HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուի Արմսթրոնգ. «Մի րոպե կլսե՞ք ծերուկիս...»

Նաիրա Հայրապետյան

1960-ական թթ. կեսերին Լուի Արմսթրոնգն արդեն երաժշտական լեգենդ էր, երբ նրան առաջարկեցին կատարել «What A Wonderful World» երգը: Նա համարվում էր ամերիկյան ջազի ամենանշանավոր անուններից մեկը՝ նկատի առնելով իր հսկայական ու ինքնատիպ ներդրումը այս բնագավառում՝ սկսած 1920թ.-ից: Չնայած այս ժամանակահատվածում ասպարեզ էին եկել նոր անուններ, ովքեր իրենց շուրջն էին կենտրոնացրել հանրության և քննադատների ուշադրությունը, այնուամենայնիվ, արմսթրոնգյան լեգենդար ժպիտը, շեփորի հնչյուններն ու, դե իհարկե, ամենուր ճանաչելի խռպոտ ձայնը շարունակում էին մնալ բարձրագույն դիրքում՝ անտեսելով բոլոր տեսակի մրցակցությունները: Դրա վառ ապացույցն էր 1964թ. թողարկված «Hello Dolly» երգը, որը « Billboard Hot 100»-ի առաջին շարքից դուրս մղեց անգամ «The Beatles»-ին, ով մինչ այդ 14 շաբաթ անընդմեջ «օկուպացրել էր» առաջատարի դիրքը: Այս երգը հիթ դարձավ նույնիսկ փոփ-չարթերում և կոմերցիոն աննկարագրելի հաջողության շնորհիվ ոսկե կարգավիճակին հասավ: 63-ամյա Արմսթրոնգն այս հաղթական կատարմամբ հաստատում էր իր աներերությունն անգամ ռոքնռոլի թեժ դարաշրջանում:

Եվ ահա մի քանի տարի անց հայտնվեց նաև «What A Wonderful World»-ը: Երգի հեղինակներն են Բոբ Տիըլը և Ջորջ Դեյվիդ Ուայսը: Տիըլը ձայնագրման հայտնի պրոդյուսեր էր, ով համագործակցել էր մեծ թվով ջազային արտիստների հետ, ինչպես օրինակ Ջոն Քոլթրեյնի, Չարլզ Մինգուսի, Դիզի Գիլեսպիի, Սոնի Ռոլինզի, Ալբերտ Էյլերի և այլոց: Սակայն նրա ամենահաջողված հիթ-երգը պետք է դառնար «What A Wonderful World»-ը՝ Արմսթրոնգի կատարմամբ: Անկեղծ ասած՝ Արմսթրոնգի այս կատարման համար երաժշտասերները երախտապարտ պետք է լինեն ոչ միայն հեղինակներին՝ իրենց ընտրության և համառության համար, այլև ամերիկացի մեկ այլ հայտնի երգչի՝ Թոնի Բենեթին. երգը նախապես որոշված էր նրան հանձնել, սակայն Բենեթը ինչ-ինչ պատճառով հրաժարվեց դրանից: Արմսթրոնգի թեկնածությունն առաջարկեց պրոդյուսեր Արթի Բաթլերը, ով տեղյակ էր արտիստի՝ նոր ալբոմի նախապատրաստական աշխատանքներից: Նա ասաց, որ Արմսթրոնգը նոր երգեր է հավաքում ձայնագրության համար: Նույն թվականի ամռանը նրանք երգչի հետ հեռախոսազրույցից հետո ստացան համաձայնությունը և երեքով էլ անմիջապես ճանապարհ ընկան դեպի Լաս Վեգաս: Այնուամենայնիվ, երգին վիճակված էր դժվար ճանապարհ անցնել և հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ՝ ձայնագրությունից մինչև լսարան հասնելը: Ամեն ինչ հստակ պայմանավորված էր. ձայնագրությունը պետք է լիներ ուշ գիշերին և տեղ գրավեր նախապատրաստվող ալբոմի կազմում: Սակայն գործը սկսելուն պես՝ հայտնվեց Արմսթրոնգի նոր պրոդյուսերը՝ «ABC Records»-ի նախագահ Լերի Նյուտոնը, ով կտրականապես դեմ դուրս եկավ այդ մտահղացմանը: «Hello Dolly»-ի գլխապտույտ հաջողությունից հետո Արմսթրոնգի հետ կնքած պայմանագրով Նյուտոնը մեծ հաջողություններ էր ակնկալում նոր ալբոմից, որը, ըստ նրա, պետք է շարունակվեր հենց այդ երգի ոգով: Չէ՞ որ « Hello Dolly»-ն այդ տեսակով էր փաստել իր կոմերցիոն կշիռը. ուրեմն ի՞նչ ավելորդ տեղ պետք է զբաղեցներ ուրախ ռիթմերի շարքում հանդարտ, բալլադային  «What A Wonderful World» -ը: Պրոդյուսերը պնդեց, որ ամեն գնով ինքն այդ երգը չի ներկայացնելու և դեմ է ձայնագրությանը: Եվ նա բառացիորեն սկսեց խանգարել աշխատանքը:

Ձայնագրությունը սկսվեց գիշերվա ժամը երկուսին: Հարկ է նշել, որ այն ժամանակ ձայնագրություններն արվում էին ամբողջությամբ երաժշտական խմբի իրական մասնակցությամբ՝ առանց ժամանակակից տեխնիկական և ձայնային հնարքների: Նվագախումբը, երգիչը, բեք-վոկալիստները, հնչյունային ռեժիսորն ու գործիքավորողը․ ամենքը և ամեն ինչ աշխատում էին այնպես, ինչպես կենդանի համերգների ժամանակ: Մի գործը կատարյալ ստանալու համար  պետք է կատարվեր այնքան, մինչև ստացվեր անհրաժեշտ արդյունքը: Արմսթրոնգը ստիպված եղավ մի քանի անգամ երգել, քանի որ համարյա երկու անգամ նրանց խանգարեց շենքի կողքով անցնող գնացքի ձայնը: Սա կարծես քիչ էր, երբ հանկարծ հայտնվեց Լերի Նյուտոնը և հայտարարեց․ «Stop!»: Երկարատև բանակցություն-վեճից հետո, երբ «What A Wonderful World»-ի խումբը հասկացավ, որ այլ կերպ հնարավոր չէ շարունակել, նրան ստիպված եղան ուժով դուրս հանել ստուդիայից և դուռը փակել: Եվս երկու ձայնագրություն ձախողվեց դռնից այն կողմ Նյուտոնի խանգարող աղմուկի պատճառով: Սթրեսային վիճակներից և լարվածություններից հետո ի վերջո գործը գլուխ բերվեց առավոտյան ժամը վեցին: Նվագախմբին և ողջ թիմին այդ ընթացքում մերթընդմերթ թեթևացնում էր ինքը՝ Արմսթրոնգը, ով կատակում և ծիծաղում էր այդ ընկերովի խենթության վրա. արդյունքում նրա տրամադրությունը փոխանցվում էր հուսալքված երաժիշտներին: Հաղթանակած համառությունը իր հաջողության բարիքը, սակայն, դեռ երկար չէր կարողանա վայելել:

«What A Wonderful World»-ը, որպես սինգլ, թողարկվեց 1967թ., սակայն Նյուտոնը փակեց երգի հանրայնացման ճանապարհը ԱՄՆ-ում՝ դրանով վրեժխնդիր լինելով Արմսթրոնգից: Ձայնապնակները ամիսներ շարունակ մնում էին  «ABC Records»-ի պահեստներում փոշու և անտարբերության մեջ: 1968թ. «What A Wonderful World»-ը «EMI»–ի հետ համագործակցաբար ներկայացվեց բրիտանական հանդիսատեսին: Շատ կարճ ժամանակահատվածում երգը գրավեց լայն լսարաններ և հայտնվեց երաժշտական առաջատար հորիզոնականներում: Լ. Նյուտոնի դիքորոշումը չփոխվեց նույնիսկ այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայում «What A Wonderful World»-ը գլխավորեց «UK Singles Chart»-ը՝ այնտեղ մնալով չորս շաբաթ շարունակ: Երգը դարձավ 1968թ.-ի բրիտանական ամենավաճառված սինգլը:  

«What A Wonderful World»-ի հանդեպ հետաքրքրությունն ԱՄՆ-ում ամեն դեպքում նույն թվականին ստիպված եղան ցուցաբերել. այս անգամ այն դրսևորվեց անհրաժեշտությունից: 1968թ.-ը անհանգիստ տարի էր ԱՄՆ-ում՝ բազմաթիվ պատճառներով: Քաղաքական հուզումնալից իրավիճակներին գումարվեցին  ռասսայական խտրականության դեմ լայնածավալ դժգոհություններ, ապա բողոքի հսկայական ալիքը Վիետնամի պատերազմի դեմ: Առջևում նաև նախագահական ընտրություններն էին: Դեռևս ապրիլ ամսին սպանվել էր քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժման առաջնորդ, ռասայական հավասարության ջատագով Մարթին Լյութեր Քինգը, հունիսին՝ նախագահի թեկնածության գլխավոր հավակնորդ, սենատոր Ռոբերտ Քենեդին: Կյանքը նորից խռովվել էր ու փողոցներում, ամենուր անկարգություններ էին, լարված տրամադրություն, բողոքի ցույցեր: Ահա այս իրավիճակում հայտնվեց Արմսթրոնգի վտարված կատարումը, որը շատերի կարծիքով տեղին էր հենց հիմա հնչեցնել:

Լեգենդար ջազ-արտիստի խոսքը՝ ուղղված իրեն հավատացող լսարանին, խաղաղության, հանդուրժողականության և մարդկային տարբեր գույնի ու տեսակի հանդեպ հարգանքի կոչ կարող էր ընկալվել և հասնել շատերին: Արմսթրոնգը ևս գիտակցում էր, որ երգը անհրաժեշտ է դուրս բերել և մարդկանց մեջ լցնել  հույսի ու լավատեսության մասին զգացումներ: Իրականում նա նաև շատ էր սիրում «What A Wonderful World»-ը և կատարում էր ամենուր, որտեղ հայտնվում էր՝ թե համերգների, թե հեռուստատեսային հաղորդումների ժամանակ: Չնայած «ABC»-ի ժլատ մասնակցությանը՝ երգը, այնուամենայնիվ, ճանապարհ հարթեց նաև ԱՄՆ-ում:

«What A Wonderful World»-ը առավել մասսայական ճանաչելիության հասավ արտիստի մահից հետո. նախ՝ 1971թ. (Արմսթրոնգը մահացավ այդ տարի սրտի կաթվածից) վերաթողարկվեց և որոշ հաջողություններ ունեցավ, ապա՝ առաջին հրատարակությունից ուղիղ 20 տարի անց, 1988թ-ին, երբ հոլիվուդյան ռեժիսոր Բարի Լևինսոնը երգով ձևավորեց «Բարի լույս, Վիետնամ» ֆիլմը Այստեղ վերջնականապես ամրագրվեց երգի համաշխարհային ճանաչումը:

   

Ֆիլմի հաջողություից հետո «What A Wonderful World»-ը կրկին որպես սինգլ թողարկվեց և շրջագայեց տարբեր երկրներում:

«Երիտասարդներից շատերն ինձ ասում են. «Այ հայրիկ, ի՞նչ ես խոսում, ի՞նչ հիանալի աշխարհի մասին է խոսքը: Իսկ ի՞նչ կասես ամենուր տեղի ունեցող պատերազմների մասին, դու դրանք է՞լ ես հիանալի անվանում»,- պատմում է Արմսթրոնգն իր ելույթներից մեկի ժամանակ,- ես ասում եմ. «Իսկ միգուցե մի րոպե լսե՞ք ծերուկիս… ինձ թվում է, որ ոչ թե աշխարհն է վատ, այլ այն, ինչ մենք անում ենք նրա հանդեպ: Ես ընդամենը ուզում եմ ասել, թե ինչքան հիանալի կլիներ աշխարհը, եթե մենք հնարավորություն տայինք իրեն: Սեր, հոգյակս, սեր… ահա թե որտեղ է գաղտնիքը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter