HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանյան բանկերում պահվող ավանդների մեծ մասը արտարժույթով են

Հայաստանյան բանկերում պահող ավանդների ու հաշիվների ծավալները մարտին նվազել են: Նախորդ տարեվերջին դրամի արժեզրկումը հետևանքներ է թողել նաև այս տարվա մարտին: ՀՀ կենտրոնական բանկի  (ՀՀ ԿԲ) ներկայացրած վիճակագրությունը հստակ արտացոլում է այդ պատկերը:

Այսպես,  ԿԲ-ի՝ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալների վերաբերյալ ամսական հաշվետվությունից տեղեկանում ենք, որ 2015 թվականի մարտին  ՀՀ 21 բանկերում պահվող ավանդներն ընդհանուր կազմել են  1 տրլն 711 մլրդ 299 մլն դրամ: Դա ավելի քիչ է թե փետրվարի ցուցանիշից, թե՝ նախորդող երեք ամիսների: Դրանում ընդգրկված են ոչ ռեզիդենտ ձեռնարկությունների, տնային տնտեսությունների (բնակչություն), շահույթ չհետապնդող կազմակերպությունների և ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունների ցպահանջ (ներառյալ հաշիվները) և ժամկետային ավանդները: Կուտակված տոկոսներն ընդգրկված չեն: 

Ընդհանուր դինամիկան ունի հետևյալ տեսքը.

Ստացվում է, որ ավանդները բանկերում մարտին պակասել են 17,174 մլրդ դրամով:  Այդ նվազումը պայմանավորված է նախորդ տարեվերջին դրամի արժեզրկման հետևանքով առաջացած խուճապով, որը որոշ ավանդատուների մղեց բանկերից հանել իրենց գումարները: Արդյունքում ունենք նվազում: Այդ նվազմանը պետք է գումարել ևս մեկ հանգամանք: Դա բացատրելու համար այստեղից կառանձնացնենք  բնակչությունից ներգրավված ավանդները և կներկայացնենք դրա օրինակով:

Աճ, սակայն՝ հարցականներով

Կենտրոնական բանկը բնակչության ներգրաված ավանդները ներկայացնում է որպես ավանդներ, որոնք ներգրավված են տնային տնտեսություններից: 2015թ. մարտի վերջին դրանք կազմել են 881 869 մլն. դրամ՝ փետրվարի նկատմամբ նվազելով 7 336 մլն. դրամով կամ 0,8%-ով, իսկ 2014թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճելով` 73 388 մլն. դրամով կամ 9,1%-ով: Սա, իհարկե, ոլորտի պատասխանատու պաշտոնյաները կարող են ներկայացնել որպես աճ, բայց մենք այն կանվանենք չակերտավոր աճ: Բանն այն է, որ ըստ ԿԲ-ի՝ նշված 881 869 մլն. դրամից  բնակիչները բանկերում դրամով միայն 255 824 մլն դրամն են պահում, իսկ արտարժույթով՝ 626 045 մլն դրամը (71%-ը):

Համեմատության համար նշենք, որ 2014-ի մարտի դրությամբ բնակչությունից ներգրավված ավանդների 255 911 մլն դրամը պահվել է դրամով, իսկ 552 570 մլն դրամը (68%-ը)՝ արտարժույթով: Ինչ է ստացվում՝ մեկ տարում բանկերում դրամով պահվող ավանդները նվազել են 87 մլն դրամով, իսկ արտարժույթովը՝ 73,4 մլրդ  դրամով աճել: Այսինքն՝ այն տարեկան 9,1% աճը, որը ներկայացրել է ԿԲ-ը, գրանցվել է արտարժույթով ավանդների հաշվին: Բայց սա չի նշանակում, որ մարդիկ դրամով վարկերը հանել ու արտարժույթով են պահ տվել: Կամ արատարժույթով ավանդներ ներդնել ցանկացողների թիվը 1 տարում աճել է:  Նախ դրամով պակասածը շատ ավելի քիչ է, քան արտարժույթով ավելացածը: Հետո՝ սա վկայում է այն մասին, որ դոլարայնացման մակարդակն է բարձրացել, որը դրամի դիրքերի թուլացման մասին է խոսում:  Ինչու՞ չի կարելի ոգևորվել այդ աճով: Նախորդ տարեվերջին դրամ-դոլար ցնցումները մեծապես նպաստեցի դրամի արժեզրկմանը, ինչը նշանակում է, որ մեկ տարի առաջ դրամն ավելի մեծ գումար է եղել, քան այսօր: 2014-ի մարտին, ըստ ԿԲ-ի, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է   414,22 դրամ, իսկ այս տարվա մարտին՝ 477,65 դրամ: Հիմա պարզ հաշվարկ ենք անում: Այս տարվա մարտին բնակչությունից ներգրավված ավանդների 626 045 մլն դրամը պահվել է արտարժույթով, հիմնականում՝ դոլարով ու եթե հաշվում ենք այս մարտի միջին փոխարժեքով, ստացվում է, որ բանկերում արտարժույթով եղած գումարը դոլարով կազմել է 1 310,6 մլն դոլար, իսկ երբ նախորդ տարվա մարտի ցուցանիշն ենք հաշվարկում այդ ամսվա փոխարժեքով, ստանում ենք, որ այդ ամիս արտարժույթով եղած գումարը դոլարով կազմել է 1 334 մլն դոլար, որը 23,4 մլն դոլարով ավելի է այս տարվա մարտի ցուցանիշից:  Ստացվում է, որ դոլարային արատահայտությամբ ոչ միայն  9,1% աճ չի գրանցվել, այլև՝ նվազում է եղել: Այիսնքն՝ արտարժույթային ավանդները վերածել դրամի և ներկայացնել ավելի մեծ թիվ, դեռ չի նշանակում իրական աճ արձանագրել:

Եվ, առհասարակ, հայաստանյան բանկերում պահվող ավանդների մեծ մասը արտարժույթով են: Դրանք առավել մանրամասն ներկայացնում ենք ԿԲ-ից ստացված վիճակագրությամբ.

Լուս.՝ myitalia.me-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter