HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չեմ իմանում, գրպանիս մեջ մի հատ 100 հազարանոցն ա լավ, թե՝ 100 հատ հազար դրամանոցը», -ասում է տեղական հանրաքվեի ընտրության մասնակիցը

Վերջին ամիսներին Սյունիքի մարզի ութ համայնքում՝ Քաշունի, Տանձատափ, Հալիձոր, Սվարանց, Տաթև, Խոտ, Շինուհայր, Հարժիս, մարդկանց խոսակցությունների հիմնական թեման վերաբերում է համայնքների խոշորացմանը: Տարբեր հանդիպումների, քննարկումների առանցքում հիմնական փաստարկը խոշորացման գործընթացի առավելությունը ներկայացնողների համար շարունակում է մնալ ներդրումների ծավալի ընդլայնումը, որը հնարավորություն կտա կրճատել համայնքային խնդիրները:

Խոտ գյուղի բնակիչ Աշոտ Աթայանի համար ևս խոշորացման հեռանկարը ֆինանսական միջոցների ներգրավումն է, մասնավորապես, աշխատատեղերի ստեղծման առումով. «Ղեկավարությունն ասում ա լավ կինի, բայց մինչև աչքովս չտեսնամ, չեմ համոզվի», -ասում է նա և ավելացնում, որ այդ հույսով էլ մասնակցել է այսօրվա  կայացած տեղական հանրաքվեին, որի ընթացքում նաև իրենց համայնքը պետք իր դիրքորոշումը հայտնի խոշորացման մասին:  Քվեարկությանը մասնակցել է նաև  Գյուլնարա Առաքելյանը, ում կարծիքով «կառավարության գործն ա, խոշորացնի, թե՝ մանրացնի»:

Ի տարբերություն նրանց, մեկ այլ բնակիչ (ով չցանկացավ ներկայանալ, ասելով, թե իրեն նկարելուց կամ անունն ասելուց ինքը ոչ մի օգուտ չի ունենա, ավելին, հնարավոր է,  որ իրեն հետո մեղադրեն)  նշեց, որ չնայած մասնակցել է քվեարկությանը, բայց դեռևս վստահ չի, թե որը ճիշտ կլինի. «Չեմ իմանում, գրպանիս մեջ մի հատ 100 հազարանոցն ա լավ, թե՝ 100 հատ հազար դրամանոցը: Վայ թե առաջինը, ըտհենց ավելի վստահ ես զգում: Մի բան գիտեմ, որ սպասողական վիճակ ա լինելու, մինչև պարզենք որն ա լավը, դա էլ հաստատ, ես չեմ տեսնի, կարող ա մեր երեխեքը տեսնեն»:

Տեղական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի նախագահ Սեյրան Հովհաննիսյանի խոսքով մինչև կեսօր մարդիկ առանձնապես ակտիվ չէին, բայց, հաշվի առնելով արևոտ եղանակը, ենթադրում է, որ մարդիկ դաշտում աշխատում են,  օրվա երկրորդ կեսին կակտիվանան: Ժամը 13.30-ի դրությամբ 600 ընտրողներից քվեարկությանը մասնակցել էր 155 մարդ:

Խոսելով համայնքների խոշորացման ռիսկերի մասին, Խոտի համայնքի ղեկավար Մարտիրոս Գրիգորյանը նշում է, որ իր մտավախությունը վերաբերում է փոքր համայնքերից արտագաղթի ավելացմանը, գյուղերի դատարկմանը: Գյուղապետի կարծիքով նախընտրելի կլիներ, որ խոշորացման համար ընտրվեին ավելի փոքր թվով համայնքներ, ինչպես օրինակ, այսօրվա 8 համայնքները կազմեին 2 փունջ՝ որոնցից մեկի մեջ ընդգրկվեին Քաշունի, Տանձատափ, Սվարանց գյուղերը: Երկրորդ խմբում ներառվեին Հալիձորը, Շինուհայրը, Խոտը, Հարժիսը:

«Համայնքի ղեկավարը բացի պաշտոնյա լինելուց, նաև էդ գյուղի մարդկանց, այսպես ասած հույսն է: Գյուղապետին դիմում են անգամ էն դեպքում, երբ հոսանքի վարձը չվճարելու համար էլեկտրիկն անջատում է հոսանքը: Թվում է, թե մենք որևէ կապ չունենք, իրականում իրավասություն չունենք ազդելու հանրային ծառայություն մատուցող, կոնկրոտ, էներգամատակարարի հետ, բայց մարդկային տեսակետից, միջամտում ենք, հաճախ անգամ վճարում նրա փոխարեն: Չեմ կարծում, որ այս հարաբերությունները խոշորացումից հետո կպահպանվեն», -ասում է Մարտիրոս Գրիգորյանը:

Այն հարցին, թե խոշորացումից հետո ինչպիսի զարգացումներ է տեսնում  արդեն ձևավորված  Տաթև համայնքի ղեկավարի ընտրության առումով, գյուղապետը պատասխանում է, որ իր կարծիքով խոշորացվող գյուղերում հնարավոր է ստեղծվի երկու խումբ, որոնք առանձին-առանձին թեկնածու կունենան: Նա նաև չի բացառում, որ հնարավոր է իր թեկնածությունն առաջադրի. «Առաջիկայում Խոտում համայնքային մի շարք խնդիրներ կլուծվեն, մասնավորապես, գյուղը կոյուղի կունենա, մշակույթի տունը կնորոգվի, սելավատար կկառուցվի: Առաջին երկուսի համար արդեն շինարարական աշխատանքների մրցույթը կայացել է, շուտով աշխատանքները կսկսվեն: Քիչ ներդրում չունեմ համայնքային խնդիրների նվազման գործում, նաև տարիների աշխատանքային փորձս վստահություն է ներշնչում, որ կարող եմ առաջադրվել», -ասւմ է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter