Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

3,5 մլն եվրո վարկ ՎԶԵԲ-ից` Կոտայքի մարզի և Սևանի թափոնների կառավարման համար



Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին տրամադրել է 3,5 եվրո վարկ՝ «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիրն» իրականացնելու համար: Վարկային համաձայնագիրը ստորագրվել է նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսի կողմից: Ծրագրի ընդհանուր արժեքը 8,07 մլն եվրո է: Եվս 3,5 եվրոյի դրամաշնորհային համաձայնագիր է կնքվել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի և Մարկ Դևիսի միջև: Այն տրամադրելու է Եվրամիության Հարևանության ներդրումային գործիքի (ՀՆԳ) շրջանակներում: Իսկ մնացյալ 1,07 մլն եվրոն նախատեսվում է ստանալ որպես տեխնիկական աջակցություն:

3,5 մլն վարկի մարման ժամկետը 15 տարի է: Ծրագրով նախատեսվում է Կոտայքի մարզի և Սևան քաղաքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում: Ներդրված գումարով կառուցվելու է նոր աղբավայր, ձեռք են բերվելու թափոնների հավաքման բեռնատարներ, կոնտեյներներ, աղբավայրի աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումներ: Բացի դրանից՝ իրականացվելու են բնապահպանական և սոցիալական լրացուցիչ ուսումնասիրություններ:

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանից հետաքրրքվեց, թե ինչպես են ընտրվել Կոտայքի մարզն ու Սևան քաղաքը:

Տերտերյանն ասաց, որ դեռևս 2009-2010 թթ. ՎԶԵԲ-ի ուսումնասիրողների թիմը դիտարկել է ՀՀ մարզերը և Կոտայքի մարզը համարել է ամենանպատակարհարմարը: Պատճառներից մեկն այն էր, որ այդ մարզի քաղաքային բնակչությունն ու քաղաքների դասավորությունը խիտ են: 

Իսկ Սևանն, ըստ փոխնախարարի, ընդգրկվել է, որովհետև ամառային զբոսաշրջության ժամանակ մեծ աղբ է հավաքվում:

Ավելին` ըստ կառավարության ներկայացուցչի` աղբավայրի հզորություններն այնպես են նախատեսվել, որ հետագայում Կոտայքի մարզի 60 գյուղական համայնքները ևս հնարավորություն ունենան միանալ ծրագրին:

«Մենք ՎԶԵԲ-ի առաջ խնդիր ենք դրել, որպեսզի Գեղարքունիքի մարզի մյուս համայնքները ևս տեղավորվեն այս ծրագրի շրջանակներում: Տեխնիկական և տնտեսական հաշվարկներ պետք է իրականացվեն»,- ասաց Վ. Տերտերյանը:

Բիշարյանն անդրադարձավ նաև երկրում բաց աղբավայրերին` նշելով, որ 21-րդ դարում նման մոտեցումներն անընդունելի են: «Որքան գիտեմ, բավական երկար ժամանակ քննարկումներ էին տեղի ունենում, որպեսզի Նուբարաշենի նման բաց աղբավայրերը վերամշակման ենթարկվեն ճապոնացիների միջոցով: Բացի դրանից՝ աշխարհին է հայտնի, որ աղբի վերամշակման գործընթացը բավականին շահութաբեր գործընթաց է: Զարմանում եմ, որ մեր երկրում դեռևս որևէ մեկը ձեռք չի գցել այդ բիզնեսին»,- ասաց նա` հարցնելով բանախոսին, թե ինչքան ժամանակ են գործելու բաց աղբավայրերը, և գուցե պետք է ուշադրություն դարձնել դրանց վերացմանը, հետո նոր՝ աղբամանների կամ մեքենաների ձեռքբերմանը:

Տերտերյանը համաձայնեց, որ բաց աղբավայրերը մեծ խնդիր են: Ապա ասաց, որ բոլոր ճանապարհների եզրերին դրանց էկոլոգիական վնասը տեսնում ենք անզեն աչքով: Նրա խոսքով` Կոտայքի մարզի 7 աղբավայրերն ու Սևան քաղաքի աղբավայրը նախատեսվում է կոնսերվացնել: «Մենք աղբավայրը կկոնսերվացնենք, 8-ի փոխարեն կլինի մեկը, որը կլինի որոշակի ժամանակակից ստանդարտներով»,- նշեց նա:

Իսկ վերամշակման համար անհրաժեշտ է որոշակի տեխնոլոգիաներ ներդնել, ինչի համար աղբի որոշակի քանակ և կառուցվածք է անհրաժեշտ: Միայն անհրաժեշտ քանակի դեպքում, ըստ Տերտերյանի, կարելի է խոսել բիզնեսի շահեկան լինելու մասին:

 ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ իր ելույթում ասաց, որ տվյալ պարագայում խնդիրը ենթավարկառու ինստիտուտի հարցն է:

«Կառավարությունը փողը վերցնում է Եվրաբանկից, վերադարձնելու է Եվրաբանկին: Լավ է, որ կեսը դրամաշնորհ է, չնայած այդքան էլ ակնհայտ չէ, որովհետև դրամաշնորհները հատկություն ունեն վատ ծախսվելու: Կառավարությունն իր հերթին այս վարկը տալիս է համայնքին, համայնքն էլ 15 տարի հետ չի տալիս, ի՞նչ եք անելու»,- ասաց Հ. Բագրատյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ