HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թույլատրված ապօրինություններ. Մոտկորի անտառները հատվում են

«Ճրագաթաթ ծմակը փայտ է եղել, հասկանո՞ւմ եք: Իսկ ես կարծում էի վայրի գեղեցկության խորհրդանիշն է եղել այդ բարդված անտառը»:
                                                                                     Հրանտ Մաթևոսյան, «Ահնիձոր»

Մատղաշ  բոխենու  փայտով բեռնված ավտոմեքենաները  անտառից ազատ  ելումուտ  են անում Ահնիձոր: Մայիսի 17-ին գյուղի սկզբնամասի  տներից մեկի մոտ առանց պետահամարանիշի փայտով  բարձված բեռնատարի վարորդին չկարողացանք գտնել: Ավտոմեքենայի կողքին կտրված փայտ էր թափված:

Ժամը 15-ի սահմաններում փայտով բարձված մեկ այլ բեռնատար մտավ գյուղ:  Վարորդը, ձեռքով արված կանգնելու ազդանշանին չնկատելու տվեց, մեքենան սլացավ դեպի գյուղի խորքը:

Լորուտ և Ահնիձոր  գյուղերի  խաչմերուկից  հազիվ  200 մետրի վրա` Լորուտի  նախկին  պանրագործարանի ավերակների վերածված  շենքի  տարածքում, կանգնած էին AN 26 SO  191 և  AN 58 LS 329 պետհամարանիշներով  բեռնատարները և  հատատեղից  վերադարձած`փայտով բերնեբերան  բարձված 33 SV041 պետհամարանիշով ավտոմեքենան,  որի բեռնաթափքը բաց էր:

Այնտեղից փայտը պետք է տեղափոխվեր փակ բեռնատարներ: Բեռնատարների  կողքին  մի քանի տեղ մեծ քանակությամբ փայտ էր թափված: Տարածքում  պատահաբար հայտնվեցի, երբ ճանապարհը հատելիս թփերի հետևում  նկատեցի կուտակած փայտերը: Սև վերնաշապիկով, նիհար ու բարձրահասակ մի տղամարդու նկատեցի ավտոմեքենաներից անդին: Տղամարդն էլ ինձ էր տեսել: Մինչ ավտոմեքենաները նկարեցի, նա  անհետացավ  տարածքից: Սպասում էի, որ պետք է մոտենա և հարցնի, թե ինչու եմ նկարում: Սակայն սև վերնաշապիկավորը չքացավ:

Մինչ Ահնիձոր-Լորուտ գյուղերի խաչմերուկից Մարց գյուղ հասնելը,  հեռախոսով սկսվեցին փայտով բեռնված 3 ավտոմեքենաների ու փայտակույտերի մասին չգրելու միջնորդությունները:

Հայտնի փաստ է, օրինական փայտ տեղափոխողը թաքնվելու, կամ այդ  մասին չհարապարակելու համար միջնորդներ գտնելու կարիք չի ունենա:

«Անտառը, որ մեզ մնա չենք էլ թողնի, որ կտրեն: Բայց թե նախարարությունն ա, թե վարչապետն ա, ով գիտի, թե թագավորն ա, որ թույլ է տալիս  ով  ա հասկանում: Մտնում են անտառ ոչ թե կտրում են, այլ անտառը ջնջում են:   Ահնաձորի անտառից էս տարածքն է մնացել»,- գյուղի դիմացի լանջը ցույց տալով ասաց  ահնիձորցի  80-ամյա Օնիկ Աբովյանը:

«Գյուղի դիմացի` Ռևազի թալեն, «Մատանի գլխից» մինչև «Բադալի թալեն» ա,  որ անարատ ա մնացել: Ահնիձորի «Միջնակ» հանդամասում, «Ծլկուտ» թալումը, «Քարագլուխ» հանդամասի անտառներում, «Սարի ճամփա» են ասում, հմի որիցն ասենք, գյուղի հեռու հանդամասերում անտառ չեն թողել»,- շարունակում է Օնիկը:

Օնիկ Աբովյանի ասելով՝ անտառապետ Մելիքը, Ահնիձորի տղա է ու  գյուղին  մոտիկ  տեղերը չի թողնում՝ անտառը կտրեն: Ահնիձորի գյուղապետ Վանիկ Քառյանը խնդրեց անտառից դուրս բերվող փայտի օրինականության հարցը  չքննարկենք:  

«Եթե էդ փայտի գործը չլինի մեր գյուղացին էսօր ալյուր առնելու, իր ընտանիքին կերակրելու հնարավորությունը չի ունենա: Անկեղծորեն եմ ասում: Բայց որտեղ սանիտարական հատում է կատարվել, թող գնան այնտեղից փայտը տանեն»,- առաջարկեց գյուղապետը:

«Թափուկը ձեռք չի տալիս անտառը կտրողներին, լավ, մատղաշ ծառը շատ լավ գին ունի: Ես որ գնամ անտառ, հանկարծ ուզենամ վաճառելու համար բեռնատարով փայտ հանեմ, ինձ չեն  թողնի: Էս մարդկանց  անտառից ավտոյով  փայտ հանելը անտառի ղեկավարության հետ խոսացած բան ա: Դա էնենց հարցեր ա, որ ոչ ես կարող եմ լուծել, ոչ էլ դուք: Լրիվ վերևից ա գալիս»,- բացատրեց ահնիձորցի Վահան  Քառյանը: 

«Եթե անտառտնտեսությունը թույլ չտա, գյուղացին ով է եղել, որ մտնի անտառ, դե գնա էս գյուղացոնց մեկի կովը մորթի դուն, ինչ տարբերություն ուրիշի կովն են մորթում, թե պետության անտառը»,- ասում  է Օնիկ Աբովյանը: 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառների և անտառային հողերի օգտագործման բաժնի պետ Արայիկ Մեջլումյանը գնորդի կողմից առանց պատշաճ ֆինանսական փաստաթղթերի  անտառից  փայտանյութ  տեղափոխելը  անթույլատրելի համարեց: Փայտ տեղափոխողների մոտ տարածված է ոչ միայն առանց փաստաթղթի, այլ մեկ ֆինանսական փաստատթղթով մի քանի անգամ անտառ մտնելու սովորույթը:

«Դսեղի անտառտնտեսության» տնօրեն Վահե Քառյանն ասում է, որ անտառից փայտի մթերումը կատարվում է ինքնապատրաստմամբ`գնորդը իր միջոցներով  անտառամերձ գյուղերի գյուղացիների և տրակտորիստների միջոցով  կտրում և տեղափոխում է փայտը: Ծառերը հատողների և տրակտորիստների համար իրենց ծանր աշխատանքը ստաժ չի համարվում, նրանք  չեն վճարում եկամտահարկ:  Փայտի մթերումն ու իրացումը  և  դրանով զբաղվող մարդկանց  աշխատանքը օրինական դաշտ տեղափոխելու համար անհրաժեշտ է ստեղծել  անտառտնտեսություններին կից փայտի իրացման   բազաներ: «Անտառտնտեսությունները այդ բազաները ստեղծելու միջոցները չունեն, այդ դեպքում նաև փայտի գինը կթանկանա»,- բացատրեց Արայիկ Մեջլումյանը: Վահե Քառյանն երեկ մեզ  ասաց, որ  Դսեղի անտառտնտեսությունը 2015թ.-ին մթերելու է  3-4 հազար խմ փայտ:  Տնօրենին խնդրեցինք ավելի հստակացնել թիվը. «4 հազարից քիչ պակաս, 3 հազարից   քիչ ավել: Եթե չեմ սխալվում 2015թ.-ին արդեն 200-250 խմ փայտ ենք մթերել»,- պատասխանեց նա: Մայիսի 17-ին  Ահնիձորում մեզ հանդիպած փայտով բեռնված ավտոմեքենաների  օրինականության մասին Վ. Քառյանը  երաշխիքներ չտվեց: «Կարա և ապօրինի լինի:  Ես չեմ կարող բացառել, որ ապօրինի անտառահատւմներ չեն լինում»,- ասաց  տնօրենը: Վ. Քառյանը   ի սկզբանե տեղյակ էր  Լորուտի նախկին պանրագործարանի տարածքում փայտով  բեռնված  ավտոմեքենաներից:

«Եթե այդ ավտոմեքենաների համարները ասեք, մեր հիմնարկությունում կնայենք  դրանք օրինական են փայտը տարել, թե ոչ»,- ասաց նա:

Տնօրենը «միամտորեն» չէր հասկանում, որ խոսքը ոչ թե  հիմնարկում, այլ  անտառում  ու անտառի փեշին  կանգնած հսկա ավտոմեքենաների տերերի ձեռքին` փայտի քանակն ու բեռնելու իրավունքը հաստատող ֆինանսական փաստաթուղթ ունենալու  և դրանով  մեկ անգամ անտառ մտնելու մասին է:  Վահե Քառյանի  մեզ առաջարկած օրինականություն ստուգելու փորձված միջոցով  ոստիկանության Լոռու մարզի  Թումանյանի բաժանմունքի կողմից տարիներ շարունակ «ստուգվում» և օրինականացվում են  օրը ցերեկով  Մոտկորի անտառների ապօրինի անտառահատումներն ու անտառանյութի բեռնափոխադրումը:

Մեկնաբանություններ (1)

Nestor
Лесоповал среди бела дня идет не на шутку уже не впервой, поскольку лес без хозяина, сейчас дрова или доски--это чисто бизнес, а вернее просто воровство. Какая разница, рыба в озере или дрова в лесу, своровал, продал, поймают--сел. Директора лесхоза за пропавшую гайку могут снять или даже посадить, гайки все на балансе, а лес--кто там считает? Когда лес будет с хозяином, частник или кооператив, будет и охрана и ресурс.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter