Կիրակի, 23 սեպտեմբերի

«Դատական վարույթների առկա քանակը վկայում է անարդյունավետ կառավարման մասին»



Արդարադատության ռեսուրսներն ավելացնելու հետ միաժամանակ պետք է մտածել այդ թիվը կրճատելու եւ այլընտրանքային անվճար իրավաբանական ծառայությունների համակարգ ստեղծելու մասին

Անվճար իրավաբանական ծառայությունների կառուցակարգեր ստեղծելու ուղղությամբ Հայաստանում անկախացումից ի վեր զգալի աշխատանքներ են կատարվել, ստեղծվել է Հանրային պաշտպանի գրասենյակը, սակայն հարցը շարունակում է մնալ թերի կարգավորված` բազմաթիվ քաղաքացիներ զրկվում են արդարադատության մատչելիությունից։

Այսպիսի եզրահանգում են արել «Անվճար իրավաբանական օգնության կառուցակարգերը եւ պրակտիկան Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության հեղինակներ Արա Ղազարյանը, Արտակ Զեյնալյանը եւ Բրյուս Մետցկին (ԱՄՆ):

«Բավական է ասել, որ անցնող տարում տարբեր մարմիններ 1 մլն 500 հազար հատ պատժի որոշում են կայացրել, այս թվի մեջ չեն ներառվել 345,000 վարորդական իրավունք ունեցող անձանց նկատմամբ կայացված ակտերը: Այդ վարչական տույժերն անադյունավետ վարչական կառավարման արդյունք են: Մենք կոռուպցիա ենք բացահայտել պաշտոնական վիճակագրությամբ»,- հայտնեց փորձագետ Արտակ Զեյնալյանը «Գլոբալ Էս Փի Սի» ընկերության պատվերով իրականացված հետազոտությունն այսօր Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցած աշխատանքային քննարկման մասնակցիներին ներկայացնելիս:

Ուսումնասիրությունը ներկայացնում է, թե անվճար իրավաբանական ծառայության ինչ իրավական կառուցակարգեր են առկա Հայաստանում, ովքեր են այս ոլորտում գլխավոր դերակատարները եւ ոլորտն ինչի կարիք ունի։

Կարիքների գնահատման մասով հետեւյալ պարզաբանումն է արվել. Եվրախորհրդի չափանիշների համաձայն՝ դատավորների քանակը 100,000 բնակչության հաշվարկով պետք է կազմի միջինը 21 դատավոր, ՀՀ-ում` 100,000 բնակչի հաշվարկով կազմում է 7,2։ Փաստաբանների պալատի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ակտիվ փաստաբանական գործունեությամբ զբաղվում են շուրջ 1000-ը։ Հաշվի առնելով, որ ՀՀ-ում բնակչության քանակը շուրջ 3 մլն է՝ ստացվում է, որ իրականում յուրաքանչյուր 100,000 բնակչին սպասարկում է 33 փաստաբան։

Հաշվի առնելով, որ հանրային պաշտպանների քանակը 52 է` անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու պարտականություն ու գործառույթ ունեցող փաստաբանների քանակը 100,000 բնակչի համեմատ դառնում է 1.73։  Եվրոպայում մեկ շնչին բաժին ընկնող արդարադատության ապահովող միջին ծախսերը կազմում է 57.4 եվրո, ՀՀ-ում` կազմում է 4.9 եվրո։

Հանրային պաշտպանի գրասենյակի (ՀՊԳ) մատուցած ծառայության պաշտոնական վիճակագրությունը ցույց է տվել, որ գրասենյակն աշխատում է չափազանց մեծ ծանրաբեռնվածությամբ` մեկ հանրային պաշտպանին ամսական բաժին է ընկնում 30 գործ, եւ այս պայմաններում չի կարելի է խոսել արդյունավետ պաշտպանություն իրականացնելու մասին: Նրանք հիմնականում պաշտպանություն են իրականացնում քրեական գործերով եւ մասնակցում են առաջին ատյանի դատարանում: Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններում ՀՊԳ պաշտպանների մասնակցությունը կտրուկ նվազում է, իսկ Սահմանադրական դատարան եւ ՄԻԵԴ երբեք դիմումներ չեն ներկայացրել:

«ՀՊԳ-ում թեեւ փոքր ինչ ավելացվեց քաղաքացիական գործերի մասնաբաժինը, սակայն որեւէ ուսումնասիրություն չի կատարվել` պարզելու համար, թե որքան է իրավաբանական օգնության անհրաժեշտ ծավալը, որքանն է պարտավոր պետությունն ապահովվել անվճար հիմունքներով, եւ նման սահմանափակումների արդյունքում հասարակական որոշ խմբեր չե՞ն զրկվել, արդյոք, արդարադատության մատչելիությունից»,- հայտնեցին փորձագետները։

Փորձագետ Արա Ղազարյանի ներկայացմամբ` կատարված վերլուծությունը վկայում է, որ անվճար իրավաբանական ծառայություններ մատուցելու հանրային բեռը կրելու համար ՀՊԳ-ի ռեսուրսն անհրաժեշտ է ավելացնել մոտ տասը անգամ: «Մոտ ապագայում, ելնելով պետության տնտեսական վիճակից, ՀՊԳ-ի ռեսուրսների մոտ տասը անգամ մեծացումը իրատեսական չէ։ Նման պարագայում ակտուալ է դառնում ՀՊԳ-ին լրացնող կառուցակարգի ստեղծումը`  այլընտրանքային արդյունավետ համակարգ ունենալու խնդիրը»,- հայտնեց Ա. Ղազարյանը։

Թեեւ որակը կարեւոր է, սակայն առաջնահերթ խնդիր է հասարակության կողմից դիմումների աճող հոսքին արձագանքելը եւ իրավական պաշտպանության միջոց ապահովելը, որպեսզի հասարակության լայն շրջանակները չզրկվեն արդարադատության մատչելիությունից հատկապես այն ժամանակ, երբ հասարակական կյանքում գոյանում են լարվածության օջախներ, որոնք հանկարծակիորեն առաջացնում են դիմումների մեծ հոսք:

Հետազոտության հեղինակներն առաջարկում են ավելացնել դատավորների եւ հանրային պաշտպանների քանակը, միաժամանակ նշում են, որ տարվա ընթացքում 369,357 դատական վարույթը չափազանց մեծ թիվ է, որը վկայում է անարդյունավետ կառավարման մասին եւ առաջնահերթ պետք է մտածել այդ թիվը կրճատելու, որից հետո միայն ռեսուրսներն ավելացնելու մասին:

«Անհրաժեշտ է վերանայել անձանց վարչական տուգանքի ահռելի քանակների հանգեցնող քաղաքականությունը, նվազեցնել վարչական տուգանքների քանակը մի քանի տասնյակ անգամ։ Վարչական պատասխանատվության մասին որոշումները կայացնել բացառապես վարչական վարույթ հարուցելու եւ սուբյեկտի լսված լինելու իրավունքն ապահովելուց հետո»,- նշում են փորձագետները։

Ըստ փորձագետների` քաղաքացիական հասարակության շուրջ երկու տասնյակ հաստատություններ (հիմնականում հասարակական կազմակերպություններ եւ որոշ բացառություններով հիմնադրամներ) տրամադրում են անվճար իրավաբանական ծառայություններ:

Նրանց կարծիքով, եթե քաղաքացիական հասարակության ինստիտուտները համակարգեն իրենց գործունեությունը, կարող են հանդիսանալ էական այլընտրանք ՀՊԳ-ին։ Անվճար իրավաբանական ծառայություններ մատուցողները, հիմնականում, փաստաբաններն ու փաստաբանական գրասենյակներն են եւ նրանք, իրականում, բավական մեծ ծավալի աշխատանք են կատարում։ Հարցումները ցույց են տալիս, որ նրանց մեծ մասը գրեթե ամեն օր կամ շաբաթը մի քանի անգամ տրամադրում է անվճար ծառայություն, հիմնականում` խորհրդատվությունների եւ իրավաբանական տեքստեր կազմելու ձեւով:  Սակայն, հասարակական սեկտորի  մատուցած անվճար իրավաբանական ծառայությունը համակարգված չէ։

Ըստ այդմ` փորձագետներն առաջարկում են ստեղծել անվճար իրավաբանական ծառայությունների համակարգ, որն այլընտրանք կլինի Հանրային պաշտպանի գրասենյակին եւ այդ երկու համակարգերը կլինեն ոչ թե մրցակցող, այլ փոխլրացնող։ Համակարգը կգործի «մեկ պատուհանի» սկզբունքով։ Մեկ պատուհանի համակարգը հնարավորություն է տալիս ամբողջությամբ եւ միավոր ժամանակահատվածում ապահովել անվճար իրավաբանական ծառայությունների ողջ պոտենցիալի մատչելիությունը շահառուներին։

Միաժամանակ, անհրաժեշտ է ձեւավորել բարոյա-հոգեբանական մթնոլորտ՝ փաստաբանական համայնքում անվճար իրավաբանական ծառայությունների մատուցումը խրախուսելու համար։ Դա պետք է դիտվի որպես բարի համբավի, պրոֆեսիոնալիզմի, կայացվածության հատկանիշ՝ հատկապես հաշվի առնելով, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը փաստաբանությունը դիտում է որպես իրավապաշտպան գործունեության տեսակ։ 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ