HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Քաղաքական պատասխանատվության լիսկայական չափանիշը

ՀՀ քննչական կոմիտեն երեկ պաշտոնապես տեղեկացրել է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, որին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին խմբակային ծեծկռտուք սարքելու և երկու եղբայրների ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մայիսի 12-ին հարկադիր բերման ենթարկելու որոշումը էր կայացվել, Հայաստանում չի գտնվում: Ընդ որում, որքան կարելի է  հասկանալ այդ հաղորդագրությունից, Հայաստանից փախել է ոչ միայն Լիսկայի որդին, այլև նրա բանդայի այն բոլոր անդամները, որոնք, մասնակցած լինելով եղբայրների դաժան ծեծին, անցնում են այս գործով: «Նախաքննության ընթացքում բազմիցս ստուգվել են կասկածելի անձանց բնակարանները՝ նրանց հայտնաբերելու նպատակով։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունից ստացվել է գրավոր պատասխան, որ այն անձինք, որոնց հարկադիր բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել քննիչի կողմից, չեն կարող ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, քանի որ մայիսի 8-ից բացակայում են հանրապետությունից»,-ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ: Իրադարձությունների ժամանակագրությանն անգամ հպանցիկ հայացք նետելիս պարզ է դառնում, որ Տիգրան Խաչատրյանը ոչ թե փախել է Հայաստանից, այլ նրան փախցրել են: Ընդ որում՝ փախցրել է ոչ թե նրա հայրը, այլ իրավապահ ամբողջ համակարգը՝ սկսած ոստիկանությունից, վերջացրած քննչական կոմիտեով և դատախազությամբ:

Ինչպես հայտնի է, դեպքը տեղի է ունեցել մայիսի 2-ին: Մայիսի 4-ին Սյունիքի մարզային դատախազությունում քրեական գործ է հարուցվում՝ ուշադրություն դարձրեք՝ «ինքնությունը չպարզված անձանց կողմից» «Սդղի գյոլ» կոչվող տարածքում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ»: Եվ սա այն դեպքում, երբ քրեական գործի հարուցման մասին ՀՀ քննչական կոմիտեի մայիսի 5-ի հաղորդագրության մեջ արդեն իսկ հստակ նշվում էր, որ դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հ. Զաքարյանը (ծեծի ենթարկված եղբայրներից մեկը) Գորիսի կենտրոնում վիճաբանել է Տիգրան Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաեւ այլ անձինք։  Այսինքն, չնայած ի սկզբանե ոստիկանությունն արձանագրած է եղել, որ վիճաբանությունը տեղի է ունեցել անմիջապես Լիսկայի որդու հետ, և որ նա ևս եղել է ծեծկռտուքի վայրում, դատախազությունը գործը հարուցել է... «ինքնությունը չպարզված անձանց կողմից» խուլիգանություն կատարելու հատկանիշով: Դրանից հետո Սյունիքի քննչական բաժնից, փաստորեն, 8 օր է պահանջվել՝ վերջապես պարզելու այդ «ինքնությունը չպարզված անձանց»: Եվ երբ կայացվում է նրանց հարկադիր բերման ենթարկելու որոշումը, Տիգրան Խաչատրյանը 4 օր առաջ արդեն իր «շքախմբով» բարեհաջող «անհետացած» է լինում երկրից:

Թե՛ այն, որ դեպքից միայն 3 օր անց է ոստիկանությունը նյութեր հավաքում քրեական գործի հարուցման համար՝ չնայած «Գորիս բժշկական կենտրոնից» ահազանգը հենց դեպքի օրը ստանալու փաստին, թե՛ այն հանգամանքը, որ Տիգրան Խաչատրյանը դատախազության թեթև ձեռքով հանկարծ դառնում է անձը չպարզված անհայտ մեկը, որպեսզի արագորեն բերման չենթարկվի, թե՛ քննչական կոմիտեի կողմից նրան, իբր, բացահայտելու հարցում ցուցաբերված դանդաղկոտությունն արվել է երկու հաջորդական նպատակով: Նախնական շրջանում փաստացի խնդիր է դրված եղել հիմքեր ստեղծել Լիսկայի որդուն հանցագործությունը կատարողից կամ դրա մասնակիցը լինողից տուժողի վերածելու համար: Ահա թե ինչու են ոստիկաններն իրենց զեկուցագրերում արձանագրել, որ ծեծի հետևանքով տեսողությունը կորցնելու վտանգի առջև հայտնված Հ. Զաքարյանն է Գորիսի կենտրոնում վիճաբանել Տիգրան Խաչատրյանի հետ՝ ձեռքի հետ նրբորեն անտեսելով երկրորդ տուժողի առկայության հանգամանքը: Հետո, թերևս հասկանալով, որ անքան էլ համոզիչ չէ ծանր վնասվածքներ ստացած եղբայրներին հանցագործ ներկայացնելը, խնդիր է դրվել հարցը լուծել քավության նոխազ գտնելով, որի դերում հանդես է գալիս Գորիսի ոստիկանության պետ Արա Դավթյանը: Վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից՝ իրականությունն այլ կերպ ներկայացնելու, այսինքն՝ ինքնագործունեություն ցուցաբերելու անհեթեթ պատճառաբանությամբ: Բայց քանի որ հատկապես ծեծված երկու եղբայրների մոր հրապարակային բողոքից հետո գործը գնալով հնչեղություն էր ստանում, այլևս հնարավոր չէր թաքցնել իրականությունը, գործի է դրվում մեկ այլ փորձված տարբերակ. հանցագործին հովանավորության տակ առնելով՝ նրա փախուստն ապահովելը:

Այս տարբերակը ժամանակին՝ 2012թ. հաջողությամբ փորձարկվել էր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի վրա, երբ վերջինս իր բանդայի հետ մարդ ահաբեկելու նպատակով Գյումրու կենտրոնում դեբոշ էր սարքել, կրակոցներ արձակել: Այն ժամանակ ոստիկանության նույն դանդաղկոտության շնորհիվ Սպարտակը հանգիստ հեռացավ Հայաստանից: Ճիշտ է՝ կարճ ժամանակ անց նրան հայտնաբերեցին Բավրայի անցակետում՝ բերման ենթարկելը բեմադրելով իբրև Սպարտակի կողմից ինքնակամ իրավապահներին հանձնվելու վեհանձն քայլ: Ի դեպ, մեթոդների նմանության մասին է խոսում նաև այն փաստը, որ այն ժամանակ էլ իր պաշտոնին հրաժեշտ էր տվել Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը: Այնպես որ, այն, ինչ տեղի ունեցավ Գորիսում Լիսկայի որդու հետ, իրականում ոչ մի արտառոց բան չէր պարունակում՝ հայելային կերպով ցույց տալով, թե ինչպես է իրավապահ համակարգը դարձվում նման խուլիգանների ու հանցագործների գործակիցը:

Այն, որ դատախազությունը վաղուց արդեն դարձել է Լիսկայի ընտանիքի հանրային փաստաբանը, ակնհայտ էր դարձել դեռ երկու տարի առաջ Սյունիքի մարզպետի տան առջև տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանության գործի ընթացքից, երբ դատախազությունն իր վրա վերցրեց կրակոցներն արձակած Տիգրան Խաչատրյանին և Լիսկայի թիկնապահին ազատ արձակելու պատասխանատվությունը՝ դրանով լեգիտիմացնելով նրանց կողմից հետագայում կատարվելիք ցանկացած, նույնիսկ ամենածանր հանցագործությունը, այդ թվում՝ նաև վերջին այս խմբակային ծեծը: Բայց հիմա արդեն դատախազությանը լիարժեք միացան նաև ոստիկանությունն ու քննչական կոմիտեն՝ իրավապահ համակարգը վերածելով Լիսկայի և նրա գերդաստանի փաստաբանական «կանտորայի»:

Ընդամենը երկու օր առաջ, երբ, ըստ տրամաբանության, իրավապահները պետք է փնտրելիս լինեին Տիգրան Խաչատրյանին, Լիսկան ասել էր, թե որդին Հայաստանում է: Եթե այդպես է, ապա առնվազն տարօրինակ է, թե ինչո՞ւ ոստիկանությունը չի հարցաքննել Լիսկային՝ պարզելու նրա որդու գտնվելու վայրը և գործընթաց չի սկսում՝ այս գործի գլխավոր պոտենցիալ կասկածյալին թաքցնելու, դրանով հանցագործությանն օժանդակելու հատկանիշներով: Կամ ուժները չի պատում, ցանկություն չունեն կամ էլ համար անհրաժեշտ քաղաքական պատվերը կամ հրահանգը չկա:

Իրականում  Տիգրան Խաչատրյանին և նրա բանդայի անդամներին գտնելը խնդիր չէ: Դրա համար բավարար է ընդամենը, որ Լիսկայի անմիջական ղեկավարները Սյունիքի բդեշխից պահանջեն խելոք բերել ու իրավապահներին հանձնել իր պատուհասին՝ հակառակ դեպքում նրան ազատելով զբաղեցրած պաշտոնից: Որովհետև խնդիրը միայն այն չէ, որ իբրև հայր նա չի կարող չիմանալ՝ որտեղ է գտնվում որդին: Այլ այն, որ սա արդեն վաղուց քաղաքական պատասխանատվության հարց է, ընդ որում՝ ողջ իշխանության քաղաքական պատասխանատվության և արժանապատվության հարցը:

ՀՀԿ գերագույն մարմնի՝ նախօրեին կայացած նիստից հետո իշխող կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով այս հարցին, հայտարարել է. «Պաշտոնյայի ընտանիքի անդամը պետք է հասկանա, որ պաշտոնը տրված է ո′չ թե վայելքի, այլ՝ պատասխանատվության համար»: Այս մոտեցումը Շարմազանովն արտահայտել է որպես ՀՀԿ-ի «փիլիսոփայություն», որի «հայրն» իրականում ոչ թե նա է, այլ նախագահ Սերժ Սարգսյանը: 2010թ. ՀՀԿ-ի 20-ամյակին նվիրված միջոցառմանը Սարգսյանն այս «փիլիսոփայությունը» շատ ավելի կտրուկ էր ձևակերպել. «Իր արածի ու չարածի համար պատասխանատու է մեզնից յուրաքանչյուրը՝ յուրաքանչյուր հանրապետական: Պատասխանատու է ոչ միայն կուսակցության, այլև երկրի առջև: Ավելի՛ն, պատասխանատու է ոչ միայն սեփական վարքի, այլև իր ենթակաների, նաև՝ իր ընտանիքի անդամների վարքի համար: Մեր այն գործընկերները, ում ժողովուրդը վստահել է իր խնդիրների լուծումը, իսկ կուսակիցները վստահել են սեփական բարի համբավն ու արժանապատվությունը, նրանք, ովքեր պաշտոն են ստանձնել, պատասխանատու են հարյուրապատիկ»:

Հետևաբար, հարցը շատ պարզ է. ո՞րն է իշխանությունը կրող ուժի համար իրական «փիլիսոփայությունը». երկրի և կուսակցության նախագահի խոսքի՞ արժեքը, թե՞ Լիսկայի ու լիսկայակերպների հանցագործ վարքուբարքը տարիներով անհետևանք թողնելը, իրավապահ մարմինների անգործությունը, աչքակապությունն ու հանրային կարծիքի բռնաբարման շարունակումը: Եթե Լիսկային ևս վերաբերում է սեփական ընտանիքի անդամի համար պատասխանատու լինելու մասին նախագահի հրապարակային «հանձնարարականը», և այդ հայտարարությունները ինչ-որ գործնական նշանակություն ունեն ընդհանրապես, ապա ինչպե՞ս է ստացվում, որ նա ոչ միայն չի հանձնում իր որդուն, այլև վերջինիս արդարադատությունից փրկելու գործին լծում է իրավապահ համակարգը՝ դրա համար անգամ ամենաթեթև կշտամբանքին չարժանանալով: Ո՞րն է ՀՀԿ-ի պատկերացրած պատասխանատվությունը. նման պաշտոնյաներից օր առաջ ազատվե՞լը, թե՞ նրանց նախկին պաշտոններում վերականգնելն ու դրանով նրանց ազատ գործելու քարտ-բլանշ տրամադրելը՝ ստանձնելով քաղաքական պատասխանատվությունն այն ամենի համար, ինչ իրենց թույլ են տալիս նման «երևույթները»: Գուցե ավելորդ է ասել, բայց վաղուց արդեն անցել է հստակ կողմնորոշվելու ժամանակը:

 

Մեկնաբանություններ (7)

Վեհարի
Մեր երկրում ինքնությունը խիստ պարզված անձինք են Ժիրայր Սեֆիլյանը, Ալեք Ենիգոմշյանը, Վարդան Պետրոսյանը, Սարգիս Հացպանյանը և նրանց հետ բոլոր Հայրենասերները: Իսկ սերժիկի ինքնության մասին /կամ նրա շրջապատի մասին/ միայն գիտենք, որ եղել է ադրբեջանին ծառայող կոմսոմոլի քարտուղար, ավագ ալիևին ենթակա կոմունիստ, և այդ պատճառով, երբ ասում ենք լենին, հասկանում ենք սերժիկ: Ասում ենք սերժիկ հասկանում ենք ,,Լիսկա,,: Ի միջի այլոց լենինն էլ սրանց նման երազում էր Հայաստանը անապատի վերածել:
Հայկազ Պետրոսեան
Տարիներ է ժողովրդի մէջ ինչ որ մի միքրոբի մասին է խօսւում, որ շարունակ անբուժելի հետևանքներ է թողնում ժողովրդի մէջ : Ինչ է ելքը: Վստահ եմ Հայաստանում մասնագէտները կան վերացնելու այդ միքրոբը:Վերջապէս միքրոբը պէտք է ոչընչացւի, որպէսզի ժողովուրդը մէկ անգամ և ընդմիշտ ձեռբազատւի այդ միքրոբից:
Anri
ալիև = լիսկա
John Wick
Anri. Լինելով մենք հայ, ալիևը, որ թշնամի է դա պարզ է, բայց տարբերությունը այստեղ այն է, որ այդ նույն մեր թշնամին իր քոչվոր ցեղի համար ինչ, որ բան անում է, այսինքն նրան չեն ասի դու հայի ջրաղացին ջուր ես լցնում և այլն։ Բայց այ ցավոք մեր մոտ հակառակն է, ներսի որդը (լիսկայի պես) շատ արագ տեմպերով ուտում է մեզ և դա ավելի վտանգավոր է քան քոչվորի քայլերը։
John Wick
Սողոմոն Թ. հասկանալի է Ձեր ասածները, չկա այն հասարակական միասնությունը, որ կասեի շատ էր պետք նաև այդ նույն երկու եղբայրներին, որոնք նաև գիտակցելով ինչ որ տեղ իրենց վերջը, դուրս էին եկել մի հրեշավոր, մարդակեր ամբոխի դեմ, ոչ ոք չկանգնեց նրանց կողքին, ինչքան էլ որ մարդիք տներում անիծում են հրեշին, գաղափարը նույն է -իմ հետ չէ վերջ, չգիտակցելով, որ վաղը լինելու է հենց իրենց հետ։
hrach
Սուրեն Խաչատրյանյ պետք է հրաժարական տա քանի որ որդին փախած է: ՈՒրիշ թեմա չարժի շոշապել, միայն սա:
John Wick - ին
// չկա այն հասարակական միասնությունը,// - իհարկե չկա, որովհետեւ հենց հասարակություն էլ չկա ՀՀ - ում որպես այդպիսին: Կան տարբեր մասշտաբների շահախնդիր խմբեր, գրագետներից ու անգրագետներից բաղկացած, տոհմային համայնքների, տեղանքա-բնակավայրային միավորների եւ այլն ձեւերով: Դրանցից մեկին հաջողվել է նստել գագաթին - այս է իրականությունը: Թերեւս հնարավոր են նաեւ եզակի Սողոմոն Թ - էր, իրենց որոշակի շարժառիթներով: Պրիմիտիվ է իհարկե, բայց մենք կարծես այս մակարդակի վրա ենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter