HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. զմռսված հուշագիրը` Թամանյանի ստորագրությամբ

Աննա Բաբաջանյան

Ալեքսանդր Թամանյանի թանգարանում պահվում է մի պարկուճ, որն իր մեջ ամփոփել է  տարիների պատմությունն ու  մինչեւ վերջին հանգրվանին հասնելը երկար ժամանակ «ապրել է» ծածուկ տեղում: Թանգարանում այն հայտնվել է ոչ վաղ անցյալում` դառնալով   ճարտարապետի  կողմից  իր վաղեմի նախագծի իրականացման   և  125 հայ որբերի գյուղի հիմնադրման պատմության վկան: Այդ պատմության  որոշ մանրամասներ, սակայն,  հայտնի են դարձել բոլորովին պատահաբար:

1986թ. ապրիլի 28-ին ՀՀ Արմավիրի մարզի Լուկաշին  գյուղում խողովակաշարի  շինարարության հողային աշխատանքների  ժամանակ էքսկավատորը պատահաբար  բախվում է ինչ-որ ծանր  իրի: Այն տնտղելուց հետո գյուղացիները հասկանում են, որ գտածոն սովորական քար չէ. ունի որոշակի պարունակություն: Եվ իսկապես, դրանում  թաղված պարկուճից գտնվում է  մի հուշագիր, որտեղ կարելի է կարդալ. «1925 թվի ապրիլի 26-ին Սարդարաբադի մանկական գաղութը հիմնադրեց Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության ժողովուրդական կոմիսարների խորհրդի նախագահ Սարգիս Սրապյոնյանը (Լուկաշին): Հիմնադրման որը ներկա յեն 125 պատանի բնակիչներ` վորբեր»: Հիմնարկեքի տեքստի ներքո  մի շարք քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ`  Լուկաշինը, Թամանյանը, Հակոբյանը, Զարուբյանը, Քարմամբյանը թողել են իրենց ստորագրությունները:

Այս գրությունը պատմում է 1925-ին Լուկաշին գյուղի հիմնադրման մասին, որի տեղում նախկինում եղել է Ամերիկյան որբանոց:  Մանկական աշխատանքային ավանի  ստեղծումը, կարելի է ասել, սոցիալական նախագիծ էր, որը որբերի կյանքի պայմանները բարելավելու, նրանց համար բարեկեցիկ կյանք ապահովելու նպատակ ուներ: Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Սարգիս Սրապիոնյանի (Լուկաշին) նախաձեռնությամբ եւ նշանավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով որբանոցի տեղում 125 պատանիների (80 տղա, 45 աղջիկ)  մասնակցությամբ հիմնադրվում է գյուղը:  Հիմնարկեքի արարողության ժամանակ հիմնաքարի մեջ փոս են փորում, որի մեջ դնում են հրանոթի պարկուճը, վերջինիս մեջ էլ` հիմնարկեքի տեքստը: Այնուհետև պարկուճն  իջեցվում է  երկու մետր խորությամբ եւ թաղվում:  Փաստորեն, այն  գտնվում է 61 տարի անց  միայն և տևական ժամանակ` մինչեւ 2010 թվականը,  պահվում համայնքի դպրոցում: Եվ ընդամենը հինգ տարի առաջ` մարտին, ՀՀ Արմավիրի մարզպետարանում խորհուրդ է գումարվում ու միաձայն որոշվում է  քար-տուփը, դրանում ամփոփված պարկուճն ու  հուշագիրը հանձնել Ա.Թամանյանի թանգարան-ինստիտուտին:

Լուսանկարները` Hetq.am-ի, lragrox-zatik.blogspot.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter