HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությունը չի փոխհատուցում Վանաձորում քիմիաթերապևտիկ բուժում ստացող բոլոր հիվանդների ծախսերը

Գայանե Սարգսյան

Լոռիում ուռուցքային հիվանդությունների թիվը գնալով աճում է: 2015թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոնի ուռուցքաբանության բաժանմունքում գրանցվել է 1819 հիվանդ, առաջնակի հաշվառվել՝ 69-ը:

2014թ.-ի ապրիլի 1-ի տվյալներով բաժանմունքում գրանցված էր 1757 հիվանդ: Նախորդ տարվա առաջին եռամսյակում առաջնակի հաշվառվել է 87 հիվանդ:

Վերջին երկու տարիների տարեկան տվյալները ևս հիվանդների թվի աճի մասին են վկայում. 2014թ.-ին առաջնակի հաշվառման է կանգնել 403 հիվանդ 2013թ.-ի 324-ի դիմաց: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2013թ.-ի ամփոփ տվյալներով՝ հանրապետությունում հաշվառված է նորագայացություններ ունեցող 46.398 մարդ, որից 10.043-ի մոտ հիվանդությունը հաստատվել է առաջին անգամ: Հանրապետական տվյալներով՝ 2013թ.-ին Հայաստանում առաջին անգամ քաղցկեղ ախտորոշումը հաստատվել է 7911 մարդու մոտ, որից 3969-ը՝ կին, 3942-ը՝ տղամարդ:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանյանի 2014թ.-ի հաշվետվության համաձայն՝ վերջին տարիներին մարզում ուռուցքային հիվանդությունների ցուցանիշը շարունակաբար աճում է: 2010թ.-ին մարզում նորագոյացություններ ունեցող հիվանդների թիվը 2754 էր, 2011-ին՝ 2814, 2012-ին՝ 3004, 2013-ին՝ 3136: 2014թ.-ին այդ ցուցանիշը հասել է 3289-ի:

Լոռիում ուռուցքային հիվանդություններից առավել տարածված են կրծքագեղձի, արգանդի, ձվարանների քաղցկեղը՝ կանանց մոտ, թոքի, աղեստամոքսային և միզասեռական համակարգի քաղցկեղը՝ տղամարդկանց մոտ: Հիվանդության տարածվածությունից զատ Վանաձորի բժշկական կենտրոնի ուռուցքաբանական բաժանմունքի վարիչ, Լոռու մարզի գլխավոր ուռուցքաբան Նարինե Քալաշանը մատնանշում է նաև քաղցկեղի երիտասարդացման տենդենցը:

«Քաղցկեղը երիտասարդացել է: Ցավոք, մենք գրեթե ամեն օր ցավալի վիճակագրություն ենք արձանագրում,- ասում է նա,- երիտասարդ, 20-22 տարեկան աղջիկների մոտ հայտնաբերվում է ձվարանների, կրծքագեղձի չարորակ ուռուցք: Աճի տենդենց է նկատվում նաև երեխաների շրջանում: Նրանց մոտ ավելացել են արյան, գլխուղեղի չարորակ ուռուցքները»:

Լոռիում աճել է նաև չարորակ ուռուցքներից մահացության դեպքերի թիվը. 2014թ.-ին չարորակ ուռուցքից մահացել է 363 հիվանդ, 2013-ին՝ 341-ը:

ՀՀ առողջապահության նախարարության և ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի 2014թ.-ին հրապարակած վիճակագրական տվյալներով՝ 2013թ.-ին Հայաստանում նորագոյացություններից մահացել է 5608 մարդ, որից 5589-ը չարորակ նորագոյացություններից: 2012-ին մահացել է 5625, 2011-ին՝ 5574, 2010-ին՝ 5516 մարդ:

Տարեգրքում ներկայացված են նաև բնակչության մահացության պատճառները, որոնց թվում նորագոյացությունները զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հետո: Նորագոյացություններով հիվանդացության թվաճի պատճառների թվում Ն. Քալաշյանը նշում է մթնոլորտային օդի աղտովածությունը, կանցեռոգեններով հարուստ սննդի օգտագործումը, սթրեսային վիճակների առկայությունը, սոցիալական ոչ բարվոք պայմանները, ժառանգական նախատրամադրվածությունը:

Լոռիում քաղցկեղի աճի պատճառներից թվում վերջինս նշում է նաև մասնագետների հնչեցրած հետևյալ կարծիքը. «Քանի որ լոռեցիները բուսակեր են համարվում, մեզ մոտ աղեստամոքսային ուռուցքների հաճախացումը կապում են բուսակերության, բույսերի հաճախակի կիրառման հետ»:

Մարզի գլխավոր ուռուցքաբանը, սակայն, ուռուցքների թվաճի հետ կապված իր տեսակետն ունի. «Օնկոպաթոլոգիայով հիվանդների բավականին բարձր ցուցանիշներ են գալիս Ալավերդի քաղաքից: Մեզ մոտ քիմիաթերապիա ստացող հիվանդների գերակշիռ մասն Ալավերդուց է: Երևի թե Ալավերդում աշխատող գործարանն, այնուամենայնիվ, իր հետքը թողնում է մարդկանց առողջական վիճակի վրա: Մարզում հիվանդացության ու մահացության ամենաբարձր ցուցանիշը հենց Ալավերդիում է»:

Ուռուցքաբանական բաժանմունքը Լոռու մարզում միակն է, որտեղ հիվանդները կարող են քիմիաթերապիա ստանալ: Այն ստանալու համար կարող են մեկնել նաև Երևան կամ Գյումրի: Լոռու տարբեր տարածաշրջանների հիվանդների մեծ մասը, սակայն, նախընտրում է այդ բուժումը ստանալ Վանաձորում:

2014թ.-ի ընթացքում Վանաձորի բժշկական կենտրոնի ուռուցքաբանական բաժանմունքում քիմիաթերապիա է ստացել 350, 2013թ.-ին՝ 312 հիվանդ: Սա այն դեպքում, երբ պետությունը քիմիաթերապիա ստանալու համար մեկ ամսվա կտրվածքով ֆինանսավորում է 14-15 հիվանդի համար:

«Մենք խնդիրներ ունենք այս առումով, որովհետև քիմիաթերապիայի համար պետպատվերով նախատեսված գումարները մի քանի անգամ զիջում են այն ամբողջ ծավալին, որն իրականում կատարվում է: Ու այդ ֆոնի վրա ստացվում է, որ մենք ավելի մեծ թվով հիվանդների ենք սպասարկում, քան նախատեսված է: Առանց մերժելու ընդունում ենք բոլոր հիվանդներին, բայց տարեվերջին պետության կողմից բավականին մեծ պարտքեր են կուտարվում, որոնք տարիներ շարունակ, սկսած 2007թ-ից այդպես էլ չեն փոխհատուցվում»,- ասում է բժշկուհին:

Մեկ հիվանդի հաշվով ցերեկային ստացոնարի քիմիաթերապիայի համար պետության կողմից հատկացվում է 70.000 դրամ, որը ներառում է դեղորայքի արժեքը, էներգետիկ ծախսերը, բժշկի, բուժքրոջ աշխատավարձը: Ն. Քալաշյանը հաշվարկում է 2014թ.-ին սպասարկված 350 հիվանդների համար կատարված ծախսը. 350*70.000=24.5 մլն դրամ: Իսկ պետությունը տարվա կտրվածքով հատկացրել է շուրջ 14 մլն դրամ:

«Եվ այդ գումարի մեջ ոչ միայն այն գումարներն են, որոնք հիվանդանոցը հիվանդների դեղորայքի գնման համար է ծախսել, այլ նաև այն բժշկի աշխատավարձը, որը այդքան հիվանդների համար բուժում է կազմակերպել: Բժիշկը վարձատրվում է թույլատրելի համարվող 14-15 հիվանդի համար, այնինչ կատարվել է 30-35 հիվանդի քիմիաթերապևտիկ բուժում»,- նշում է Ն. Քալաշյանը:

2008-2013 թթ.-երին բաժանմունքի գերածախսն այս մասով տարբեր տարիներին կազմել է 3-ից 9 մլն դրամ: «2007-ից սկսած հիվանդանոցն անընդհատ գերակատարել է տրված պլանը, որովհետև ոչ մի հիմք չունի հիվանդին մերժելու, իսկ փոխհատուցում անընդհատ չի կատարվել: Բազմաթիվ անգամներ գրություններ ենք ուղարկել և՛ պետական առողջապահական գործակալություն, և՛ մարզպետին, և՛ տարբեր տարիների առողջապահության նախարարներին»,- նշում է բաժանմունքի վարիչը:

Սայլը, սակայն, գոնե առայժմ տեղից չի շարժվում: Հիվանդանոցը քիմիաթերապևտիկ բուժման համար անհրաժեշտ դեղորայքը ձեռք է բերում մրցութային կարգով: Ըստ օրենքի, շահում է այն կազմակերպությունը, որն առավել մատչելի գին է ներկայացնում:

«Բնականաբար, շահում է ամենամատչելին, որը չի կարող ունենալ լավագույն որակը: Այսօր, երբ աշխարհն ամեն օր քիմիապրեպարատներ է ստեղծում ու մեծ քայլերով առաջ գնում, ամենամատչելին ու նոր սերնդի դեղորայքը շատ հեռու են»,- ասում է բժշկուհին:

Լինում են նաև անվճար դեղամիջոցներից հրաժարվողներ: «Երբ հասկանում են, թե ինչ հիվանդության հետ գործ ունեն, երբ հարց է գնում կյանքի ու մահվան միջև, մարդիկ գնում են գրեթե ամեն ինչի: Եվ հիվանդների մի մասը գերադասում է իր միջոցներով ձեռք բերել և ստանալ լավագույն դեղորայքը»,- պարզաբանում է մասնագետը:

Բաժանմունքն իրականացնում է բացառապես քիմիաթերապևտիկ բուժում: Ճառագայթային բուժման համար հիվանդներն ուղեգրվում են Երևան: Մարզի գլխավոր ուռուցքաբանի կարծիքով տեղում ճառագայթային բուժում անցկացնելու անհրաժեշտությունը մեծ է, այն սակայն, ոլորտի պատասխանատուների համար դեռևս անիրականանալի երազանք է:

Լոռին ուռուցքաբանների կարիք ունի: Մարզի տարածաշրջաններից յուրաքանչյուրն ունի մեկ ուռուցքաբան: Վանաձորի պոլիկլինիկաները ուռուցքաբան չունեն:

Քաղաքի 3 ուռուցքաբաններն աշխատում են բաժանմունքում: Ն. Քալաշյանը մատնանշում է Երևանի օրինակը, ասելով, որ մայրաքաղաքում յուրաքանչյուր պոլիկլինիկա ունի իր ուռուցքաբանը: Սա բժշկուհու կարծիքով անհրաժեշտություն է նաև մարզերում առաջնային օղակում հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերելու համար: Չնայած վանաձորյան պոլիկլինիկաները ուռուցքաբան չունեն, սակայն նորագոյացություններով հիվանդներին անվճար հատկացվող դեղորայքը տրամադրվում է հենց պոլիկլինիկաների կողմից:

«Դեղորայքը տրամադրում է պոլիկլինիկան, բայց մասնագետները բժշկական կենտրոնում են: Պոլիկլինիկան չունի օնկոլոգ և իրավունք՝ համապատասխան հոգեմետ դեղորայք դուրս գրելու համար, հիվանդանոցն էլ ունի մասնագետ, բայց չունի գումար դեղորայքը գնելու ու պետպատվերով տրամադրելու համար: Որպեսզի համատեղենք այդ երկուսի ճիշտ աշխատանքը, մենք գրում ենք խորհրդատվություն՝ պոլիկլինիկայի տեղամասային թերապևտի համար, որն էլ հիմք է հանդիսանում, որ վերջինս տվյալ հիվանդի համար դեղորայքի դուրս գրում կատարի: Հարցի լուծման այլ տարբերակ տարիների ընթացքում չենք գտել»,- ստեղծված իրավիճակն է պարզաբանում Ն. Քալաշյանը:

Խնդիրը, սակայն, այսքանով չի սահմանափակվում: Պոլիկլինիկաների տրամադրած անվճար դեղորայքը հաճախ չի բավականացնում, ինչը հիվանդների դժգոհության առիթ է դառնում: Սա հավաստում է նաև Ն. Քալաշյանը. «Հաճախակի խնդիրներ են լինում պոլիկլինիկաների կողմից դեղորայք չտրամադրելու հետ կապված: Հասարակ ցավազրկողն էլ, երբ չի տրամադրվում, հացի փող չունեցող հիվանդը դժգոհում է: Բոլորին բավարարելը բավականին դժվար է: Պոլիկլինիկան այդ ծավալի հետևից չի կարողանում հասցնել»:

Մեկնաբանություններ (1)

Մարինա
Կուզեի լիներ նաև օդի աղտովածության մասին հոդվածներ😕

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter