Կիրակի, 23 սեպտեմբերի

Հանրությունը բավարար հետաքրքրություն չդրսեւորեց հանրաքվեի նկատմամբ



Այս հարցում համամիտ են հանրաքվեում ներգրավված բոլոր կողմերը 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ, մայիսի 19-ին հայտարարեց, որ մայիսի 17-ին հանրապետության երեք մարզերի` Լոռի, Սյունիք եւ Տավուշ, թվով 22 համայնքներում կայացած տեղական հարաքվեների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային հանձնաժողովներից չեն ստացվել: Համաձայն «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի` դիմումները կարող էին ներկայացվել մինչեւ մայիսի 18-ը, ժամը 18:00-ը: «Սահմանված ժամկետում վերահաշվարկի եւ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ հանձնաժողովները չեն ստացել, տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում առկա չեն քվեարկության կարգի խախտման վերաբերյալ գրառումներ, տեղական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի որեւէ անդամ չի կատարել գրառում` հատուկ կարծիք ունենալու մասին»,- ասվում է ԿԸՀ հայտարարության մեջ:

Հանրաքվեի հաջոդ օրը դիտորդություն իրականացրած երեք կազմակերպություններից հայտարարություն տարածեց միայն մեկը` «Ընտրական համակարգեր կենտրոնը»: Կազմակերպությունն իր նախնական զեկույցում հայտարարեց. «Արձանագրվել են քվեաթերթիկների կորուստներ (կարուսելի ռեսկ), մարդկանց կուտակումներ ընտրատեղամասի մոտ (ինչը մարդկանց խմբերով ուղեկցելու արդյունք է), պետական եւ տեղական իշխանության ներկայացուցիչների, ոստիկանների ներկայություն ընտրատեղամասի ներսում, բազմակի քվեակության դեպքերի փորձեր, լցոնումներ անելու տրամադրվածություն, ինչը չի իրականացվել միայն մեր դիտորդի ներկայության պատճառով»։

Միաժամանակ տեղեկացվեց, որ «սահմանափակ ֆինանսական ռեսուրսների սղության պատճառով կազմակերպությունը» նախապես պլանավորած 11 տեղամասի փոխարեն դիտորդություն է իրականացրել միայն 3 ընտրատեղամասում` Դիլիջանի մշակույթի պալատ՝ 41/1, Թեղուտ համայնքի 41/01 եւ Հաղարծինի համայնքային կենտրոն՝ 41/1): Չնայած խիստ սահմանափակ թվով տեղամասերի վերաբերյալ ունեցած տեղեկատությանը, այդուհանդերձ, եզրակացրել է. «Իրավական կարգավորումների բացակայության, քաղաքական ուժերի ակտիվ ներգրավվածության, ԶԼՄ-ների ոչ-էական ներգրավվածության ու մրցակցային պայմանների բացակայության պատճառով քարոզարշավի եւ հանրաքվեի քվեարկության ընթացքն անցել է վերասկողության ու հավասարակշռման մեխանիզմների բացակայությամբ՝ թափանցիկության ու հավաստիության մեծ ռիսկեր առաջացնելով»:

ԿԸՀ-ն հանրաքվեի ժամանակ դիտորդություն իրականացնելու համար հավատարմագրել էր երեք տեղական հասարակական կազմակերպությունների` «Ընտրական համակարգեր կենտրոն» (11 դիտորդ), «Գորիսի մամուլի ակումբ» (7 դիտորդ), «Ազատականություն եւ ժողովրդավարություն» (10 դիտորդ): Մերժվել է միայն «Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ-ի դիմումը: Կազմակերպության նախագահ Վահան Մովսիսյանի ասելով` մերժումը պատճառաբանվել է նրանով, որ կազմակերպության մանդատը մարդու իրավունքների պաշտպանություն չի նախատեսում:

Մայիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը լրագրողներին հայտնել է, որ դիտորդական կազմակերպությունները դիտորդություն են իրակացրել միայն Տավուշի ու Սյունիքի մարզերում։ Լոռիում դիտորդներ չեն եղել, հանրաքվեն վերահսկել են միայն լրագրողները: Ասուլիսին մասնակից «Ընտրական համակարգեր կենտրոն» հ/կ նախագահ Վահրամ Վարդանյանը դարձյալ պնդել է, որ հանրաքվեի ժամանակ նկատվել է լրատվամիջոցների ու հ/կ-ների պասիվություն։ «Նշեմ նաեւ, որ պետական իշխանությունները՝ ոստիկանությունը, մարզպետարանների ներկայացուցիչներն, ակտիվ ներգրավվածություն ունեին ընտրական գործընթացին, ինչը հնարավոր կեղծիքների մտահոգություն է առաջացնում։ Թեղուտում քվեաթերթիկի կորուստ էր գրանցվել, սա էլ հնարավոր կարուսելի երեւույթի մասին է խոսում»,- հայտնել է նա:

Դիտորդություն իրականացրած մյուս երկու հ/կ-ները որեւէ կարծիք չեն հայտնել հանրաքվեի վերաբերյալ: Փոխարենն այսօր մասին հայտարարություն տարածեցին «Համայնքների ֆինանսիստների միավորում» եւ «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպությունները: Հիշյալ հ/կ-ները տեղեկացնում են, որ կազմակերպությունների ներկայացուցիչները մայիսի 17-ին մշտադիտարկում են իրականացրել հանրաքվե իրականացվող համայնքների երեք փնջերի թվով 20 տեղական ընտրական տեղամասերում: Դիտարկել են ընտրական հանձնաժողովների աշխատանքը, ընտրողների մասնակցությունը տեղական հանրաքվեներին, ինչպես նաեւ թվով 7 տեղական ընտրական տեղամասերում (Դիլիջանի 41/01, 41/09, Թեղուտի 41/01, Հաղարծինի 41/02, Թումանյանի 31/01,Մարցի 31/01, Քարինջի 31/01) դիտարկել են տեղական ընտրական հանձնաժողովների քվեաթերթիկների հաշվման եւ արդյունքների մասին արձանագրություններ կազմելու գործընթացը:

Հիշյալ երկու կազմակերպությունները նույնպես արձանագրում են, որ 2015թ. մայիսի 1-ի տեղական հանրաքվեին հանրությունը պատշաճ ուշադրություն եւ հնչեղություն չհաղորդեց, ինչը նկատելի էր համայնքների խոշորացման ծրագրի ընդդիմախոսների կողմից մինչ հանրաքվեների անցկացումը՝ նախորդ մի քանի ամիսների ընթացքում: «Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները հիմնականում տիրապետում էին ընտրական գործընթացներին, այս մշտադիտարկման ներկայացուցիչների ներկայությամբ ընտրական տեղամասերում որեւէ օրենքի խախտումներ, ընտրողների բողոքներ, հանձնաժողովի անդամների միջեւ վեճեր կամ այլ արտառոց դեպքեր չեն արձանագրվել, այսինքն տեղական հանրաքվեի քվեարկությունը դիտարկված տեղամասերում կազմակերպվել եւ անցկացվել են օրինականության եւ ընտրական գործընթացների մասնակիցների փոխադարձ հարգանքի մթնոլորտում»,- ասվում է հայտարարության մեջ:

ԿԸՀ-ն դեռեւս չի հրապարակել տեղական հանրաքվեի վերջնական արդյունքները, իսկ նախնական արդյունքներով Տաթեւի փնջում ներառված 8 համայնքների (Խոտ, Հալիձոր, Հարժիս, Շինուհայր, Սվարանց, Տաթեւ, Տանձատափ, Քաշունի) բնակչությունն է բացարձակ մեծամասնությամբ կողմ քվեարկել (2513 կողմ, 118 դեմ) համայնքների խոշորացմանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ