HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հավլաբարցի կոշկակար. «Տուֆլին մարդու ներսն է ցույց տալիս»

«Կոշիկից կարելի է ճանաչել մարդուն: Տուֆլին մարդու ներսն է ցույց տալիս, ցավդ տանեմ: Ո՞նց բացատրեմ դա: Ինչ ուզում ես հագիր վերևից, տուֆլիդ որ մաքուր չեղա~վ»,- կոշիկը պտտեցնելով ձեռքի մեջ՝ ասում է վարպետ Ռոման: Կոշիկի միջոցով կարող է ասել՝ մարդը մաքրասե՞ր է, թե՞ փնթի: «Տուֆլի կա, ձեռդ չես ուզում վերցնել, տուֆլի էլ կա, էնպիսի դուխու հոտ է գալիս, որ իսկի մարդուց էդպիսի լավ հոտ չի գալիս»,- ծիծաղելով ավելացնում է Ռոմա Մուրադյանը:

Նա Հավլաբարի հայտնի կոշկակարներից է: Երբ թաղամասի հայկական եկեղեցու մոտ հարցնում էինք տեղի հայտնի հայ արհեստավորների մասին, մեզ միանգամից ուղղորդեցին վարպետ Ռոմայի մոտ: Փոքրիկ կոշկակարանոցի ներսում հայեր էին նստել, երբ մոտեցանք, դուրս եկան: Ռոման նրբանկատորեն դիմեց նրանց, թե չգնան, սպասեն: Հետո մեզ առաջարկեց նստել:

Կոշկակարանոցի պատերին փակցված լուսանկարների մասին եմ հարցնում: Սկսում է ծիծաղել: Քիչ անց ասում է՝ «ամբողջ օրը չագուչով խփում ես, չորս պատի մեջ, գոնե մի քիչ էլ գեղեցկություն լինի շուրջդ»: Կոշկակարանոցի դռան մոտ կանգնած երկու տղամարդիկ ծիծաղում են վարպետ Ռոմայի ասածից:

Մուրադյանների ընտանիքը Թբիլիսի է տեղափոխվել Կարսից 1915 թ.-ին: Ռոմայի հայրը՝ Յուրա Վարդանյանը, Թբլիսիում զբաղվել է կոշկակարությամբ: Արհեստը փոխանցվել է Ռոմային ու եղբորը (նրանք նաև մի քույր ունեն):

«Էն ժամանակ սա լավ փեշակ էր: Ստիպված չէի ընտրել գործս: 7 տարեկանից սկսած հորս օգնում էի, բայց բուն կոշիկ կարել սկսել եմ 1985-ից»,- նշում է 52-ամյա կոշկակարը: Իսկ գործը դժվարացել է, որովհետև հիմա տարբեր երկրներից կոշիկ են տանում-վաճառում Վրաստանում: Հատկապես Չինաստանից են շատ ներկրում: «Էդ Կիտայը մեզ խեղդում ա»,- ասում է նա: Չինաստանից բերած կոշիկներն էժան են, իսկ եթե իրենք կարեն, ավելի թանկ կվաճառեն՝ հումքն է, կարելու գումարն է:

Նախկինում Մուրադյանները կոշիկի արտադրամաս ունեին Թբիլիսիում՝ իրենք ձևում էին, իրենք կարում, իրենք էլ վաճառում: Բայց ազատ շուկայական հարաբերությունների հաստատմամբ գործն սկսել է ոչ եկտամտաբեր դառնալ նրանց համար: Ասում է՝ 1999-ից այլևս չի կարում կոշիկ, միայն վերանորոգում է:

Չնայած, ասում է, կոշկակարություն սիրում է, բայց եթե ժամանակը հետ տային, անասնաբույժ կդառնար: Բայց դրան «խանգարել է» սիրահարված լինելը: «Ուզում էի ընդունվել «զով», էնտեղի պրոռեկտորն էր, թե ռեկտորը հորս ասաց՝ «Один баран зарежешь, твой сын будет учитсья»: Սա պատմելուն պես ծիծաղում է, հետո ասում, որ գոհ է, կարևորն ամուսնացավ իր սիրած աղջկա հետ: Նա էլ հայուհի է: 30 տարի է՝ հաշտ-համերաշխ ապրում են, 2 աղջիկ ունեն և 4 թոռ:

Կոշկակարը, սակայն, չի ցանկանում, որ թոռները շարունակեն իր արհեստը: Ասում է՝ փեշակը լավն է, դժվար չէ, բայց մաքուր գործ չէ: Ցույց է տալիս իր ձեռքերը, հետո թե՝ «էս մեր խալխը ծնվել ա, որ էսպես աշխատի՞, թող մի քիչ էլ մաքուր, կաբինետային գործ գտնեն»:

Նախկինում հայ արհեստավորները շատ էին Թբլիսիում: Վարպետ Ռոմայի ասելով՝ հիմա էլ կան, բայց ինչպես Հայաստանում, Վրաստանում էլ մարդիկ գնում են երկրից, որովհետև գործ չկա: Հայ արհեստավորների համբավը մինչ օրս էլ պահպանվում է: «Էս ջահելներն էլ, գիտեք ոնց են, չեն կպնում գործին: Էն մարդը, որ փեշակ չգիտի ու թոզից ա խոսում, կյանքում փեշակ չի կարա սովորի: Մարդ որ իր փեշակը չսիրի, փեշակավոր չի դառնա»,- ասում է նա:

Կոշկակարի կարծիքով՝ նախկինում «Թիֆլիսում դիփ մի ֆասոնի կոշիկ էին կարում», հիմա «ֆասոնները» փոխվել են, մրցակցություն կա: «Կարևորը՝ ցանկացած գործի մեջ սեր լինի»,- ավելացնում է վարպետը: Նրա հաճախորդները հիմնականում վրացիներ են, բայց, իհարկե, հայեր էլ կան: Ձեռքի շնորհքը գիտեն թաղամասում: Բայց դրանից ավելի կարևորը, ըստ կոշկակարի, վերաբերմունքն է մարդկանց հանդեպ: «Մի անգամ մի մարդու հարցրեցի՝ ինչի՞ ես կոշիկներդ միշտ բերում ինձ մոտ: Ասեց՝ անպայման չի, որ լավ սարքես, սիրում եմ զրուցել քեզ հետ: Մարդկանց հետ պիտի շփվել իմանաս: Ասում են, չէ՞, քաղցր լեզուն օձը բնից հանում է»,- ժպտում է նա:

Ըստ Ռոմայի՝ արհեստավորը մինչև 12:00-ը սոված կմնա, հետո հացը գտնում է: Ճիշտ է, նկատում է, նախկինի պես չէ գործը, բայց չի դժգոհում՝ էլի տան մի կտոր հացը լինում է:

«Առավոտը տնից որ դուրս եմ գալիս, 3 հատ տամոժնիա եմ անցնում, ցավդ տանեմ, թոռներս, էրեխես, տիկինս: Եթե տամոժնին անցա, ուրեմն՝ լավ ա լինում»,- ծիծաղում է նա:

Զրույցի վերջում նա մեզ հրավիրում է տուն, ասում է՝ հայ օջախ է, բա չհյուրասիրե՞ն մեզ: Շնորհակալություն ենք հայտնում՝ խոստանալով, որ հաջորդ այցելությանն անպայման կհանդիպենք:

Մեկնաբանություններ (1)

Աննա
Ընտիր նյութ:)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter