HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքցիների վեճը Վարդան Այվազյանի հետ շարունակվում է. միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել

Սամցխե-Ջավախքի հայաբնակ Տաբածղուր գյուղի բնակիչների վեճն իրենց համագյուղացի, ծնունդով Տաբածղուր գյուղից ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հետ նոր դրսևորումներ է ստացել:

Տաբածղուր գյուղի բնակիչները «Հետքին» պատմեցին, որ նախօրեին իրենց գյուղում տեղի ունեցած վիճաբանությունը Վարդան Այվազյանի նշանակած լճին տիրություն անող անձանց և պատգամավորի ազգականի միջև էր: Լճի պատասխանատու Ալիխան Մուրադյանի որդին՝ Մովսես Մուրադյանը հարվածել է Աղվան Այվազյանին, ով Վարդան Այվազյանի հորեղբոր թոռն է, և չնայած դրան՝ իր համագյուղացիների հետ պայքարում է, որ լիճը վերադարձնեն գյուղացիներին: Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:

Հիշեցնենք՝ 2010թ. սեպտեմբերին Վարդան Այվազյանի՝ Վրաստանում հիմնադրած «Լճեր» ՍՊԸ-ն ձեռք էր բերել լճում ձուկ որսալու արտոնագիր և բնակիչներին արգելել  լճից ձուկ որսալ: Վրաստանի կառավարությունը, ի դեմս էկոնոմիկայի նախարարության, շուրջ 443 հազար դրամով ընկերությանն է տրամադրել լիճը տնօրինելու 20 տարվա իրավունք: Տաբածղուր լիճը տարիներ շարունակ եղել է գյուղացիների կերակրողը:  

Տաբածղուրեցի Հովհաննես Հովսեփյանը «Հետքին» պատմեց, որ Սահակաշվիլու իշխանությունից հեռանալուց հետո, երբ Վարդան Այվազյանի գործընկեր` վարչապետ Իվանե Մերաբիշվիլուն ձերբակալել են, Վարդան Այվազյանը տևական ժամանակ գյուղ չի գնացել:

Մեկ այլ գյուղացի էլ, ով խնդրեց չհարապարակել իր անունը, պատմեց, որ ընտրությունների ժամանակ Վարդան Այվազյանի «կռուգը», ներկայիս լճի նայող Մուրադյանի գլխավորությամբ, տեղացիներին սպառնացել է Բիձինա Իվանիշվիլու կուսակցությանը ձայներ չտալ, սակայն գյուղացիները կազմակերպվել և «Վրացական երազանք»-ին են տվել իրենց քվեն:

Ընտրությունից հետո լճին սկսել են տիրություն անել գյուղացիները: Նրանք 7000 լարի (շուրջ 3000 դոլար) են հավաքել և լճում մանրաձուկ լցրել: Մեկ տարի գյուղացիներն արգելել են որևէ մեկին մոտենալ և լճից ձուկ որսալ մինչև մանրաձուկը մեծանա, ձվադրի և անխափան բազմանա: Սակայն նորից հայտնվել է Վարդան Այվազյանը, լճին տիրություն անող նշանակել Ալիխան Մուրադյանին և արգելել գյուղացիներին ձկնորսությամբ զբաղվել: 

Գյուղացիներին առաջարկել են տոկոսով համագործակցել. որսի 35 %-ը մնա գյուղացուն, 65 %-ը՝ Վարդան Այվազյանին: Գյուղացիները չեն համաձայնել: «Հիմա եկել է, ասում  է՝ 50/50 աշխատենք, ժողովուրդը ոտքի է ելել: Տեսեք, թե ինքը ինչ հեռանկարներ ունի՝ Տաբածղուրը հետագայում Վարդանավան պիտի անվանի, Տաբածղուրու ժողովուրդը որպես ճորտ պիտի պահի, որ մենք մշակ աշխատենք իրեն, ինքը պիտի Աբիսողոմ աղան դառնա»,-ասում է Հովհաննեսը:  

Գյուղացիները ոտքի են ելել և դիմել դատարան: Միայն լիճն աշխատեցնողներն են Վարդան Այվազյանի կողմից: «Մենք ուզում ենք Վարդան Այվազյանին տրված լիցենզիան անվավեր ճանաչել, լիճը տան պետությանը, իսկ պետությունը մեզ տա ինչպես նախկինում՝ այն տնօրինելու իրավունքը: Իհարկե, մենք պատրաստ ենք պետական հարկերը վճարել»,-ասում է Հովհաննեսը:

150 ընտանիք է ապրում Տաբածղուրում: Նախկինում 4-5 խոպանչիների թիվն այս տարի տասնապատկվել է՝ գյուղից ավելի քան 60 մարդ է մեկնել արտագնա աշխատանքի: Գյուղացիներից Մխիթարն ասում է, որ սա հայաթափման ծրագիր է. «Մենք ոչ մի բան չունենք, ծառ էլ չի աճում, միայն մի քիչ կարտոֆիլ ենք աճեցնում, և մեր եկամտի միակ աղբյուրը լիճն էր: Դա էլ ուզում են առնել»:

«Մեր կռիվն արդեն 4 տարի է, բայց արդեն հասունացել է: Ինչ Վարդան Այվազյանն եկավ ու խաբեությամբ վերցրեց լիճը, վերադասի ընկերները տվին իրեն լիճը: Մեր գյուղի բարձրության վրա ապրող ժողովրդի եկամտի միակ աղբյուրն էր լիճը, առավ: Նաև լճի ափին մեր հողերն ու անտառային հողեր առավ տուրիստական բազաներ սարքելու համար, բայց 4 տարվա մեջ էդ ասածները չարեց»,- պատմում է Հովհաննես Հովսեփյանը:

2011-ին Մ. Սահակաշվիլին սիմվոլիկ 1 լարի արժեքով Վարդան Այվազյանին է նվիրել լճին հարակից ավելի քան 308 հազար քմ տարածք, որի մի մասը պարզվում է՝ պետական արգելոցին է պատկանում: Շուրջ 10 հա-ն գյուղացիների հողերն են: Այդ տարածքում Վարդան Այվազյանը պետք է  շուրջ 100 մլն դրամի ներդրում կատարեր, զարգացներ զբոսաշրջային ենթակառուցվածքը և ձկնաբուծական տնտեսությունը: Նշված խոստումներից որևէ մեկը չի կատարվել: 

Գյուղացիների հողերը այս տարի վերադարձրել են:

«Գարունը բացվեց, պիտի դիմեինք լճի համար պետությանը, արդեն Վարդան Այվազյանն իր գործն արել էր, մարտի 5-ին եկել էր Թիֆլիս, հետո Բորժոմի շրջան, ու մենք զգացինք, որ արդեն գործն ուրիշ ձևի է, չկարողացանք մի բան անել, տվինք դատարան: Խանդոյի խաչքարի բացմանը, որին եկել էր Վարդան Այվազյանը, եկավ մեր գյուղ, մեզ հետ հանդիպեց, խնդրեցինք՝ եթե դու մեզ հարգում ես, մեր գյուղը հարգում ես (իր գյուղն էլ է), մինչև դատարանը ոչ մի բան չանենք՝ դատարանը տեսնենք ինչպես կորոշի: Ինքը մեզ խնդալու տվեց (նկատի ունի՝ հեգնեց-հեղ.)»,-պատմեց Աշոտը:

Աշոտը նաև ասաց, որ իրենք մեկ շաբաթ առաջ եղել են Վրաստանի բնապահպանության նախարար Գիգլա Ագուլաշվիլու մոտ, ով խնդրին տեղյակ չի եղել և նրա հրահանգով երկու օր առաջ գյուղ էր այցելել նախարարի տեղակալ Թեմուր Մուրղուլիան: Նախարարը նաև խոստացել է հանդիպումից երկու շաբաթ անց գյուղացիներին հրավիրել Թբիլիսի և քննարկել նրանց հետ լճի հարցը:

Մինչ այդ Թբիլիսիի դատարանում երկու նախնական դատական նիստ է տեղի ունեցել: Դատավորը կողմերին լսել է և հունիսի 15-ին դատաքննություն նշանակել: 

Մեկնաբանություններ (4)

Mamikon
Вардан Айвазян уничтожил 13 видов рыб в озере Табацкури. Он тероризирует местное население. Из бедности в селе повесилась жена одного рыбака. Айвазян запрещал ее мужу ловить рыбу. Таких подонков, как Вардан Айвазян, без очереди принимают в АД!
Արմենակ Եղիայեան
Լատինատառ մեկնութիւն չէք թոյլատրեր, շատ լաւ կ'ընէք. հապա ինչո՞ւ վերեւի ռուսատառը կը թոյլատրէք: Երկուքն ալ գրողին ծոցը երթան:
Արմենակ Եղիայեանին
Արմենակ Եղիայեան, այս նյութերը դրվում են նաև ռուսերեն և անգլերեն, դրանց արձագանքներն էլ լինում են նաև այդ լեզուներով։ Խոսքը լատինատառ հայերենի մասին է։ Նախ պարզեք ինչն ինչոցն է, հետո մարդկանց վրա խոսեք։
Зураб
Вардан Айвазян - Пазор Армянского Народа! Он устройл настоящий геноцид Грузинским Армянам в селах Табацкури и Молити. Он за 1000 долларов на фиктивном аукционе купил самое большое озеро в Грузии и насильственнимы способами заставляет местным Армянам покинуть родные земли. Кроме Геноцида Армян Грузии, Айвазян такжэ устройл Экоцид на озере Табацкури. Он уничтожает уникальную ихтиофауну Озера.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter