HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գոռում են ինտեգրում, բայց ոտնահարում են չտեսնող երկու արվեստասերի իրավունք

Կցանկանայի, որ այս հոդվածը լիներ ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց՝ հասարակության մեջ ինտեգրմանը նվիրված ևս մեկ քայլի արձանագրման մասին, սակայն, ցավոք սրտի, պետք է հիասթափեցնեմ այս խնդրով հետաքրքրվող ընթերցողներին և ֆիզիկական խնդիրներ ունեցող իմ ընկերներին:

Գրում եմ ես՝ չտեսնող մի քաղաքացի, ով ջանքեր չի խնայում ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց այս հասարակության աչքին որպես սովորական մարդ դիտելու գործում: Ով, չնայած բազմաթիվ մարդկանց բազմանշանակ հայացքների, ամեն օր իր երկար, սպիտակ փայտիկով դուրս է գալիս իր հարազատ քաղաք՝ Երևան և օրն սկսում ու ավարտում իր քաղաքում, իր անտեղյակ, բայց ջերմ քաղաքացիների մեջ տարակուսանք և զարմանք հարուցելով: Ես գրում եմ, բայց ոչ թե զուտ ցեխ շպրտելու և լուտանքներ թափելու մարմաջով, այլ մարդկանց ինչ-որ բաներ հասկացնելու համար:

Միգուցե երկար թվաց ձեզ նախաբանս, սակայն ցանկանում էի ձեզ մի փոքր տեղեկացնել ամեն օրվա իմ ունեցած զգացողությունների մասին:

Մայիսի 19-ն էլ սովորական օրերից մեկը պետք է լիներ, երբ պատրաստվում էի իմ առաքելությունը կատարել հասարակությանս համար: Բայց այս անգամ օրս նրանով էր կարևորվում, որ առաքելությանս մասնակից պետք է դարձնեի նաև օտարազգի մարդկանց, որոնք եկել էին իմ երկիր՝ հաղորդակցվելու իմ երկրի արվեստին և մշակույթին:

Այնպես էր ստացվել, որ ես և իմ չտեսնող ընկերուհիներից մեկը պետք է մասնակցեինք «Առաջին միջազգային արվեստ էքսփո 2015» ցուցահանդեսի բացման արարողությանը: Նախօրոք ասեմ, որ որևէ նախատրամադրվածություն չունեմ ցուցահանդեսի կազմակերպիչների և առհասարակ՝ ցուցահանդեսի դեմ: Պատահած դեպքը կապ չունի նրանց հետ: Միայն ցանկանում եմ նշել, որ միջոցառումն սկսվեց մոտ քառասուն րոպե ուշացումով, քանի որ սպասում էին սփյուռքի նախարարի ժամանմանը (դե պաշտոնյաներին պետք է խոնարհաբար սպասել, քանի որ նրանք և շատ դեպքերում ցավոք սրտի նաև մենք հաճախ կարծում ենք, որ երևի մեկ կամ մի քանի կաստայով բարձր են մեզանից՝ «հասարակ մահկանացուներիցս»):

Նրա ժամանումից և մոտ երկու րոպեանոց հակիրճ ելույթից հետո մենք հրավիրվեցինք ելույթի: Առաջին երգը շատ հաճույքով կատարելուց հետո սկսեցինք մեր երկրորդ համարը: Երգի առաջին տունն ավարտելուց հետո զգացի, ինչ-որ մեկի ձեռքի հպումը ուսիս: Ձեռքի հպումից հետո լսվեց նրա ձայնը, որ ներողություն էր խնդրում և ասում, որ երկու րոպեով դադարեցնենք ելույթը, թե նախարարը «սինխրոն» հարցազրույց է տալիս, ու մենք խանգարում ենք նրան: Ակամայից ձեռքերս վեր բարձրացան դաշնամուրի ստեղներից, ինչի համար հիմա մեղադրում եմ ինքս ինձ: Ես պարզապես պետք է շարունակեի համարը:

Պարզվեց, որ ինձ ներողությամբ և մեղմորեն, սակայն չափազանց անկիրթ ու էթիկայի կանոնների մեջ երբեք չտեղավորվող քայլով մոտեցողը ոմն Աննա Գրիգորյան անունով ներկայացած լրագրողն էր, ում կառաջարկեի ամրապնդել իր ունեցած գիտելիքները էթիկայի ոլորտում:

Գիտե՞ք, ես հաճախ եմ հանդիպում խտրական վերաբերմունքի, սակայն դիմացինիս չեմ մեղադրում, որովհետև փողոցում կարող են հանդիպել տարբեր մտածելակերպ, աշխարհայացք և կրթական մակարդակ  ունեցող մարդիկ: Բայց ես ապշած եմ, որ միջազգային ցուցահանդեսին ներկա գտնվող և որպես լրագրող ներկայացող անձը էթիկայի կանոններին չենթարկվող նման քայլ կատարի՝ նախարարից մեկ-երկու րոպեանոց հարցազրույց վերցնելու համար: Չէ՞ որ մենք նույնպես ցուցահանդեսի մշակութային մասի մասնակից էինք, հետո՞ ինչ, որ չէինք տեսնում: Ես այլ բան չեմ կարող մտածել, եթե ոչ, որ այս լրագրող ներկայացածը երևի մտածել է «Դե չեն տեսնում, նրանց ելույթը կարևոր չէ, կարող եմ խանգարել, ավելին՝ ընդհատել նրանց՝ իմ ինտերվյուն վերցնելու նպատակով»: Ուրիշ ոչինչ չեմ կարող մտածել, որովհետև, իմ ու շատերի կարծիքով, եթե մի այսպես կոչված «հայտնի» ինչ-որ մեկը ելույթ ունենար, նա չէր համարձակվի նրան մոտենալ անգամ: Իսկ եթե նա չէր իմանում, թե մենք ով ենք, ապա կարող էր հետաքրքրվել: Վերջիվերջո միջոցառումը կազմակերպիչներ ուներ: Միգուցե նա մեզ չէր ճանաչում, բայց դա ոչինչ չէր նշանակում : Միգուցե մենք աշխարհահռչակ երաժիշտնե՞ր էինք:

Ավելին, նա իր հետագա խոսքում նշեց, որ արել է դա «թելադրանքով»: Եթե նա դա արել է ինչ-որ պատահական մարդու թելադրանքով (չնայած այդպես չեմ կարծում), միգուցե, որպես սրտի հովացում, մտածեմ, որ այդ մարդը պարզապես մակարդակից և կուլտուրայից զուրկ մեկն է եղել: Իսկ եթե նա կատարել է նախարարի թելադրանքը, ապա... չգիտեմ ինչ մտածել... պարզապես չէի ցանկանա, որ այդպես լիներ:

Ուզում եմ հիշեցնել, որ ես և բոլոր մարդիկ հավասար են: Ինձ համար նշանակություն չունի ո՛չ աթոռի, ո՛չ դիրքի աստիճանը, որովհետև, միևնույն է, ոչ մեկը մեր այս կյանքում ոչնչից ապահովագրված չէ ու վերջիվերջո վերջում ամեն ինչ հավասարվելու է ոչնչի:

Իմ բազմաթիվ պնդումներից հետո մի կերպ վախով ներկայացած Սիրելի՛ Աննա Գրիգորյան, ես Ձեզ չեմ ճանաչում, ոչինչ չունեմ Ձեր անձի նկատմամբ: Իմ վրդովմունքը Ձեր արարքի դեմ է, չնայած Ձեր աղիողորմ խնդրանքներին, որ այս հոդվածը չտարածեմ, ես պայքարող մարդ եմ և մինչև մահ պայքարելու եմ իմ իրավունքների համար: Ես գրում եմ սա, որովհետև եթե չգրեի, կգործեի իմ սկզբունքների դեմ: Որովհետև խոստացա, որ Ձեր անունը անպայման հնչեցնելու եմ: Եվ վերջապես, եթե չգրեի, ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց իրավունքներին և հավասարությանն ուղղված ամբողջ գործս ջուրը կընկներ: Դուք իրավունք չունեիք խանգարելու իմ ելույթը՝  ասելով, որ ընդամենը Ձեր գործն եք կատարում:

Իսկ ե՞ս ինչ էի անում: Ես էլ իմ գործն էի կատարում և միգուցե ավելի կարևոր գործ: Ձեր ներողություններն ուշացած էին և անօգուտ: Պարզապես խորհուրդ կտայի, որ սրանից հետո անպայման մտածեք ինչ-որ բան անելուց առաջ: Իսկ Ձեզ թելադրողներին խնդրում եմ նույնպես փոխանցեք իմ կոչը: Թող շատ բարձրից չնայեն, որովհետև նրանք չեն տարբերվում ինձանից ոչնչով, որովհետև իմ կատարած գործը հասարակության համար, չեմ վախենում բարձրամիտ թվալուց, միգուցե ավելի մեծ է Ձեր և նրանց կատարած գործի համեմատությամբ: Չնայած որ դուք վերապահումով էիք մոտենում իմ կատարած գործին, քանի որ ես «կույր» էի (ինչպես դուք նշեցիք): Դե դուք ինքներդ ձեզ ավելի վատ դրության մեջ դրեցիք՝ ասելով, «Եթե ես իմանայի, որ դուք կույր եք...»:  Իսկ  դա տեսնես ի՞նչ կապ ուներ: Միգուցե ընդառաջեի՞ք, կամ  խղճայի՞ք, թեև Դուք ավելի խղճալի պահեցիք Ձեզ: Չնայած ի՞նչ անեք, որ ունեք սահմանափակ աշխարհայացք և, էլի եմ ասում, չունեք էթիկա ու դեռ կատարում եք այլոց թելադրանքները: Գիտե՞ք, ես կցանկանայի  որ գոնե սովորեք Ձեր սեփական սխալների վրա, ոչ թե փորձեիք արդարացնել Ձեզ:

Ուզում եմ հոդվածս սահմանափակել ցուցահանդեսին ներկա ղազախ արվեստագետների խոսքով: Նրանց հետ զրույցում արժանացա նրանց շնորհակալական խոսքին, որ մոտեցել եմ իրենց նկարներին և թեև չեմ տեսնում, բայց խնդրում եմ ինձ պատմել այդ նկարները: Նրանք ասացին, որ իմ ներկայությունը ցուցահանդեսին, իրենց խոսքերով, ներկա գտնվող հասարակության մեջ սոցիալիզացիայի և ինտեգրման գործում շատ կարևոր քայլ է: Իսկ իմ հասարակության անդամնե՞րը... Ցավում եմ, բայց նրանցից ոմանք կարող են կոտրել իմ իրավունքները, սահմանափակել ձեռքերիս վազքը դաշնամուրիս ստեղների վրայով, փակել ինձ հետ երգողի շուրթերը: Ցավում եմ ձեզ ու ձեզ նմանների համար:

Մեկնաբանությունները թողնում եմ ընթերցողներին:

Հգ. Չնայած բազմաթիվ խնդրանքների, որ այս հոդվածս չգրեմ, ես գրեցի այն: Մարդիկ ասում էին, թե ինձ խանգարող անձը մի ողջ հասարակություն չի կարող ներկայացնել, թե նա անհատ է, թե դա միգուցե պատահական դիպված է եղել: Իսկ ես պատասխանում եմ. Ամեն օր ես եմ դուրս գալիս իմ հասարակության մեջ և ես ինքս գիտեմ, թե մեր հասարակության մեջ որ տիպի մարդիկ են շատ: Ցավոք սրտի պետք է նշեմ, որ Աննա Գրիգորյանների և նրան թելադրողների տիպը դեռ գերակշռում է մեր հասարակության մեջ: Մեկ անգամ ևս ցանկանում եմ հիշեցնել, որ հասարակությունը բաղկացած է անհատներից: Չենք կարող միանգամից ողջ հասարակությանը հասկացնել ինչ-որ բան, հետևաբար պետք է աշխատանքն սկսել անհատներից:

Սիփան Ասատրյան

Բանասեր, սփյուռքագետ, չտեսնողների տարածական կողմնորոշման ինստրուկտոր, ԵՊՄՀ հատուկ կրթության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող

Մեկնաբանություններ (2)

Սիփան Ասատրյան
Ցավ է, Հակոբ ջան, երբ մարդիկ կարող են ոտնակոխ անել քեզ ու քո կատարած գործը՝ իրենց ցուցադրելու, ոմանց հաճոյանալու (իհարկե հաճոյանալ բառի փոխարեն մեկ այլ արտահայտություն կցանկանայի անել, բայց բնականաբար ինձ թույլ չեմ տա), քծնելու, իրենց գործը ճոռոմացնելու համար: Ցավ է, ընդունել, բայց այս տեսակը շատ է մեզ մոտ: Մենք հաճախ պատրաստ ենք միմյանց կուլ տալ՝ անտեսելով մարդկային վեհ արժեքները: Վերջիվերջո մենք հաճախ մոռանում ենք, որ մարդ ենք, այն էլ՝ հայ մարդ: Շնորհակալություն արձագանքիդ համար:
Հակոբ Կարապետյան
Ողբամ զքեզ Հայոց աշխարհ: Ոչինչ Սիփան ջան... մեր ազգի մեջ դեռ շատ է տականքը, որ ստրկաբար սեփական ուղեղը մի կողմ դրած ապրում է միշտ ուրիշի թելադրանքով, կամ էլ քստմնելի սուտ է հորինում ՝ մատնացույց անելով ուրիշներին, հույս ունենալով՝ փրկել իր կաշին: Այդպիսիների պատճառով է որ մեր երկիրն այսօր այս վիճակում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter