեզով: Այդ տեղեկությունները մեծապես նպաստում են, որ շատերը փրկվեն, եւ արաբ ընտանիքներից ու հարեմներից ազատագրում են հայ աղջիկներին: Նա դիմում է Սիրիայի կառավարությանը, տարածք է խնդրում, որտեղ էլ հիմնադրում է Թելբրակ գյուղաքաղաքը: Իր փրկած բոլոր հայորդիներին հավաքում է այնտեղ, նույնիսկ նրանց ամուսնացնում է իրար հետ, ընտանիքներ են կազմվում, համայնք է տեղծում: Այդ համայնքը նա 1947թ. նավով տեղափոխեց Հայաստան եւ տեղավորեց Էջմիածնի Մեյմանդար գյուղում (ներկայիս Հովտաշատ): Այդ գյուղում հիմա նրա արձանն էլ կա: Նրան տեսել եմ անապատականի տեսքով, քուրմի նման սպիտակ հագուստով էր շրջում: Նա արաբներից գուշակել էր սովորել, որի համար թերթերում այն ժամանակ քննադատել են նրան:

Հայրս՝ Գառնիկ Սվազլյանը, որ հասարակական գործիչ էր եւ գրող, ձեռքիցս բռնած ինձ ման էր տալիս շոգենավի մեջ, այդ ժամանակ ես 11-12 տարեկան էի, եւ նրանց ցույց տալով ինձ՝ ասաց, որ անապատականներ են, կորցրել են հայերեն լեզուն (բարբառով կամ քրդերեն էին խոսում), բայց իրենց երեխաներին տանում են Հայաստան, որպեսզի գոնե իրենց երեխաները հայ մեծանան: Նրանք տարազներով էին, ոսկիներով զարդարված, ես տպավորված էի:

-  Կոտորածների մասին միայն հայերի՞ց եք նյութեր հավաքագրել:

- Իմ գրքում ամփոփել եմ նաեւ 5 արաբների վկայություններ, որոնք իրենց նյութերն ուղարկել էին Ցեղասպանության թանգարանին: Նրանք վկայություն են տալիս, թե ինչպես ցեղասպանության ժամանակ մտրակներով ծեծելով հայերին բերեցին Դեր Զոր: Ասում են՝ նրանք ուժասպառ էին, հոգնած ու սոված, գեղեցիկ աչքեր ունեին, պատվախնդիր էին, երբեք չմուրացին, բայց այնքան հոգնած էին, այնքան ուժասպառ էին եւ սոված, որ կանգնած տեղն ընկնում ու մեռնում էին ոչխարների պես: Նրանցից մեկն ասում է՝ ես 10 տարեկան էի, շատ էի խղճում եւ մտածում էի ինչ-որ կերպ օգնել նրանց: Մեր ուղտերը տանում էի նրանց մոտ, կթում էի բաժակի մեջ, խմացնում, որ ուժ առնեն: Նրանք շատ գեղեցիկ էին, եւ նրանցից մեկը դարձավ իմ սիրելի մայրը եւ իմ եղբայրների ու քույրերի մայրը: 

- Կոտորածների մասին վկայողները հիմնականում մանկահասակ են եղել այն ժամանակ, հիշո՞ւմ եք Ձեր բանասացներից ամենաավագին ու նրա պատմությունը:

- Ամենատարեց վերապրողը 1874թ. ծնված Մարիցա Փափազյանն էր, որին հանդիպեցի Եգիպտոսում: Ցեղասպանության ժամանակ նա 40-42 տարեկան է եղել: Պատմեց, որ թուրքն իր աղջկան հավանել էր եւ պահանջել է կնության տալ իրեն: Նա չի համաձայնել, իսկ թուրքն ասել է` մեկ է պիտի սպանեն նրան, իսկ ես հավանել եմ եւ ուզում եմ ամուսնանալ հետը: Կինն ասում է` կտամ, բայց պայմանով, որ ինձ եւ մյուս աղջիկներիս էլ ազատես ու հետդ տանես: Հետո մի ուրիշ պայման էլ է առաջարկել, որ 25 հայ աղջիկ հետները պետք է տանեն, փրկեն նրանց: Թուրքը համաձայնում է, իսկ նա ասում էր. «Ես աղջկաս կորցրի ընդմիշտ, բայց 25 հայ աղջիկ փրկեցի»:

- Ներգաղթյալներից շատերն այստեղ` Հայաստանում նույնպես դժվարին ճակատագիր են ունեցել` աքսոր, հալածանքներ: Վստահո՞ւմ էին ձեզ: Հե՞շտ էին համաձայնում պատմել այդ մասին:

- Նայած՝ ով, օրինակ՝ զեյթունցի Կարապետ Թոզլյանը՝ ծնված 1903թ., երբ նրան գտա, ասաց՝ աղջիկ, դու որտե՞ղ էիր մինչեւ հիմա, ինչո՞ւ չէիր գալիս: Գիտե՞ս, որ ես անգրագետ եմ, գրել չեմ կռնար, հետեւաբար, ամեն իմ գիտցած պատմություններն ու երգերը, գիշերն անկողնիս մեջ աղթոքի նման կրկնում եմ, որ չմոռնամ: Կսպասեի, որ քեզի նման մեկը գար ու գրեր: Դուն որտեղե՞ն եկար, հրեշտա՞կ էիր՝ երկնքեն իջար: Կ. Թոզլյանը նույնիսկ ամեն կիրակի գալիս էր իմ տուն, որ ես չհոգնեմ Զեյթուն գնալով: Սիրով էր գալիս, իր կամքով, գարնանը երբեմն իր հետ նուբար էր բերում թաշկինակի մեջ փաթաթած: Բայց հանդիպել եմ այնպիսի մարդկանց, որոնք գազազում էին եւ չէին ուզում լսել, որ պետք է պատմեն իրենց հարազատների մասին: Նրանց խոսեցնելու ձեւը պետք էր գտնել:

22 տարի առաջ աղջիկս Երեւանում մի ծերունու էր հանդիպել, որը հրաժարվել էր խոսել: Միասին գնացինք, սակայն չէր ցանկանում խոսել եւ անընդհատ խելագարի պես կրկնում էր՝ «չէ, չեմ պատմի, հայրս, մայրս մեռան, չեմ պատմի»: Նա լաց էր լինում, հիշեց իր բոլոր հարազատներին, որոնց կորցրել էր: Ես համառորեն որոշեցի խոսեցնել նրան, գրկեցի ուսը եւ սկսեցի երգել, եւ իմ երգը փոխեց նրան: Հարցրեց` «որտեղի՞ց գիտես այդ երգը»: Ասացի, որ ես նույնպես վերապրողի զավակ եմ, մերոնք էլ են Դեր Զորով անցել, հայրս Իզմիրի աղետից է փրկվել 1922թ.: Նա խեղճացավ, ինձ հարցեր տվեց եւ սկսեց պատմել իր կյանքը:

- Այդ պատմությունները գրի առնելիս ինչպիսի՞ հոգեվիճակներում եք եղել, չէիք մտածո՞ւմ աշխատանքը դադարեցնելու մասին:

- Հիմա էլ այդ պատմությունները պատմելիս փշաքաղվում եմ: Սրանք ծանր պատմություններ են եւ չես կարող մոռանալ: «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքի թեմատիկ ցուցիչները կազմելիս, որը մեկ տարի տեւեց, քունս փախավ, մի քանի օր այդպես շարունակվելուց հետո սեփական կամքով գնացի սթրես կենտրոն, հանձնվեցի եւ պատմեցի նրանց այդ ամենի մասին: Ասացին՝ լավ եք դիմացել, որ ողջ եք մնացել:

- Բանահավաքությունն իրականացնելու տարիներին ունեի՞ք հստակ նպատակ, թե ինչի համար եք անում, պատկերացնո՞ւմ էիք, թե ինչ նշանակություն կարող էր ունենալ ձեր աշխատանքը Հայ դատի պաշտպանության համար:

- Ես ավարտել էի մանկավարժական ինստիտուտը, աշխատանք ունեի, բայց դժգոհ էի: Հիշում էի, որ Հրաչյա Աճառյանը գանգատվել է, որ բարբառները ստեղծելիս բավարար բարբառային նյութ չի ունեցել ձեռքի տակ: Մտածում էի, այ, եթե ես գտնեի այն գաղթականներին ու անապատականներին, որոնց տեսա շոգենավում, ինչ լավ կլիներ: Հաջորդ օրն արդեն Մալաթիա թաղամասում էի, այնտեղ մի մարդու հանդիպեցի՝ պրն Մորիսին: Հարցրի, թե գաղթականներ կա՞ն այստեղ, եւ ովքեր են ամենադժվար բարբառով խոսում, պրն Մորիսը պատասխանեց՝ մուսալեռցիները: Գտա նրանց, բայց վախենում էին դուռը բացել, 1955 թվականն էր: Ասում էին` եկել ես գրանցես, որ աքսոր ուղարկես: Նրանց ասացի, որ գիրք եմ գրելու, ներս թողեցին ինձ, հավաքվել, նստել էին իշոտնուկներին, խոսում էին, բայց ոչինչ չէի հասկանում: Լացս գալիս էր, բայց չէի նահանջում, որոշել էի անպայման գլուխ հանել: Մի երեխա կար դպրոցական՝ 5-րդ դասարանցի, ասացի՝ տատիկն ինչ-որ ասի ինձ բառ առ բառ կբացատրե՞ս, ասաց՝ այո: Այդպես գրի առա ամբողջը՝ հեքիաթներ, առակ-ասացվածքներ, օրհնանք-անեծքներ եւ այլն, որոնք հրապարակեցի թարգմանություններով: Նպատակս ոչ միայն բանահյուսությունը փրկելն էր, այլեւ բարբառը: Նրանցից գրի առնված երգերը հետո Դանիել Երաժիշտը մասսայականացրեց:

- Ներգաղթյալների մեջ կային մարդիկ, որոնց հետ բարեկամացաք, մտերմացաք:

- Այո, մինչեւ հիմա իմ կապը 4-րդ, 5-րդ սերնդի հետ շարունակվում է: Նրանցից առաջինը վերապրող Մարիամ Բաղդիշյանն էր, որը իմ գրքի «լոգոն» է եղել:

- Ո՞րն եք համարում Ձեր բանահավաքչական աշխատանքի առանձնահատկությունը:

- Այս ուսումնասիրությունը եզակի է նրանով, որ ամեն մեկն իր պատմությունն է պատմում, իր աշխարհայացքն է մտցնում պատմության մեջ եւ իր գաղափարներն ու վերաբերմունքը, սա հատուկ ժանր է՝ հուշ-վկայություն: Նրանք պատմելուց առաջ զգոնանում էին, լրջանում, պատասխանատվության գիտակցում էին ունենում այդ նյութերը պատմելիս: Շատերը պատմելուց առաջ նույնիսկ ձեռքներն Աստվածաշնչին են դրել եւ երդվել են: Խաչակնքում էին եւ ասում. «Եթե մի բան ավելացնեմ՝ թող աչքերս կուրանան, իմ զավակների խերը չտեսնեմ»: Առանձին գլուխներով ամբողջ ցեղասպանության ընթացքն եմ նկարագրել՝ ինչպե՞ս սկսվեց, ինչո՞ւ սկսվեց, Թուրքիան ում հետ դաշնակից դարձավ, եւ այդ ամենը՝ վերապրողների վկայությունների հիման վրա:

- Բավարարվա՞ծ եք ձեր աշխատանքով:

- Այո, ես շատ գոհ եմ, որ ինչ-որ բան արել եմ իմ ժողովրդի համար: Ծնողներս նույնպես կոտորածներից փրկվածներ են, եւ ինձ հաջողվել է իրականություն դարձնել հորս  պատգամը՝ այնպիսի գործ կատարել, որով «պատիվ բերես քո ծնողքին, եւ քո ազգին, հայրենիքին»:

Հայրս իզմիրցի էր, իսկ Իզմիրը Հայոց ցեղասպանության վերջին հանգրվանն էր, երբ քեմալականները ցանկացան ողջ Թուրքիան քրիստոնեաթափել: Ցեղասպանությունից հետո հայերը հավաքվել էին Զմյուռնիայում՝ որպես ավելի ապահով վայր: 1922թ. թուրքերն էլեկտրական հոսանքալարերից կրակի են տալիս ամբողջ Իզմիրը, որը հայության հավաքատեղին էր: Հարուստ էին իզմիրցի հայերը, ոսկերիչներ էին: Ողջ ժողովուրդը տներից դուրս նետվեց եւ վազեց դեպի ծով: Հայրս 18 տարեկան էր այդ ժամանակ, նա կորցնում է իր հարազատներին եւ մյուսների նման վազում է դեպի ծով: Պատմում էր, որ թուրք մակույկավարներն ասում էին` ինչի՞ եք սպասում, տվեք ձեր ոսկիները, նստեք մեր մակույկները, եւ մենք ձեզ կհասցնենք շոգենավերին, որոնք ձեզ կտանեն ձեր ուզած երկիրը: Ունեզրկված հայերը տալիս են իրենց վերջին հարստությունը եւ լցվում են մակույկը` նավերին հասնելու համար: Թուրք մակույկավարները, հասնելով ծովի մեջտեղը, բացում էին մակույկի անցքը, ջուրը լցվում էր մակույկը եւ հավասարակշռությունը կորցնելով՝ շուռ էր գալիս, մարդկանց լցնում էր ծովը, եւ բոլորը` մեծ ու փոքր, խեղդվում էին: Հայրս, տեսնելով այս պատկերը, նետվում է ծովը եւ լողալով հասնում է մի հունական ռազմանավի, գաղտնի բարձրանում է եւ թաքնվելով շոգենավի մեջ` հասնում է Հունաստան: Այստեղ առեւտուր է անում, գումար է հավաքում եւ երկու տարի հետո տեղափոխվում է Ալեքսանդրիա: Նա շատ հմուտ ոսկերիչ էր, եւ Եգիպտոսի թագավորը քրոջը Պարսից շահի հետ ամուսնացնելիս նրա ողջ զարդեղենը հորս է պատվիրում: Այնքան գոհ են լինում, որ նույնիսկ պարսկական անձնագրեր ենք ստացել, որով մեզ հրավիրել են իրենց երկիր, բայց մենք ցանկանում էինք Հայաստան գալ: «Մենք սփյուռք մը ունենալու համար չէ, որ աշխարհի ամեն կողմը ցրված ենք, այլ բռնությունից ու հալածանքից ստիպված»,- ասում էր հայրս իր «Ներգաղթը» պիեսում: Ես այն հրատարակեցի 1956թ. եւ գրքից մեկ օրինակ անթեղեցի իր շիրիմի մեջ:

Մեկնաբանություններ (1)

Amalia
Փառք ու պատիվ այս պատվարժան հայուհուն, որ փրկել ու անթեղել է հիշողությունը: Իր նման մարդիկ են մեր ազգի հույսն ու ապավենը, հենասյունը: Խորին շնորհակալություն մեծագույն, բացառիկ ու տքնաջան աշխատանքի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter