HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովի աշխատակազմը խուսափում է պատասխանել գնումներին վերաբերող հարցերին

Ազգային ժողովի այս տարվա գնումների պլանով, երկու առանձին գնումով, 83 մլն դրամ է նախատեսված շենքերի և շինությունների վերանորոգման համար: Խորհրդարանի տարածքի օժանդակ մասնաշենքերում հիմնանորոգման, վերակառուցման հարդարման և արտաքին բարեկարգման աշխատանքների մասով 2014թ. հայտարարված մրցույթում հաղթել է «Բիդեք» ՍՊԸ-ն: Այս աշխատանքները շարունակվելու և ավարտվելու են այս տարվա ընթացքում: Նշենք, որ ընկերության 100% բաժնեմասը պատկանում է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմ ընկերոջը՝ Գառնիկ Ավետիսյանին: Վերջինս նույնիսկ ուղեկցում է պատգամավոր Սեդրակյանին արտերկրյա ուղևորությունների ժամանակ:

Իսկ գնման մի մասով ԱԺ գլխավոր մասնաշենքի մասնակի վերանորոգման աշխատանքների համար հայտարարվել է մրցույթ: Թե 83 մլն դրամից որքանն է բաժին հասնում «Բիդեքին» ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից չեն պարզաբանում: Առհասարակ, աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Հրայր Թովմասյանի նշանակումից և հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի փոփոխությունից հետո խորհրդարանից տեղեկատվություն ստանալը դարձել է բավականին դժվար, իսկ երկրի թիվ մեկ ներկայացուցչական մարմինը համալրել է ոչ թափանցիկ, ոչ հաշվետու  պետական մարմինների շարքերը:

Խորհրդարանի «նորամուծություններից» է նաև այն, որ էլեկտրոնային փոստով ուղարկված հարցումներին չեն պատասխանում՝ պահանջելով էլեկտրոնային ստորագրություն: Ուստի այլ բան չի մնում, քան փոստով նամակ ուղարկելը, որը և ժամանակատար է և ծախսատար: ԱԺ-ն ևս էլեկտրոնային փոստով չի ուղարկում հարցման պատասխանները՝ ընտրելով ավանդական փոստային տարբերակը:  

Այս կառույցին բնորոշ է դարձել հարցերին ոչ սպառիչ, խուսափողական պատասխաններ տալը: Օրինակ՝ հարցրել էինք, թե գնումների պլանով 35.510.000 դրամ է նախատեսված բջջային հեռախոսների ծառայությունների համար, ովքե՞ր են օգտվում այդ ծառայություններից: Բացի այդ՝ խնդրել էինք տրամադրել այդ գումարի սահմաններում բջջային ծառայություններից օգտվողների ցանկը՝ իրենց զբաղեցրած պաշտոնների և ամսական գումարային սահմանաչափերի նշումներով:

Աժ-ից միայն պատասխանել են, որ բջջային հեռախոսակապի ծառայությունները «Արմենիա Տելոֆոն Կոմպանի» և «Ղ-Տելեկոմ» կազմակերպություններից բջջային կապի սպասարկման նպատակով ձեռք բերված փաթեթներ են, որոնցից օգտվում են ԱԺ պատգամավորները, հանձնաժողովի նախագահները և աշխատակազմի պաշտոնատար անձինք:

Պատգամավորներից Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցինք, թե նա օգտվում է այդ ծառայություններից, բացասական պատասխան տվեց:

«Ես չեմ օգտվում և տեղյակ չեմ, որ դրանից օգտվում են նաև պատգամավորներ, ովքեր հանձաժողովի նախագահ չեն»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Էդմոն Մարուքյան Հովհաննես Սահակյան

Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինչպես մյուսները, ինքն էլ է օգտվում բջջային հեռախոսակապի արտոնությունից, սակայն միայն գործուղումների ժամանակ: «Ինչպես իմ հեռախոսահամարը, այնպես էլ տրված հեռախոսահամարը օգտագործում եմ գործողումների ժամանակ»,-նշեց հանձնաժողովի նախագահը: Հարցին, թե ԱԺ-ից ստացած բջջային արտոնության վերին սահմանաչափը գումարային արտահայտությամբ որքան է կազմում, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ չգիտեմ»:

Խորհրդարանի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը «դիվանագիտական» պատասխան է տվել նաև ավտոմեքենաների ձեռքբերման հարցի դեպքում:

Գնումների պլանով նախատեսված է գնել սեդան թափքով մեկ ավտոմեքենա՝ 16.930.000 դրամ արժեքով, նույն թափքով 5 հատ ավտոմեքենա՝ յուրաքանչյուրը 10.750.000 դրամով, մեկ հատ 6.200.000 դրամով, 2 հատ ամենագնաց ավտոմեքենա՝ յուրաքանչյուրը 14.900.000 դրամով: Ավտոմեքենաները «ու՞մ համար է նախատեսված» հարցին պատասխան չի տրվել, փոխարենը նշել են, որ ավտոմեքենաները ձեռք են բերվել ՝ ղեկավարվելով կառավարության 2008թ. հուլիսի 24-ի 830-Ն որոշմամբ, կազմակերպվել է շրջանակային համաձայնագրերով մրցույթ, որի արդյունքում հաղթել է «Մուրան» ՍՊԸ-ն:

Նշենք, որ վկայակոչած որոշումը վերաբերում է ՀՀ պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողական ավտոմեքենաների առանձին չափորոշիչներին, որը ամենևին չի նույնանում այն հարցի հետ, թե ում համար են նախատեսված վերը նշված ավտոմեքենաները:

Մամուլը շատ անդրադարձավ հինգերորդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի լրագրողների հավատարմագրերին, որոնք բացի իրենց «գունային բազմազանությանը» նաև չափերով մեծ էին, անհարմար: Ի տարբերություն նախորդ նստաշրջանի հավատարմագրերի, այս մեկը ակնհայտորեն ավելի «թանկարժեք» էր: Հետաքրքրվել էինք, թե քանի վկայական (բեյջ) է տպագրվել, յուրաքանչյուրը ի՞նչ արժեքով, ո՞ր ընկերությունում է տպագրվել, որքան գումար է ծախսվել նախորդ նստաշրջանների նիստերը լուսաբանող լրագրողների վկայականների համար:

Այս հարցն էլ «ձեռնտու» չի եղել ԱԺ աշխատակազմի համար և բավարարվել են միայն այս նստաշրջանի համար պատրաստված հավատարմագրերի թիվը նշելով՝ 240:

Ներկայացվածը միակ թանկարժեք գնումները չեն, որ իրականացվել կամ նախատեսված է իրականացնել այս տարվա ընթացքում: Օրինակ՝ հատը 180.000 դրամով գնելու են 10 հատ բարձրախոս, որը, ինչպես տեղեկացնում են ԱԺ-ից, նախատեսված է ԱԺ նիստերի դահլիճների, ինչպես նաև ԱԺ վարչական շենքից դուրս միջոցառումների կազմակերպման՝ ելույթների արձագանքման, ընկալունակության ապահովման համար:

830.000 դրամ հատկացված է լուսանկարչական ծառայությունների համար, որը պաշտոնական այցերի և հանդիպումների համար է, իսկ 771.000 դրամով  Ազգային ժողովի աշխատակիցների աշխատանքային գործունեության կատարելագործման համար նախատեսված է դասավանդել տարբեր օտար լեզուներ: Թե հատկապես ինչ լեզուներ են սովորելու աշխատակիցները՝ դեռ պարզ չէ, խորհրդարանից ասում են, որ քննարկման փուլում է:

Զգալի գումար է նախատեսված նաև ԱԺ տպիչի, պատճենահանման սարքերի համար: Օրինակ՝ 1 գունավոր տպիչ գնելու համար նախատեսել են 2 մլն 805 հազար դրամ, իսկ երկու պատճենահանման մեքենաներից մեկի արժեքը հաշվել են 5 մլն 800 հազար դրամ, մյուսինը՝ 8 մլն 897 հազար դրամ:

Զգալի միջոցներ են ծախսվում նաև ներկայացուցչական, արարողակարգային ծառայությունների համար՝ մոտ 164 մլն դրամ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter