HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հալիձորը կողմ է համայնքների խոշորացմանը

Հալիձոր համայնքի բնակիչ 86-ամյա Անիկ Աբգարյանը  համայնքների խոշորացման հանրաքվեին մասնակցեց մեծ  մտավախությամբ: «Մի անգամ մենք ինգալ ենք էդ փոսը. որ Շնհերը, Յաջին, Տաթևը միացած ա իլալ մեզ: Ոչ մի լավ պան չենք տեսալ. ընդհակառակը, մեր հողերն էլ եր են կլալ, մեզ թուղացալ սենց:  էդ փոսից տուս կալը շատ տիժվար ա իլալ. հիմա վախում եմ նույն ձև ինի նաև էս խոշորացումից հետո »,-նշում է նա:

Միասնական Հարությունյանն էլ, իմ այն հարցին, թե ինչ ակնկալիքներով է եկել այսօրվա հանրաքվեին, պատասխանեց. «Ծերք ես առնում ինձ. ինչ ակնկալիք: Դեմ եմ, բայց կողմ եմ քվեարկալ»,-ասաց ու լքեց ընտրատեղամասը:

Իսկ Պարույրը, որ չի տեսել նախկինում կատարված համայնքերի միավորումը, մեծ հույսեր է կապում համայնքների խոշորացման հետ: Թե ինչ կտա այս գործընթացը իրեն և Հալիձորի մյուս երիտասարդներին, պատասխանեց. «առաջին հերթին համագործակցություն մյուս համայնքների երիտասարդների հետ. միասին կարելի ա ավելի մեծ խնդիրներ լուծել, քան ամենքս առանձին»:

Բնակիչներից շատերն էլ ուղղակի մտածում են, որ որպես պիլոտային ծրագիր, մեծ ներդրումներ կկատարվեն իրենց համայնքում:

«Հաստատ գիտեմ առաջին երկու տարի շատ հիանալի ա լինելու: Քանի որ առաջին փորձն ա, պետության աչքը վրան ա լինելու: Այ հետո, որ սկսեցին մյուս համայնքներն էլ խոշորացնել, վախենամ՝ մեզ մոռանան»,- ասաց Արամայիս Գաբրիելյանը ու նորից   ինքն իրեն հակադրելով՝ շարունակեց. «Չէ մոռացվող չենք. մենք Ռուբեն ունենք», (նկատի ուներ Ռուբեն Վարդանյանին- Հեղ. ):

Հանձնաժողովի նախագահ Շուշանիկ Գաբրիելյանն էլ, ով Հալիձոր համայնքի դպրոցի տնօրենն է մտավախություն չունի, որ  դպրոցներն էլ կխոշորացվեն. «Չեմ կարող կանխատեսել, բայց չեմ կարծում, որ առաջիկայում նման բան լինի»,-նշեց նա՝ չնայած որ  նախորդ տարվա 82 աշակերտի փոխարեն այժմ Հալիձորի դպրոցում կա  75-ը:

Հալիձոր համայնքում 443 ընտրողներից միայն 229-ն է մասնակցել համայնքների խոշորացման հանրաքվեին, որից 173-ը կողմ է քվեարկել, 38-ը՝ դեմ: 13 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, իսկ 5-ը՝ չսահմանված նմուշ:

Անահիտ Բաղդասարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter