HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երվանդ Զախարյանը ՀԷՑ-ում չի բացառում գողության և կոռուպցիոն ռիսկերը

Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ վաղուց հայտնի է, որ էներգետիկ համակարգի, համակարգին առնչվող այլ պաշտոնյաների անձնական հարմարավետությունն ապահովվում է տասնյակ միլոնավոր դրամներով, որոնք գոյացնում են էլեկտրաէներգիայի սակագինը: Պատգամավորը նշեց, որ ՀԷՑ-ի մասնաճյուղերի ղեկավարները քանիցս նկատողություն են ստացել կորուստների սահմանված նորմերը գերազանցելու համար, սակայն պաշտոնանկ չեն արվել: Պատգամավորը հետաքրքրվեց՝ այդ ցանկից որևէ մեկը արդյոք պատասխան տալու  է:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, նշեց, որ նման մեծ կորուստների դեպքում իրոք հնարավոր են և գողության և կոռուպցիոն ռիսկեր: Դրանից ելնելով էլ՝ էներգետիկայի նախարարությունը շուրջ 5 ամիս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցով ուսումնասիրություններ է կատարում էներգետիկայի ամբողջ համակարգում, և ուսումնասիրության արդյունքում, հաշվի առնելով մեծ կորուստները, պարզել են բոլոր այն պատճառները, որոնք բերել են այդպիսի մեծ կորուստների:

Նախարարը նշեց, որ պատրաստվել է միջոցառումների ծրագիր, ներկայացվել է ՀԷՑ-ին, կառավարություն և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի մոտակա տարիներին իրականացվեն այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսվել են:

«Մեր հաշվարկներով մոտակա 2 տարիների ընթացքում կորուստները կիջնեն 1-2 տոկոսով, որը կբերի զգալի ֆինանսական միջոցների կայունության և կկրճատի գողության և կոռուպցիոն ռիսկերն այդ համակարգում»,-ասաց Ե. Զախարյանը:

Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե արդյոք չարժե նյութերն ուղարկել դատախազություն, ապա հավելեց, որ ՀԷՑ-ը հիմա կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է, գլխատում է վճարող քաղաքացիներին, իսկ դրա դեմ պետք է կոշտ միջոցներ ձեռնարկվեն:

Երվանդ Զախարյանն ասաց, որ այսօր նախարարությունը որևէ տեղեկատվության, փաստի չի տիրապետում, որպեսզի համապատասխան նյութեր ուղարկի պատկան մարմիններին:

«Եթե դուք օգնեք այդ հարցում, ներկայացնեք այն տեղեկատվությունը, որը դուք եք ասում և այն մարդկանց անունները, որոնք դուք եք ներկայացնում, մենք պատրաստ ենք ընթացք տալ»,- հավելեց նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter