HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սյունեցի պատգամավորի անձնուրաց պաշտպանությունը՝ հօգուտ Սուրեն Խաչատրյանի ու նրա որդու

Սյունիքի մարզից ընտրված պատգամավոր Հայկ Գրիգորյանի ձայնը խորհրդարանում քչերն են լսել: Նա լուռ ու մունջ նստում է Ազգային ժողովի վերջին շարքերում իրեն հատկացված աթոռին, քվեարկությունների օրերին սեղմում իշխանությոունների համար ցանկալի կոճակը և լուռ հեռանում: Այսօր պատգամավորը «խախտեց» ավանդույթը: Պատճառը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի անվան հետ կապվող հերթական արյունոտ միջադեպի վերաբերյալ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վերջին օրերի հայտարարություններն էին:

Իհարկե, Հայկ Գրիգորյանը Զարուհի Փոստանջյանի անունը չհնչեցրեց ԱԺ ամբիոնից, սակայն ակնարկը պարզ էր: Սյունեցի պատգամավորը խոսքը սկսեց նրանով, որ չի ցանկացել ելույթ ունենալ, սակայն իր գործընկերներից մեկը զարկ է տվել «մթագնած երևակայությանը» և «անիմաստ ու բովանդակազուրկ» մտքեր արտահայտել ԱԺ բարձր ամբիոնից, ինչն էլ ստիպել է իրեն պատասխանել:

«Ընդհանրապես դահլիճում կան հատուկենտ մարդիկ, որոնք շունչները պահած սպասում են, որ մի դժբախտ դեպք տեղի ունենա Սյունիքում, հատկապես՝ Գորիսում, և նրանք էլ սկսեն իրենց նեխած մտքերը, կամ՝ Գյուլնազ տատու հեքիաթները մատուցեն հանրությանը: Խոսքս անշուշտ վերաբերում է Գորիսում տեղի ունեցած վերջին դեպքերին, որոնք ցանկացած բանական մարդու համար անընդունելի են ու դատապարտելի»,-ասաց Հայկ Գրիգորյանը:

Պատգամավորը հայտարարեց, որ իր մոտեցումը հստակ է՝ ցանկացած մարդ, եթե անօրինական քայլ է կատարել, պետք է ենթարկվի պատասխանատվության: Բայց «դատապարտել» բառը, ըստ Հ. Գրիգորյանի, իր որոշ գործընկերների մոտ դարձել է «փնովել» բառի հոմանիշը:

«Գործընկերս իր ողջ ջանքերը գործադրում է, որպեսզի Սյունիքի մարզպետի որդուն սարքի մեր ժամանակների հակահերոս: Նման բան միայն նրա ճղճիմ մտածելակերպի արգասիքն է: Եվ ընդհանրապես, կոչ եմ անում վերջ տալ այդ տգեղ սովորությանը, քաղաքական դիվիդենտներ հավաքելով ուրիշներին փնովելը՝ նրանց վրա ցեխ շպրտելով: Եթե հիմա հետաքննությունը պարզի, որ այս գործում  Տիգրան Խաչատրյանի մեղքը հավասար է զրոյի, այսինքն եթե նա ընդհանրապես կապ չունի տղաներին հարվածելու կամ մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, մեջներդ կլինի՞ այն աստիճան բարոյականություն, որ հրապարակային ներողություն խնդրեք ձեր կողմից հնչեցված արտահայտությունների համար: Անկեղծ ասած՝ շատ եմ կասկածում»,-ասում է Հայկ Գրիգորյանը:

Այս ամենի մեջ Հ. Գրիգորյանին մտահեգել և անհանգստացրել է իր «գործընկերներից մեկի» հոգեկան և մտավոր վիճակը, նրա առողջական խնդիրները, «որովհետև մարդասիրության սկզբունքները ենթադրում են կարեկցել հոգեկան պրոբլեմներ ունեցող որոշ անձանց»:

«Բազմազավակ մորը պատրաստ եմ տրամադրել համապատասխան հոգեկան և բժշկական աջակցություն, որի համար անհրաժեշտության դեպքում, կդիմեմ համապատասխան մասնագետների: Այդօրինակ մոտեցումը պայմանավորված է բացառապես պայմանավորված է գործընկերոջս ընտանիքում խաղաղության հաստատմամբ».-խոսքը եզրափակեց պատգամավորը, ով ԱԺ ամբիոնի մոտ հայտնվելու եզակի դեպքն օգտագործեց ոչ թե հանրության համար կարևոր հարցեր բարձրացնելու, այլ բացառապես Սուրիկ Խաչատրյանի պաշտպանությամբ զբաղվելու համար:

Ի դեպ, երիտասարդ պատգամավորը եղել է Սյունիքի մարզպետի անգլերենի ուսուցիչը:

Մեկնաբանություններ (6)

Տիգրան
Հետաքրքիր է, եթե ՀՀԿ-ի ղեկավարները որոցեն Հայաստանը տալ Ադրբեջանին, և այս պատգամավորին հրամայեն կողմ քվեարկի: Կքվեարկի թե ոչ? Իմ կարծիքն է, որ միարժեք կողմ կքվեարկի և մի հատ էլ կհիշացնի, թե գիտեք ես ինչեր եմ արել ես երկրի համար
Հասմիկ
Սրբություն չունեցող պատեհապաշտ պնակալեզի դասական տիպար, որոնց վրա են հենվում բոլոր ժամանակներում բոլոր բռնապետությունները։
hasmik
ստրուկ պատգամավոր, ինչ մեղք ա
Հակառեժիմ
Լիսկայի հերթական քութիկներից
Հայկ Գրիգորյան
Բա ինչի համար է վեր ընգած խորհրդարանում?? Ինչ է երկրի համար? պարզ չէ որ իր պապաներին պետք է սրբությամբ պաշտպանի Երևի ինքն իրանից շաատ գոհ է իր ասած ճառից. Տարին մեկ է խոսում, բայց հո մտքեր չի ասում Կարճ ասած: Սուրեն Խաչատրյանի ու նրա որդու համար ամեն ինչ կանի երիտասարդ պատգամավորը, պետք լինի մորն էլ կծախի, հորն էլ
Գորիսեցիներ
Գորիսում կոստիումի վրայի նշանը որ հանես սրան չեն ճանաչի, հիմա խոսում է թե կռվում ով ինչ է արել կամ չի արել։ Հասկանալի է մեկի թելադրանքն ես կատարում, բայց ջահել տղա ես նման մեղքի տակ մի ընկի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter