HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան. «Կարելի է ենթադրել՝ քանի արդարացման դատավճիռ կունենայինք, եթե պահպանվեին իրեղեն ապացույցները»

Աշխարհի 19 պետությունների ներկայացուցիչներից կազմված իրավաբանների խումբը 2015թ-ի մարտի 14-ից ապրիլի 3-ը «Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրի» շրջանակներում եղել է ԱՄՆ-ի 4 նահանգներում: Ծրագրի նպատակն է այլ պետությունների մասնագետներին ծանոթացնել, թե ինչպես է գործում ԱՄՆ  դատաիրավական համակարգը: Խմբի կազմում եղել են փորձառու դատավորներ, իրավաբաններ, փաստաբաններ ու դատական համակարգի ներկայացուցիչներ Թունիսից, Իսպանիայից, Եգիպտոսից, Հունգարիայից, Նիգերիայից, Հնդկաստանից և այլն: Հայաստանն այդ խմբում ներկայացրել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Անահիտ Թամրազյանը: Նրա հետ մեր զրույցի առանցքը փաստաբանին ամենից շատ զարմացրած «Անմեղության ծրագիր» կազմակերպություն կատարած այցի մասին է, կազմակերպություն, որը 1990-ականների սկզբից գիտության վերջին նվաճումների ու իրեղեն ապացույցների շնորհիվ օգնում է անմեղ մարդկանց վերագտնել իրենց ազատությունը:

- Անահիտ, «Անմեղության ծրագիր» կազմակերպությունը վերջին 20 տարիներին քրեական արդարադատության ոլորտում հեղափոխություն է արել շնորհիվ նրա, որ այդ պետությունը պահպանել է քրեական գործերով իրեղեն ապացույցները: Ի՞նչ ճանապարհ են նրանք անցել, մինչև դատաիրավական համակարգը սկսել է ընդունել սեփական սխալները: 

- Նախ շնորհակալությունս եմ հայտնում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը և ԱՄՆ կառավարությանը՝ միջազգային այցելուների առաջնորդության ծրագրին մասնակցության համար: Ցանկանում եմ երախտագիտության խոսքեր հղել ամերիկյան բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ բարի կամքի ու հյուրընկալության համար: Ինձ  ամենից առաջ զարմացրեց նրանց անշահախնդիր պատրաստակամության մոտեցումը: Ծրագրի ղեկավարների կողմից դասախոսություններ, գործնական հանդիպումներ, մասնագիտական քննարկումներ ու այցելություններ եղան ԱՄՆ-ի Գերագույն դատարան, Նյու Յորքի Գերագույն դատարան, Տեխասի, Նևադայի և Յուտայի դաշնային դատարաններ, ՄԱԿ-ի գրասենյակ, Ամերիկյան իրավաբանների ասոցիացիա, մասնավոր փաստաբանական գրասենյակներ ու հանրային պաշտպանների գրասենյակներ, բռնության ենթարկված կանանց ապաստարաններ, կալանավայրեր, ինչպես նաև Նյու Յորք քաղաքի Կորդոզո իրավաբանական ինստիտուտում գործող «Անմեղության ծրագիր» կազմակերպության գրասենյակ: Երազում էի լինել այնտեղ, քանի որ մշտապես կարդում եմ իրենց կայքում թարմացվող լուրերը ազատություն ստացող դատապարտյալների մասին: Իմացա, որ այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, ֆինանսավորումն իրականացվում է հիմնականում անհատների և այլ ընկերությունների կողմից նվիրաբերված գումարների շնորհիվ:  Հիմնադրվել է 1992թ. Բերի Շեկի ու Պիտեր Նեուֆելդի կողմից, ունի մեծ ցանց ողջ ԱՄՆ-ում:

- Եթե չեմ սխալվում՝ անգամ տնօրենների խորհրդում կա անձ, ով դատական սխալի զոհ է եղել ու բանտում անցկացրել է 15 տարի՝ լինելով անմեղ:

- Այո՛, խոսքը Մարվին Անդերսոնի մասին է, որը դատական սխալի հետևանքով դատապարտվել է չկատարած հանցագործության համար ու քրեական գործի վերաբացման արդյունքում արդարացման դատաճվռով ազատության մեջ հայտնվել 2002թ.-ին՝ 15 տարվա բանտարկությունից հետո: Նրա մասին էլ պատմեցին: Բացի այդ, կա ևս մի անձնավորություն՝ Քեննեթ Այլենդը, ով 20 տարվա անազատությունից հետո արդարացվել է ու դարձել պայմանական ազատման ու ներման հանձնաժողովի անդամ:

- Արդարացման դեպքերի ինչպիսի՞ վիճակագրություն էին ներկայացնում ամերիկացի մասնագետները:

- Արդարացման դատավճիռների հիմքում հիմնականում ընկած է ԴՆԹ տեստերի կիրառումը, որի շնորհիվ, ըստ վիճակագրական տվյալների, 2015թ. մարտի դրությամբ արդարացվել են ԱՄՆ 37 նահանգներից 329 սխալ դատապատրված քաղաքացի, որոնցից 20-ը մահապատժի դատապարտվածներ են, մյուսները՝ ցմահ ու երկարատև ազատազրկման դատապարտվածներ: Ներկայացված դասախոսության նյութերի համաձայն, ԱՄՆ-ում սխալ դատապարտվածների նկատմամբ կայացված դատական սխալների 72% այն դատական ակտերն են, որոնցով մարդիկ զրկվել են ազատությունից միայն վկաների սխալ նույնականացման, 47%-ի դեպքում անթույլատրելի փորձաքննությունների անցկացման և 27%-ի դեպքում ստիպողական կամ սպառնալիքի տակ տրված սխալ խոստովանությունների հետևանքով: Արդարացման հիմքում դրված ԴՆԹ թեստերի կիրառում թույլատրվում է ԱՄՆ-ի 50 նահանգներում, քրեական արդարադատության օրենսդրական բարեփոխումներ են կատարվել ԱՄՆ-ի 31 նահանգներում: Յուրաքանչյուր տարի ավելի քան 3.000 անձ դիմում է կազմակերպության մասնագետների օգնությանը: Կազմակերպության փորձառու իրավաբաններն ու փորձագետները քննության են ենթարկում 6000-ից մինչև 8000 քրեական գործեր, որոնցից 300 ներկայումս գտնվում են ընթացքի մեջ: Մի իրականություն, որի մասին միայն երազել կարող ենք:

- Կոնկրետ քրեական գործի ծանոթացա՞ք, որով մարդը չկատարած հանցանքի համար էր դատապարտվել, ապա տարիներ անց՝ արդարացվել:

- Մեզ ներկայացրեցին  2014թ. մայիսին Օրլանդոյի Գերագույն դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռի պատմությունը: 1995թ. երկու սպանությունների համար 80 տարվա ազատազրկման դատապարտված Դերիլ Հովարդի քրեական գործի վերանայման արդյունքում հաստատվել էր, որ գործում բացակայում են իրեղեն ապացույցները և Դերիլը ազատ արձակվեց նույնիսկ մինչև իր քրեական գործի վերանայումը: Նա դատապարտվել էր վկաների միմյանցից տարբերվող ցուցմունքների հիմքով:

- Այսինքն՝ միայն այն հանգամանքը, որ իրեղեն ապացույցները պահպանված չեն եղել, ամերիկյան արդարադատությունը դատավճիռ է բեկանել: Սակայն մեզանում առհասարակ պահպանված չեն իրեղեն ապացույցները: Ի՞նչ անել:

- Այո, Հայաստանում պահպանված չեն իրեղեն ապացույցները, սակայն մենք տեսնում ենք, որ քրեական գործերի վերաբացումներ չեն լինում, չնայած նրան, որ դատապարտյալները, նրանց փաստաբանները ներկայացնում են նոր երևան եկած հանգամանքներ: Եվ միայն կարելի է ենթադրել, թե քանի արդարացման դատավճիռ մենք կունենայինք, եթե պահպանվեին իրեղեն ապացույցները: Մեր պետության հիմնական օրենքը՝ ՀՀ Սահմանադրությունը հռչակում է, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժենքներ են, ուստի խնդրում եմ բոլորին, եկեք անտարբեր չգտնվենք այն հանգամանքի վերաբերյալ, որ մեր փոքր Հայաստանում, մեր կողքին, սակայն ազատազրկման վայրերում կան անմեղ դատապարտված անձինք, որոնցից պետությունը ամեն օր, ամեն ամիս ու տարի խլում է այն, ինչը չի կարող վերադարձնել: Յուրաքանչյուրս կատարենք այն, ինչը կարող ենք անել մեր հնարավորության սահմաններում, որպեսզի հասնենք արդարության, մեր դատաիրավական համակարգում այնպիսի քրեական գործերի վերաբացման, որոնցում տեղ են գտել դատական սխալներ և որոնք հատկապես ճակատագրական են, երբ խոսքը վերաբերում է ցմահ և երկարատև ազատազրկմանը: Հուսով եմ, որ մեր բոլորիս պատրաստակամության ու օգնության շնորհիվ մենք կհասնենք ցմահ դատապարտյալներ Սողոմոն Քոչարյանի, Արթուր Մկրտչյանի, Մհեր Ենոքյանի, Արթուր Կիրակոսյանի և «Հետք» թերթում պարբերաբար հրապարակվող քրեական գործերի վերաբացմանը, որոնցով դատական հնարավոր  սխալի հետևանքով անմեղ մարդիկ դատապարտվել են ցմահ ազատազրկման: Չէ որ դատական սխալները հատկապես անդառնալի են, երբ խոսքը վերաբերում է երկարատև ու ցմահ ազատազրկմանը: Չմոռանանք, որ մահապատժի վերացման ամենաառաջին հիմնավորումներից մեկն էլ այն է, որ ոչ մի պետություն, անգամ կատարելության հասնող դատական համակարգով, չի կարող խուսափել դատական սխալներից:  

Առաջին լուսանկարում փաստաբան Անահիտ Թամրազյանն է

Մեկնաբանություններ (2)

Գեւորգ
Հարգելի Զարուհի, անչափ հարգում եմ Ձեր ազնիվ ձգտումները՝ ուղղված օգնելու թշվառ վիճակի մեջ գտնվողներին: Սակայն տեսնում եմ նաեւ որ դիմացը խուլ պատ է, որի պատճառը ոչ թե անհասկացությունն ու պարզ անձեռնհասությունն է միայն, այլ տարաբնույթ ճղճիմ պատճառները, անտարբերությունը, կամ պարզապես մարդկային ծուլությունը (ինչու հոգսի տակ մտնեմ, եթե կարող եմ եւ չանել!) Դեր է խաղում նաեւ զգուշավորությունը (եթե այս գործն անեմ պիտի մտածեն թե ինչքան եմ վերցրել!) Դրանից բացի էլի պատճառներ կան - եթե անմեղ ու անպաշտպան մեկին բանտն են գլորել, ապա միշտ չէ որ դա սխալի հետեւանքով է կատարվել: Մեկին հանցաք են կպցրել ուրիշին պլստացնելու համար, կամ պարզապես լուրջ պատվեր է կատարվել եւ այլն! Տարբեր հասարակություններում տարբեր աստիճանի են նման դրսեւորումները: Ցավոք, մեզ մոտ շատ ավելի ցայտուն է դա արտահայտված, սակայն երեւի մեզնից բեթարներն էլ կլինեն: Մարդիկ պարզապես շատ քիչ են մտածում ուրիշի ցավի մասին, որն ավելի է սրվում ու խորանում ներկա սոցիալական ու բարոյական անկման պայմաններում ...
Զարուհի
Հարգելի Գևորգ, իրեղեն ապացույցները մեզ մոտ ոչնչացվել ու շարունակում են ոչնչացնել օրենքով: Երբ ոլորտի հնաբնակներից հարցնում եմ, թե ինչու է համակարգը ոչնչացնում դրանք, պատասխանում են, որ միտում պետք չէ փնտրել, որ համակարգը չէր կարող կանխատեսել գիտության նման զարգացում: Բայց ես էլ հակադարձում եմ՝ հիմա արդեն գիտեն, որ գենետիկական փորձաքննություններով հնարավոր է նույնականացնել հանցագործություն կատարածին, ապա ինչու է երեք տարի անընդմեջ իրեղեն ապացույցների պահպանման դրույթը դեռ նախագծի կարգավիճակում, ինչու այն օրենք չի դարձել, չէ որ երեք տարվա մեջ հնարավոր էր մարդկային կյանքեր փրկել: Նաև առաջարկում ենք հետևյալը. քանի որ պահպանված չեն իրեղեն ապացույցները, ապա պետք է հենց դա ինքնին հիմք լինի, որ վերանայվեն գործերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter