HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչ ներուժ ունի Հայաստանը ոսկեգործության ոլորտում. hամաշխարհային կոնգրեսին ընդառաջ

Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի ամենամյա կոնգրեսը (CIBJO) 2016 թվականին կանցկացվի Հայաստանում։ Դրան կմասնակցեն մոտ 1000 հյուրեր` աշխարհի տարբեր երկրներից։ Որոշումն ընդունվել է Բրազիլիայում մայիսի 4-6-ը կայացած հերթական կոնգրեսի ընթացքում։ Այս մասին օրերս հայտարարել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու ծրագրի ղեկավար Նիկա Մանուկովան:  

Առհասարակ, ցանկացած միջոցառում՝ լինի կոնգրես, ցուցադրություն, թե մեկ այլ բան, որին մասնակցում են օտարերկրացիներ, Հայաստանի համար լավ հնարավորություն է տեղական արտադրանքը, ներուժն ու գաղափարները ներկայացնելու համար։ Հակառակ առկա բացթողումներին (ստվերային գործունեություն, որակի և գնի անհամապատասխանություն, դիզայներական խնդիրներ, մասնագիտական կրթության թերություններ, օրենսդրական դաշտի թերացումներ և այլն)` ոսկերչության ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության զարգացման գլխավոր խթաններից մեկը։ Պետք է հաշվի առնել, որ այստեղ կան ոսկու հանքեր, ոսկու կորզման ֆաբրիկա, միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ ոսկերիչներ և այլն։ Ի վերջո, այսօր ոսկերչական իրերի արտահանումը Հայաստանից արատահնվող առավել բարձր մաքսային արժեք ունեցողների խմբում է։

Թե այս ոլորտում ինչ ներուժ ունի Հայաստանը, կարելի է դատել արտադրության, արտահանման, ներմուծման և ներքին շուկայում իրացման ծավալներից: Դա թույլ կտա հասկանալ, թե ինչ կարելի է սպասել նշված կոնգրեսից և ընդհանրապես՝ այս ոլորտից ։

Ոսկերչական իրերի արտադրության ծավալները ճգնաժամից հետո վերականգնվել են

Ոսկերչական իրերի արտադրությունն Հայաստանի տնտեսության այն ոլորտներից է, որը 2008-ին սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո ոչ միայն վերականգնեց նախկին ծավալները, այլև եկավ ժամանակ, որ կրկնապատեց այն։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը Հայաստանում ոսկերչական իրերի արատադրության ծավալները ներկայացնում է դրամով։ Ուսումնասիրելով վերջին 8 տարիների վիճակագրությունը՝ 2007-ից սկսած, տեսնում ենք, որ ճգնաժամից հետո արտադրության ծավալները Հայաստանում անկում են ապրել, սակայն աստիճանաբար վերականգնվել են և 2013-ին մոտ երկու անգամ գերազանցել նախաճգնաժամային 2007-ի ցուցանիշը։

Ինչպես երևում է,  նախորդ տարի արտադրությունը զգալի կրճատվել է՝ 45,2%-ով։ Այս տարվա հունվար-մարտի տվյալներով` ևս նվազում է արձնագրվել. արտադրվել  են 3, 099 մլրդ դրամի ոսկերչական իրեր, որը 29%-ով պակաս է  2014-ի առաջին եռամսյակի ցուցանիշից։

Հայաստանում արտադրված ոսկերչական իրերի գերակշիռ մասն իրացվում է տեղական շուկայում՝ ներառյալ զբոսաշրջիկների կողմից գնումները: Իսկ մի մասն էլ արտերկրից ստացված պատվերներն են: Արտադրության ծավալների անկումը խոսում է այն մասին, որ նշված տեղական և արտասահմանյան պատվերների պահանջարկը նվազել է: Քանի այս ոլորտի հիմնախնդիրներից է ստվերային գործունեությունը, որը ներառում է ոսկերչական իրերի չգրանցված ներմուծումը, արտահանումը, արտադրությունը և այլն, պետք է հաշվի առնել նաև այդ գործոնը, բայց դրա վերաբերյալ թե պաշտոնական և թե ոչ պաշտոնական հաշվարկներ չկան: Հայաստանին դեռևս չի հաջողվել լուծում տալ այս խնդրին:

2013-ի հուլիսին Էկոնոմիկայի նախարարությունը Արդյունաբերական խորհրդի նիստին ներկայացրեց Հայաստանի ոսկերգործության ոլորտի զարգացման ռազմավարությունը։ Դրանով էլ պարզ դարձավ, որ Հայաստանի ոսկեգործության ոլորտն օգտագործում է բանկային ոսկի, որն ամբողջությամբ ներմուծվում է:

Հայաստանում բանկային ոսկու պաշարներ չեն պահվում և ներմուծված ոսկին ուղղվում է ոսկեգործության ոլորտ: Իսկ այստեղ արդյունահանվող ոսկին ամբողջությամբ արտահանվում է, քանի որ այն վերջնական մշակում չի անցնում այստեղ: Ոլորտում ձեռնարկությունների գերակշիռ մասը տեղական կապիտալով են: Դրանք մանր և միջին մեծության ձեռնարկություններ, անհատ ձեռներեցներ: Կան արտադրողներ, ովքեր իրենց արտադրանքը ամբողջապես կամ հիմնականում արտահանում են: Կան նաև ձեռնարկություններ, որոնք աշխատում են «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով և ոսկերչական արտադրության ծառայություն են մատուցում արտերկրյա պատվիրատու ընկերություններին: Արտադրողների մեծ մասը դեռևս որոշ չափով օգտագործում է խորհրդային և հետխորհրդային ժամանակներից մնացած սարքավորումներ, սակայն, զգալի տարածում ունեն նաև ժամանակակից արտադրական սարքավորումները և տեխնոլոգիաները:

Արտադրող ընկերությունների և անհատ ոսկերիչների մի մասը տեղակայված են Երևանի ոսկերչական իրերի շուկա-տոնավաճառներում («Ոսկու աշխարհ», «ՏԱՇԻՐ» առևտրի կենտրոն, «Մետաքս Գոլդ», «Ռոսիա» առևտրի կենտրոն, Մալաթիայի ոսկու շուկա և այլն):  

 Ներկայում ոսկերչական արտադրանքը մոտ 10  անգամ ավելի շատ արտահանվում է, քան ներմուծվում

ՀՀ մաքսային ծառայությունը արտահանման ծավալները ներկայացնում է դոլարով։ Մինչև 2009թ. արտահանման հիմնական շուկան հանդիսացել է ԱՄՆ-ը, որը 2001-2006թթ. ապահովել է հայկական ոսկեգործական արտադրանքի ողջ արտահանման 70-85%-ը:  ԱՄՆ արտահանման ծավալների վրա էական ազդեցություն է ունեցել Սփյուռքի ներդրումներով ընկերությունների գործունեության դադարեցումը: 2010 և 2011թթ. Թուրքմենստանը և Թաիլանդը համապատասխանաբար հանդիսացել են Հայաստանից արտահանման ամենամեծ շուկաները: Պաշտոնական վիճակագրության արձանագրած արտահանման տվյալներից զատ, Հայաստանից ոսկեգործական իրեր արտահանվում են նաև առանց պաշտոնապես արտահանման դասակարգման՝ Հայաստան այցերի միջոցով ոսկեգործական իրերի փոքրածավալ գնման միջոցով:

Չնայած նախորդ տարի Հայաստանում ոսկերչական իրերի արտադրությունն անկում է ապրելի, սակայն արտահանումն աճել է։ Արտահանվել է 744 կգ ոսկերչական իր՝ 23,3 մլն դոլար մաքսային արժեքով։

Արտահանման ներկայիս հիմնական շուկաներն են  Թուրքմենստանը, ԱՄԷ-ը, Ռուսաստանը, Ղազախստանը, Թաիլանդը, Բելիզը, ավելի քիչ չափով արտահանվում է նաև  Բելառուս, ԱՄՆ և Թուրքիա:

Հայաստան ոսկեգործական իրերի ներմուծումը փոքր ծավալներ ունի՝ համեմատած տեղական արտադրության, ներքին շուկայում վաճառքի և արտահանման հետ: 2014-ին, օրինակ, Հայաստան է ներմուծվել մոտ 252 կգ ոկերչական իր՝ 2,4 մլն դոլար մաքսային արժեքով: Եթե համեմատում ենք, ըստ մաքսային արժեքի, ստացվում է, որ համենայնդեպս վերջին երկու տարում մոտ 10 անգամ ավելի շատ արտահանվում է, քան ներմուծվում: Ներմուծվածի մի մասն այստեղ վերամշակվում, նոր տեսք է ստանում հայ ոսկերիչների ձեռքով և նորից արտահանվում: Վերջին 15 տարիներին Հայաստան ներմուծված ոսկերչական իրերի տարեկան ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցել 3,14 մլն դոլարի շեմը:  Մինչև 2007թ. ներմուծման մեջ ամենամեծ մասնաբաժինը պատկանել է ԱՄՆ-ին, իսկ 2008թ.-ից սկսած՝ Իտալիային, իր ավանդաբար բարձրորակ և բարձրարժեք արտադրանքով: Ըստ ոլորտի ներկայացուցիչների փաստացի ներմուծումն ավելի մեծ է անհատների կողմից չգրանցված ներկրման պատճառով, հատկապես Թուրքիայից: Ներկա դրությամբ ներմուծվում է հիմնականում Իտալիայից, Թաիլանդից, ԱՄՆ-ից, Թուրքիայից:

Այս ամենը նշանակում է, որ Հայաստանը ոսկեգործության ոլորտում ունի ներուժ և աշխարհին պատշաճ ներկայանալու հնարավորություններ:  Ոլորտի հիմնախնդիրների լուծումը թույլ կտա մեծացնել այդ ներուժը: Հայաստանի և Սփյուռքի հայ ոսկերիչներ արտադրած ոսկերչական իրերը սպառվում են աշխարհի բազմաթիվ երկրներում: Սա այն ոլորտն է, որը զարգացած է եղել Հայաստանում դեռ վաղուց և ձևավորել հարուստ ավանդույթներ:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter