HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երասխեցի ընտանիքի աշխատող ուժը երկու անչափահասներն են

Երասխեցի դպրոցական Թաթոսը, օծանելիքի տափակ սրվակը գրպանից հանելով, մի քանի անգամ փչում է իր վրա, հետո մոտենում մեզ: Հարցնում է՝ ո՞ւմ ենք փնտրում, կարո՞ղ է օգնել: Երկաթուղային կայարանի երկայնքով քայլում ենք: Խոսում ենք դպրոցի, դասերի, գյուղի կյանքի մասին: Թաթոսն ամեն ինչից գոհ է, գյուղն էլ շատ սիրում է: Հեռվից երևացող ջրով լի տարաներով սայլակով համագյուղացի մի տղա է մոտենում՝ Լազարը: Թաթոսը մոտենում է նրան, բարևում են, սկսում խոսել: Գրպանից դարձյալ հանում է օծանելիքի տափակ սրվակը, այս անգամ փչում Լազարի վրա: Վերջինս ծիծաղում է, Թաթոսին ասում, թե «դուխիդ հեռու տար»:

Լազարն իր ընտանիքի համար ջուր է տանում գրեթե ամեն օր: Ասում է՝ մի 500 մետր հեռավորություն է, այդքան էլ հեռու չէ: Նրանց ընտանիքը տուն չունի, գյուղապետը ժամանակավորապես տրամադրել է երկաթուղային կայարանի շենքերից մեկը: Այդտեղ ժամանակին ապրել են կայարանի աշխատակիցները: Քիչ անց մեզ են միանում նաև Լազարի մայրը՝ Անժելա Ղահրամանյանն, ու մյուս երկու երեխաները՝ Դիանան ու Դմիտրին: Նրանց ընտանիքը գյուղի կարիքավորների թվում է: Չնայած Արարատի մարզի այս գյուղում դժվար թե կարողանաք գտնել ոչ կարիքավոր ընտանիք: Երևանից 80 կմ հարավ գտնվող սահմանամերձ Երասխում տները հիմնականում միհարկանի են, բազմանդամ ընտանիքներով բնակեցված:

Երկաթուղային գծերը պետք է անցնել, որպեսզի հասնենք Անժելայենց տուն: Փայտյա դարպասը հեշտությամբ բացվում է: Տան բակն ավելի շատ անապատի է նմանվում: Նայում եմ շուրջս: «Այստեղ չենք կարողանում ոչ մի բան ցանել, հողը լավը չէ, ամեն ինչ չորանում է»,- ժպտալով ասում է Անժելան: Լազարը ջրի տարաներով սայլը կանգնեցնում է բակում: Դրանից մի քաnի մետր այն կողմ կտորե վարագույրով զուգարանն է:

Տան ներսում անհամամետ մութ է: Անժելան վառում է լույսը: Նրա երեք երեխաները՝ 16-ամյա Լազարն ու 12-ամյա Դիանան, նստում են Անժելայի կողքին, 14-ամյա Դմիտրին՝ աթոռին: Մեր ամբողջ զրույցի ընթացքում Դմիտրին գրեթե չի խոսում, Դիանան ուշադիր զննում է մերթ մեզ, մերթ մորը, իսկ Լազարը ժպտում է:

Դմիտրին քիչ առաջ է եկել դաշտից: Առավոտից ձմերուկ ցանելու էր գնացել: Անժելան ասում է՝ 2.000 դրամ է բերել տուն: Տղաներն առհասարակ աշխատում են գյուղացիների դաշտերում: Դասերից շատ են բացակայում, բայց ուրիշ ելք չունեն: Ընտանիքի հայրն, Անժելայի պատմելով, 4 տարի է՝ բնակվում է Ռուսաստանում: Ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ 2-3 հազար ռուբլի է ուղարկում: Երեխաների հայրությունը չի ճանաչել: Երեխաները կրում են  Անժելայի ազգանունը: «Ամուսնուս հետ չէինք զագսավորվել: Ես նրա երկրորդ կինն էի: Ինձնից 11 տարի մեծ էր: Հիմա նա 50 տարեկան է: Հայրս էլ էր ամուսնացել-բաժանվել, ես չէի պատկերացնում, որ ինձ հետ նման խնդիր կլինի»,- ասում է նա: Փորձում եմ փոխել մեր խոսակցության թեման, որպեսզի երեխաներին տհաճ չլինի, բայց Անժելան շարունակում է:

Ասում է՝ 12 տարի միասին են ապրել ամուսնու հետ ներկա կացարանում: Երբեմն բաժանվել-միացել են: Ընտանիքի կայուն եկամուտը, եթե կարելի է այդպես ասել, 38.000 դրամ սոցիալական նպաստն է: «Հենա Դիման 2.000 դրամ է բերել, կգնամ ձեթ առնեմ, բերեմ սուպ սարքեմ: Տանն էս պահին մենակ մի քիչ կարտոշկա կա»,- սա ասելուն պես Անժելայի դեմքից կորում է ժպիտը: Նա 6 տարի առաջ հոսանքահարվել է, որից նյարդը վնասվել է, ուժեղ գլխացավեր է ունենում, հաճախկի փսխումներ:

Լազարի և Դիանայի մոտ էլ տեսողության խնդիրներ են առաջացել: «Էրեխեքի տեսողությունն էս պայմաններից վատացավ: Դիանայի աչքն էր փախնում, ակնոցը մի քիչ օգնեց: Վիրահատության համար գումար էր պետք, չկարողացանք գտնել: Տեսողությունը -2,5 է, իսկ Լազարի մոտ՝ -7,5: Բայց հիմա երկուսն էլ ակնոց չեն կրում, որովհետև ակնոցի ապակիները պղտորվել են»,- նշում է նա:

Լազարին հարցնում եմ, թե արդյոք առանց ակնոցի դժվար չէ: Ժպտում է, ասում է՝ դե ոչինչ, ինչ կարող է անել: Ասում է՝ ուզում է զբաղվել նկարչությամբ, Երևանում լուսավոր տուն ունենալ: Դիանան էլ թե՝ «ես էլ դերասանուհի եմ ուզում դառնալ»: Իսկ Դիման լռում է: «Դիման մեքենաների նորոգման հանդեպ սեր ունի, չէ՞ Դիմա»,- նրան նայելով՝ ասում է Անժելան:

«Եթե իմ առողջությունը տեղը լիներ, կաշխատեի: Բայց գյուղում աշխատատեղ չկա: Մի խանութ կար, գնում ավլում էի, էլի օրական մի փոքր գումար էին տալիս: Ոչինչ, լավ կլինի: Էրեխեքը մեծացել են, օգնում են: Էս տարի որոշել ենք ձմերուկ վաճառել ճանապարհին»,- ասում է Անժելան:

Տունը խոհանոց, բաղնիք չունի: Սենյակում տաշտ են դնում լողանալու համար: Ջուր չունեն, գյուղի մի ծայրից ջուրը սայլակով են բերում: Անժելան ասում է, որ ջուր ունենալն էլ մեծ ծախս է իրենց համար՝ 40 մետր խորությամբ հոր պետք է փորել տան մոտ, խողովակ, ջրաչափ պիտի գնեն: «Դե ոչինչ, կարևորը հիմա լույս ունենք: Երբ տեղափոխվեցինք էս տուն, լույս էլ չկար, անցկացրինք: Դե էրեխեք են, ամեն ինչից զրկված են, գոնե մի լույս ունենան»,- նշում է նա:

Անժելայի հետ շրջում ենք հարևան սենյակում: Պատերին, առաստաղին մեծ ճաքեր կան: Զրույցի ժամանակ նա չի տրտնջում պայմաններից: Ամեն ինչի մասին ժպտալով է պատմում: Հարցնում եմ, թե ինչն է ուժ տալիս, որ չի դժգոհում ոչ մի բանից:

«Ի՞նչ անեմ՝ պիտի բողոքե՞մ, լացե՞մ… Հարմարվել եմ, գիտեք: Հույսս Աստված է, մեզ օգնում են՝ հագուստ են տալիս: Հիմա չեմ կարող շոր առնել, ես էլ, էրեխեքն էլ էդ տված շորերով ենք ապրում»,- պատասխանում է նա: Գյուղում ապրում են նաև նրա ծնողները, ովքեր իրենց հնարավորությունների սահմաններում, ըստ Անժելայի, օգնում են: Անժելան ծնողների հետ 1988-ին Բաքվից է տեղափոխվել Երասխ: Ծնողները հիմա մենակ են ապրում:

Նրանց հրաժեշտ ենք տալիս: Մեր գնալու պահին Անժելան ասում է՝ իրենց հարևան ընտանիքն ավելի վատ է պարում, առաջնահերթ նրանց է օգնություն անհրաժեշտ:

Երեխաներից Դիման մեզ ուղեկցում է այդ հարևանի տուն: Ճանապարհին հարցեր եմ տալիս՝ ուզում եմ հասկանալ նրա լռության պատճառը: Դիման պատմում է, որ դասերից շատ է բացակայում: Ուսուցիչներն էլ արդեն գիտեն, որ երեխաները դաշտ են գնում, ու չեն զայրանում:

Երբ սկսում ենք խոսել դժվարություններից, ասում է՝ շատ է հոգնում, ամբողջ օրը կռացած է լինում, մեջքն է ցավում, բայց ի՞նչ արած: Բերքահավաքի ժամանակ երբեմն պատահում է, որ դաշտի տերերն իմանալով երեխա է՝ ամեն ինչ անում են քիչ վարձատրելու համար: Օրինակ, արկղից հանում են թեկուզ մի փոքր վնասված մրգերը, իսկ իրեն վարձատրում են արկղերի քանակով: «Իսկ կրակոցներ լինո՞ւմ են»,- հետաքրքրվում եմ: Ասում է՝ ամեն օր էլ լինում են, դաշտ է լինում, որ էնքան մոտ է սահմանին: Այդ դեպքում ավելի լարված են աշխատում: «Բայց սովորել եմ»,- մեղմ ժպտալով՝ ավելացնում է Դմիտրին:

Երբ հասնում ենք Անժելայի նշած տունը, ընտանիքի մայրն ասում է՝ «չէ, Անժելայենք ամենավատն են ապրում՝ ոչ տուն, ոչ ապրուստ ունեն, իսկ ես ամուսին ունեմ, քիչ թե շատ էլի աշխատում է»: Երասխի ավտոկանգառի ճանապարհին հիշում եմ գյուղապետի խոսքերը, թե Անժելայի ընտանիքին օգնողը հազար օրհնություն կստանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter