HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր լաբորատոր սարքավորումներ` Հայաստանի ամերիկյան համալսարանին

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Պատասխանատու հանքարդյունաբերություն կենտրոնին» նվիրաբերել է շրջակա միջավայրի  աղտոտվածության մակարդակի ստուգման շարժական սարքավորումներ և պարագաներ: 

Համաձայն գրասենյակի տարածած պաշտոնական հաղորդագրության` նշված սարքավորումներն արժեքավոր են շրջակա միջավայրի աղտոտվածության աստիճանի վերաբերյալ ստույգ տվյալներ հավաքագրելու գործում: Հավաքված տվյալներն օգտագործվելու են ՀՀ քաղաքացիներին առողջապահական ռիսկերի մասին տեղեկացնելու և դրանք կառավարելու մասին խորհրդատվություն տրամադրելու համար:

Սարքավորումները հանձնվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ դոկտոր Արմեն Դեր Կյուրեղյանին: Նվիրաբերված փաթեթի մեջ ներառված են հողում ծանր մետաղների չափման անալիզատոր, ֆոտոմետրեր, ջրի ստուգման գործիք, լրացուցիչ հողի և ջրի ստուգումների միջոցներ:

Սարքավորումների նվիրաբերումը մաս է ավելի լայն ծրագրի՝ մի հանգանակության, որն իրականացրել է «Ուան Արմինիայի» (ONEArmenia) նախաձեռնությունն անցած տարի: Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ «Պատասխանատու հանքարդյունաբերություն կենտրոնին»՝ համայնքներում իրականացնելու հանքարդյունաբերական գործունեության արդյունքում առաջացած ծանր մետաղների աղտոտվածության մակարդակի չափման անկախ մշտադիտարկում:   

«Ուան Արմինիայի» «Եկե՛ք պաշտպանենք Հայաստանը թունավոր աղտոտվածությունից» քարոզարշավի կարգախոսին ընդառաջ՝ ՀԱՀ «Պատասխանատու հանքարդյունաբերություն կենտրոնն» այս տարվա ընթացքում կիրականացնի թիրախային հետազոտություններ և ընդգրկուն գնահատումներ Հայաստանի 5-8 համայնքներում:

Առաջին հետազոտությունը նախատեսվում է իրականացնել 2015թ.-ի հունիսին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter