HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում առաջին անգամ բացվել է միջազգային «ԱՐվեսՏ» էքսպոն

Նկարիչ Վագո Արմենո Խախամյանը Երևանում առաջին անգամ բացված միջազգային «ԱՐվեսՏ» էքսպոյի նախաձեռնողն է: Նա Լիբանանից է, 16 տարի է՝ բնակվում է Հայաստանում: 

Էքսպոն բացվել է երեկ «Հայ-Արտ» կենտրոնում: Ներկայացված է 130 գործ, որոնք պատկանում են 13 երկրներից 50 հեղինակների (հեղինակների կեսը, Վագոյի խոսքով, հայեր են): Էսքպոյի հեղինակն ասում է, որ ընտրությունը հեշտ չէր: Դեռ 6 ամիս առաջ մոտ 800 արվեստագետի էլեկտրոնային նամակ են ուղարկել: Դրանց պատասխանել է հասցեատերերի 10 տոկոսը: Այնուհետ այդ մասնակիցներին էլ «մաղելով»՝ թողել են 50 արվեստագետի:

Արտասահմանցի արվեստագետների համար Հայաստանն արվեստի նոր շուկա է: Վագա Արմենոն նշում է, որ օտարազգի արվեստագետների առաջին հարցն իրեն այն մասին է, թե ինչպիսին է արվեստի մակարդակը Հայաստանում, կամ իրենց 50x70 չափսի նկարն ինչ կարժենա: «Ես էլ պատասխանում եմ, որ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ այստեղ նկարի արժեքը նույնն է: Այն փոխելը սխալ է: Նրանց հետաքրքիր է Հայաստանը, որովհետև արդեն հոգնել են Եվրոպայից: Դարձյալ չեմ ուզում օգտագործել այդ բառը, բայց նոր շուկաներ են փնտրում»,- ասում է նա:

Մասնակից-արվեստագետներից շատերը, սակայն, չեն կարողացել ժամանել ավիատոմսերի բարձր գների պատճառով: «Գիտեք, մեր օդանավակայանը թանկ է, ուղարկելու հետ էլ խնդիրներ կային, մաքսայինի կամ փոստի հետ կապված խնդիրներ կային»,- նկատում է կազմակերպիչը:

Զրուցակիցս նշում է, որ էքսպոյին ցուցադրված գործերը չեն վաճառվելու՝ ինքը կամ «Հայ-Արտ»-ը կապ չունեն դրա հետ: Դա կլինի արվեստագետների անձնական որոշումը՝ կցանկանա՞ն վաճառել իրենց գործերը, թե՞ ոչ:

«Հայաստանում շատ լավ նկարիչներ ունենք, բայց, դժբախտաբար, գնորդները քիչ են: Փողատերերն էլ նախընտրում են գնալ արտասահման, 5.000 դոլար վճարել, գործ գնել: Ուրիշ խնդիր էլ ունենք՝ տուրիստների մեծ մասը սփյուռքահայ է: Երբ գալիս է Հայաստան, գնում է Վերնիսաժ, փնտրում է Արարատ կամ հայկական եկեղեցի: Այնպիսի գործեր, որոնք կլիշեի նման անընդհատ նկարվում են: Դա է, որ, իմ կարծիքով, տանում է դեպի վաճառականություն, այլ ոչ թե արվեստ»,- ասում է նկարիչ Վագո Արմենոն:

Նա նույնպես իր գործերը հիմնականում վաճառում է արտասահմանում, կամ էլ դրսից եկած ընկերներն են գնում: Սակայն, ըստ նրա, չի կարելի ասել, թե Հայաստանում արվեստի գործերի գնորդներ չկան: «Մշակույթն առաջ տանելն է մեր գլխավոր նպատակը»,- «ԱՐվեսՏ» էքսպոյի մասին նշում է կազմակերպիչը:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիսի 29-ը: Բացի ցուցադրությունից՝ ցուցասրահում կազմակերպվում են հանդիպումներ մասնակիցների հետ: Օրինակ, այս շաբաթ օրը հյուրը լինելու է լուսանկարիչ Րաֆֆի Յուրեջյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter