Կիրակի, 23 սեպտեմբերի

Թբիլիսիում ներկայում միայն մեկ հայկական եկեղեցի է գործում



Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Էջմիածնեցոց Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Սամվել քահանա Թորոսյանն ասում է, որ եթե 1922-ին Վրաստանի մայրաքաղաքում 26 հայկական եկեղեցի էր գործում, այժմ դրանք միայն 2-ն են՝ նշված եկեղեցին եւ Կուր գետի աջ ափին՝ Հին քաղաքում գտնվող Սուրբ Գեւորգ եկեղեցին, որը Վիրահայոց թեմի առաջնորդանիստն է: Այդուհանդերձ, ներկա պահին գործում է միայն Էջմիածնեցոց Սբ. Գեւորգը, քանի որ առաջնորդանիստը վերանորոգվում է:


Առաջնորդանիստ Սբ. Գեւորգը (կապույտ գմբեթով)՝ Մետեխի բերդից

Ըստ տեր Սամվելի՝ գլխավոր եկեղեցին փակ կլինի մինչեւ այս տարվա հոկտեմբեր: Սբ. Գեւորգի վերանորոգման ծրագիրը մեկնարկել է 2012-ի սեպտեմբերին: Այն իրականացնում է Սբ. Գեւորգի վերակառուցման հիմնադրամը, որը ստեղծվել է կոնկրետ այս նպատակով: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի («IDeA», ծրագրի գլխավոր աջակիցներից է) տվյալներով՝ վերակառուցման համար անհրաժեշտ է ծախսել 10 մլն դոլար: 2014-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ հավաքվել էր 7,1 մլն-ը: Սբ. Գեւորգի նախագծի հիմնական նպատակներն են եկեղեցու վերականգնումը առաջնորդանիստի կարգավիճակին համապատասխան, ժամանակի, երկրաշարժերի եւ ստորերկրյա ջրերի ազդեցության հետեւանքով եկեղեցուն պատճառված վնասների վերացումը, եկեղեցուն կից մշակութային կենտրոնի ստեղծումը, Սբ. Գեւորգի գրավչության բարձրացումը հայերի եւ օտարերկյա զբոսաշրջիկների համար: Նախագծի վրա աշխատում են հայ, վրացի եւ իտալացի մասնագետներ: Ծրագրին աջակցում են նաեւ Վրաստանի ու Թբիլիսիի իշխանությունները: Ըստ «IDeA» հիմնադրամի՝ ծրագրի նվիրատուներից են Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին (ըստ թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի՝ տրամադրել է 100.000 լարի), հայ գործարարներ Դանիլ Խաչատուրովը, Ռուբեն Վարդանյանը, հայ, վրացի, ռուս այլ բարերարներ: 

Առաջնորդանիստ այս եկեղեցին կառուցվել է 1251-ին եւ հետագայում մի քանի անգամ վերանորոգվել է: Եկեղեցու բակում են թաղված Սայաթ-Նովան, զորավարներ Միքայել Լորիս-Մելիքովը, Արշակ Տեր-Ղուկասովը, Իվան Լազարեւը, Բեհբութ Շելկովնիկովը:  

Էջմիածնեցոց Սբ. Գեւորգը

Ներկայում Թբիլիսիում գործող միակ հայկական եկեղեցին՝ Էջմիածնեցոց Սբ. Գեւորգը, որը կոչվում է նաեւ Սբ. Էջմիածին, Նոր Էջմիածին, կառուցվել է 1806-1809 թթ.: 2006-2010 թթ. վերանորգվել է: 2011-ին եկեղեցու հարեւանությամբ բացվել է «Հայարտուն» մշակութային կենտրոնը, ինչպիսին 1921-1930-ական թթ. գործում էր Հովհ. Թումանյանի ղեկավարությամբ: Նոր կենտրոնում գործում է «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանը, որտեղ սովորում են 3-6 տարեկան երեխաներ: Այն բաց է ամեն օր՝ բացի կիրակի եւ երկուշաբթի օրերից:

Վիրահայոց թեմի կրթական բաժնի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանն ասում է, որ այս պահին նախակրթարան է հաճախում 56 երեխա, տեղերը սահմանափակ են: Երեխաներն այստեղ չեն քնում, սնունդն էլ ծնողների հաշվին է: 3-4 տարեկանների դասերը տեւում են 35, իսկ 5-6 տարեկաններինը՝ 40 րոպե, որոնք ընդմիջվում են խաղերով:

Առավոտյան մեր՝ եկեղեցի այցելության պահին փոքրիկներին ծնողները բերում էին ժամերգության: Արարողության ավարտին հենց նրանք արտասանեցին «Հայր մեր»-ը: Սա, ըստ տեր Սամվելի, մշտական երեւույթ է:

Նախակրթարանում ուսուցանվում է տառաճանաչություն, քրիստոնեական դաստիարակություն, տարրական թվաբանություն, նկարչություն, աշխատանք, երգ, պար, մարզանք: Օրվա վերջում (դասերը տեւում են 9:30-15:00-ն) ցուցադրվում է մուլտֆիլմ, ընթերցվում են հեքիաթներ: Նախակրթարանն ավարտելուց հետո երեխաները ստանում են վկայական:

Տեր Սամվել քահանա Թորոսյանն ասում է, որ այսօր Թբիլիսիում միայն մեկ հայկական դպրոց կա՝ համար 104-ը Հավլաբարում: Նախկին հայկական դպրոցներից մեկում էլ այժմ հայկական բաժին է գործում: Այս պարագայում հայ երեխաները հաճախում են ռուսական կամ վրացական դպրոցներ: Այդուհանդերձ, «Հայարտուն» կենտրոնում գործում են հայերենի ուսուցման «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա եւ «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցները, որտեղ դասավանդվում է հայերեն գրավոր եւ բանավոր խոսք, Հայաստանի եւ Հայ եկեղեցու պատմություն, տոներ եւ ավանդություններ: Սաները բաժանվում են 3 խմբի՝ 10-13, 14-18, 19+ տարեկաններ: Ուսումնական ծրագիրը կազմում են կենտրոնի մանկավարժները՝ համագործակցելով ՀՀ ԿԳՆ-ի եւ սփյուռքի նախարարության հետ: Դպրոցներում աշխատանքային լեզուն հայերենն է՝ ռուսերենի եւ վրացերենի համադրությամբ: Ուսման վերջում սովորողներին տրվում է վկայական:

«Հայարտունը» տարբեր մշակութային եւ երիտասարդական ծրագրեր է իրականացնում Վրաստանում ու Հայաստանում, կենտրոնն ունի նաեւ արվեստի ու սպորտի տարբեր խմբակներ:   

«Հայարտունը» եւ եկեղեցին՝ Արմազի փողոցից

Նոր Էջմիածինը Հավլաբարի ու Թբիլիսիի հայության գլխավոր կենտրոններից է: Այս եկեղեցու հարեւանությամբ է գտնվում Երեւանյան պուրակը, որտեղից էլ շարժվում են Թբիլիսիից Երեւան եկող տաքսիները: Եկեղեցու դիմացի մայթին է Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը, որը ՀՀ-ից դուրս գտնվող միակ պետական հայկական թատրոնն է:

Թբիլիսիում հայ համայնքի խնդիրներից մեկը, որի մասին հայաստանյան լրատվամիջոցներում պարբերաբար խոսվում է, հայկական մշակույթի պահպանման հարցն է: Միայն 2012-ին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը ստացավ պետական գրանցում: Մինչ այդ՝ 2011-ին, Վրաստանում կատարված օրենսդրական փոփոխությամբ հայկական, կաթոլիկ, բապտիստական եկեղեցիներն ու հրեական եւ մահմեդական համայնքները իրավաբանական անձի կարգավիճակ էին ստացել: Սակայն գլխավոր՝ սեփականության հարցը մինչ օրս լուծված չէ: Թեմի համար առաջնահերթ է Վրաստանում գտնվող 6 եկեղեցիների վերադարձը Հայ Առաքելական եկեղեցուն. դրանցից 5-ը գտնվում են Թբիլիսիում, 1-ը՝ Ախալցխայում: Տեր Սամվել քահանա Թորոսյանն ասում է, որ ներկայում նույնիսկ մայրաքաղաքում գործող 2 հայկական եկեղեցիներն իրավանաբորեն չեն պատկանում թեմին, չնայած փաստացի նրանն են, եւ բոլորն էլ գիտեն այդ մասին:  

Թբիլիսիի այսպես կոչված վիճելի եկեղեցիներից մեկը Հին քաղաքում գտնվող Նորաշենի Սբ. Աստվածածինն է, որտեղ այժմ միայն հիմքի ամրացման աշխատանքներ են կատարվում, սակայն ոչ պակաս խնդիր են պատերին հայտնված մեծ ճաքերը: Չնայած տեր Սամվելն ասաց, որ առանց հայ ներկայանալու կարող ենք մտնել ու ներսից տեսնել կառույցը, դա մեզ չհաջողվեց, քանի որ շինաշխատանքների պատճառով բաց էր միայն մեկ մուտքը, այն էլ՝ բանվորների համար: Չնայած վրացական հանրության մեջ քիչ չեն մարդիկ, ովքեր հայտարարում են եկեղեցու հայկական լինելու մասին, վրաց հոգեւորականությունը, ի թիվս այլ հայկական կառույցների, շարունակում է նկրտումները Նորաշենի հանդեպ: Դրա համար լրացուցիչ ազդակ է նաեւ այն, որ Նորաշենից ոչ հեռու է գտնվում մայրաքաղաքի առաջնորդանիստ Սբ. Սիոն եկեղեցին, ու Նորաշենն սեփականացնելը կարծես պատվասիրության հարց է դարձել վրացի հոգեւորականների համար: Եթե 1930-ականներին Լ. Բերիայի հրամանով 11 հայկական եկեղեցի ոչնչացվեց, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայկական մշակույթի թիվ մեկ խնդիրը դարձել է բռնի վրացականացումը:

Ձախից աջ նշված են. Մուղնեցոց Սբ. Գեւորգ (խոնարհված 2009-ին), Սբ. Նշան, Սբ. Նորաշեն, Սբ. Սիոն (տեսարանը՝ Նարիկալա ամրոցից, 2015, մայիս)


2007-ի սեպտեմբերին արված այս նկարում Մուղնեցոց եկեղեցին դեռ կանգնուն է, նկարի ստորին մասում՝ վրացականացված Քարափի Սբ. Գեւորգը

Նման վտանգից մասամբ փրկվել է Թբիլիսիի հայտնի հայկական՝ Խոջիվանքի պանթեոնը, որտեղ թաղված են Րաֆֆին, Հովհ. Թումանյանը, Գ. Սունդուկյանը, Մուրացանը, Նար-Դոսը, Ջիվանին, Ղ. Աղայանը եւ ուրիշներ:

Այս հողատարածքը 17-րդ դարից պատկանում էր վրաց Ռոստոմ արքայի գանձապետ Աշխարհբեկ Բեհբությանին (Խոջա Բեհբութ, այստեղից էլ՝ անունը) ու դարձել է Բեհբությանների տոհմական գերեզմանատունը: 1655-ին այստեղ կառուցվել է Սբ. Աստվածածին եկեղեցին (Խոջիվանք): Հետագայում տոհմական գերեզմանատունը դարձել է Թիֆլիսի գլխավոր հայկական գերեզմանատունը: 1934-ին Բերիայի հրամանով եկեղեցին պայթեցվել է, ոչնչացվել են բոլոր մատուռներն ու դամբարանները, սկսվել է գերեզմանատան քանդումը: Նկարիչ Գիգո Շարբաբչյանի եւ ճարտարապետ Ռուբեն Աղաբաբի ջանքերով մի քանի աճյուններ ու տապանաքարեր փրկվել են ու տեղափոխվել Րաֆֆու գերեզմանի մոտ:

1962-ին այստեղ բացվել է հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոն: Իսկ նախկին մեծ գերեզմանոցի տեղում հիմնվել է Բարեկամության այգի: Վերջինիս տարածքում էլ 2002-ին բացվել է Թբիլիսիի մայր տաճարը՝ Սբ. Երրորդությունը (Ծմինդա Սամեբա), որի հիմքերը փորելիս հայտնաբերվել են մարդկային ոսկորներ:

Թբիլիսիի Սբ. Երրորդություն մայր տաճարը

Տաճարի կառուցումն ու մարդկային մնացորդների պղծումը մեծ վրդովմունք էր առաջացրել թե վիրահայության մեջ, թե ՀՀ-ում ու սփյուռքում: Հայկական կողմի ու բարերարների ջանքերով նույն տարում հայկական պանթեոնը վերանորոգվել է ու ցանկապատվել: Այժմ այնտեղ հայ պահակ է աշխատում: Պանթեոնը 2002-ից գտնվում է Թբիլիսիի քաղաքապետարանի իրավասության ներքո:    

Առաջին լուսանկարում՝ առաջնորդանիստ Սբ. Գեւորգ եկեղեցին (կապույտ գմբեթով), երկրորդ պլանում՝ Մետեխի եկեղեցին, ավելի հեռվում՝ Սբ. Էջմիածինը եւ Սբ. Երրորդություն տաճարը (ոսկեգույն գմբեթով)


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ