Շաբաթ, 22 սեպտեմբերի

Հավլաբարցի կոշկակար. «Տուֆլին մարդու ներսն է ցույց տալիս»



«Կոշիկից կարելի է ճանաչել մարդուն: Տուֆլին մարդու ներսն է ցույց տալիս, ցավդ տանեմ: Ո՞նց բացատրեմ դա: Ինչ ուզում ես հագիր վերևից, տուֆլիդ որ մաքուր չեղա~վ»,- կոշիկը պտտեցնելով ձեռքի մեջ՝ ասում է վարպետ Ռոման: Կոշիկի միջոցով կարող է ասել՝ մարդը մաքրասե՞ր է, թե՞ փնթի: «Տուֆլի կա, ձեռդ չես ուզում վերցնել, տուֆլի էլ կա, էնպիսի դուխու հոտ է գալիս, որ իսկի մարդուց էդպիսի լավ հոտ չի գալիս»,- ծիծաղելով ավելացնում է Ռոմա Մուրադյանը:

Նա Հավլաբարի հայտնի կոշկակարներից է: Երբ թաղամասի հայկական եկեղեցու մոտ հարցնում էինք տեղի հայտնի հայ արհեստավորների մասին, մեզ միանգամից ուղղորդեցին վարպետ Ռոմայի մոտ: Փոքրիկ կոշկակարանոցի ներսում հայեր էին նստել, երբ մոտեցանք, դուրս եկան: Ռոման նրբանկատորեն դիմեց նրանց, թե չգնան, սպասեն: Հետո մեզ առաջարկեց նստել:

Կոշկակարանոցի պատերին փակցված լուսանկարների մասին եմ հարցնում: Սկսում է ծիծաղել: Քիչ անց ասում է՝ «ամբողջ օրը չագուչով խփում ես, չորս պատի մեջ, գոնե մի քիչ էլ գեղեցկություն լինի շուրջդ»: Կոշկակարանոցի դռան մոտ կանգնած երկու տղամարդիկ ծիծաղում են վարպետ Ռոմայի ասածից:

Մուրադյանների ընտանիքը Թբիլիսի է տեղափոխվել Կարսից 1915 թ.-ին: Ռոմայի հայրը՝ Յուրա Վարդանյանը, Թբլիսիում զբաղվել է կոշկակարությամբ: Արհեստը փոխանցվել է Ռոմային ու եղբորը (նրանք նաև մի քույր ունեն):

«Էն ժամանակ սա լավ փեշակ էր: Ստիպված չէի ընտրել գործս: 7 տարեկանից սկսած հորս օգնում էի, բայց բուն կոշիկ կարել սկսել եմ 1985-ից»,- նշում է 52-ամյա կոշկակարը: Իսկ գործը դժվարացել է, որովհետև հիմա տարբեր երկրներից կոշիկ են տանում-վաճառում Վրաստանում: Հատկապես Չինաստանից են շատ ներկրում: «Էդ Կիտայը մեզ խեղդում ա»,- ասում է նա: Չինաստանից բերած կոշիկներն էժան են, իսկ եթե իրենք կարեն, ավելի թանկ կվաճառեն՝ հումքն է, կարելու գումարն է:

Նախկինում Մուրադյանները կոշիկի արտադրամաս ունեին Թբիլիսիում՝ իրենք ձևում էին, իրենք կարում, իրենք էլ վաճառում: Բայց ազատ շուկայական հարաբերությունների հաստատմամբ գործն սկսել է ոչ եկտամտաբեր դառնալ նրանց համար: Ասում է՝ 1999-ից այլևս չի կարում կոշիկ, միայն վերանորոգում է:

Չնայած, ասում է, կոշկակարություն սիրում է, բայց եթե ժամանակը հետ տային, անասնաբույժ կդառնար: Բայց դրան «խանգարել է» սիրահարված լինելը: «Ուզում էի ընդունվել «զով», էնտեղի պրոռեկտորն էր, թե ռեկտորը հորս ասաց՝ «Один баран зарежешь, твой сын будет учитсья»: Սա պատմելուն պես ծիծաղում է, հետո ասում, որ գոհ է, կարևորն ամուսնացավ իր սիրած աղջկա հետ: Նա էլ հայուհի է: 30 տարի է՝ հաշտ-համերաշխ ապրում են, 2 աղջիկ ունեն և 4 թոռ:

Կոշկակարը, սակայն, չի ցանկանում, որ թոռները շարունակեն իր արհեստը: Ասում է՝ փեշակը լավն է, դժվար չէ, բայց մաքուր գործ չէ: Ցույց է տալիս իր ձեռքերը, հետո թե՝ «էս մեր խալխը ծնվել ա, որ էսպես աշխատի՞, թող մի քիչ էլ մաքուր, կաբինետային գործ գտնեն»:

Նախկինում հայ արհեստավորները շատ էին Թբլիսիում: Վարպետ Ռոմայի ասելով՝ հիմա էլ կան, բայց ինչպես Հայաստանում, Վրաստանում էլ մարդիկ գնում են երկրից, որովհետև գործ չկա: Հայ արհեստավորների համբավը մինչ օրս էլ պահպանվում է: «Էս ջահելներն էլ, գիտեք ոնց են, չեն կպնում գործին: Էն մարդը, որ փեշակ չգիտի ու թոզից ա խոսում, կյանքում փեշակ չի կարա սովորի: Մարդ որ իր փեշակը չսիրի, փեշակավոր չի դառնա»,- ասում է նա:

Կոշկակարի կարծիքով՝ նախկինում «Թիֆլիսում դիփ մի ֆասոնի կոշիկ էին կարում», հիմա «ֆասոնները» փոխվել են, մրցակցություն կա: «Կարևորը՝ ցանկացած գործի մեջ սեր լինի»,- ավելացնում է վարպետը: Նրա հաճախորդները հիմնականում վրացիներ են, բայց, իհարկե, հայեր էլ կան: Ձեռքի շնորհքը գիտեն թաղամասում: Բայց դրանից ավելի կարևորը, ըստ կոշկակարի, վերաբերմունքն է մարդկանց հանդեպ: «Մի անգամ մի մարդու հարցրեցի՝ ինչի՞ ես կոշիկներդ միշտ բերում ինձ մոտ: Ասեց՝ անպայման չի, որ լավ սարքես, սիրում եմ զրուցել քեզ հետ: Մարդկանց հետ պիտի շփվել իմանաս: Ասում են, չէ՞, քաղցր լեզուն օձը բնից հանում է»,- ժպտում է նա:

Ըստ Ռոմայի՝ արհեստավորը մինչև 12:00-ը սոված կմնա, հետո հացը գտնում է: Ճիշտ է, նկատում է, նախկինի պես չէ գործը, բայց չի դժգոհում՝ էլի տան մի կտոր հացը լինում է:

«Առավոտը տնից որ դուրս եմ գալիս, 3 հատ տամոժնիա եմ անցնում, ցավդ տանեմ, թոռներս, էրեխես, տիկինս: Եթե տամոժնին անցա, ուրեմն՝ լավ ա լինում»,- ծիծաղում է նա:

Զրույցի վերջում նա մեզ հրավիրում է տուն, ասում է՝ հայ օջախ է, բա չհյուրասիրե՞ն մեզ: Շնորհակալություն ենք հայտնում՝ խոստանալով, որ հաջորդ այցելությանն անպայման կհանդիպենք:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Աննա19:20 - 19 մայիսի, 2015
Ընտիր նյութ:)
2. Գագիկ Բունիաթյան16:08 - 20 մայիսի, 2015
Մարինե ջան ինչու հաջորդ այցելության ժամանակ? Ես կասեյի որ դուք մեծ բան եք կորցրել, եդ մարդու ձեռի հացը հալալ հացա, համով կուտվեր ու վստահ եմ որ հասնեիք իրա "տամոժնյա"ն մի գեղեցիկ նյութ ել տամոժնիկների մասին եիք գրելու։ Հիմա վարպետ Ռոմաի նման մարդիկ կարմիր գրքում են հայտնվել։ Ափսոս, լավ առիթ էս բաց թողել, հաջորդ այցելության ժամանակ ել հաստատ չես այցելելու հաստատ, իզուր ել եդ մարդուն հույս ես տվել... Առողջություն և անսահման հաջողություն քեզ եղբայր Ռոմա, տա Աստված որ մինչև 12։00 ել սոված չմնաս հարազատ, թող նրանք սոված մնան ու հացի կարոտ ովքեր որ վիզները հաստացրել են աթոռներին բայց չգիտեն որ առավոտյան 20։00 չի լինում...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ