HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բանկերի դեմ հաշտարարի ստացած բողոքների թիվն աճել է

Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարը այս տարվա առաջին եռամսյակում ստացել է 819 բողոք: Քննությանը ենթակա է եղել բողոքներից 668-ը, որից 339-ն ընդունվել են:

Այս մասին տեղեկանում ենք հաշտարարի գրասենյակից: Ընդունված բողոքները եղել են բանկերի, ապահովագրական ընկերությունների և Ավտոապահովագրողների բյուրոյի դեմ:

Հարկ է նշել, որ բանկերի դեմ բողոքների մեծամասնությունը (53) կապված են եղել վարկային գործարքների հետ: Իսկ ապահովագրական ընկերությունների դեմ բողոքները՝ ԱՊՊԱ համակարգի հետ (198):

Ասել, որ հաշտարարի գրասենյակը դիմելու մշակույթը Հայաստանում ամրապնդված է, սխալ կլինի՝ դատելով նշված ցուցանիշներից: Գուցե  մարդիկ չգիտեն, որ նման գրասենյակ գոյություն ունի, կամ գուցե վստահության պակաս կա: 

Սակայն այս անգամ անդրադարձել ենք այս ցուցանիշներին՝ ուշադրություն դարձնելով հատկապես բանկերի դեմ բողոքների քանակին:

Այսպես, նախորդ տարվա առաջին եռամսյակում հաշտարարը բանկերի դեմ ստացել է  49 բողոք, որից 24-ը վերաբերել է վարկային գործարքներին: Ստացվում է, որ այս տարի վարկային գործարքների վերաբերյալ բողոքներն ավելի քան 2 անգամ շատ են եղել: Իսկ նախորդ եռամսյակում (2014-ի հոկտեմբեր-դեկտեմբեր) բողոքները 33-ն են եղել: Նախորդ տարեվերջին դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ քաոսային իրավիճակ առաջացրեց հասարակության շրջանում: Իրավիճակը չշրջանցեցին նաև բանկերը, որոնք այսօր էլ շարունակում են վարկերը հիմնականում արտարժույթով տրամադրել, նվազեցին վարկային պորտֆելները, ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար վարկեր ստանալը  դժվարացավ: Մի խոսքով՝ բանկերի դեմ դժգոհություններն աճեցին: Հաշտատարի գրասենյակի տվյալները ցույց են տալիս, որ դժգոհող քաղաքացիների մի մասը դիմել է այս գրասենյակ, որով էլ պայմանավորված է բողոքների աճը:

Հաշտարարի գրասենյակից չեն հայտնում, թե հատկապես որ բանկերի դեմ են բողոքներն ուղղվել:

Իսկ ինչ վերաբերում է ԱՊՊԱ-ի հետ կապված բողոքներին, ապա նախորդ տարվա առաջին երեք ամիսների համեմատ, դրանց թիվը կրճատվել է 6-ով:

Գրասենյակից հայտնում են, որ քննությանը ենթակա բողոքների մի մասի դեպքում հաճախորդները նախապես դիմած չեն եղել ֆինանսական կազմակերպություններին. նման դեպքերում գրասենյակի աշխատակիցները հաճախորդներին օգնել են գրել բողոք-պահանջներ: Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասն էլ բավարարվում են կազմակերպությունների կողմից` բողոք-պահանջների հիման վրա` առանց գրասենյակ պահանջ-դիմում մուտք անելու. լինում են նաև բողոքներ, որոնց նախնական ուսումնասիրությունից հետո հաճախորդին խորհուրդ է տրվում պահանջը չհանձնել քննության, քանի որ բացակայում է հաճախորդի` որպես սպառողի շահերի ոտնահարման փաստը:

Այս տարվա ստացած դիմում-պահանջներից 123-ը բավարարվել է հաշտեցման միջոցով, 75-ը՝ մասնակի է բավարարվել, 6-ն՝ ամբողջությամբ, 53-ը՝ մերժվել, 31-ի քննությունը՝ դադարեցվել, 1-ի քննությունը՝ մերժվել:

Այստեղ ևս չի նշվում, թե բավարարված և մերժված դիմումներից որոնք են վերաբերում բանկերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter