HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

«Խոսքի ազատությունը գին ունի»

Այսօր փաստաբանների և դատավորների համար մեկնարկած` «Արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանությունը Հայաստանում» թեմայով սեմինարի ժամանակ ասաց «Doughhty Street Chamber» ընկերության անդամ, թագավորական խորհրդական, բրիտանացի փորձագետ Գեւին Միլլերը: Նա հատուկ ընդգծեց, որ արտահայտվելու ազատությունը Եվրոպական Կոնվենցիայով սահմանված` մարդու միակ իրավունքն է, որը պետք է իրականացվի պատասխանատվությամբ: Սակայն լրագրողները չպետք է կաշկանդված լինեն հանրությանը հանրային շահերին առնչվող իրադարձությունների մասին տեղեկացնելիս, նրանք երբեմն կարող են կոպիտ, անգամ ագրեսիվ լինել, եթե արձագանքում են քաղաքական գործիչների կամ ընտրված պաշտոնյաների ելույթներին կամ «հարձակումներին»: «Եթե դու քաղաքական գործիչ ես եւ կրքերը բորբոքող հայտարարություն ես անում, ապա պիտի ակնկալես, որ խիստ արձագանք կլինի»,- ասաց Գ. Միլլերը:

Վերլուծելով Իվանովան ընդդեմ Բուլղարիայի` ԵԴ-ում քննված գործը, սեմինարի մյուս բանախոսը` խոսքի ազատության ոլորտում հայտնի միջազգային «ARTICLE 19» կազմակերպության ավագ իրավաբան Բոյկո Բոևը նշեց, որ Եվրադատարանն անգամ ընդունելի է համարել կոռուպցիայի բացահայտման վերաբերյալ հետաքննական հոդվածում (այն մասին, թե ինչպես է ֆինանսների փոխնախարարը հարստացել վարկերի միջոցով գումարներ աշխատելով) լրագրողի թույլ տված փաստական սխալը` համարելով, որ նա փաստերը խեղաթյուրելու դիտավորություն չի ունեցել, եւ անհրաժեշտ էր, որ հանրությունն իմանար այդ չարաշահումների մասին:

Ներկայացնելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածը եւ դրա մեկնաբանությունները ըստ Եվրոպական դատարանի նախադեպերի` Գեւին Միլլերը նշեց, որ զրպարտության մեղադրանքով գործեր քննող դատավորները պետք է ճիշտ դասակարգեն փաստերը եւ կարծիքը: Եվրադատարանը հաստատել է, որ հնարավոր չէ որոշել` արտահայտած կարծիքը ճի՞շտ է, թե՞ ոչ, ուստի չի կարելի մարդուն դատել իր կարծիքի համար: Շատ կարեւոր է պարզել նաեւ մեղադրանքի մակարդակը կամ լրջությունը` լրագրողը անձին մեղադրե՞լ է կոնկրետ հանցագործություն կատարելու մեջ, գրել է, որ ողջամիտ հիմքեր կան համարելու, որ նա մեղավոր է, թե՞ գրել է, որ ողջամիտ հիմքեր կան կասկածելու, որ նա մեղավոր է:

Մյուս կողմից` «զրպարտչական հոդվածները» պետք է դիտարկվեն հանգամանքների համատեքստում: Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործում, ինչպես նշեց Գեւին Միլլերը, Եվրադատարանն ընդգծել է, որ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հոդվածը գրվել է հետընտրական թեժ շրջանում, եւ դա դիտել է իբրեւ մեղմացուցիչ հանգամանք:     

Երկու բանախոսների ուղերձն այն էր, որ պետք է հավասարակշռել անձի համբավի պաշտպանությունը եւ հանրային շահը, իսկ պատվին եւ արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցումը պետք է լինի համարժեք: Որպես օրինակ բերվեց Ռոմանենկոն ընդդեմ Ռուսաստանի գործը, որով Եվրադատարանը որոշել է, որ փոխհատուցման գումարը, որը հավասար է լրագրողի 4 ամսվա աշխատավարձին, չափազանց խիստ է:

Արտահայտվելու ազատության առավել բարձր պաշտպանության խթանմանն ուղղված սեմինարների այս շարքը փաստաբանների եւ դատավորների համար, որ կազմակերպել է Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) հասարակական կազմակերպությունը՝ ԵԱՀԿ-ի Երևանի գրասենյակի, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության օժանդակությամբ, շատ արդիական է Հայաստանում մամուլի եւ լրագրողների դեմ զարպարտության եւ վիրավորանքի մեղադրանքներով ներկայացվող հայցերի աճող թվի համատեքստում: Հատկապես, որ փոխհատուցման պահանջվող գումարները բոլորովին համարժեք չեն ոչ հասցված վնասին, ոչ առավել եւս ԶԼՄ-ների ֆինանսական կարողություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter