HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Խորթ հոր սպանության մեջ մեղադրվող Մաքսիմ Բաքոյանի դատավարությունը վերսկսվել է

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում վերսկսվել է 25-ամյա Մաքսիմ Բաքոյանի քրեական գործի դատավարությունը: Գործը վարույթ ընդունած դատավոր Մարտին Սարոյանի լիազորությունները 2015թ-ի մարտի 16-ին դադարեցվել էին՝ կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ եւ գործի վարույթը հանձնվել էր դատավոր Վարդան Գրիգորյանին: Իսկ մեղադրանքը պաշտպանող կողմում տեղի էր ունեցել համալրում՝ դատախազ Արմեն Շիրոյանին միացել էր  դատախազ Կարեն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ազգությամբ եզդի Մաքսիմ Բաքոյանը մեղադրվում է խորթ հոր՝ ազգույթամբ քուրդ, 54-ամյա էվլիյա Գյումուշթեքինին 2014թ-ի մարտի 16-ին իրենց շենքի բակում սպանելու համար: Տղան հայտարարել էր, որ վրեժխնդիր է եղել Թուրքիայում սպանված մոր՝ Մայա Բաքոյանի համար:

Մայիսի 13-ի դատական նիստը սկսվեց դատակոչված վկաների հարցաքննությամբ: Վկաներից Մարինա Մուրադյանը եւ Սվետլանա Հարությունյանը նշեցին, որ իրենք բնակվում են նույն թաղամասում, ինչ Բաքոյանները, մանկական տարիքից ճանաչել են ամբաստանյալին եւ գիտեն նրան որպես մեղմ բնավորության տեր անձնավորության:

Վկա Մարինա Մուրադյանը պատմեց, որ դեպքի մասին տեղեկացել է տղայից, ով մարտի 16-ին տեղի ունեցած դեպքի մանրամասները պատմել է, երբ ուշ երեկոյան վերադարձել է տուն: «Ես զարմացած էի, որովհետեւ Մաքսիմին գիտեմ 12-13 տարեկանից՝ ոչ կոնֆլիկտային, շատ խաղաղ եւ մշտապես ժպիտը դեմքին երիտասարդ է»,- նկատեց Մ. Մուրադյանը: Վկա Սվետլանա Հարությունյանն էլ դատարանին հայտնեց, որ սպանության մասին իրեն հաջորդ օրը պատմել են հարեւանները:

Վկաներից Մարիամ Ղազարյանը դեպքի օրը, ժամը 20:30-ի սահմաններում, տղայի հետ մեքենայով գնացել են թաղից դուրս գտնվող սուպերմարկետներից մեկը եւ վերադարձել կես ժամ անց: Կինը պատմեց, որ դեռ իրենց շենքին չհասած նկատել են հավաքված մարդկանց: Ճանապարհը շարունակել չեն կարողացել, քանի որ տեսել են գետնին ընկած տղամարդու: Վկան ճանաչել է քուրդ հարեւանին, ում հագուստները արյունով շաղաղված են եղել: Գյումուշթեքը շարժվել է, վկային թվացել է թե նա փորձում է կողքի շրջվել:

«Ես իջա ավտոյից, տեսա որ մեր հարեւանները բռնած կպահեին Մաքսիմին: Էլվիրայի մոտ մենակ Մաքսիմի մորաքույրն էր կանգնած ու օգնություն կկանչեր: Մարիամն ու իրա տղեն՝ Տիգրանը բռնել էին Մաքսիմին, որ նորից մոտիկ չգնա խորթ հորը: Հետո մեզի խնդրեցին, որ մենք Մաքսիմին նստեցնենք մեքենա տանենք»,-պատմեց վկան:

Մաքսիմը Մարիամի տղայի՝ Ալեքսանի մոտ ընկերն էր, եւ նրանք համաձայնվել են տանել նրան: Հարեւանները Մաքսիմին նստեցրել են մեքենա: Մարիամ Ղազարյանի տպավորությունն այնպիսին է եղել, որ Մաքսիմն անուշադիր է, ցրված, գրեթե կիսաուշաթափ վիճակում: Մեքենայի մեջ իր ու տղայի հարցերին չի պատասխանել: «Էն տպավորությունն էր, օր չէր հասկընա ինչ կհարցնենք»,- նկատեց Մարիամ Ղազարյանը:

Վկան պատմեց, որ ճանապարհին Մաքսիմն իրեն վատ է զգացել՝ կարծես օդը չի հերիքել եւ իրենք նրան ճանապարհին իջեցրել են ու գնացել տուն: Դատախազ Արա Շիրոյանը փորձեց ճշտել, թե վկան ու իր տղան արդյոք չեն մտահոգվել ճանապարհին մենակ թողնելով Մաքսիմին: «Դուք ասեցիք, որ շատ թույլ էր, իրեն վատ էր զգում, այդ դեպքում ինչպե՞ս կարող էիք նրան մենակ թողնել փողոցում մենակ»,- հարցրեց դատախազը: Վկան պնդեց, որ այդպես ցանկացել է Մաքսիմը եւ իրենք միայն տղայի ցանկությունն են կատարել: Նա նաեւ անընդհատ պնդում էր, որ մեքենայից մենակ ինքն է իջել, իսկ տղան ոչ մի բանի չի խառնվել:

Մեղադրողը կողմը հայտարարեց, որ վկայի նախաքննական ու դատարանում տված ցուցմունքների միջեւ կա էական հակասություն: Նա միջնորդեց հրապարակել Մարիամ Ղազարյանի նախաքննական ցուցմունքը: Մաքսիմ Բաքոյանի փաստաբան Մամիկոն Մուրադյանն էլ իր հերթին միջնորդեց, կապված ցուցմունքներում առկա հակասությունների հետ, հրապարակել նույն վկայի առերեսման հարցաքննության արձանագրությունը:

Ըստ Մարիամ Ղազարյանի նախաքննական ցուցմունքի, երբ իրենք հասել են դեպքի վայր, տեսել են գետնին ընկած Գյումուշթեքի անշարժ մարմինը: Ինքն իջել է մեքենայից եւ տեսել, թե ինչպես են հարեւանները թեւերից բռնած պահում Մաքսիմին: Վերջինս անհանգիստ շարժումներ է արել եւ ասել, որ ցանկանում է սպանել խորթ հորը: Տղայի ձեռքին դանակ կամ որեւէ այլ սուր առարկա վկան չի տեսել: Այնուհետեւ հարեւանները Մաքսիմին նստեցրել են իրենց մեքենան եւ խնդրել են տանել: Տղայի հագուստները արյունոտված են եղել: Մեքենայի մեջ Մաքսիմն ասել է, որ պիտի մոր վրեժը լուծի: Հետո, երբ վատ է զգացել, խնդրել է կանգնեցնել մեքենան: Իրենք Մաքսիմին թողել են մայթեզրին նստած ու հեռացել են:

Առերեսման ժամանակ տված ցուցմունքում վկան բոլորովին այլ բան է նկարագրել: Ըստ այդ արձանագրության, Մաքսիմը ցնորվածի նման է եղել, երբ իրենք նրան տեսել են, շատ թույլ է եղել եւ հարեւաններն են օգնել, որ նստի մեքենա: Իրենց հարցերին չի պատասխանել, տպավորություն են ունեցել, որ չի ընկալում: Երբ վատ է զգացել, մեքենան կանգնեցրել են Մաքսիմն իջել է, իր տղան էլ է իջել ու մի հինգ րոպեի չափ կանգնել կողքին: Հետո ինքն էլ է իջել ու հարցրել, թե սրա վերջն ինչ է լինելու, տղա ջան, Մաքսիմն էլ ասել է. «հեչ»:

Վկան այդպես էլ չկարողացավ բացատրել, թե իր ցուցմունքներից որ մեկն է արժանահավատ, միայն նշեց, որ այն ինչ ասեց դատարանում, դա է ճիշտ: Ի դեպ, առաջին ցուցմունքը Մարիամ Ղազարյանը տվել է մարտի 16-ին դեպքից մի քանի ժամ անց: Ցուցմունքը գրի է առել քննիչը: Պաշտպանը փորձեց ճշտել, թե վկան կկարողանա՞ր կարդալ քննիչի ձեռագիրը եւ արդյո՞ք այն ժամանակ վստահ է եղել, որ հենց իր ասածներ են գրառել: Դատավոր Վարդան Գրիգորյանը մերժեց փաստաբան Մամիկոն Մուրադյանի առաջարկը՝ վկային հնարավորություն տալ փորձի կարգով ընթերցել քննիչի ձեռքով գրված ցուցմունքը:

Այսօր ծանուցված 7 վկաներից դատարան էին ներկայացել միայն երեքը: Վկաներ կային, որոնք այս մեկ տարվա ընթացքում փոխել էին բնակության վայրը: Եվս չորս վկայի բերման ենթարկելու որոշում կայացրեց դատարանը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 27-ին, քանի որ վկաների մի մասն ընդհանրապես ծանուցված չէին:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես շատ մեղմ կվերաբերեի Մաքսիմ Բաքոյանին . պատկերացրեք ձե՛ր մորը այդպես սպանեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter